Արամիկը, Ծյոմը, Վարդանը, Հարութիկը, գիժ Դավոն…

Աբուլը, Ռազոն, Հակոբը, Էդոն, Արմանչուկը, բոյով Էդոն, Մուշոն, Գևը, Հենոն, դեմի թաղի չաղ Սամոն, Սամոյի երկու ախպերները՝ Վահանն ու Միշոն, իրանց ընկեր Ժոռը, Վլեն, Վլեյի հորքուրի տղա Վիլենը, Հայկոն

 

Գրականությամբ եթե զբաղվում ես, ուրեմն ինչ-որ մի օր սխալ ես արել ապագա մասնագիտություն ընտրելու հարցում: Պատկերացնենք հաջողակ իրավաբանի, որ շահած դատական գործից հետո S կլասի մերսով գնում է իր բնակարան ու ցնցուղ ընդունելուց հետո ընթրում և, նստելով գրասեղանի մոտ, բանաստեղծություններ գրում: Սոնետներ: Միասին պատկերացնենք բանկի ինչ-որ գծով ավագ մասնագետի, որ սպիտակ վերնաշապիկով, որևէ գույնի փողկապ վզին կապած, աշխատանքային օրվանից հետո ամբողջ գիշեր հանգ է բռնում, կամ խոշոր ապահովագրականի ղեկավարի պատկերացնենք, որ հոգնած վերադառնում է գործից, մտնում սովետական արտադրության վերելակն ու, բարձրանալով իր բնակարան, հիշում այդ օրվա հաջող գործարքի մասին, նստում ու մի ընտիր պատմվածք գրում, որպեսզի առանց հոնորարի սկզբունքով ուղարկի որևէ օնլայն գրական հանդեսի կամ ամսագրի:

Գրականությամբ զբաղվում ես, գրում ես, երբ շանս չունես: Գրում ես, երբ նեղն ես ընկել ու շանս չկա: Երբ ձեռքերդ ու ոտքերդ բռնել են ու հետևի ճամփադ փակել: Նստել կրծքավանդակիդ: Մեջքդ տվել գետնին: Երբ ձեռքդ տանում ես գրպանդ, որ պաշտպանվես ցրտից: Չգիտես որ մեկից պաշտպանվես:

Սմբոն ձեռքը տանում է ջինսի գրպանը, հանում է կաստետն ու ինձ պարզում:

-Վեկալ, բայց չկորցնես, հորինս ա:

Կաստետը բավական ծանր ա ու լրիվ իմ ձեռքով ա:

-Արամիկն ասեց մի երկու ժամից կգան:

Սմբոյի հերը, տասը տարի կլինի, ամեն տարի գնում է Ռուսաստան: Ամառները մի քանի ամսով հետ է գալիս:

-Սմբ, բայց ստեղից Ռուսաստան մարդիկ ամառն են գնում, ինչի ա պապադ ամառը գալիս։

-Ապե, դե իրա գործը տենց ա, շատ գիտեմ:

Չենք խորանում:

Սմբոն ասում ա, որ ութը ավարտի, հերը կանչելու ա մոտը: Ասում ա՝ գնալու ա մոտը աշխատի: Ես էլ եմ ուզում գնամ Ռուսաստան, բայց չգիտեմ՝ մերոնք կթողնեն, թե չէ:

-Էս Արամիկենք ուր են է՞, արա:

-Ուշանում ա էլի, կգա, դե մի քիչ համբերի:

Քենթս հանում եմ գրպանիցս ու պարզում Սմբոյին, վերցնում է մի հատիկ, սկզբում իրանն եմ վառում, թփթփացում է կրակայրիչը պահած ձեռքիս, հետո իմն եմ վառում, ծխում ենք:

-Դրանք շատով են միշտ գալի, երևի իջնենք ֆուբոլի հայաթի հետևը կամ դպրոցի դաշտ:

-Տեղ պալիտ կլնենք, սաղ մենթ են տեղրանք:

-Դե, կամ էլ այգու դալանը տանենք:

-Հեսա Արամիկենք գան, տենանք քանի հոգի ենք, կերևա:

Արամիկը մեր կողքի դասարանից է: Արամ Սերոբի Դավթյան: Բան չասե՞ց, Արամ Սերոբի Դավթյանը մատյանի երրորդ կամ չորրորդ համարն է: Անունազգանունի դիմացի վանդակներում բ կետիկ, բ կետիկ, բ կետիկ, բ կետիկ, երեք: Իսկ Արամիկը մեր ամենամոտ ընկերն է: Մեջներիս ամենադուխովն ու գաղափարովը: Ես ու Սմբոն դա չենք խոստովանում, բայց, մեր մեջ ասած, խոստովանելու բան էլ չկա: Սմբոն կոլոտ-մոլոտ տղա է, նիհար, կյաժ մազերով, պեպենոտ ու արագ է վազում: Արամիկը ավելի բոյով է, մգոտ մաշկով: Դիմացի երկու ատամները դուրս են ցցված, ժամանակին պետք է բրեկետ դներ, բայց փող չի եղել, իսկ ամերիկյան բարեգործական ծրագիրը, որով թաղի երեխեքի կեսից շատի ատամներին բրեկետ դրեցին, հենց Արամիկի վրա դադարել էր, ու Արամիկը տենց էլ մնացել է:

