Չորս վայրկյան

Հեղինակ:

Ինձ Արամն է գտել: Ես ոչ ոք չունեմ նրանից բացի, և ոչ մեկը չգիտի, թե որտեղ եմ ապրում և ով եմ: Ձմռան մի օր, կեղտոտ ձների ու գորշավուն մշուշների մեջ կորած այս քաղաքում, որ փռված է լեռան` իմ խանդոտ էության ամենացցուն վկայության դիմաց, Արամը ճանաչեց ինձ: Փողոցի մի անկյունում, մտագալար ամբոխի անցուդարձից հեռու քաշված` կարդում էի նրանց աչքերը. փնտրում էի: Հերթական անգամ սպասում էի իմ ակնթարթին, և կարծես վայրկյաններ էին բաժանում ինձ կատարելությունից. հի՞նգ, թե՞ վեց վայրկյան:

– Դու մի՛ վախեցիր,– ասաց Արամը` ձեռքն ուսիս դնելով, ինչո՞ւ չես խոսում հետը:– Ես ոչ մի սրբապատկերում դեռ նման աչքեր չէի տեսել: Ինչո՞ւ չես խնդրում.

– Խնդրել եմ,– տխրեցի ես:

Այդ օրը, Սիբիրի անտառներում, բացարձակ մենության մեջ, երբ այլևս չէի կարողանում դիմակայել, ես ծունկ իջա ու արցունքամած, հրաշաղախ աչքերս երկնքին տվի, բայց չգոռացի, որ ոչ ոք չխլանար, բայց ցնցվում էի, ուստի ճանկռեցի գետինը, որ երկրաշարժերը զսպեմ, և ոչինչ չէի կարողանում ասել:

– Տեսնո՜ւմ ես, աղաչեցի մտովի,– դու տեսնո՜ւմ ես.

Ես քիչ ճանապարհ չեմ անցել, որպեսզի կարողանայի չծնկել: Այն, ինչից ես ուզում էի ազատվել, անգամ ընտրյալ աճպարարները չկարողացան շրջանցել դարեր ա¬ռաջ և ո՛չ էլ երբևէ են կարողանալու: Բայց իմ բոլոր զոհողությունների վերջնական նպատակը ոչ մի բանի առաջ այլևս կանգ չառնելու վճռականություն ունի: Որովհետև օր օրի ես ջնջել եմ իմ մեջ մարդկային բոլոր թուլությունները. կարողացել եմ հրաժարվել իշխանությունից, թեպետ ճաշակել եմ փառքեր ու ունեցել վայելքներ, ուր ահեղ կիրքը խորշում էր աչքերիս նայելուց ու դողում սփրթնած գերու պես` իր զնդանին մոտեցող ոտնաձայներից գնդակոծվելով: Ինձ չի կարող դիպչել կամ ձյութի պես կպչել և ոչ մի մանրուք, որ օր օրի ծնում է խանաշփոթ, մեծ խեղաթյուրումների այս դարը, որ ծախու էգի պես` իր անաղարտությունը գովերգելու համար պատրաստ է եղունգներով փորել հոր գերեզմանն ու երդվել նրա ոսկորներով, թե պոռնիկ չէ:  Չասեմ, թե ինչեր են սպանվել իմ մեջ. արցունք ունենալու գաղափարը նույն պատահականությունն է, նույն հավակնումով, թե ես հանկարծ Աստծուն տեսնեմ:

Բայց եղավ, որ աշնան մի երեկո Արամը գտավ այն տունը, ուր գիշերում էի: Ոչ մեկս չզարմացավ: Միայն ես տարակուսեցի, որովհետև արդեն երկրորդ ժամն էր, ինչ թթենու վրա մի տերև էր մեռնում, և նա համբերությամբ սպասեց ինձ հետ` մինչև սոսկումի վերջին ճիչը: Հետո ինձ նայեց.

– Սպասո՞ւմ ես,– հարցրեց Արամն իր զինաթափող ժպիտով:

Առավոտյան եկեղեցի գնացինք: Արամը խորանի առջև ծնկել, գլուխը հենել դողացող ձեռքին, աղոթում էր: Ես մարդկանց էի զննում: Ինչպես միշտ` հայացքս տվել մոմակրակին, բայց ծածուկ որոնում էի և ոչինչ չգտա: Ոչ մեկի ցանկությունը իր մարմնի սահմաններից այն կողմ չէր անցնում: Ես շունչ քաշեցի. այստեղ էր, որ տաք մի հոսանք, անտես մի ալիքում ծածանեց ինձ: Մինչ ես փորձում էի թաքցնել ապշահարությունս` փորձելով գտնել դրա ակունքը, Արամը մոտեցավ ու համբուրեց ինձ: Հոգևորականները ինչ­որ արարողության էին նախապատրաստվում, ուստի մենք դուրս ելանք եկեղեցու բակ:

– Գնանք, ժամանակ անց նստարաններին նայելով կողմնորոշվեց Արամը:

Միայնակ մի աղջիկ կար նստած այնտեղ: Սովորական մեկը, ում ամբողջական զգացմունքների և ապրելիք կյանքի ողջ հույզերի միագումարը ոչինչ էր իմ` կես ակնթարթի կեսի տառապանքների համեմատ: Ուզեմ, թե չուզեմ` ծաղրն ու արհամարհանքը պոկվում է ինձնից, չնայած, որ չխոսկան ու ինքնամփոփ եմ: Ես պահը չուշացրի ու խոցեցի աղջկան: Այստեղ էր, որ նա բացեց աչքերը վրաս. ուղղակի հառեց այդ մոխրագույն, մեղմակրակ, գայլային անհագուրդ կրքի ողջ բոցավառումը, ուր հանդա՜րտ կեծկլտում էր մայրանալու հասուն, երանելի բորբոքը: Նա՛ էր: Ես մի պահ միայն ցնցվեցի նստած տեղս, նայեցի շուրջս, թե ո՞վ տեսավ կամ լսեց մռնչոցը, բայց եկեղեցու զանգերը ճիշտ ժամանակին ղողանջել, փրկել էին պահը:

