ASALA Վերկուսակցական և վերպետական համազգային պայքարի խորհրդանիշ

Հեղինակ:

Ո՞ր հային ծանոթ չէ «ԱՍԱԼԱ» բառը, կամ մեզանից ո՞վ հպարտություն չի զգում այդ բառը լսելիս: Ո՞ր թուրքը չի սարասռում, երբ լսում է այդ անունը, կամ ո՞ր «քաղաքակիրթ» եվրոպական ու ամերիկյան դիվանագետին ծանոթ չէ ASALA -ն, քանի՞ շվեյցարական, ֆրանսիական, գերմանական, իսրայելական, ամերիկյան և շատ ու շատ այլ երկրների առևտրային ու զբոսաշրջային գրասենյակներ են օդ ելել հայ վրիժառուների դրած ռումբերից: Հայ ազատամարտիկների հարվածները երբեմն այնքան անսպասելի ու ցավոտ են եղել, որ ստիպել են անգամ Իտալիայի պես հզոր պետությանը խզել առևտրային կապերը թուրքիայի հետ՝  պայմանով կամ, ավելի ստույգ, հորդորով, որպեսզի ASALA-ն իրենց տարածքում գործողություններ չիրականացնի:

Շուրջ 1200 ռազմական գործողություն, որոնցից միայն 300-ի պատասխանատվությունն է ստանձնել ASALA-ն: Մնացածն իրագործվել են արաբական, քրդական և այլ հեղափոխական կազմակերպությունների անուններից: Աշխարհում քանի՞ ռազմական կառույց՝  ներառյալ ամենահզոր տերությունների հատուկ ստորաբաժանումներ, կարող են հպարտանալ նման արդյունքով: թուրքիայի արտաքին գերատեսչության բոլոր դիվանագետները երկու տասնամյակ համարվում էին մահադատ և որևէ երկիր դիվանագիտական աշխատանքի մեկնելուց առաջ… գրում էին իրենց կտակը: թուրքիայի դիվանագիտական կորպուսը երկու տասնամյակ անդամահատված է եղել և չի կարողացել արդյունավետ դիմակայել Հայ դատին և առաջ տանել իր երկրի արտաքին քաղաքականությունը: Երկու տասնամյակ ոչ մի հայտնի հայատյաց և ոչ մի ազգադավ հայ իրեն պաշտպանված չի զգացել աշխարհի որևէ ծայրում: Երկու տասնամյակ Արևմտյան Հայաստանում հարձակման են ենթարկվել թրքական բանակի շարասյուներ, օդ են հանվել թրքական ռազմապահեստներ: Պատասխանատվությունը ստանձնել է Քրդական աշխատավորական կուսակցությունը, բայց համացանցի և Մոնթե Մելքոնյանի՝  ASALA -ի գործունեությանը նվիրված գրքի շնորհիվ ի հայտ եկած նոր տվյալները վկայում են, որ այդ գործողությունների առնվազն մի մասի հետևում կանգնած է եղել ՀԱՀԳԲ-ն (Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ), նույն ինքը՝  ASALA-ն (Armenian Secret Army for the liberation of Armenia)…

Բեյրութի հայ քահանաների և մտավորականության օրհնանքով 1975-ին ստեղծված ASALA -ն այլևս զուտ ռազմական կառույց կամ վրիժառու խենթերի ընտրանի չէ: «ԱՍԱԼԱ» բառը այլևս հայկական բառ է, հայերենի ամենանվիրական բառերից մեկը, խորհրդանշում է զինյալ պայքար և արդարացի հատուցում, ուստի պիտի գրենք հայատառ՝  ԱՍԱԼԱ:  Ժողովրդական մտածողության մեջ ԱՍԱԼԱ-ն մեր դիցաբանական, անտեսանելի, բայց ամենահաս սուրն է, որը պիտի սատկացնի թրքացեղ հերոս ռամիլ սաֆարովին, ԱՍԱԼԱ-ն այն ուժն է, որի ահը պիտի զսպի Իսրայելին և Ռուսաստանին Ադրբեջանին զենք վաճառելուց, ԱՍԱԼԱ-ն Ագռավաքարից ելած Փոքր Մհերն է, որն այլևս չի փախչելու այս չար աշխարհից, որքան էլ ոտքերը մրսեն, որքան էլ խորը սուզվի հողի մեջ, ինչպես պոետ Հրաչյա Բեյլերյանն է գրել՝  «Իր հինավուրց արյան ծանրությունից»: Մենք այլևս չենք թաքնվելու քարի մեջ, ինքներս մեր մեջ ու սպասելու, թե երբ է ցորենը դառնալու կաղինի չափ: Աշխարհում ինչ-որ բան բարեփոխվում է, միայն երբ ինքդ ես փոխում, միայն երբ կռվում ես հիմա և այստեղ…