Ամբողջ ամառ ֆուտբոլ ենք խաղում: Թիմ: Կողքի թաղի տղերքի հետ: Յոթ-յոթ կամ ութ-ութ բաժանվում ենք ու խաղում: Դասական ֆուտբոլում կա դարպասապահ, մի քանի հոգի պաշտպաններ, կիսապաշտպաններ ու մի կամ երկու հարձակվող: Դե, սա որոշվում է թիմի մարտավարությամբ: Էդ գործը վստահված է մարզչին: Դու դարպասապահ ես, դու՝ պաշտպան, դու՝ կիսապաշտպան, դու՝ հարձակվող: Մարզիչն է որոշում: Նա թիմի մարտավարությունն է մշակում: Նա է ասում՝ ով որ կողմից հարձակվի, որ ամուր լինի պաշտպանությունը, որ սահուն լինի պաշտպանությունից գրոհի անցումը, որ փոխկապակցված լինի հարձակումը ու դիպուկ ստացվի վերջնական հարվածը: Լավագույն հարձակումն այն է, երբ հակառակորդիդ զրկում ես պաշտպանվելու բոլոր հնարավորություններից: Լավագույն հարվածը ուժեղ հարվածը չէ: Լավագույն հարվածն այն է, որից պաշտպանվելու շանսերը հակառակորդիդ մոտ զրո է:

Մեր թիմում մի դարպասապահ է: Մեր թիմում մի դարպասապահ է, ում վռո ենք ասում, ու կա վեց հարձակվող: Մեր թիմում մի վռո է, վեց մեջ կամ յոթ մեջ, տենց ենք ասում: Լավ վռոն նաև վռո մեջ է, այսինքն՝ դարպասապահ-հարձակվող: Սա մի կոմբինացիա է, որի մշակումը տևել է բազմաթիվ ամառներ, հետն էլ գարնան վերջին ու աշնան դիմացի ամիսները: Իրականում այս մարտավարությունը գործում է տարբեր հաջողություններով գրեթե բոլոր կողքի թաղերի թիմերում: Բայց դա հասկանալու համար մենք դեռ մի բոլ պետք է մեծանանք, իսկ հիմա մեր մարտավարությունը մենք ենք մշակել, ու էդ գործում մեծ ավանդ ունի Արամիկը: Արամիկը մտածել է, որ ամենաթույլ խաղացողը, որը սովորաբար մեզնից տարիքով փոքրն է, ուստի դա միշտ ներքևի դասարանի Գարիկն է, մեր երրորդ հարկի խուլ Սաքոյի թոռը, պետք է լինի դարպասապահ կամ վռո: Մնացածս՝ ես, Հայկոն, Հակոբը, Գոռոն, Հարութն ու Էդոն ու, դե, Արամիկը, հարձակվող ենք:

-Ապե, բայց իսկական ֆուտբոլում պաշտպաններ են լինում, կիսապաշտպաններ, հարձակվող, ստեղ սաղս հարձակվող ենք:

-Որովհետև իսկական ֆուբոլը խոտի վրա են խաղում, իսկ մենք՝ ասֆալտի, ու իսկական ֆուտբոլը 90 րոպե ա, իսկ մենք 10 գոլից ենք խաղում: Ու իսկական ֆուտբոլում սուձյան դեղին ֆոռմով մարդ ա, իսկ մեր մոտ տենց մարդ չկա: Սուձյան էլ ենք ստիպված մենք: Էլ էդ հարցը չտաս:

Սովորաբար իսկական ֆուտբոլի հետ համեմատությունը էսքանով ավարտվում է: Մենք խաղում ենք ոչ թե 90 րոպե, այլ այնքան, որքան անհրաժեշտ է թիմերից մեկին առաջինը տասը գոլ խփելու համար: Խփում ես տասը գոլ, ու հակառակորդիդ շանսերը զրո են: Եղել է՝ մի երեք ժամ խաղացել ենք: Հալից ընկած: Շան պես քրտնած՝ Երևանի հայաթների կարկատած ասֆալտի վրա քառասունքանի աստիճանի տակ ճռռցնելով մի դարպասից մյուսը, մի դարպասից մյուսը, ռեզինից գնդակով, ռեզինի տակացուներով ու ռեզինե շիպերով բուտիներով: Կարևորը՝ մեկ էլ չծերես: Պետք է ճիշտ հարվածել գնդակին:

