Դու, որ իմ ներսում ես հիմա
և մաքրամաքուր ես այնպես, ինչպես
երբեք չես լինելու,
քեզ կրելուց հետո է
որ այս աշխարհից սիրտս խաառնում է
բալիկս, կներես, որ քեզ բերելու եմ
ու այս բորենիների աշխարհին մատուցեմ;
Բայց այստեղ լավ բաներ լինում են
թեկուզ հազվադեպ.
օրինակ քեզ նման հրաշքը
խմորվել է մեր աշխարհում
ու տաք հացի նման
ցորենի նման իմ արդար զավակ:
Ճամփա ես ընկել ու լուր ես բերում Աստծուց,
որ իմ ու հորդ մեղքերին Նա թողություն է տվել:
***
Պարզ
Շատ պարզ եղավ
Արարումը քո.
Եղիցի լույս
Շշնջաց Նա
Եվ եղար դու
Լույս իմ:
***
Այս ձյունը, դստրիկս
մաքրում է օդը
ու փոշին է մաքրում
ճանապարհների
որոնցով գալու ես դու:
Մինչ կհասնես
աշխարհը ճերմակ- ճերմակ կլինի,
քեզ նման մաքուր ու
ամանորի կախարդանքի պես հրաշալի։
Կգաս ու
գուցե հետո ինքդ գլխի կընկնես
որ այստեղ ամեն բան խաբուսիկ է
ձյան մաքրության նման
ու ամանորի կախարդանքի պես:
***
Հիմա գիշեր է,
և ես տիեզերքն եմ
ոչ ավել ու ոչ պակաս.
դու մայր ես մտել գրկումս,
Արև իմ։
Կմեծանաս դու,
փոքրիկս,
և կմտածես
ճիշտ ու ճիշտ ինձ նման,
որ չկա առավել գեղեցիկ բան
քան անձրեւից լվացված բալը ճյուղին`
կաթիլը պլպլան երեսին պահած։
Ճիշտ ես։
Բայց դու, բալիկս,
հիշիր
որ մայրիկը քեզ ասել է`
դու ավելին ես քան
անձրեւից լվացված բալը`
կաթիլը պլպլան երեսին առած։
Կա գեղեցիկից անդին եւ դա
Մենք ենք`
դու գրկում իմ։
Մայրիկը աղքատ աղքատ է
քո մասին ինչ-որ բան գրելիս,
ներիր նրան ու հիշիր
դու իմ տոնն ես։
***
Դու չես հավատում որ ես հանճար եմ,
որովհետեւ չես տեսել թե
որքան խաղաղ է քնած կրծքիս
իմ ամենակատարյալ
բանաստեղծությունը: