Զրույց Մոնայի հետ

Հեղինակ:

Ես կանգնած եմ նրա առջև։

Ինչ էլ խորհրդավո՜ր է, գաղտնիքներով լի, բոլոր ժամանակների կանանց է իր մեջ պարփակել, ու ամեն անգամ հայացք գցելուց հասկանում եմ, որ ամեն անգամ տարբեր է։

Մոնա Լիզա։

Կանգնած եմ, չեմ էլ հասկանում թե ինչու՞, ախր գիտեմ, որ պիտի սկսեմ, նորը փնտրել, որովհետև հները՝(աշխարահայացքս) , վաղուց եմ կերել ու նույնիսկ համն եմ մոռացել:Եվ հետո` ի՞նչ կարևոր է, թե ի՞նչ կասեմ հիմա , ես` յուրօրինակ մի Մոնա Լիզա, կամ էլ տարօրինակ, (քանի որ, ոչ բոլորը կհասկանան ինձ), թողած ամեն ինչ, թողած իմ մեջ ապրող ջոկոնդաներին, եկել եմ ու ամենավսեմին եմ նայում։ Որ ի՞նչ։ Ասեմ`պիտի գրեմ, հենց ի՛ր մասին, հենց ի՛մ, քո՛ ու նրա՛` հավերժական խորհրդավոր կնոջ մասին։

Սիրտս խլվլաց, կինն  ուրիշ է, այտերի վրայի փոսիկն ու աննշան քմծիծաղը մի օր ինձ հունից կհանեն, հետո կասեմ, ոչինչ, մերն է, Լիզին է, ինչպես փաղաքշաբար, մտովի, ամեն անգամ դիմում եմ նրան։ Ու չեմ վրդովվի, որ ինձ այնքան էլ նման չէ, որ նույն դարակեսից չենք, որ չեմ կարող նրան պատմել իմ երեկվա խմած գինու մասին։ Քանի որ գիտեմ, երեկվա գինին Արենի էր, իսկ Լիզին կամ Մոնին, երբեք Արենի չի խմել, որտեղից իմանա, թե ինչքան համով էր ու դառը։ Ո՞րտեղից իմանա, թե ինչ խաղողի տեսակից են պատրաստել մեր գինին, կամ քանի հոգի են իրենց սերն ու սիրտը հիմնաքար դարձրել։

Իմ ու մտքերիս նկատմամբ Մոնին անտարբեր է, չգիտեմ, երևի լավ խոսել չգիտեմ, կամ էլ բառերս մոռացել եմ ձեռնոցներիս հետ , երեկվա նստարանին, պուրակից քիչ այն կողմ։

Սահմանին երեք կորուստ….հենց նոր կարդացի լրահոսում….ճմլվեցի, լացեցի ներսից, ճրթճրթացին ոսկորներս, բայց դա չհուզեց Մոնիին։

Իրեն ի՞նչ, թե մեր կյանքը ինչքա՜ն նման է վառոդի տակառի, մի կայծ ու կցնդենք հօդս….Ա՜խ Լիզի՛, այդքան անտարբեր մի՛ եղիր, չէ որ իմ վիշտը նաև քոնն է, իմ հացի կեսը, իմ ….ընտանիքը, իմ….

Ժպտում  ե՞ս, ինչի վրա կասե՞ս, ես այսօր ավելի քան էլեգանտ եմ, այո՛, այստեղ գալուց առաջ գնացի Անուշի մոտ, նոր համարձակվեցի աչքիդ երևալ։ Անուշն իմ վարսավիրն է, ինքն էլ է կին։ Մեր նման։ Բայց քեզ չի ճանաչում, քո հետ խոսել չի սովորել, քեզ չի ընդունում որպես հարազատի, ինչքան որ ես։ Անուշի Մոնա Լիզան իր աղջիկն է, անդին ոչինչ չկա։ Իսկ իմը՝ դու ես։

Դու լուռ ես, ես էլ չաչանակի պես, անընդհատ գլուխդ տանում եմ, երևի մտածում ես, երանի չքվեր աչքիցս, մի քիչ էլ ուրիշները գային, ինձնով հիանային, գովաբանեին դա Վինչիին , որ կերտեց ինձ։ Բայց մի գաղտնիք բացեմ, ես ու դու մենակ ենք, մեն ու մենակ, օտար ամայի ճամփեքի նման։

Դու խորհրդավոր ես, հիմա քեզ շատերը կասեին, ես էլ հենց քո քմծիծաղը քեզ կվերադարձնեի.  դու կմռայլվեիր, ես քեզ շոկ մանժե կառաջարկեի, գիտե՞ս , համով է։