Ո՞վ է հաշվել, թե քանի միլիարդ դոլարի տնտեսական վնաս պատճառեց ԱՍԱԼԱ-ն թուրքիային իր քսանամյա ակտիվ գործունեության ընթացքում, երբ թուրքիան համարվում էր ներդրումների և զբոսաշրջության տեսակետից անբարենպաստ երկիր: Ո՞վ կարող է վստահորեն ասել, թե այսօր թուրքիայի հետ բաց սահման չէինք ունենալու, եթե ԱՍԱԼԱ-ն գործեր իր նախկին թափով և ռազմավարությամբ: Ստույգ ու բացահայտ կարող ենք ասել միայն, որ Հայաստանը ձախողեց «ֆուտբոլային դիվանագիտությունը», իսկ Սփյուռքը ձախողվեց՝  ողջ ներուժը կենտրոնացնելով միջազգային ճանաչման վրա, ինչը որևէ շոշափելի արդյունք չտվեց հարյուր տարվա ընթացքում: Ուրեմն չխոսենք ԱՍԱԼԱ-ի մասին անցյալ ժամանակով: ԱՍԱԼԱ-ն միշտ կա և միշտ լինելու է, քանի դեռ աշխարհում գեթ մեկ հայ ամոթ է զգում իր չարածի համար և հավատացած է, որ ուրիշից խնդրելու փոխարեն պիտի վերցնի ու տեր լինի նրան, ինչ իրեն է պատկանում…

Հայաստանի անկախացմամբ ԱՍԱԼԱ-ն փոխեց մարտավարությունը: Հետագա ահաբեկչական գործողությունները կարող էին վնաս հասցնել Հայաստանի Հանրապետությանը: Կազմակերպությունը իր ողջ ներուժը տեղափոխեց Արցախ: Արցախյան ազատամարտին մասնակցած ԱՍԱԼԱ-ի անդամներից մեզ հայտնի է միայն Մոնթե Մելքոնյանի անունը, սակայն մեզանից քանի՞սն է լսել նրա տեղակալի՝  Մարտիրոս Ժամկոչյանի կամ, ասենք, «Մեծն Մուրադ» ջոկատի մասին, որը ստեղծվել, մարզվել և ֆինանսավորվել է ԱՍԱԼԱ-ի ջանքերով և փայլուն մարտական պատրաստվածության շնորհիվ եղել է միակ ջոկատը, որը զոհ չտվեց Արցախյան պատերազմում՝  ամենաթեժ կետերում իրականացնելով բազմաթիվ հատուկ առաջադրանքներ: Քչերը գիտեն, որ ջոկատը Վանաձորի անմատչելի անտառներում մարզել են ԱՍԱԼԱ-ի մարտիկներ Վազգեն Սիսլյանը և Գևորգ Գյուզելյանը, որը ջոկատի հրամանատարն էր: Քարվաճառի ազատագրումը լուսաբանող կադրերում տեսնում ենք իր մարտիկներին հրահանգներ տվող և իր զինվորների առջևից մարտի նետվող Հովսեփ Հովսեփյանին, բայց արդյոք գիտե՞նք, թե ով է նա:

Թե Մոնթե Մելքոնյանը, թե ԱՍԱԼԱ-ի մյուս անդամները Արցախ են մեկնել ոչ իրենց անուններով: Նաև այդ պատճառով քիչ բան է հայտնի նրանց մասին: Դա կատարվել է ԱՍԱԼԱ-ի նախաձեռնությամբ և Հայաստանի իշխանությունների համաձայնությամբ, քանի որ թշնամին չպետք է իմանար ԱՍԱԼԱ-ի ներգրավման մասին, որպեսզի առիթ չունենար մեղադրելու հայկական կողմին «տեռորիստներ» օգտագործողի: Եվ սակայն, երբ Աղդամն ընկավ, թուրքիան հայտարարեց, որ քաղաքի գրավմանը գործուն մասնակցություն է ցուցաբերել ԱՍԱԼԱ-ն: Եվ դա զուտ ենթադրություն չէր: Երբ ժամանակը գա, ԱՍԱԼԱ-ն ինքը կհրապարակի Արցախյան ազատամարտում իր մասնակցության մանրամասները, իսկ մենք միայն փաստենք, որ ԱՍԱԼԱ-ն միշտ այնտեղ է, որտեղ պայքար կա թրքի ու թրքության դեմ: Ոչ միշտ իր անունով, բայց միշտ ներկա է, և նրա արդար սրի վրա երբեք չչորացավ թրքի արյունը:

Որքանո՞վ ենք տեղեկացված Քեսաբի ազատագրման կամ սիրիահայերի պաշտպանության գործում ԱՍԱԼԱ-ի մասնակցության մասին մեր օրերում: Կամ գիտե՞նք արդյոք, թե սիրիական բանակի հատուկ ստորաբաժանումներում ծառայած և իսլամիստների դեմ կռվի փորձ ունեցող քանի հայազգի զինվորական տեղափոխվեց և բնակեցվեց Արցախի ազատագրված տարածքներում: Մեզանից ո՞վ գիտի, թե ԱՍԱԼԱ -ի մարտիկներ Մարտիրոս Ժամկոչյանի, Վազգեն Սիսլյանի և այլոց կողմից կազմակերպված դրամահավաքի արդյունքում քանի զենքով, դեղորայքով և այլ օգնությամբ բեռնված ինքնաթիռ վայրէջք կատարեց Երևանում Արցախյան պատերազմի օրերին, և պատերազմից հետո քանի՞ ուղղաթիռ իջավ Ստեփանակերտում: Մեզանից քչերն են տեղյակ, քանզի այդպես է ցանկացել ԱՍԱԼԱ-ն, կազմակերպություն, որը գիտի թաքուն գործել, երբ անհրաժեշտ է գաղտնիություն, ինչպես գիտի ամպրոպաձայն որոտալ, երբ քարոզչության ու հանրային իրազեկման կարիք կա: Քչերը գիտեն և քիչ բան գիտեն,  սակայն պիտի իմանանք բոլորս, որպեսզի լրագրողներին կամ դպրոցի տնօրեններին տրվող գերատեսչական մեդալների փոխարեն ԱՍԱԼԱ-ի մարտիկներին վերջապես հանձնվեն մարտական շքանշաններ, քանզի նրանք են նորագույն հայ պայքարի անդրանիկ զինյալները, հենց նրանք վառ պահեցին հայկական զինյալ պայքարի կրակը՝  հասցնելով այն Հայաստանի ու Արցախի անկախությանը և փոխանցելով այդ կրակը Արցախյան ազատամարտի նորօրյա հերոսներին: Նրանք կռվում էին Արևմտյան Հայաստանում և ողջ աշխարհում, երբ Հայաստանն ու Արցախը դեռ քնած էին: Նրանք պայքարի կրակը վառ պահեցին մի քանի տասնյակ խենթերով, հակառակորդների մոտ տպավորություն ստեղծելով, թե իրենց դեմ կանգնած է մի քանի հազարանոց կանոնավոր բանակ: Պայքարեցին և ապացուցեին, որ ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին հնչած մեկ կրակոցը ավելի մեծ արժեք ունի, քան բոլոր երկրների ողջ հայամետ լոբբիները միասին վերցրած: Այդպիսին է արդի աշխարհի դառը իրականությունը, և աշխարհն ինքն է պարտադրում «քարոզչության» և ՙիրազեկման՚ նոր միջոցներ, և եթե ԱՍԱԼԱ-ն, այդ կազմակերպության հրամանատար Հակոբ Հակոբյանի խոսքերով, նույնչափ «արյունած լիներ» ԱՄՆ-ի քիթը, որքան արյունել էր Ֆրանսիայի և Շվեյցարիայի քիթը, այսօր ԱՄՆ-ը Եղեռնի հարցում ոչ պակաս «հայամետ» էր լինելու, որքան նույն Ֆրանսիան և Շվեյցարիան են…