-Արա, էլի ծերում ե՞ս, այ ուռո՜դ:

-Ուռոդը տատդ ա, արա՜, թաթեցի:

-Հարութ, ասա, բա չի ծերո՞ւմ:

-Է՜դ, ապե՛, իրոք ծերում ես:

-Ապե՛, Տրեզեգեն էլ ա տենց խփում, էն օրը չտեսա՞ր:

-Հմի դու Տրեզեգեն ե՞ս, արա՛, պետք ա բակավոյ խփես, մեռանք ցույց տալով:

Էսպես մենք պարապում ենք հաջորդ խաղից առաջ, որը խաղալու ենք էլի դեմի հայաթի Սամոյենց թիմի հետ: Սամոն էլ ա կողքի դասարանից, Բաղդասարյան Սամվել Արշակի: Չաղը: Մատյանում երկրորդ կամ երրորդ համարն է: Անունազգանունի դիմացի վանդակներում բ կետ, բ կետ, բ կետ, երեք (երևի), բ կետ (հաստատ): Բաղդասարյան Սամվել Արշակին վիճակագրություն է, աշակերտական նստարանին մեջտեղի շարքում նստած, որ դասատուի աչքից հեռու չլինի, ու գրիչի միջուկը հանած խողովակով պուճուր թղթագնդիկներ ձախից առաջի շարքի Վլեի ճակատին թքող թմբլ, երկար սև մազերով դեպք: Չաղ Սամոն դեմի հայաթի թիմից է: Վատ ստրատեգիաներ չի մտածում: Ու անպայման դնում ու գրիչով մանրամասն գրում-ջնջում է: Արամիկի ոճը չի հեչ: Արամիկը մինչև հիմա տասը հատ տետր չի գրել: Պայուսակը դասարանի Կարենն է տանում-բերում: Արամիկենց տակի՝ առաջին հարկի հարևանն է: Կարեն Խաչիկի Գևորգյանց:

-Չաղենք էլ են գալու:

-Դեմի հայաթի՞:

-Հա, էրեկ իրիկունը հայաթում խոսում էինք Արամիկի հետ, ասեց՝ ասել ա, որ գա: Դու տատուդ տուն էիր գնացել:

-Հա, պապուս ծնունդն էինք անում:

-Եկող ամառը էլի գնալու ե՞նք ձեր դաչա:

-Հա, հեն ա հլը չեկած, պապին արդեն հետ ա կանչում:

Պապիի Բջնիի դաչան մեր փրկությունն ա: Ավելի շուտ՝ Արամիկի փրկությունն ա: Ամառը գնում ենք մեր դաչա ու պապիի գիլասի ծառերի ջանին ընկնում: Մեծ-մեծ սպիտակ գիլաս ա բռնում, հինգ հատ տենց ծառ ունի: Ամբողջ օրը վրեն ենք: Սմբոյի հերը էս՝ արդեն համարյա անցած ամառ որ եկավ, ես ու Սմբոն էլի դաչա էինք: Ու երբ Սմբոյի հերը նոփ-նոր 09-ով կանգնեց հայաթում, մեքենայից ոչ ոք չհասկացավ, որ Սմբոյի հերը՝ Վաղոն, իրանց 07-ը Ռուսաստան ծախել, 09 ա առել ու քշել-եկել Երևան, ու Սմբոյի մաման էլ պատուհանից վախեցած հայացք գցելով, որ տեսնի ում մեքենան մտավ հայաթ, միայն անծանոթ մեքենա տեսավ ու բան չկասկածեց, ու երբ Վաղո ձյաձան մտավ առաջին հարկում գտնվող իր բնակարան, Աննա տոտան՝ Սմբոյի մաման, սառույց դառած կպավ վերևի շենքի տակի վարսավիրանոցում աշխատող Մարատի դոշից:

Ռուսաստանը աշխարհի ամենամեծ երկիրն ա: Տարածքը Աստված գիտի ինչքան մեծ ա ու լայն ու բոլ: Այ, էդքան հեռու էր միշտ Վաղոն, էդ մեծ Ռուսաստանի չափ հեռվից, էդ լայն Ռուսաստանի չափ հեռու, էդ բոլ Ռուսաստանի չափ հեռու բոլ-բոլ: Էդ մեծ Ռուսաստանը դռնից մտել էր ներս ու Աննա տոտայի՝ առաջին հարկի մեջտեղի դռան երկու սենյականոց բնակարանում շարժվելու տեղ չէր թողել: Հետ գնալու տեղ չկար: Աննան հազիվ կպել էր Մարատի դոշից: Ձեռքը մնացել էր Մարատի գոտկատեղից ներքև բռնած. նենց պինդ, որ սկի մեր վռատար Գարիկը գնդակը տենց պինդ չի բռնում, երբ բզում ես ձվերին: Աննան քարացել-բռնել էր Մարատի գոտկատեղի ներքևից, Ռուսաստանի չափ մեծության ուժով սեղմելով, իսկ Մարատը Ռուսաստանի մեծության չափ ցավից ձայնը նվաղած մղկտում էր ու նայում դռնից մտած նոփ-նոր դեղին սպարտիվկով Վաղոյին: Ես ու Սմբոն Բջնիի մեր դաչայում էինք, երբ պապս եկավ ասեց՝ երեխեք, իջեք ծառից: Սմբոն ինձնից մի քանի ճյուղ ներքև էր, կողքի ծառի վրա, ու ես վերևից գիլասով գռսում էի իրան: Փորձում էր վերև բարձրանար, որ ինձ հավասարվեր, բայց իրա ծառը կարճ էր, վերևի ճյուղերը՝ ավելի բարակ, ու Սմբոն չէր կարողանում վերև բարձրանար ու ինձ հավասարվեր, որ ինձ խփեր: Պաշտապնվելու շանս չուներ: Ես հարվածում էի նրան մեծ ու փափուկ գիլասներով: Սմբոն ինձնից մի քանի ճյուղ ներքև էր, կողքի ծառի վրա, ու ես վերևից իրան խփում էի հանգիստ ու ներսս ուրախությամբ լի: Վստահ, որ Սմբոյի հարվածների համար անհասանելի եմ: Բարձրում: Իսկ Սմբոն՝ ներքևում: Ներսս դեղին արևի պես ճռճռան հրճվանք էր, որ Սմբոն չի կարող ինձ խփի: Սմբոյի ծառը կարճ էր: Սմբոն երկու ձեռքով կառչել էր գիլասենու ճյուղից, ու հարվածներս ուղիղ, շիտակ, անվրեպ, հստակ դմփացնում էին փափուկ գիլասները Սմբոյի կյաժ մազերին: Սպիտակ գիլասի շիրան լղոզվում էր Սմբոյի կյաժ մազերին: Ներսիս դեղին արևն ավելի էր ուռում: Պապին ասեց՝ տղերք, իջեք:

Պապիի դաչան մեր փրկությունն ա: Ավելի շուտ՝ Արամիկի փրկությունն ա:

Պապիի դաչան մեր փրկությունն ա: Ավելի շուտ՝ Արամիկի փրկությունն ա ամառային արձակուրդների ընթացքում, երբ Վաղոն Ռուսաստանից տուն ա գալիս:

Վաղոն՝ Վաղարշակ Սմբատի Կիրակոսյանը, բռնելով Մարատի՝ Մարատ Սլավիկի Բաղդասարյանի վզից, կռացրել էր իրանց տան միջանցքում ու մյուս ձեռքով բզում էր Մարատի ականջին, քթին, բերանին, մեջքին, դոշին, կողին: Մարատը փորձում էր դուրս պրծնել Աննայի՝ գոտկատեղից ցած կատարած բռնումից, որպեսզի շունչ քաշի: Մարատը զգում էր, որ ցավը ներքևից արդեն հասել է աղիքներին, մեջքին, և ուղեղն արդեն թարթում էր, մութ-մութ-լույս-մութ-մութ-լույս, անտեղյակություն-անջատում-ցավ-անտեղյակություն-անջատում-ցավ, ու եթե չլինեին Վաղոյի մեկը մյուսի հետևից առանց ռիթմ իջնող հարվածները, Մարատի ուշքը վաղուց գնացած կլիներ:

Մարատը սկսեց ոռնալ:

Վաղոն ավելի կատաղեց ու շարունակեց լուռ բոքսել:

Աննայի բռնում արած մատները կիսաշրջան անելով եղունգները խրել էին ափի փափուկ մասի մեջ ու քարացած մնացել:

Մարատը երկու ձեռքը տարել էր գոտկատեղից ցած ու բռնել հատակով մեկ փռված Աննայի դաստակից: Դեմքը լրիվ բաց էր: Ցավից կռացել էր: Վաղոն ձախ ձեռքը դրել էր Մարատի վզին՝ հարվածների համար հարմարեցնելով, ու բռնցքահարում էր լուռ, առանց քֆուրների վրա շեղվելու: Մարատը շանս էլ չուներ ձեռքերը բարձրացներ ու ծածկեր դեմքը: Մարատի ձեռքերը Աննայի բռնումն էին փորձում թուլացնել: Մարատը ոռնում էր, Աննան Ռուսաստանի չափ սառել էր, ու որքան Մարատը ոռնում էր, այնքան բռնումը սաստկանում էր:

Մարատի ձեռքերը Աննայի դաստակին էին:

Մարատի դեմքը բաց էր, ինչպես երևանյան անամպ հուլիսի երկինքը: Ոչ մի ամպ, մենակ վերևից թափվող դեղին արևի ջարդող ճառագայթներ, միայն դեղին նոր սպարտիվկով Վաղոյի բռունցքների խուլ դմփոցներ:

-Դրան առաջինը ես պտի խփեմ:

Սմբոն սիրահարվել էր Չաղ Արշակի քրոջը անցած գարնան վերջին: Հետո եկել էր ամառը: Հիմա աշնան դասերն էին սկսել, ու Չաղ Արշակը երեկ չէ առաջի օրը Սմբոյին մեր էր քրֆել: Քրոջս կողով անցել ես, վիզդ կկտրեմ, ու մեր էր քրֆել:

Քրոջս մի հատ էլ ես մոտիկացել, ոտերդ կջարդեմ, եղավ, այ, ու մեր էր քրֆել:

Սմբոն տակ չէր մնացել:

Արշակենք շատով էին եղել, Սմբոյին լավ ցխել էին:

-Սաղս էլ խփելու ենք, չդնե՛ս:

-Հեն ա, եկա՛ն վերջը, ո՞ւր եք, ախպեր, արդեն ուզում էինք գայինք հետևներիցդ:

Արամիկն էր, Ծյոմը, Վարդանը, Հարութիկը, գիժ Դավոն, Աբուլը, Ռազոն, Հակոբը, Էդոն, Արմանչուկը, բոյով Էդոն, Մուշոն, Գևը, Հենոն, դեմի թաղի չաղ Սամոն, Սամոյի երկու ախպերները՝ Վահանն ու Միշոն, իրանց ընկեր Ժոռը, Վլեն, Վլեի հորքուրի տղա Վիլենը, Հայկոն, մի խոսքով, սաղ եկել էին:

-Բարլուս, Սմբ:

Պաչիկով բարև:

Պաչիկով շատ բարևներ: Սաղս իրար ընկեր ենք: Սաղս իրար պաչիկով բարև: Սաղս իրար ախպեր ենք:

-Ախպե՛ր, ես ի՞նչ անեմ, Սամոն էր էլի լռվել-մնացել:

-Հա լավ, էլ մի գլուխս կոխի, ասի դուբինկես չէի կարա տնից հանեի, քանի տատս չէր գնացել սերիալը նայեր:

-Հարյուր անգամ ասել ես, ես էլ քեզ հարյուր անգամ ասել եմ՝ տար գառաժը գցի:

-Այ ե՛զ, գառաժում բա որ հերս տենա, դուռես էլ քո ասածով դրի գառաժը, հերս տեսավ, վեկալեց:

-Լավ վոբշմ, հելա՞նք:

-Մի հատ ծխենք, նոր:

Ծխում ենք:

Արամիկը ղուլափ ա տալիս ու ասում:

-Տղե՛րք, դրանց բուռը պտի տանք, նենց պտի անենք, որ չփախնեն, դրա համար տանում ենք դպրոցի դեմի դալանը: Չա՛ղ, դուք դեմից չգաք, կմտնեք շենքի հետևից կգաք, դալանի հետևը պուլպուլակի կողի տռուբեքին կնստեք, յանի ուղղակի տեղ նստած եք: Մենք հենց խփենք՝ դուք հետևի կողմից կհասնեք: Նենց կգաք, որ դրանք չհասցնեն թռնեն: Պետք ա նենց անենք, որ մենք դեմից խփենք, իրանց մեր վրա բերենք, ու դուք հետևից հասնեք վրեքները: Ջոգի՞ք: Նենց ենք անում, որ դրանք չկարանան փախնեն, ու մորթում ենք: Չվախնաք, արա՛: Դե հելանք:

Հարևանները մի քիչ ուշացումով, բայց լսեցին Մարատի ոռնոցները Աննայի ու Վաղոյի բնակարանի բաց մնացած դռնից, ու թափվեցին միջանցք: Վաղոն Մարատի վզից ձախ ձեռքով բռնած, աջ բռունցքով մուրճի պես դանգում էր Մարատի անպաշտպան գլխին: Մարատը երկու ձեռքերը տարել էր գոտկատեղից ներքև: Աննան Մարատի հետևը հատակին փռված սփրթնած պառկել էր ձեռքը անհարմար դիրքով դեպի Մարատի գոտկատեղը ձգած:

Պապս ասաց, որ ծառերից իջնենք։ Պապիս ձայնը մի տեսակ անսովոր էր: Ոչ մուննաթով էր, ոչ ընկերական, ոչ հոգնած: Մի տեսակ էր ուղղակի:

Պապիի դաչան մեր փրկությունն ա: Ավելի շուտ՝ Արամիկի փրկությունն ա ամառային արձակուրդների ընթացքում, երբ Վաղոն Ռուսաստանից տուն ա գալիս:

Մարատին մի կերպ պոկեցին Աննայի ձեռքից: Վաղոն արդեն քրտինքի մեջ կորել էր, աջ բռունցքի կաշին Մարատի գլխին խփելուց պլոկվել-արյուն էր եղել:

Մարատը ցավից գժված կանգնել էր միջանցքում:

Հարևանները՝ արանքում:

Մարատի դեմքը ռեզինի գնդակի պես ուռել էր:

Սպիտակի վրա սև հնգանկյուններով գնդակներից:

Վերևի հարկի Աշխեն տատը՝ արանքում:

Սպիտակ մաշկի վրա բազմանկյուն կապտակարմիր բծեր:

Մարատը տեղով մեկ ցավ էր:

Մարատը էլ չէր ոռնում, Մարատը գոռում էր.

