Կոշիկները

Հեղինակ:

Ամեն  ինչի մեղավորը, իհարկե, կոշիկներն էին:

Այ քեզ բան, դրանց գտա ձեղնահարկում՝ զամբյուղում, ծակ կալոշների կողքին, մազաթափ  ֆետրե հողաթափերի, «մնաս բարով, ջահելություն»  կոշիկ-նավակների, բորբոսած  չորահացեր հիշեցնող  սանդալների, ու էլի չգիտես ինչ տեսակ անպետքության  միջից՝ վաղուց  կորցրած անուններն ու օգտագործման որևէ պրակտիկ նշանակությունը:

Ինչու՞ զամբյուղի մեջ մտա: Այժմ դա էական չէ: Կարևորը՝ գտա կոշիկները: Տեղն ու տեղը  հարձակվեցի դրանց վրա՝ խլելով կույտի միջից, փարվեցի հայացքով և քարացա. անկասկած՝ ֆրանսիական են, բարձրաբարձ կրունկներով, զամշե, այնպիսի նրբագեղ կերպով ծռած  կոճղակներով, որ կիսադեմից  իսկը  զույգ սև կարապներ  էին  հիշեցնում: Դրանց մեջ ինչ-որ գաղտնիք կար. կոշիկները թանկարժեք օծանելիքով և սիրավեպերով բուրող կյանքից էին: Որտեղի՞ց  էին  դրանք  այստեղ՝ տատիկի ձեղնահարկում, պատերի ներքո՝ կախ տված չորացած  եղինջե պսակներով, որպեսզի   ձմռանը հավերի համար  գարե շիլայի մեջ  ավելացվեր իբրև  կանաչ վիտամիններ , որից դեղնուցը լիարժեք հասուն  արև էր դառնում: Ձեղնահարկում իրենց դարն էին ապրում հին ճամպրուկները՝ ժանգոտ կողպեքներով, հյուսված  թիկնակով սահնակն  ու  մի զույգ ճմլված  ծալովի մահճակալը, պահարաններին՝ ապակյա անոթները, մեծ շշերը՝ տնական գարեջրի համար, կերոսինե լամպը  և «Մոսեր» ֆիրմայի անսլաք ժամացույցը:

Ամենից առաջ նա փորձեց կոշիկները: Երկու ոտնաթաթերն էլ հեշտությամբ սահեցին, կռթնեցին կլոր քթերին,  և միայն բթամատերն  էին  չռել աչքերը՝  հատուկ բացված անցքերից:  Մի քանի անհաստատ քայլք հատակի  չներկված տախտակների վրայով: Այդպես  են  մտնում մեծական կյանք:  Նա զարմացավ իր կազմվաքծից  և քայլքից, քայլերի ձայնից՝ այդ անտանելի կրունկների վրա, և չճանաչեց  իր լի կարճլիկ ոտքերը. կոճերը բարակ էին դարձել, սրնքամսերը՝ ձգվել: Պտույտ գործեց: Կողքից, հետևից տնտղեց  ոտքերն ու …գնաց: Ոտքի մատների ծայրերի վրա: Ու եթե ձեղնահարկը ավելի երկար լիներ, նա կթռչեր, մանավանդ,  թևք-թևիկներ ունեցող թափանցիկ հագուստով…Նրա հագին ճիշտ այդտեսակ զգեստ էր, բայց նա չգիտեր դրանով ու՞ր և ե՞րբ կթռչի:

Դրամթատրոնում  առաջնախաղ էին ներկայացնում: Ամենահարմար ելքն էր  կոշիկների համար: Նրանց ողջ շրջապատը տեղավորվել էր պարտերի առաջին  շարքում: Նա, ժամանակ առ ժամանակ, ձգում էր ոտքերը՝ զմայլվելով կոշիկներով և հնարավորություն տալով զմայլվել մյուսներին: Իգորը  անմիջապես արձագանքեց.

