Լեռան տակի քարոզ

 

***

Մինչ դու բանաստեղծում ես,

ինչ-որ տեղ ինչ-որ մեկը մահանում է

առանց գեղարվեստական հավելումների,

մեկ ուրիշը ծնվում է հակագեղարվեստական ճիչերով,

ինչ-որ մեկը հնատիպ գեղարվեստական գրքերից մեկի էջերն է ճմռթում,

որ մարմնի յոդ քսած հատվածները դրանցով մեկուսացնի,

մի անտուն էլ Կանադայի ցուրտ քաղաքներից մեկում

կրակի մեջ է նետում Շեքսպիրի սոնետները,

Լիբանանի շուկաներից մեկում Պուշկինով են խուրման փաթաթում՝

մեղավորն անծանոթ ռուսերեն տառերն են,

Դելիում արդեն ավարտվում է աշխատանքային ժամը,

բոլորը շտապում են տուն, իսկ շինհրապարակի միակ զուգարանում

խնամքով իրար վրա դարսված են Ռեմբոյի դեղնած թերթերը։

Իսկ դու բանաստեղծում ես այդ ամենի մասին

գրախանութից գնած քո նոր նոթատետրում

ու ինքդ քեզ չես խոստովանում,

որ այն մի օր աղբն ես նետելու։

 

***

Ի սկզբանե լռությունն էր մեր միջև,

ի սկզբանե անգամ մեր միջևը չկար,

հետո արարումն էր ոչնչից դեպի ինչ-որ բան․

հետո ինչ ասես որ չեղավ…

Խոսքը ուժ ստացավ,

Հոսքի ուժով Սերը ծնունդ առավ։

Հետո…

Հետո սերը խոսք դարձավ,

ու տիրեց քաոսն անժամանակ,

որին հաջորդեց Մեծ պայթյունը։

Սկսեցինք խոսել տարբեր լեզուներով՝

խարխափելով Ալֆայի ու Օմեգայի արանքում։

Վերջում կրկին լռություն էր մեր միջև,

վերջում մեր միջև Ոչինչը կար միայն,

Խավար էր՝ անլույս ու դատարկ,

որի վրա շրջում էին միայն հիշողությունները։

 

***

Մի օր կմեղանչեմ իմ, քո

և մեր տված խոստումների հանդեպ,

որովհետև լոկ արդարացումներ ու մեղադրանքներ են եղել քո՝ ինձ ասված խոսքերում:

Կմեղանչեմ հոգուս ամբողջ զորությամբ՝

աչքերիդ,

մարմնիս ամբողջությամբ՝

համբույրներիդ,

մտքիս դատարկ ու լի պարունակությամբ՝

ապրած օրերի,

Բոլոր զգայարաններով՝ շնչառությանդ դիմաց:

Ես կմեղանչեմ, իսկ դու

գործածդ մեղքերից անգամ ամենաաննշաններըը չես խոստովանել Աստծուն,

աստվածներիդ, մորդ կամ գոնե ինքդ քեզ:

Իսկ ապաշխարանքդ պիտի լիներ անհապաղ, գոնե ամեն երկրորդ մեղքից հետո,

թեկուզ ատամներիդ արանքից կամ աչքերդ փակ:

Խոստովանելը դժվար է, հասկացանք,

Բայց ափսոսանք չկար անգամ։

Ես կմեղանչեմ ու երկուսիս փոխարեն կապաշխարեմ,

բայց ականջիդ կշշնջամ, որ իմանաս.

Վայ նրան, ում ձեռքն ամենանուրբ ես սեղմել, որովհետև ամենաուժեղը հենց նրա կոկորդը կսեղմես, եթե հուսախաբ անի:

Վայ նրան, ում առանց երկմտելու ես սիրել, որովհետև տիեզերական լռությունն է միայն սուլելու նրա ականջներում, եթե կյանքի աղմուկի մեջ քեզ միայնակ թողնի:

Վայ նրան, ում հետ ապրած ամեն ակնթարթդ միայն լավ հիշողություն է դարձել, որովհետև չհեռանալդ պայմանավորված է լինելու ուղղակի այդ հիշողությունների առատությամբ ու ծանրությամբ, որոնք քո ոտքից, իսկ նրա սրտից կախ են ընկնելու:

Վայ նրան, ում նվիրել ես ժամանակդ, որովհետև դատարկությունն անսպասելի է գալու ու տևելու է հարատև, եթե ակնթարթը չհավերժացնի:

Չգիտեմ՝ որն ասեցի և որոնց կողքով թաքուն անցա՝մի հավերժություն կարող է դառնալ,

բայց ապաշխարանքը կլինի հանուն մեզ, մեր որդու և հանուն ազնվության  հոգու…

 

***

Ունայնություն ունայնությանց,

ամեն ինչ ունայն է այս աշխարհում ըստ Ժողովողի,

իսկ ես քեզ ասում եմ.