-Ի՞նչ ա, արա՜:

-Ի՜նչ ա, արա՜:

Պատասխանում էր Վաղոն:

-Ի՜նչ ա, արա՛, հա՛, ես սիրում եմ Աննային, ի՜նչ ա, արա՛:

-Արա՛, Աննան իմ կնիկն ա, արա՛:

-Ես սիրում եմ քո կնկան, արա՛:

-Ո՜նց ես իմ կնկան սիրում, արա՛:

-Տե՛նց, արա, ես քո կնկան սիրում եմ:

-Արա՛, ասում եմ՝ ի՛մ կնիկն ա, արա՛:

-Ես սիրում եմ քո՛ կնկան:

-Արա, ասում եմ՝ իմ կնիկն ա, արա:

-Ես սիրում եմ քո կնկան:

Ես սիրում եմ քո կնկան, կնոջը, Աննային, ես սիրում եմ Աննային, Մարատը սիրում է Աննային, ես՝ Մարատ Սլավիկի Բաղդասարյանս, սիրում եմ Աննա Վահագնի Հովհաննիսյանին՝ Վաղարշակ Սմբատի Կիրակոսյանի կնոջը՝ Սմբատ Վաղարշակի Բաղդասարյանի մորը, և երդվում եմ սիրել նրան, մինչև մահը չբաժանի մեզ:

Ես չեմ կարող առանց քո կնոջ:

Ես՝ Մարատ Սլավիկի Բաղդասարյանս, սիրում եմ Աննա Վահագնի Հովհաննիսյանին՝ Վաղարշակ Սմբատի Կիրակոսյանի կնոջը, և երդվում եմ սիրել նրան հատկապես, եթե մահը չբաժանի մեզ, ու Վաղարշակը չբաժանի մեզ:

Ես՝ Մարատ Սլավիկի Բաղդասարյանս, սիրում եմ Աննա Վահագնի Հովհաննիսյանին՝ Վաղարշակ Սմբատի Կիրակոսյանի կնոջը, և երդվում եմ սիրել նրան հատկապես, եթե մահը չբաժանի մեզ, ու Վաղարշակը չբաժանի մեզ, ու գնա ու մնա ու արարի նա մեծ ու ընդարձակածավալ Ռուսաստաններում ու գալուց առաջ մի հատ զանգի:

-Ես առանց իրա չեմ կարում, արա՛:

-Արա՛, ասում եմ՝ իմ կնիկն ա, արա՛:

-Ես առանց իրա խեղդվո՜ւմ եմ:

-Արա՛, ասում եմ՝ իմ կնիկն ա, արա՛:

-Ես առանց իրա մեռնո՜ւմ եմ, մեռնո՜ւմ եմ, մեռնո՜ւմ եմ:

Առանց քո կնոջ ես չեմ կարողանում շնչել: Վաղո, առանց քո կնոջ ես չեմ կարող ապրել: Մեռնում եմ:

-Թողե՜ք, արա՛, մեռնում եմ, թողե՜ք, արա՛, մեռնո՜ւմ եմ:

Արշակի աղիողորմ ձայնը տարածվեց դալանի կոր, ցեմենտած պատերի մեջ: Արամիկն ու ես Սմբոյի հետ լղում էինք Արշակին: Սմբոն ինչքան ուժ ուներ, բռնցքահարում էր Արշակին: Արշակի գլուխը դեմ էր առել ասֆալտին: Նրա տաք շնչառությունը հև-հև խզզոցով հասնում էր մեր դեմքին: Ճաշի հոտ էր գալիս: Սմբոն նստել էր Արշակի փորին ու խփում էր: Ամեն անգամ, երբ Սմբոն խփում էր, Արշոյի գլուխը զրխկում էր ասֆալտին:

Խուլ զմփուն էր գալիս:

Որովհետև իսկական հարվածից հետո գլուխը պետք է հետևի կողմից տա ասֆալտին, ու թե տասն անգամ էլ այնպես խփես, որ գլուխը հետևի կողմից խփի ասֆալտին, ուղեղի ցնցումը մեջն է:

Պետք է խփել այնքան, որքան անհրաժեշտ է հակառակորդիդ վեր կենալու շանսերը զրոյի հավասարեցնելու համար:

Ես գիտեի, որ Սմբոյի աչքերում դեղին արևի պես ճռճռան հրճվանք է: Գետնին տապալված Արշակը ձև չուներ նրան խփեր:

-Էդ ո՞ւմ ես խլեշ անում, արա՛, ես քու… ու Սմբոն քրֆում է Արշակի մորը:

Արշակի մայրը՝ Զինաիդա Բունիաթովնան, մեր ու զուգահեռ դասարանների ռուսերենի դասատուն է: Զինաիդա Բունիաթի Պետրոսյանը միջին տարիքի թմբլիկ, ժպտերես կին է, ունի երկու երեխա՝ Սիլվան ու, դե, Արշակը: Սիլվիկին Սմբոն սիրում է: Սիլվիկին Սմբոն ուզում է թռցնել երկինք: Սիլվիկի համար Սմբոն որոշել է, որ երբ գնա Ռուսաստան հոր մոտ ու աշխատի, ջիպ է առնելու: Մի հատ իր համար, մի հատ էլ Սիլվիկի: Անպայման: Արշակը Սմբոյի ոտքերի տակ ցավից աջուձախ է տապակվում, որ դուրս պրծնի իմ ու Արամիկի բռնումից: Ես Արշակի ոտքերից եմ բռնել, Արամիկը՝ ձեռքերից, Սմբոն նստել ա Արշակի մեծ փորին ու դանգում ա Արշակի փափուկ ու գնալով ավելի փափկացող դեմքը: Մի պահ մտքիս ծայրով անցնում ա կաստետս ձեռքիցս հանեմ, տամ Սմբոյին, որ ավելի լավ խփի Արշակի դեմքին, համ էլ կաստետի օղակները մատներս չեն ցավեցնի Արշակի թպրտացող ոտքերը պահելիս: Կողքերս չենք նայում: Մերոնք ու Արշակենք խառը իրար են բոքսում:

Չաղ Սամոյենք արդեն փակել են դալանի մյուս կողմը, ու մորթը նոր զարգացումներ է ստանում: Արշակի ընկերը՝ եզ Բագոն, մերոնցից երեք հոգու իրար հետևից փռեց: Հարութիկին, Բոյովին, Հակոբին: Բագոն՝ նույն ինքը՝ զուգահեռ դասարանի Բագրատ Մուրադի Մուրադյանը, մատյանում 19 կամ 20 համարն է, դիմացի վանդակում գրված է հինգ, հինգ, չորս, հինգ, հինգ, հինգ… Բագրատը կարատեի չեմպիոն է, Հայաստանի անցած տարվա առաջնությանը ամբողջ դպրոցով գնացել էինք բալետ անելու: Եզը ութ հոգու կրեց: Հիմա Բագոն մերոնցից երեք հոգու արդեն փռել ա, ու դալանի մուտքը վերջին փակողը չաղ Սամոն ա ու իրա փոքր ախպեր Միշոն: Եթե Սամոյին էլ փռեց, արդեն թռնելու շանս են ունենում: Եթե թռնելու շանս տաս, էլ չես բռնի: Հարվածի ուժը չի կարևորը, կարևորը, որ դիմացինիցդ խլես պաշտպանվելու բոլոր հնարավորությունները: Որ զգա՝ գնալու տեղ չունի:

Որ զգա՝ բռնված ա:

Որ կրծքագդալից վախը խիտ-խիտ ալիքվելով պարուրաձև տարածվի կրծքավանդակով, կարծրացնի շունչ-արտաշունչ անելը ու աղիքների մեջ շուռումուռ գա՝ ստիպելով, որ քաքը գա, ու մի կերպ զսպի ու իջնի դեպի ծնկները՝ փափկացնելով ազդրերի մկաններն ու դող տալով սրունքների մեջ:

Առնանդամը հետ քաշվի ու փոքրանա:

Ամորձիները կծկվեն:

Որ զգա՝ վերջ:

Սմբոն աջով մեկը մյուսի հետևից խփում է իր հարվածների շմփոցով ընդհատվող գոռոցներ արձակող Արշոյի բերանին, Արշոյի թմբլ թշերին, որ քրտինքից ու արցունքից սոթլիկ են դարձել, ու արյունլվա դարձած քթին:

Բագոն ու Սամոն իրար դիմաց են հելնում:

Սամոն գիտի, որ եթե ճամփա տա, ուրեմն վերջ: Շանս կտա: Սամոն տեղից չի շարժվում: Բագոն ոտքի մավաշի հարվածով կես վայրկյանից կարա Սամոյի գլուխը ոտնաթաթի հետ տանի:

-ՏՂԵ՛ՐՔ, ՄԵՆԹԵՐԸ: Մենթերը, արա՛, թռա՛նք:

Մենթերը, ԹՌԱՆՔ, մենթերը, ԹՌԱՆՔ:

Լսվում է Գարիկի ձայնը: Գարիկը մի դասարան մեզնից ցածր ա, մեր թիմի վռոն ա, դարպասապահը. Արամիկի պլանի համաձայն՝ Գարիկը կանգնել ա դալանի մուտքից մի քանի քայլ դեպի փողոցը, որ մի բան լինի, թափով գոռա:

-Տղե՛րք, մենթե՜րը:

Գարիկը գոռում ա.

