«Անհայտի սահմանը» գրքի գինեձոնը

Դեկտեմբերի 20-ին կինեմատոգրաֆիստների միության «Բուխարու սրահ»-ում տեղի ունեացավ գրող Մերուժան Տեր-Գուլանյանի «Անհայտի սահմանը» գրքի շնորհանդեսը: Գրքում ամփոփված են հեղինակի վերջին տարիների էսսեները:

Ռեժիսոր, սցենարիստ Արամ Սուքիասյանը  բացման խոսքում ասաց.

— Մենք գործ ունենք արտիստի հետ: Այս գիրքը վավերագրություն է, որովհետև ընդգրկում է  տարիներ շարունակ «Առավոտ» թերթում ամեն շաբաթ լույս տեսնող էսսեները, որոնք շաբաթվա ամփոփում էին, այստեղ կան և գյուղական, և քաղաքային կերպարներ, երբեմն՝  պատմական, երբեմն՝ տիեզերական, որը խոսում է գրողի  մտահայեցողության ընդգրկման մասին և խոսում է այն հզոր ոգու մասին, որտեղ հայի կերպից զատ նաև աշխարհաքաղաքական  մոտեցումներ են ցուցաբերվում, և ես շատ կուզեի, որ ընթերցողը այս գիրքը չդիտարկի որպես զուտ հայի կերպին վերաբերող. այս գրքի հասցեատերը  համաշխարհային մարդն է: Այստեղ կան նաև քաղաքական ակնարկներ, որովհետև  ժամանակի մեջ գրողը, լինելով երկրի  զարկերակին,  իր անձնական վերաբերմունքն է ունեցել, սակայն անգամ այդ նյութերը նա գրել է այնքան գեղեցիկ ու գեղարվեստական, որ այն դադարել է լինել զուտ վավերագրում և   գրականություն է  ու  գրականության իր տեսակի մեջ՝  շատ յուրօրինակ:

Սցենարիստ, մշակութաբան Լևոն Գալստյանը նշեց, որ կարդալով այս գիրքը՝ համոզվեց, որ անդինի մասին հնարավոր է գրել կամ նրան մոտենալ  միայն երբ տեսնում ես անդինը՝ իբրև թաքուցյալ անդին, իբրև նրա ծես, որ արարվում է շուրջդ՝ սպասելով իր խորհուրդը վերծանողին: Ինչպես այդ գրքի անունը, այնպես էլ էսսեի ժանրը իրոք անհայտի սահմանին է: Այս գիրքը պատմում է իրականության մասին և ցույց է տալիս նրա ներքին պոեզիան, որն առիթմիկ շնչառությամբ հորդում է հույժ հայերեն: Շնորհավորելով հեղինակին՝  Լևոն Գալստյանը ասաց, որ  Մերուժան Տեր-Գուլանյանի գրականությունը  մտածելու գրականություն է:

Գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանի խոսքով՝ Մերուժան Տեր-Գուլանյանի՝  գրականության հատվածային ընկալումն ու դիտողականությունը շատ հզոր է: Գրողի նրա ամենատես աչքը կարողանում է տեսնել ամենակարևորը ամբողջականության մեջ և զարգացնել ու դարձնել գլուխգործոց: Մերուժան Տեր Գուլանյանը հայ էսսեագիրներ Կոստան Զարյանի, Կարպիս Սուրենյանցի հրաշալի ժառանգորդն է:

Գրող Ռոլանդ Շառոյանը նկատեց, որ գիրքը այնպես է կառուցված, որ ցանկացած էջից կարող ես ընթերցել և ականատես լինել նոր, ամբողջական և ավարտուն պատմության, և տաղանդավոր հեղինակը իր գրականությամբ չի փիլիսոփայում, այլ իմաստավորում է բառը:

Հեղինակը  ինքն իր գրքի մասին   ասաց, որ, թվում է  աշխարհի բոլոր լավ գրքերը արդեն գրված են, այդ դեպքում մարդ արարածը այսօր այլևս ինչո՞ւ է գրում, գրում է թերևս նրա համար, որ առնչվի համաշխարհային ոգուն, որն անմահ է, թերևս գրելը փախուստ է մահվանից: Մշակույթը ինքնին արդեն փախուստ է մահվանից և ձգտումն է հավերժության: Հեղինակը նշեց, որ «Անհայտի սահմանը» վերնագրով էսսե գրքում ընթերցողը չի գտնի, բայց գիրքն ամբողջությամբ ընթացք է դեպի անհայտի սահման, որը շերտ առ շերտ բացվում է, բայց թույլ չի տալիս մոտենալ ու ճանաչել Իրեն՝ Աստծուն:

Կարծիքներ

կարծիք