Այսօր թե Հայաստանում, թե Արցախի ազատագրված տարածքներում բնակվում են Արցախյան պատերազմի բովով անցած ԱՍԱԼԱ-ի վետերաններ, այն մարտիկները, որոնք բացահայտվել են, բացահայտվել կազմակերպության որոշմամբ՝  քարոզչական նպատակներից ելնելով (ԱՍԱԼԱ-ն, անըմբռնելի կերպով, իր անդամներից յուրաքանչյուրի դատավարությունը վերածում էր թուրքայի դեմ դատավարության՝  ծառայեցնելով դա հայկական մեռնող համայնքների վերածննդին և նոր զինյալների անդամագրմանը): Սակայն ԱՍԱԼԱ-ի չբացահայտված, գաղտնի թևը շարունակում է գործել արտասահմանում և վերջերս հայկական կայքերից մեկին տրված հայտարարության մեջ ակնարկեց, որ հնարավոր է կազմակերպության ակտիվացում՝  հստակեցնելով, որ Հայաստանի Հանրապետությունը դրանում ոչ մի մասնակցություն չպետք է ունենա, որպեսզի չվտանգի իր միջազգային վարկանիշը:

Նման վերածնունդը պետք է օրհնվի հայ եկեղեցականների և ողջունվի հայ մտավորականների կողմից, ինչպես դա եղավ 1975-ին Բեյրութում, սակայն ժամանակակից աշխարհի զարգացումները պարտադրում են որակական նոր աստիճան թևակոխել և հանդես գալ արդեն ոչ թե կամ ոչ միայն որպես զուտ ազատագրական-ահաբեկչական կազմակերպություն (չխորշենք ՙահաբեկչություն՚ բառից, այն նշանակում է բեկել թշնամու կամքը ահի միջոցով), այլ որպես լուրջ ռազմական միավոր: Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները պատմական պատեհ առիթ են տալիս ստեղծելու համար երրորդ հայկական բանակը՝  Հայաստանի զինված ուժերի և ԼՂՀ պաշտպանական բանակի կողքին: Կկոչվի ASALA, թե, ասենք, «Արևմտահայոց լեգեոն»՝  էական չէ: Էական չէ՝  այն բաղկացած կլինի մի քանի հարյուր հոգուց, թե կհասնի մի քանի հազարի: Կարևոր չէ՝  այն կգործի առանձին, թե կհամագործակցի այլ հակաթուրք ուժերի հետ: Էականը թուրքիայի քթի տակ նոր կազմակերպված հայկական զինված ուժ ստեղծելն է, ինչին անկասկած պիտի աջակցեն թե Սիրիայի ներկայիս իշխանությունը, թե ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան: Վերջիններս անվերապահորեն աջակցում են Միջին Արևելքում նորանոր զինյալ կազմավորումների ստեղծմանը (անգամ եթե դրանք ստեղծման օրվանից մարտնչում են իրար դեմ)՝  դավանելով «ղեկավարվող քաոսի» ռազմավարությունը: Սփյուռքի, իսկ ավելի ստույգ՝  արևմտահայության օժանդակությունը կասկածից վեր է: Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը, այն պետք է արտաքուստ հավասարակշիռ դիրք բռնի՝  դատապարտելով ահաբեկչության ու բռնության յուրաքանչյուր դրսևորում: Մեր իշխանությունը անգամ կարող է կոչ անել վայր դնել զենքը: Այդպես Հայաստանի առաջին հանրապետության իշխանությունն էր պահանջում Նժդեհից զենքը վայր դնել և թողնել Զանգեզուրը՝  այդ պահանջագրի հետ միասին նրան ուղարկելով զենք և զինամթերք:

Դա մեր ընտրությունը չէ. ցավոք, միակ լեզուն, որ հասկանում է թուրքիան, «օրհնյալ փայտի» լեզուն է: Բոլորս հիշում ենք, թե ինչպես ամերիկյան լրտվամիջոցները հրապարակեցին Օբամայի լուսանկարը, որը հեռախոսով Էրդողանի հետ խոսելիս ձեռքին էր պահել բեսյբոլի զարկանը: Դա ուղերձ էր թուրքիային՝  չմոռանաք, մեր ձեռքում է ձեզ ծեծող «օրհնյալ փայտը», և մենք գիտենք, թե ինչ լեզվով է պետք ձեզ հետ խոսել: Բեյսբոլի փայտ և ոչ թե ֆուտբոլային դիվանագիտություն՝  ժամանակն է հասկանալ տարբերությունը…

Ինչպես Եղեռնի 50-ամյակից հետո ակնհայտ դարձավ դիվանագիտական ճանապարհով, իսկ ավելի պարզ՝  լաց ու կոծով սրտաբուխ ցավակցությունից բացի որևէ այլ բան ստանալու անհնարինությունը, այդպես էլ այսօր՝  Եղեռնի 100-ամյակից հետո բոլորիս հուզելու է մեկ հարց՝  հետո՞ ինչ պիտի անենք: Ինչպիսի՞ն պիտի լինեն մեր հետագա քայլերը:

Ով ճանաչելու էր՝  ճանաչեց, ով պիտի ճնշեր թուրքիայի վրա Եղեռնի «ծեծի փայտը» օգտագործելով՝  արեց դա սեփական երկրի համար օգուտներ կորզելով, և ինչպես հարյուր տարի առաջ, այսօր ևս հայերս կանգնած ենք Հայ դատի կոտրած տաշտակի առաջ: Կարկամած կանգնել ենք ու հարցնում ենք մեզ՝  դեռ երկա՞ր պիտի թակենք սրա-նրա դուռը արդարություն մուրալով, երկա՞ր պիտի պարզած պահենք մեր ձեռքը, զենք բռնելու փոխարեն երկա՞ր պիտի ֆինանսավորենք այս կամ այն «հայամետ» սենատորի թանկարժեք կոչվելու աստիճան թանկագին գործունեությունը՝  Հայաստան, Արցախ շենացնելու, Արևմտյան Հայաստանում հայկական դպրոցներ և եկեղեցիներ բացելու փոխարեն (չիմացողներին տեղեկացնենք, որ Արևմտյան Հայաստանում, Խանլարի և այլ հետազոտողների տվյալներով, շուրջ 3 միլիոն գաղտնի հայ ունենք), դեռ երկա՞ր պիտի հաշվենք, թե այս տարի քանի թրքական գաղտնի ծառայությունների գործակալ կամ Արևմուտք փախչել երազող թուրք գջլոտ ու անլվա «մտավորական» պիտի ասի, թե՝  այո, իմ պապերը ձեզ կոտորել են, ներող կլինեք, որպեսզի բերենք նրանց Երևան, պատիվ տանք, մեդալներ տանք, տանենք Գառնի-Գեղարդ, Սևանում լողացնենք և փոխանցենք Արևմուտքին, որպեսզի եթե ոչ Նոբելյան մրցանակ, գոնե մշտական կացության իրավունք ստանան Եվրոպայում: Երկա՞ր պիտի թրքի տված կուտը ուտենք և մեր իմաստուն փորձագետների շուրթերով ինքներս մեզ համոզենք, թե թրքական հասարակությունը փոխվում է, թե չի կարելի հակաթրքական որևէ բան անել՝  տոլեռանտ թրքերին չխրտնացնելու համար, և թե այն, ինչի տեղի ունեցավ ահա այս տարի այսինչ վիլայեթում՝  դեռ անցած տարի անհնար էր: Քանի՞ տասնամյակ ևս պետք է անցնի, որպեսզի վերջապես մեր հինավուրց ազգը մեծանա, դադարի լինել մանկամտության աստիճան միամիտ և հասկանա, որ աշխարհը ստեծման օրվանից արյուն է լացում, որ վերցնել կարելի է միայն ուժով, որ միշտ քոնն է դառնում այն, ինչ վերադարձրել կամ խլել ես: Արդյոք «Ուտողը միշտ մարսում է» ճշմարտության վերջին ապացույցը մեզ համար Արցախյան ազատամա՞րտը չէր: Մի՞թե «չմարսեցինք մեր կերածը»: Լալու և արդարություն պահանջելու հերթը հիմա ազերիներինն է: Թող կաղկանձեն ու արդարություն մուրան աշխարհից, իսկ մենք պիտի շենացնենք վերցրածը և պատրաստվենք նորը վերցնելու:

Ուրեմն մեզ անահրաժեշտ է մյուս ազգերի նման վերջապես գիտակցել բացահայտ և գաղտնի ռազմավարության տարբերությունը, պետք է նրանց օրինակով մշակել և քայլ-քայլ իրականացնել ներքին ծրագիր՝  շարունակելով ի լուր աշխարհի հայտարարել խաղաղասիրության և ժողովուրդների բարեկամության մասին: Ահա այդ ներքին, իրական, ճակատագրաստեղծ ծրագրի իրագործման առաջին շարքերում պիտի նորից և վերստին լինի ԱՍԱԼԱ-ն որպես վերկուսակցական և վերպետական համազգային պայքարի դրոշակակիր:

Այլևս ունենք պետություն և եթե մի անգամ էլ հաջողենք Ագռավաքարից հանել նորից նեղացած ու նորից ինքն իր մեջ փակված Փոքր Մհերին՝  էլ թույլ չենք տա նրան նահանջել, նեղանալ, չկռվել, փակվել իր մեջ: Մեզանից յուրաքանչյուրը պիտի ինքն իր միջից դուրս գա, իր նեղացածությունը հաղթահարի և լծվի պայքարի՝  չսպասելով ցորենի կաղին դառնալուն: Չփակվենք իրարից, չնեղանանք իրարից, դուրս գանք մեր սրտերի Ագռավաքարից և փոխենք աշխարհը: Սա է մեր էպոսի վերջին ճյուղի պատգամը, և երբ նորից լսենք ԱՍԱԼԱ բառը (երանի թե շուտ լինի), պիտի հաստատ իմանանք, թե Մհերը դուրս է եկել, ելել է կռվելու, ինչպես մեր նախնիները: Ու երբ մեր լեռներից կրկին լսվի Քուռքիկ Ջալալու վրինջը, նենգամիտ թրքից մինչև մանդարին աճեցնող վրացին վախվորած նայելու են մեր լեռներին և սարսռալով շշնջալու են. «Մհերը դուրս է եկել, հայերը դուրս են եկել որսի»: Եվ մենք կրկին կհիշենք հաղթողի ու նվաճողի մեր տեսակը, մեր մեջ կխոսի աշխարհակալ Տիգրանի բանակի նվաճողի գենը, մեր մեջ կարթնանան մեր նախնիները, որոնք իրենց զրահներին ու սրերին լերդացած թշնամիների արյունը լվացին երեք ծովերի ջրերում, որոնց փաղանգների խրոխտ երթից դողացին աշխարհակալ տերությունների հզոր քաղաքների պարիսպները՝  հաճախ առանց մարտի բացելով դարպասները: Մի օր նորից կլվանք մեր զրահները Ուրմիա ու Վան լճերում, Սև և Միջերկրական և ինչու չէ՝  Կասպից ծովերի ջրերում, և մեր զրահին դաջված կլինի թշնամիների արյամբ շաղախված և այլևս հայկական զինյալ պայքարը խորհրդանշող ԱՍԱԼԱ պատվանունը, ԱՍԱԼԱ հաղթանունը… Երա՞զ, ցնո՞րք, անհեթեթ խենթությո՞ւն: Ոչ ավելի, քան Զանգեզուրի պաշտպանությունն էր 1918-21 թվականներին կամ Շուշիի ազատագրումը 1992-ին: Եվ ուրեմն հավերժ հիշատակ ԱՍԱԼԱ-ի զոհված 40 նվիրյալներին և հազար երանի բոլոր երազողներին ու խենթերին, որովհետև նրանք են փոխում աշխարհը: Ուրեմն բարի վերածնունդ հայ պայքարի առաջամարտիկ ԱՍԱԼԱ-ին, որը չարչրկված ու բռնաբարված Հայկական հարցը պետք է մեկընդմիշտ վերածի խրոխտ ու Մհերի զարկի պես հատու հայկական պատասխանի:

 

Անդին 03.2015

 

Կարծիքներ

կարծիք