Իմ կարմրախայտի մրմունջները

***

Բոլոր օրերը մեկ օր են

Կտոր- կտոր անվերջանալի մի գիշերում:

 

***

Ինչ թախծոտ են

Խճաքարերը-

Մանուկներ

Քարից:

 

***

Ինչ կար իմ անձրևանոցի գրպանում,

Որ ձեռքս վիրավորեց,

Մինչև սահմանը կանցնեմ

Ստիպված եմ թաքցնել

Այն, ինչը, որ չգիտեմ ինչ է:

 

***

Կյանքը

Անսահման մի տոնախմբության կարոտն է,

Որի ցնծության աղմուկը

Լսվում է պատերից այն կողմ:

 

***

Իմ կոշից դուրս

Ուր փախչեմ…

 

Կանգնել է գլխիս վերևում`

Ափի մեջ մի քար:

 

***

Հիմա երբ ձնե ընձառյուծը

Կլլել է ինձ,

Ելք չկա,

Պետք է նստեմ

Ու նայեմ նրա հալչելը:

 

***

Երազանքը

Ձայնն է մի ծաղկի,

Այն տանը

Ուր չկա ծաղիկ:

 

***

Կյանքը

Նամակ է, որ գրում ենք իրար

Մեր թևի փետրածայրով

Ծովի վրա:

 

***

Բանաստեղծությունը

Երբեմն ուրախ ճնճղուկի թռիչքն է,

Որին քիչ անց

Մի այլ թռչուն

Հոշոտում է:

 

***

Խաղողները

Քայլ առ քայլ հասունանում են ինձ հետ,

Քայլ առ քայլ

Հարբում են ինձ հետ

Քայլ առ քայլ

Բռունցքով հարվածում են շշերին

Քայլ առ քայլ

Վայր են թափվում:

 

***

Ես և Պերսեպոլիսը ավերված ենք,

Հեռավոր ճամփաներից

Գալիս են մեզ տեսության,

Լուսանկարում են,

Գնում ու մոռանում են:

 

Իմ լուսանկարները

Նրանց ուրախությունն է,

Որտեղ է թաքնված

Տարաբախտությունը մեր:

 

***

Բանաստեղծությունը

Թռչունների լեզուն է`

Սողոմոնի արքունիքում,

Երբ տանը

Քեզանից բացի

Չկա ուրիշ մարգարե:

 

***

Այրվում եմ ոտքից գլուխ

Եվ սեղանի վրայի մոմերը

Իրենց ողջ ուշադրությունը դեպի ինձ է`

Իմ մատնածայրերին,

Որ վերջանում են կաթիլ- կաթիլ:

 

***

Ես ոչ Ֆերեյդունն* եմ,

Ոչ Վլադիմիրը,**

Ոչ էլ Ահմադ Շամլուն,***

Փոքրիկ կաքավ եմ.

Խոսում են իմ գեղեցկության մասին

Եվ ինձ ուտում են:

 

*Ֆերեյդուն ՄոշիրիԻրանի ժամանակակից բանաստեղծ:

** Վլադիմիր ՄայակովսկիՌուս մեծ բանաստեղծ:

***Ահմադ ՇամլունԻրանի հանրահայտ բանաստեղծ:

 

***

Այո, բանաստեղծ եմ,

Կարմիր վարդ, որին անցորդը մկրատելով

Նվիրում է իր սիրեցյալին,

Ոչ մի ծախս չպահանջվող

Սիրո դրսևորման մի ձև:

 

***

Իմ բացակայությունը

Կամրջի բացակայությունն է`

Գետի վրա:

 

Ջուրն եք նետվում,

Իրիկնամուտին փոթորիկը ճանապարհին է:

 

***

Առավոտվա անձրևը

Թափվում է բանաստեղծությանս տետրի վրա,

Մշուշը ալիքվում է բառերիս մեջ.

Գիտեմ մակույկս

Ողջ օրվա ընթացքում մոլոր կմնա:

 

***

Կարոտը

Սև ողկույզ է խաղողի,

Կոխկրտի’ր ոտքիդ տակ,

Կոխկրտի’ր ոտքիդ տակ,

Թող մի որոշ ժամ

Բերանը փակ մնա

Տրտմությունը կհարբեցնի քեզ:

 

***

Գրում եմ միայն ձյան խաղաղության վրա,

Գիտեմ կհալչի, ջուր կդառնա

Եվ փոթորկի երգը

Կմնա ինձանից:

 

Պարսկերենից թարգմանեց

Էդուարդ Հախվերդյանը

 

 

 

Կարծիքներ

կարծիք