Բայց դա մեր ցավին օգուտ չէր տա, էլի հայրը որդուն թողած կգնար գրողի տարած ռուսի խոպանը, կինը, որն էլի ինձ ու քեզ նման է, կմնար տանը, բազում հոգսերի, մտքերի, կրքերի բեռան տակ ճկված, կդառնար Զոհրապի  «Այրին», ու որ հարցնեին ո՞վ է Ջոկոնդան, մոլորված հայացքը պատին մեխած` կզարմանար, թե՝ այսքան էլ պարապ լինի մարդ։

Նա քեզ չի ճանաչում։

Իսկ ես գիտեմ քեզ հինգ մատիս պես։

Երեկ էլ եմ գինի խմել, առաջին օրն էլ, առիթ կար, այդպես քննադատող հայացքով ինձ մի նայիր։ Առիթը բավականին ծանրակշիռ էր, Նուբայի լեռների նման։ Իսկ դու գիտե՞ս, թե որտեղ է Նուբան, սխալվեցիր,  Հայաստանում չէ.  Աֆրիկա` քեզ ինչ որ բան ասու՞մ է, դե որտեղից ասի, եթե քո ժամանակ, չեն իմացել, որ այն կա, որ տարիներ հետո այնտեղ էլ է կռիվ լինելու, որ Քաթինա անունով բժիշկը կծնվի Նյու Յորքում, որ կգնա Նուբա, խեղճ ու կրակներին սատար կկանգնի։ Կդառնա նրանց երկրորդ աստվածը, մանկանը վերակենդանացրած կտա մորը, կնոջն` ամուսնուն, իրեն կպահի խղճի մաքրությունը, դրանով կսնվի։ (Դու հուզվում ես, ինչու՞, այդքան փափուկ ես, Լիզի՛, չգիտեի)։Հետո Թոմին մեր պուճուր Հայաստանից մեծ «Ավրորան» կբացահայտի, կճանաչի, կուզի մարդասիրության մրցանակը տալ, բայց ո՞վ կփոխարինի նրան, մտահոգվեցի՞ր Նուբայի ժողովրդի համար, բայց հոգ չէ, էլի պուճուր, քարտեզի վրա չերևացող մեր Հայաստանից կգտնվեն մեծ սրտով այն երեք բժիշկները, որոնց շնորհիվ Թոմը կգա ու կստանա իր մրցանակը։ Փոխարենը՝ նուբացի փոքրիկը կուտի «Գրանդ Քենդիի» հերթական կոնֆետը մեր բժիշկ մարդասերի տված, ով կավաջա-մարդուց, ամեն օր վերածվում էր կավաջա-ընկերոջ, սևուկ փոքրիկների համար, որոնք արդեն հայավարի բարևել էին սովորել Նուբայի լեռներում` կոնֆետն էլ լուռ ու քաղցր վկան։

Բա Լիզի՛, մի՛ վշտացիր, հա՛, ի՞նչ անենք, մեր մոտ Քենդի շաաաա՜տ կա, ի՞նչ անենք, որ այնտեղ ջուր էլ չկա։ Ա՜խ, այնքան խոսեցի, մոռացա ասել, որ գինին խմել էի, բժշկիս վերադարձի առթիվ, հուզիչ էր….

Ինձ կարելի էր….

Նոթերդ մի կիտի, ինձ չես խաբի ԼԻԶԻ՛, քեզ լավ եմ ճանաչում, թե ի՞նչ եմ գտել քո մեջ։ Դեռ մի հատ էլ եկել եմ ու պատմում եմ  աշխարհիս անցուդարձից։

Դու գեղեցիկ ես, մի կնճռոտվիր, պլաստիկ վիրաբույժ չունենք, բոլորը զբաղված են, գիտե՞ս ի՜նչ մեծ պահանջարկ կա, մերոնք ճանճի նման կպնում են նրանցից ու պոկ չեն գալիս, վերջում դառնալով հերթական Շերը, Քիմը….

Ու կոլորիտ են ստեղծում, ո՛չ հայկական, ո՛չ բնական, ո՛չ էլ քեզ նման կանացի, Լիզի՛, դու ուրիշ ես, քո ժամանակների պես պարզաջրված։ Ես նայում եմ առաջին, երկրորդ, երրորդ ու բազում անգամներ, հայացքս  դեռ գամված է աչքերիդ, ու զրույցս գնալով էլ ավելի է երկարում, մեր կյանքի թնջուկների նման անքակտելի, իսկ տեղեր էլ կա, այնքան մեծ կարկատան կա, որն անանցանելի է։

Բայց դու հանգիստ եղիր Լիզի՛, ես կա՛մ, վեհաշուքդ մի կորցրու ու խորհրդավորդ գրկած էլի նայիր ի՛մ, նրա՛, նրա՛նց աչքերին, որ մեր մեջ ապրող կինը երբեք չմահանա, Լիզի՛, այլ ավելի ուժեղ լինի, քանզի մեր երկարակեցության ուժը քո հայացքի դարավոր ձգողականության մեջ է։

 

Կարծիքներ

կարծիք