Նոյեմբերյան երեկո

Հեղինակ:

Երեկո է: Անձրև է մաղում: Փողոցի միանման լապտերները իրար հետևից շարված վառվում են իրենց սովորական  լույսով,  բայց  ամեն օր ուրիշ տրամադրություն ունենան: Նրանց վրա էլ է տրտմություն  իջել. աշնան թեթև, անձրևոտ, թաց երեկո:

Թաց են մայթերը, աստիճանները, ցուցափեղկերը, շենքերի կտուրները… Տերևների փշուրները լողում են ջրափոսերի մեջ: Մարդիկ վազում են տուն:Արդեն երեկո է ու անձրև: Չեմ շտապում: Մի անորոշ շունչ եմ զգում աշնան խոնավ օդի մեջ, զգում եմ, որ արևն էլ է հիվանդանում: Թաց մայթերով վերև եմ բարձրանում թափանցիկ հովանոցիս տակ կծկված՝ մի աղջիկ, որը ունի հովանոց ու թռչում է դրանով:

Կաթիլները սահում են հովանոցի մակերևույթով, քսվում են նրան, կախվում դրա ծայրից ու ընկնելով մայթին միախառնվում են  անձրևաջրերին: Հարևան փողոցում շրխկաց քաղցրավենիք վաճառող պարոն Բեյլի խանութի դուռը, փեղկը շուռ եկավ, բանալին պտտվեց փականում ու կամաց,կամաց ջրերի մեջ ճփճփացող ոտնաձայները մարեցին՝ ընկղմելով գիշերվա հեռացող ձայների մեջ, ու խանութը մնաց մենակ իր լուսավորվող սրահով, թափանցիկ ապակիներով, որի վրա կային ցուցանակներ՝ «Փակ էե, մյուս կողմում՝ « Միայն լավ քաղցրավենիք պարոն Բեյլի մոտե, մյուսում՝ «Երեխաները սիրում են շաքարաքլորներ, ուրեմն՝ շաքարաքլորներ՝ միայն երեխաների համարե… Հովանոցը գլխավերևումս պտտելով ապակուց ներս եմ նայում ու աջ գրպանումս պտտեցնում հինգ հարյուր դրամանոցը: «Ափսոս փակ է, դեհ ինչ, պարոն Բեյլ, գուդ նայդե : Նոյեմբեր ամսին ի՞նչ երեկո ու գիշեր, իրարից չեն էլ տարբերվում: Շարունակեցի բարձրանալ վերև, բայց …«Շաքարաքլորներ միայն երեխաների  համարե, ըմ, ուզում եմ հասկանալ, դա դեռ ինձ կարելի՞ է գնել, թե՞ այդ տարիքից դուրս եմ եկել»:

Զգում եմ ինձ մոտ երկրորդ շնչառություն, այնքան մոտ, որ չեմ տարբերում ի՞մ շնչառությունն է դա, թե՞ Նրա: Իմ հովանոց-բնակարանում ես մենակ չեմ, Դու քայլում ես ինձ հետ այս երեկո, այս անձրևի հետ … Ես քեզ երկար եմ սպասել, թեև ողջ օդս ողողված է քեզնով, բայց այսօր… Այս օրն ուրիշ է: Խոնավ օդի մեջ քո բույրն է շաղ տված: Դու ես: Հաստատ: Ոտքերդ շարժվում են իմ ոտքերի հետ համահունչ ու ինձ թվում է ես ու դու սահում ենք թաց մայթերի վրայով: Որքան բարի ես, որքան շատ եմ սիրում քեզ:

— Շա՞տ ես թրջվել,- հարցնում ես ինձ: Աչքերդ փայլում են աշնան երեկոյի լույսերի մեջ:

-Հա, մրսում եմ ու թեյ եմ ուզում…

-Ասա ինձ, որ անձրևները չլինեին, ինչպե՞ս էի հիմա հետդ քայլելու:

— Երևի քամի կլինեիր: Հա, մի ծիծաղիր, տաք քամի, (փռթկում եմ ես), որը միայն իմ մազերի հետ կխաղար:

Ահ… Դու շարունակում ես ծիծաղել, իսկ ես հրճվում եմ պարզապես, որ Դու ամեն կերպ իմ կողքին ես: Երեկոյան, ( դա շատ վաղուց էր ), ինձ ասացիր, որ բոլոր թվերը սիրել գիտեն, լինի՝ 16… 17… 18… Չէ՞ որ էս տարիքից է սկսվում սիրելը, ու որ մարդ էս տարիքում լուրջ չի լինում: Տարիք… տարիք… Տարիքը թիվ է, սիրելիս, կան հասուն ու անհասուն մարդիկ… 61… 71… 81… Տարիք:

-Քեզ ինչպե՞ս եմ գրկելու, ահավոր թաց ես, ջուր…

-Բայց գրկախառնվելը պարտադիր է ու պետք է մեզ, երկուսիս, չէ՞:

Հիմա զգում եմ քեզ: Հովանոցն էլ չի օգնում, դու կաթիլների ամբողջուղթյունն ես, որ քայլում ես հետս, դա քո ստվերն է…  Քայլում ես ինձ հետ, հետևում թողնելով լայն ու նեղլիկ թաց փողոցները, թափանցիկ ապակիները, որոնց վրա լավ գովազդներ կան, որոնց վրա գրված չի եղել ու չի լինի.

— Քայլիր թաց ու առողջ անձրևի ստվերով ինձ հետ, դա հաջորդ գարնան համար շատ կարևոր է, սիրելիս:

Եվ քանի որ Հյուսիսն ու Հարավը մեր միջև եղած հեռավորությունն է, դու հաճախ ես փոխում ստվերներդ, որ միշտ լինես ինձ հետ, լինես իմ շուրջը:

Դժվար է դիմանալ այն զգացողությանը, որը հոսում է հեռավորության միջով ու հատվում նույն կետում: Բարև իմ  թախիծ ։

 

 

Կարծիքներ

կարծիք