Նոբելյան բանախոսություն

Հեղինակ:

Նոբելյան մրցանակի է արժանացել 1927 թ.

«…գաղափարների հարստության և դրանց մարմնավորման փայլուն վարպետության համար»

 

Անրի  Բերգսոն (1859-1941) — ֆրանսիացի փիլիսոփա, ծնվել է Փարիզում: Ավարտել է Կոնդորսե լիցեյը, որտեղ մեծ հույսեր է ներշնչել որպես մաթեմատիկոս և նույնիսկ պատվավոր մրցանակ ստացել մաթեմատիկական բարդ խնդրի լուծման համար, բայց գերադասել է զբաղվել փիլիսոփայությամբ և այդ նպատակով ընդունվել է Բարձրագույն նորմալ դպրոց: 1889 թվականին հրապարակում է իր առաջին աշխատությունը՝  «Գիտակցության անմիջական տվյալները», և դոկտորի աստիճան  ստանում Փարիզի համալսարանում: Բերգսոնի հաջորդ կարևոր աշխատանքը՝  «Մատերիա և հիշողություն»-ը, հրապարակվել է 1896-ին, երբ դասավանդում էր Հենրիխ 4-րդ լիցեյում:

  1900 թվականին նա գլխավորում է Կոլեժ դը Ֆրանսի հունական փիլիսոփայության ամբիոնը և միաժամանակ տպագրում ծիծաղելիի բնույթի վերաբերյալ էսսեն՝  «Ծիծաղը»:  «Ստեղծագործական էվոլյուցիա» (1907 թ.) գիրքը ոչ միայն մասնագետների վրա է ազդեցություն գործել, այլև դարձել է ընթերցող լայն հասարակության սեփականությունը: Խորհուրդ հարցնելու, մտավոր աջակցության համար Բերգսոնին էին դիմում Կլոդ Դեբյուսին, Կլոդ Մոնեն, Մարսել Պրուստը, Պոլ Վալերին, Անդրե Մորուան… Նա մեծ ազդեցություն է թողել Վիրջինիա Վուլֆի և Թոմաս Մանի վրա: Նրան դասախոսություններ կարդալու էին հրավիրում ԱՄՆ, այլ երկրներ: 1914 թ. ընտրվում է Ֆրանսիական ակադեմիայի անդամ, Բարոյագիտական և քաղաքական գիտությունների ակադեմիայի պրեզիդենտ:

   Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հստակ հակագերմանական դիրք է գրավել, իսկ դրանից հետո մասնակցել է Ազգերի Լիգայի աշխատանքին որպես մտավոր համագործակցության հանձնաժողովի նախագահ:

  Կյանքի վերջին տարիներին Բերգսոնը խորամուխ է եղել քրիստոնեական միստիկայի մեջ և ընդունել կաթոլիկություն: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝  Ֆրանսիայի օկուպացումից հետո, Վիշիի կառավարությունը հայտնում է Բերգսոնին, որ հակահրեական պատժամիջոցները նրա վրա չեն տարածվում: Բերգսոնը հրաժարվում է նման արտոնությունից և, բոլոր հրեաների նման, կանգնում նվաստացուցիչ հաշվառման:

 

   Անրի Բերգսոնը չի կարողացել ներկա լինել Նոբելյան պարգևատրման արարողությանը և Շվեդական ակադեմիային հղել է այս նամակը.

 

Ես կուզենայի իմ ապրումները բանավոր հաղորդելու հնարավորությունն ունենալ: Թող թույլ տրվի ինձ այդ բանն անել Ֆրանսիայի դեսպան Արման Բեռնարի օգնությամբ, ով սիրալիր համաձայնեց հրապարակել իմ խոսքը: Ես ի սրտե երախտագիտություն եմ հայտնում Շվեդական ակադեմիային. այն ինձ արել է պատիվ, որը երազել իսկ չէի համարձակվում: Առավել ևս գիտակցում եմ դրա արժեքը և առավել ևս եմ այս առիթով հուզված, երբ ասում եմ ինքս ինձ, որ ֆրանսիացի գրողին շնորհված այս պարգևը կարելի է դիտել որպես Ֆրանսիայի նկատմամբ համակրանքի նշան:

Նոբելյան մրցանակի հեղինակությունը կանխորոշվում է բազմաթիվ գործոններով, բայց առաջին հերթին դրանցից երկուսով՝  մրցանակի իդեալիստական և ինտերնացիոնալ բնույթով: Իդեալիստական, քանի որ այն սահմանված է վեհ գաղափարով ներշնչված ստեղծագործությունների համար, ինտերնացիոնալ բնույթը նշանակում է, որ գիտական արտադրանքը, որը մրցանակի է  արժանանում, մշտական հոգածության առարկա է տարբեր երկրներում, ինչն էլ իր հերթին հնարավորություն է տալիս ուրվագծելու ողջ աշխարհի մտավոր կյանքի ընդհանուր պատկերը: Զերծ այլևայլ նկատառումներից, նշանակություն տալով միայն մտավոր արժեքներին՝  հանձնաժողովի անդամները կայուն տեղ են գրավում այն տիրույթում, որը փիլիսոփաներն անվանել են «մտքի համագործակցություն»: Այդպիսով նրանք ճշգրտորեն ի ցույց են հանում մրցանակը հիմնողի հստակ նպատակները: Իր կտակում Ալֆրեդ Նոբելը հայտարարել է, որ ուզում է ծառայել իդեալիզմի և ժողովուրդների եղբայրության գործին: Նա ճշգրիտ նշագծել է այդ նպատակը՝  գրականության և գիտական գործունեության համար մրցանակների կողքին սահմանելով նաև «Խաղաղության մրցանակը»:

Դա վեհ գաղափար էր: Դրա հեղինակը հանճարեղ գյուտարար էր, բայց և չէր կիսում իր ժամանակին լայնորեն տարածված պատրանքները: Տեխնիկական հայտնագործությունների բնագավառում աներևակայելի աճ արձանագրած 19-րդ դարում չափազանց հաճախ  համարում էին, որ հայտնագործությունները՝  նյութական նվաճումների պարզ կուտակումով, կբարձրացնեն նաև մարդկության բարոյական մակարդակը: Պատմական փորձը, սակայն, ցույց տվեց, որ հասարակության տեխնիկական առաջընթացը դեռ չի ապահովում նրանում ապրող մարդկանց բարոյական կատարելությունը և որ մարդկության տրամադրության տակ գտնվող նյութական ռեսուրսների բազմապատկումը հղի է վտանգներով, եթե չի ուղեկցվում համապատասխան հոգևոր ջանքերով: Մեր կողմից ստեղծվող մեխանիզմները արհեստական օրգաններ են. դրանք, միանալով բնական օրգաններին, դառնում են սրանց շարունակությունը, ընդլայնում գործառույթները և այդպիսով մեծացնում մարդկային մարմնի հնարավորությունները: Եթե մարմինն առողջ է, իսկ գործունեությունը՝  կարգավորված, ապա և հոգին, իր հերթին, կսկսի կատարելագործվել: Այլապես հավասարակշռությունը կխախտվի, և մենք կկանգնենք լուրջ խնդիրների առջև, ինչպես սոցիալական, այնպես էլ քաղաքական ոլորտներում: Իսկ դա կհարուցի մարդկային ոգեղենության, որը գրեթե չի փոխվել նախաստեղծ վիճակից, և անհամեմատելիորեն գերաճած մարմնի աններդաշնության նոր մակարդակ: Ահա ամենապերճախոս օրինակը. թվում էր՝  շոգու և էլեկտրականության կիրառումը, կրճատելով տարածությունները, ինքնին կխթանի ժողովուրդների բարոյական մերձեցումը: Այսօր մենք գիտենք, որ դա այդպես չէ, և որ հակամարտությունները ոչ միայն չանհետացան, այլև կարող են խորանալ, եթե չլինի հոգևոր առաջընթաց և կրքոտ ձգտում դեպի եղբայրություն: Հոգիների մերձեցմանը նպաստում են իրենց էությամբ ինտերնացիոնալ և իդեալիստական գաղափարներով ներշնչված հասարակական ինստիտուտները: Այդպիսին է Նոբելյան հիմնադրամը:

Զարմանալի չէ, որ դրա մտահղացումը ծնվել և իրականացվել է բարձր մտավոր մշակույթ ունեցող երկրում, ինչպիսին Շվեդիան է, մի ժողովրդի մեջ, որն առանձնահատուկ կարևորություն է տվել բարոյականության հարցերին, որը հասկացել է, որ դրանց լուծումից է կախված մյուս բոլոր հիմնախնդիրների լուծումը և որը, մասնավորապես, առաջինը ցույց տվեց, որ քաղաքական հիմնախնդիրները առավելաբար դաստիարակության հիմնախնդիրներ են:

Նոբելյան հիմնադրամի նշանակությունն, այսպիսով, թվում է այնքան ավելի հսկայական, որքան առավել խոր իմաստ ենք մենք տեսնում նրա խնդիրների մեջ: Բարձր պատիվը հնարավոր է դառնում առավել լրիվ գնահատել՝  դրանից օգտվելով, և ես հրաշալի գիտակցում եմ դա: Ես ուզում էի այդ մասին հայտնել գերարգո լսարանին: Թույլ տվեք ավարտել նույնով, ինչով սկսեցի. իմ խորին երախտագիտության արտահայտմամբ:

 

Կարծիքներ

կարծիք