-Որտեղի՞ց  էս կոշկաստանը: Մայրուշիկի՞ցդ ես տոկոսով վերցրել:

 

-Բթամիտ: Ու զրո երևակայություն:

— Հա, ի՞նչ: Անտիկվարիատ ա:  Հեռվից հեռու երևում ա:

Նա ետ քաշեց ոտքերը:

-Տենց լավ ա: Թե չէ, ինչ-որ առումով,  թեթևամիտ կնոջ ես նման:

-Ե՞ս:

-Ոչ  էնքան դու, միայն ոտքերդ… Դրանք ոնց որ առանձին լինեն  էս կոկոյական կոշիկների մեջ:

-Ինչպիսի՞- ինչպիսի՞:

-Կոկոյական,- տղան  շուրթերով բռնեց նրա ականջի բլթակը և ջերմորեն արտաշնչեց,- ֆրանսիացիները ոմանց կոկոտկա են անվանում: Դասական  գրականություն կարդա: Ֆրանսերեն լեզվով դա բացարձակ վիրավորական չի հնչում: Չէ, դա նուրբ ա, ինտիմ: Նրանք իրենց երեխաներին անգամ՝ ցիպ, ցիպ, ցիպ,  տենց են կանչում՝ ma petite coco… իմ հավիկ, ճուտիկս: Վերջ: Սկսվեց: Հետո կպատմես՝ որտեղի՞ց  քեզ  էդ գանձը:

_

Օլկան  նույնիսկ այդ ներկայացման վերնագիրը հիմնովին մոռացավ: Նրա ներսը մեկ այլ պիես բեմադրվեց:

Ութերրորդ դասարանն ավարտելուց  հետո, հանգստյան  օրերին, նա,  երգի ուսուցչուհու՝ Ագնեսա Ալեքսանդրովնայի և իր դասընկերոջ՝ Յուրկա Սմագինի հետ, Չերնոգոլովկա մեկնեց: Յուրկան վստահելի էր: Օլկան չէր մոռացել, ոնց էր նա իր հետ հանրահաշիվ պարապում, երբ հիվանդության պատճառով ինքը խիստ հետ էր ընկել և երկու թվանշանից հազիվ երեքի էր անցնում: Նույնիսկ ձմռան  կեսին՝ մեծ դասամիջոցին, Յուրկան նրա տուն էր հասնում. առանց  վերարկուի, շնչասպառ, կարմրայտ, փայլուն ուրախ աչքերով… Ուզում էր տեսնվել, տեղեկացնել տնային աշխատանքների և դպրոցի նորությունների մասին: Տատիկը նրա համար տաք կարկանդակներ էր փաթեթում:

— Վերցրու, ճանապարհի համար,  անուշիկս:

Օլկան չէր մոռանում, որ ծննդյան տոնին առաջին ծաղիկները էլի նույն ինքը Յուրկան էր նվիրել: Համարյա կենդանի՝ դեկտեմբերին, մանր մանուշակագույն քրիզանթեմներ: Տես է՜հ…. հացրել էր էլեկտրոգնացքով Մոսկվա հասնել, ծաղիկներ էր գտել, այն ժամանակների համար՝ էկզոտիկա, և  բերել էր դրանք… թերթի մեջ: Նա հիացմունքից նույնիսկ ձայնարկեց և ընդմիշտ մտապահեց, թե ինչպես են բուրում սառեցված քրիզանթեմները: Այ  դա ընկե՛ր է: Սակայն, պարզվեց, նա սխալվել էր: Յուրկան մինչև ականջների ծայրը սիրահարված էր իրեն, ինչի մասին շուտասելուկով խոստովանում էր Ստանիսլավսկու և Նեմիրովիչ- Դանչենկոյի թատրոնում՝ «Կարապի լիճ»  բալետի երկրորդ ակտի ժամանակ, որը դիտելու էին եկել  ողջ դասարանով:

 

Նրանց վրա ֆֆշում ու թշշում էին, իսկ իրենք անվերջ հարաբերություններ էին պարզաբանում ու պարզաբանում… Օլկան՝ մաքսիմալիստը,  ուժգին նեղացավ, որ նա այդպես թեթևամտորեն դավաճանեց  իրենց ընկերությունը, տեսա՜ր դու, սիրահարվեց: Այլևս այդ մասին նրանք չէին խոսում:

Ագնեսային, Օլկային ու  Յուրկային դժվար էր շրջապատ համարել, նրանք ընտանիք էին, ավելի ճիշտ, մեծ ընտանիքի կորիզ՝ դպրոցի երգչախմբի, որը ղեկավարում էր Ագնեսան: Երգչախումբը համբավ ուներ ողջ Մոսկվայի շրջանով մեկ: Ագնեսան՝ դպրոցի փառքն ու պատիվը, ստուգատեսերից ու մրցույթներից  դիպլոմներ և պատվոգրեր  էր բերում:Որտեղի՞ց էր նա հայտնվել այդքան ոչ տեղացի, սեփական արժանապատվության  այդպիսի զգացումով, որը նրան խիստ առանձնացնում էր մյուս ուսուցիչներից: Եվ ուսուցիչները զգում էին այդ տարբերությունը՝ նախանձում էին, բամբասում էին, հեգնում էին, որ, իբր դպրոցի երգչախումբը ամենակարևոր առարկան է, եթե աշակերտներին հանում են դասերից՝ ինչ-որ փորձեր անցկացնելու համար:

Ագնեսան՝  լեհուհին Լիտվայից, խստորեն էր ընտրում ոչ միայն երաժշտական համերգացանկը՝ միմիայն դասական, առանց որևէ էստրադայի և առավել ևս,  ջազի, այդ երաժշտության՝ «չաղերի համար»… Նա հիանալի հասկանում էր, թե ինչ է լավ հագուստը, կոշիկը, զարդերը, օծանելիքը: Թանկարժեք ակնոց էր կրում, արևից պաշտապանող էկզոտիկ չինական հովանոց և ճանդանե հովհար: Դե իսկ պայուսկաները… Իրական ազնվական: Անգամ ձմռանը Ագնեսը դպրոցում չէր շրջում հաստ բրդե ռետուզներով և երկարաճիտ կոշիկներով: Ո՛չ, նա փոխում էր կոշիկները և թեթևությամբ թռչկոտում բարձրակրունկների վրա, ինչպես ամռանը: Մի օր այդ հագուստ և կոշիկ փոխելու գործի վրա նրան բռնացրեց դպրոցի տնօրեն Պանկովը.

— Ագնեսա Ալեքսանդրովնա, թանկագի՛ն, վաղուց եմ զմայլվում… Այս ի՜նչ ոտիկներ են, և կոշիկներն էլ: Թու՛յլ տվեք, օգնեմ:

Նա  ճարպկորեն տեղավորվեց կողքին և ներքևից գրկեց վերջինիս լի ոտքերը՝ փոքրիկ, հանց աղջկա, ոտնաթաթերով:

-Ի՞նչ եք ձեզ թույլ տալիս: Տնօրեն, ռազմաճակատի կռվող… Քաշե՛ք ձեռքերը, թե չէ ես կապտակեմ ձեզ,- բռնկվեց Ագնեսան, և մազերի գանգուրները զայրույթից ուղղվեցին:    Պանկովը հետ ցատկեց, ասես խոցված, նայեց շուրջբոլորը՝ արդյո՞ք ոչ ոք չի լսել, և օձի պես  ֆշշաց.

-Կոնֆլիկտ տնօրենի՞ հետ:

— Ցանկասեր սիրամարգ, լկտի՛: Իրական տնօրենները նման բան իրենց թույլ չեն տալիս,- հապճեպ հագնելով կոշիկները՝ խարազանեց Ագնեսը:

-Խորհուրդ կտամ լեզուդ չերկարեցնել, հարգելի՛ս: Հաստիքային կրճատումները մոտ են: Նման «երգչուհիներին», նման  թռվռիկներին միայն թե սուլես…

Ագնեսան  խիստ նեղացավ:

Նա, երգչախմբից բացի, ուներ միայն ստեղնաշարի երեք օկտավային ձգվել սիրող Պուսյա կատվին, մեկ էլ երկարահասակ ամուսին, երկրաբաշխ. նա հին ձևով էր կոչում ամուսնուն.  հողաչափ՝ Բարանով ազգանվամբ:

Գեղգեղաձայնային հռհռոցով նա պարզաբանում էր, որ  իր թանկագին  Ալեքսանանդր Վասիլևիչի հետ ամուսնացել է միայն այն պատճաով, որ վերջինս, թեև բնավ գառնուկ չէ, սակայն, Բարանով է: Նրան զվարճալի էր թվում ոչ միայն Ագնեսա  այսինքն՝ գառնուկ, այլև Ագնեսա Բարանովա լինելը: Նրա՝  երգի  անզավակ ուսուցչուհու համար, գլխավոր սերը երգչախմբի անդամներն էին, որոնք հաճախակի հյուրեր էին