-Աշխարհը դատարկ ու անճոռնի է դարձել առանց քեզ:

«Երբեք, երբեք չլքես ինձ».

արձագանքում է ձայնդ գիշերվա խավարում.

մահճակալիս տակ, առաստաղի վրա ու դռան արանքում:

Դուռը բացեցիր ու ճանապարհ ընկար,

մտածում էի՝ դու ես դուռն ու ճանապարհը:

Պիտի սկսեի թշնամուս սիրել,

ընկերոջս էլ՝ քեզնից քիչ, բայց անձիս պես.

ինքդ քեզ սիրել չի ստացվում,

«Երբեք, երբեք չլքես ինձ».

ամեն հեռացող ընկերոջից հետո լսվում էր արձագանքը:

Երբ շապիկս ուզեիր, վերարկուս էլ պիտի հանեի ու տայի.

քեզ առանց խնդրելու տվեցի ամենն, ինչ ունեի,

իսկ դու ոչ աջ, ոչ էլ ձախ այտդ չպարզեցիր,

որ համբուրեի,

գոնե հեռանալուց,

գոնե հուդայաբար,

որ հանգիստ խղճով դավաճանեի քեզ հետո:

Եվ եղավ երեկո, և եղան գիշերներ

առանց քեզ:

Երեք օր, օր երրորդ, երրորդ տարի.

դու հարություն չառար,

չկարողացա շոշափել վերքերդ,

քանզի դու դրանցից չունես:

Բայց ես փողոցներում ու բեմերից

սկսեցի սեր քարոզել՝

մարդկանցից թաքցնելով անունդ,

մարդկանց խաբելով,

թե ես արքայությանն եմ հավատում,

թե սերը պիտի թագավորի սրտերում:

Սկսեցի քարոզել երկնքի մասին՝

Երկրի վրա ունայնություն ժողովելով…

 

***

 

Սեր իմ,

որ գրկումս ես,

թող նուրբ լինի քո հպումը,

թող իջնի քո խաղաղությունը

ինչպես սրտիս, այնպես էլ հույզերիս վրա։

Համբույրը քո կիսաչոր տուր ինձ այսօր։

Եվ մի տար ինձ ի կործանում,

այլ փրկիր ինձ չար մտքերից,

քանզի քոնն են աղքատությունս և զորությունս, և շունչս,

Այս պահից մինչև հավիտենություն,

Ամեն օր…

 

***

Ասացիր.

«Հավատա ինձ և կփրկվես»

միայնությունից։

Կոնքերիդ փարվեցի անփարատելի հայացքիդ ներքո,

արցուներով մաքրեցիր դողացող ձեռքերս,

համբույրներով՝ հոնքերս խռով։

Շշուկով, թաքուն ասացի.

«Տեր, մեղա անօրենություններս»

Ու թաքցրեցի կուրծքդ համբույրով։

Ընդմիջեցիր մարմաջս քո անփորձ ձայնով.

«Սիրում եմ քեզ, օրենքներից առավել…»

Եվ բարձրացրիր վեր։

Մատներս ճեղքեցին կարմրածուփ վարսերդ

Մովսեսի փրկարար անցումից էլ արագ

ու սահեցին վար՝

պատվիրանազուրկ շուրթերիդ վրա։

Ասացիր.

«Գրկիր ինձ, որ փրկությանը հավատամ…»։

 

***

Քո անսեր կրոնի

ու իմ անաստված սիրո արանքում

մի մեծ պատ է բարձրանում Բազմության,

որին գրված է.

«Աստված սեր է»:

Քո դատարկ լռության

ու իմ չասված խոսքերի մեջտեղում

մի չստացված երկխոսություն է մահանում,

ուր չասված ամեն խոսքի փոխարեն ականջներում թնդում է․

«Բանն էր ի սկզբանէ»

Քո նյութապաշտ սրտի,

ու իմ խամրած հոգու արանքում

մի մաշված քսակ է թավալվում,

որից թափված ամեն դրամի վրա ոսկեջուր տառերով դաջված է․

«Կայսերը՝ կայսրին, աստծունը՝ աստծուն»

Կայսր․․․ գոնե աչքս մի թագավոր տեսներ․․․

Իսկ հոգուս տվածը ու սրտիդ ուզածը հոժար չէր Աստծուն։

Մուրացկան ենք դարձել․

ես՝ քո անսթափ ու անհաստատ սիրո,

դու՝ իմ չասված խոստումների արդյունքում։

Քո անսեր կրոնի

ու իմ անաստված սիրո արանքում

մի մեծ պատ է խոյանում,

որի վրա մեծ-մեծ տառերով գրված է․

«Երանի հոգով աղքատներին»,

իսկ հակառակ կողմում՝

«Երանի աղքատներին,

քանի որ նրանցն է արքայությունը երկնքում»։

Իսկ մենք գլուխներս կորցրել ու սեր ենք փնտրում դատարկ ու սոված քաղաքում։

Կարծիքներ

կարծիք