-Տղե՛րք, մենթե՜րը:

Մենթերը, տղե՛րք, ով փռված է՝ վեր կացեք, ով ուշաթափված է՝ ուշքի եկեք, ով խփում է՝ դադար առեք, ով ծեծվում է՝ շունչ քաշեցեք…

Ու թռանք։

Քանի շանս կա, թռանք:

Ես սիրում եմ քո կնոջը, ու նա լույսն է իմ ոսկորների:

Ես թողնում եմ Արշոյի ոտքերը ու թռնում: Արամիկը թողնում է Արշոյի ձեռքերը ու թռնում: Սմբոն, ոտքով հենվելով Արշոյի փորին, գազ է տալիս ու թռնում: Արշոն մեջքից թավալ է գալիս կողքի վրա, կողքից՝ փորի վրա, հենվում ծնկներին ու արմունկներին ու թռնում: Բոլորը վազում են, Արշոն՝ բոլորի դիմացից:

Ես սիրում եմ քո կնոջը, քանի մահը մեզ չի բաժանել:

Քանի շանս կա, թռանք:

Ես առանց քո կնոջ չեմ կարա մեռնեմ, իսկ մնացածը ինձ մեկ ա:

Ոչ մեկ հետ չի նայում:

-Այ համբա՛լ, խի՞ գոռացիր՝ մենթե՜րը, չտեսա՞ր, սաղ իմ պլանով էր էթում, ցխում էինք դրանց:

-Հա բա ի՞նչ անեի, Բագոն Հարութիկին, Բոյովին ու Հակոբին տվել-գցել էր, Սամոյին էր արդեն հասնում, ես չգոռայի, հմի Սամոն էլ էր Հարութիկի պես արյուն շռելու:

Ինչ ճիշտ՝ ճիշտ, մենթեր գոռալու սուտ ազդանշանը չլիներ, Սամոն էլ էր Հարութի պես, նույնը ինքը՝ Հարություն Սարգսի Մովսիսյանի, մատյանում 22 համար, դիմացի վանդակներում բ կետ, բ կետ, երեք, երեք, չորս, բ կետ, նման հիմա կարմիր հեղուկ միզելու:

-էդ էլ կա, լավ, կարևորը ստացանք դրանցից: Հը՞, Սմբ, սաղ սրտովդ ա՞:

-Հա՛, տենամ հմի ո՞նց ա քրոջ մոտ գլուխ գովալու:

Բոլորս գոհ ենք: Արամիկը, Ծյոմը, Վարդանը, Հարութիկը, գիժ Դավոն, Աբուլը, Ռազոն, Հակոբը, Էդոն, Արմանչուկը, բոյով Էդոն, Մուշոն, Գևը, Հենոն, դեմի թաղի չաղ Սամոն, Սամոյի երկու ախպերները՝ Վահանն ու Միշոն, իրանց ընկեր Ժոռը, Վլեն, Վլեյի հորքուրի տղա Վիլենը, Հայկոն:

Սմբոն վստահ է՝ Սիլվիկը շանս չունի իրեն չէ ասելու: Սմբոն հերոս է:

Հերոսներին միշտ հա են ասում:

Հերոսներին միշտ սիրում են:

Հերոսները իրենց չսիրելու շանս չեն թողնում:

Ոչ մեկս չհարցրեց Սմբոյից՝ ինչի Սիլվիկն իրա հետ տենց էլ ոչ հաջորդ օրը, ոչ հաջորդի հաջորդ օրը, ոչ եկող շաբաթ չխոսեց: Ոչ մեկս չհասկացավ էլ՝ ինչի Սմբոն էդքան հեշտ հանձնվեց:

Չխորացանք: Հոկտեմբերին ստուգողականների սեզոնը սկսում էր:

Սմբոն հիմա մի չորս-հինգ տարի կլինի, որ Ռուսաստան ա, երևի հոր մոտ ա գնացել: Ես էդպես էլ չգնացի: Մերոնց թողնել-չթողնելու հարցը չէր: Սիլվիկը թռավ մի քանի տարի առաջ Գերմանիա ու ընտեղ ամուսնացավ: Կարծեմ գերմանացու հետ, Զինաիդա Բունիաթովնան բոլորին տենց էր ասում:

Ես էլ գրում եմ. ձմեռները՝ որ մատներս չսառչեն, ամառները՝ որովհետև էլ չեմ կարում կանգ առնեմ:

 

Կարծիքներ

կարծիք