դարձել  նրա «մեկսենյականոցում»: Նրանք ոչ միայն  երգում էին միասին: Ագնեսան դաստիարակում էր նրանց. սովորեցնում էր ճիշտ ուտել, պատառաքաղով չվերցնել հացը և կծել ամբողջական  կտորից, տղաներին ցույց էր տալիս, թե ինչպես  աղջիկներին մատուցել վերարկուն, ինչ կրել դրա հետ և ինչպիսի գույներ համադրել… Հրաժեշտ տալիս անպայման  մեկ՝  մեկին, մեկ՝ մյուսին, թերթից կտրած հետաքրքիր և ուսանելի հոդվածներ էր խոթում: Ագնեսայի հետ հեշտությամբ էին խոսում ամեն ինչի շուրջ, քանի որ ծնողները մշտապես զբաղված էին և նրանք ժամանակ չունեին իրենց երեխաների համար:

Երգչախմբի կյանքը, ինչպես ընտանիքի կյանքը, ոչ միայն առօրյայից է կազմված, այլև տոներից. Մեծ թատրոն, Չայկովսկու համերգասրահ, թանգարաններ, մրցույթներ, ընտանեկան երեկոներ թեյով և թխվածքներով, լուսանկարներով: Ագնեսան յուրահատուկ էր: Որոշ ծնողներ սարսափելի կերպով խանդում էին, իսկ այլք՝  սարսափելի  վիճում. այսիպիսի ու այնպիսի, քո երեխաներին ունեցիր, իսկ մերոնց, այն էլ կենդանի ծնողների աչքի առաջ քեզնով մի արա… Ագնեսան չէր ընկալում  ու  լալիս էր:

Չերնոգոլովկա մեկնելուց հետո, որտեղ նրանք անանցանելի սառը հեղեղի տակ էին ընկել, Օլկան պառկեց անգինայով: Երկար պահպանվեց  բարձր ջերմությունը, ուռան հոդերը: Նրան քաղաքային հիվանդանոց տեղափոխեցին, պաթետիկ անվանումով՝  Առաջին Սովետական:

Տասներկու հոգու համար նախատեսված պալատը նույնիսկ ուրախացրեց: Պատուհանները դուրս էին գալիս դեպի քաղաքային այգի՝ դեռահաս, իր հասակակից բերյոզկաներով լի:  Զով կիսամութը հանգստացնում էր և խաղաղեցնում բոլորին՝ ախտորոշումների  և մեկը մյուսի հետ: Պալատում պառկած կանայք համբերատար էին և սիրալիր: Նրան «սրտայինե էին կոչում՝ ազատություն տալով մայրական այն կարեկցանքին, որը կազմում էր բնության կողմից տրված  իրենց  էությունը: Բացի այդ, շուտով հայտնի դարձավ, որ նրա մայրը՝ բժշկուհի է, ու ոչ սովորական, այլ  գիտությունների թեկնածու հենց Մոսկվայում, թեև ինքը տեղացի էր… Ու աղջիկը հենց այստեղ է մեծանում, տատիկի մոտ: Օլկային սկսեցին յուրահատուկ կերպով վերաբերվել:  Նա անկողնային ռեժիմի մեջ էր, գրքեր էր կարդում, մի անգամ հորինեց ոտանավոր  «սփրթնած լուսնի մասին», գրառեց ու ցույց տվեց հարևանուհիներին: Նրանք լուռ իրար նայեցին ու գլխով արեցին:

Վաղուց  պիտի եկած լիներ մայրը, այդչափ հիանալի, խելացի, գեղեցիկ մայրը, որն անկասկած,  կտանի նրան Մոսկվա, կլինիկա և կբուժի:

Բայց մայրը հա չէր գալիս ու չէր գալիս, նույնիսկ հեռագրից հետո: Տատիկից բացի, Օլկային տեսակցելու էին գալիս Ագնեսան իր ողջ երգչախմբով  և Յուրայի հետ միասին: Վերջիվերջո տատի համբերությունը պայթեց, ու հենց ինքը մեկնեց Մոսկվա՝ միգուցե ինչ-որ բան  է պատահե՞լ:

Աղջիկը Մոսկվայում չէր: Աշխատանքից ուշ վերադարձած փեսան  գինով էր.

-Երեք օր առաջ վերադարձավ Բալատոնից, փոխեց ճամպրուկը, մանիկյուր- պեդիկյուրը ու տյու-տյու՝ Սոչի… երևի կիսատ էր հանգստացել:

 

-Վատ չէ,-  զայրացավ տատը,- իսկ հեռագիրը ստացե՞լ եք:

-Իհարկե:

-Եվ ի՞նչ:

— Եվ այն,  տյու- տյու՝ Սոչի: Մի շաբաթից, ասում է՝ կվերադառնամ, այդ ժամանակ էլ կհասկանանք…

-Ստացվում է՝ լքել եք Օլկային: Աղջնակը հիվանդանոցում հանգում է, հայրը Մոսկվայում է ման գալիս, իսկ մայրը՝ նույնիսկ Սոչի է հասել… Միայն թող փորձվի հայտնվել, ես դրա մազերը հատ-հատ կպոկեմ: Համ էլ դու ինքդ, նվնվիկ,  բաց ես թողել կնոջդ: Ընդհանրապես չի վախենում քեզնից: Գոնե հասցե թողե՞լ է:

-Ու՞մ: Ինչի՞ համար: Հասցեն պարզ է. մինչ պահանջմունք:

— Դա վաղուց   քամակին էր պետք  գրել…

Առավոտից տատիկը նորից հիվանդանոցում էր:

-Կեր, ուժ հավաքիր,- ափսեի մեջ էր դնում դեռ տաք պանրաբլիթները,- մայրիկդ հիվանդացել է, բայց  մոտ օրերը կգա:

Պալատի կանայք աշխուժացան: Օլկան ուրախացավ ու յասամանի մասին բանաստեղծություն հորինեց, իսկ ընթրիքից առաջ հիվանդանոցի բակ դուրս եկավ, այնտեղ խոտերի մեջ խաղում էին փիսիկները, կատու մայրն էլ խաղում էր նրանց հետ, լիզում  մռութիկներն ու կերակրում էր:

Գիշերն անհանգստացնում էր, ինչպես  կոշտ ճմրթված սավանը: Լուսինը այնքան ցածր էր կախվել և այնպես անծածուկ էր նայում պալատի մեջ, որ ցանկանում էիր ընկերանալ հետը: Օլկան նրան պատմեց և իր մենության, և վիրավորանքի, և այն մասին, ինչ է նշանակում սպասել: Արցունքները սողում էին այտերով և, եթե չէին տեղավորվում, ապա խուտուտ էին տալիս քթանցքները:

Հաջորդ գիշեր նույն պատկերն էր խոստանում: Եվ երբ պալատում հանգցրին լույսը, Օլկան անմիջապես լաց եղավ: Պառկել էր բաց աչքերով և կամացուկ լաց էր լինում, հանց  հասուն կին:

Սակայն բացվեց մեծ ծանր դուռը, վառվեց լույսը, և եռանդով կտկտացնելով  կրունկներով, ներս մտավ մայրը: Նրա հետևից՝ հերթապահ բժիշկը: Կանայք մռթմռացին, զարթնեցին, ինչ-որ մեկը փնթփնթաց, մեկը ուրիշը՝ գոռաց:

-Ի՛մ աղջիկ, բարև:

Մայրը ժպտաց՝  գրկախառնվելու  համար տարածելով  արևայրուք ընդունած ձեռքերը, սակայն Օլկան շրջվեց ու դեմքը թաքցրեց բարձի մեջ, իսկ հետո նստեց մահճակալին ու տեսավ, ինչ գեղեցիկ է մայրը, երջանիկ, ինչպիսի կայծկլտուն աչքեր ունի…և բարձրաձայն հեկեկաց.

-Ես այստեղ մենակ եմ: Հի-վանդ եմ: Ու սպա-սում եմ: Իսկ դու… հա չես գալիս, չես գալիս:

-Աղջնա՛կս, հարազա՛տս: Ախր ես եկա: Սրբիր արցունքներդ: Մենք անհամապաղ, հենց հիմա կմեկնենք Մոսկվա՝ կլինիկա:

-Հիմա՞,- ապշեց Օլկան,- բայց  ախր գիշեր է:

-Դե այդքան էլ գիշեր չէ: Հավաքվիր, տաքսին մեզ է սպասում:

Օլկան չեր հասցրել ուշքի գալ, իսկ մայրկին  մոտենում  ու նրա կողմ էին սողոսկում պալատի հարևանուհիները, ինչ-որ հարցեր տալիս, ցույց   տալիս անալիզներն ու բժշկական քարտերը, խնդրում էին իրենց կոնսուլտացիայի ընդունել: Մայրիկը նստեց աթոռին՝  պալատի հենց  մեջտեղում, ու սկսեց կարդալ նրանց թղթերը, պատասխանել հարցերին, նշանակումներ անել, ինչ-ինչ բաներ բացատրել  հերթապահ բժշկին: Մայրիկը հոգնեց: Օլկան տեսավ, թե ինչպես նա հանեց կոշիկները և շարժեց վառ պեդիկյուրով այտուցված մատները: Այ սրանք կոշիկներ են: Ասես սև կարապների զույգ: Բարձրաբարձ կրունկներով: Անցքով՝ բթամատի  համար… Ա՜յ քեզ կոշիկներ:

Արդեն  տաքսու մեջ Օլկան հարցրեց.

-Որտեղի՞ց քեզ այս շքեղ կոշիկները:

-Ու՜-ու՜, ամենատեսիկ: Ամեն ինչ նկատում ես: Դու լավ ճաշակ ունես,-գովեց մայրը,- սա ինձ Վենգրիայում ծանոթներիցս մեկն է նվիրել: Իսկական ֆրանսիական կոշիկ է: Կյանքում երբեք նման բան չեմ ունեցել:

Իգորը նրան ցավոտ հրեց արմունկով.

-Դառլինգ, որտե՞ղ ես: Ո՞ր բարձունքներում: Ֆինիտա՜:

Օլկան բազկաթոռի տակից ոտքով գտավ կոշիկները, հագավ և ծափահարեց՝ անհասկանալի է, թե  ինչին:

Իգորը խղճմտանքով նայեց նրա ոտքերին.

-Գոնե կարո՞ղ ես կագնել:

Նա գլխով արեց ու երջանկացած ժպտաց:

-Դե, պատմիր, որտեղից այս կոկոյական կոշիկները:

Պատմելու ոչինչ չկար. պարզապես  մայրիկի կոշիկներն էին:

Ու միայն տարիներ անց, երբ Օլկան իր առաջին աշխատավարձով տատիկի համար ջահ գնեց, իսկ իրեն սև երեկոյան կոշիկներ, ամեն ինչ պարզվեց:

-Աստվա՛ծ իմ, այս ինչ հիանալի են,- գոչեց մայրիկը, հազիվ բաց անելով տուփը:

-Մոդելային են: Իրական ֆրանսիական կրունկ,  կոճղակը…և, սպասիր, սպասիր, սրանք սաստիկ նման են… Կարո՞ղ է հիշես իմ սև զամշե կոշիկները: Շի՜կ, շեդե՜վր, Հոլիվու՜դ:

-Ոնց կարելի է չհիշել… Դրանք քեզ նվիրել էր ինչ-որ մեկը Վենգրիայից:

-Ոչ թե ինչ-որ մեկը, այլ ինքը՝ Շանդորը, ճակատագրական տղամարդ: Նրանից լավ Մոնտիի չարդաշը ոչ ոք չէր նվագում: Քանի՞ տարի է անցել:

Նա անցավ շշուկի, ու իր կանաչ մանր աչքերը փայլեցին մանկական գեղադիտակի նախշերով.

-Շանդորի հետ սիրավեպ ունեի: Խենթ, անզուսպ, տարերային աղետ էր… Չէինք կարողանում իրարից պոկվել: Նա պետք է հյուրախաղերի մեկներ՝ Սոչի… Այդպես ես, հավատում ես, վերադարձա Մոսկվա, անկառավարելիս, հիմարս, ու արդեն մեկ օր անց թռա նրա մոտ՝ Սոչի…Իսկ հետո  ի՞նչ: Հետո՝ փակուղի: Նա ընտանիք ուներ: Ես՝ ընտանիք ունեի: Միայն կոշիկները մնացին… Բոլոր տղամարդիկ շրջվում էին՝ ինձ նայելու: Ես դրանք երկար ժամանակ  կրեցի, նույնիսկ դու ես հիշում:

Մտքի մեջ պարզ փազլ հավաքվեց. Առաջին Սովետական հիվանդանոցը, տատիկը՝ պանրաբլիթներով, Ագնեսա Ալեքսանդրովնան, Յուրկան ու լուսինը, ու կատուները, ու մայրը, այն ամենը, ինչը երևի թե,  իր ընտանիքն էր:

 

Թարգմանությունը՝ Սաթե Հովակիմյանի

 

 

Կարծիքներ

կարծիք