Մինչև եկեղեցի մտնելը, որովհետև այն բլրի վրա էր կառուցված, ես կարողացա չնայել հեռվի երկնքին, ուր փողփողում էր իմ խանդը. ես կարողանում եմ սքողել այն, ինչն ուտում է ինձ: Առավել ևս հիմա ինձ համբերություն ու հանգստություն էր պետք. կարո՞ղ էի, չէ՞, սխալվել:

Տեղավորվեցի մուտքի դռնից անմիջապես ձախ` թիկունքով դեպի պատը: Մոմերի վայրենաշառաչ ճարճատոցը մեղմում էր տագնապս: Ջրով լի սկավառակի վրա կիզված մոմերը հայելային ծածանումի մեջ օրորում էին ողջը, երկնային ջահի պատրանք ստեղծում, որտեղ ինքս եմ ծնվել: Ինչ­որ հրահանգ եղավ, և բոլորը շրջվեցին, դեմքով դեպի ինձ դարձան. ես անդրդվելի եմ: Բայց զգում էի աղջկա հայացքը` առանց նրա կողմը նայելու, որովհետև արդեն գիտեի, թե ուր էր կանգնած: Քահանան փորձեց ինձ նայել, բայց չկարողացավ. միայն խաչը բռնած ձեռքը դողաց, և ես տեսնում էի նրա երկչոտ հոգու թպրտոցները:

Հետո Աստծո ծառաները` որդիք ու հարսները, սկսեցին մեծ սիրո ներկայացումը: Պահն էր: Թեև հայացքս մոմակրակներին էի տվել, բայց ուղն ու ծուծս քամել` զսպած պահում էի հևքիս ու սրտազարկերիս կանգի մեջ` քանի դեռ հոտոտում էի աղջկա պարանոցը` մի այնպիսի անկշտությամբ ու խանդով, որով երբևէ համակված չէի եղել: Մի երակ խլրտաց պարանոցին ու մի մազանոթ կիզվեց ականջաբլթակին մոտ. ես առա նրա մարմնաբույրը, որ ակնամոմի հոտ ուներ, բայց չդիմացա ու շնչեցի մազերի հորձանքն էլ ու փախա, որպեսզի չտեսնեմ մարմնացոլքերի գունավառությունը: Գույնը, հատկապես կնոջ ստինքների շառագույն մխիրճը, մի օր կսպանի ինձ:

Ես ետուառաջում էի եկեղեցու բակը: Դեռևս կարողանում էի տիրապետել ինձ, որովհետև չէի մոռացել լեռան գոյությունը. ինձ չի կարելի նայել լեռանը: Ես դժվարությամբ եմ խաղաղվում. նաև` տևական: Ուստի լարվել ու փորձում էի ուշքի գալ, երբ լսեցի նրա ձայնը: Այդ ձա՜յնը. ոչինչ դեռ չի կարողացել ինձ այդքան հետ քշել ժամանակի խորքը.

– Քո աչքերը կանա՞չ են,– ժպտում էր աղջիկը կասկածանքով:– Մուգ կանաչ,– հաստատեց նա:– Բայց ինձ թվաց, թե ես ուրիշ բան տեսա:

Երբ մեկ էլ խնդաց, երբ ըմբռնեցի նրա գեղեցկության ողջ շողքը, ինձ մեռած տեսա: Այլևս չեմ տեսնի նման անմեղություն: Այդպիսի անկեղծ ու ծե՜փ երազանքներով լի դեմք չեմ տեսնի: Լայն, հետ գնացած շուրթերի կոհակները թրթռում, խայտանքներով էին օծում մարմինը, ամաչեցնում ինձ:

– Որտեղի՞ց գիտես, թե ինչ երազ եմ տեսնում, հը՞: Ի՞նչ երազ եմ տեսնում:

Մեկը ճանկռում, քերում էր իմ հոգու սպիները: Անապատային իմ էությունը խանձահոտ էր առնում, սարսափում այս անիմանալի, վետվետուն կրակի առաջ: Ավերածություն կանխազգալով` ես կուչ եկա մեջս: Ցնդած մեկը իմ անծայրածիր, անհուն լայնությունների` շեկ, արևախանձ մոխիրների մեջ արցունք էր փնտրում. մի կաթիլ արցունք:

– Սպասի՛ր: Միգուցե,– նա դարձյալ բացել էր վրաս աչքերը` այդ հուզախռով քուրաները,– այդ ե՛ս եմ տեսնում քո երազները. հիմա՛ եմ տեսնում:

Ես փախչել ուզեցի: Բայց ո՞ւր: Ո՞վ է նա, որ կարող է չձգվել իր թերի, անավարտ ու ավերակ երկտակումները ամոքող սիրուց: Ո՞ւր է հասցնելու նրան որոնումը, ինչպես ինձ, երբ դեռ երեխա` իմացա, լսեցի, թե մեր սարերում մի կատար կա, մի բլուր` որտեղից տեսանելի է Աստծո Լեռը: Ես նույնիսկ վախեցա ճշտել դրա իսկությունը, վախեցա չհավատալ այդ հեքիաթի անիրականությանը, որովհետև արդեն գիտեի, թե հեռուներ տենչացող իմ դյուրաբորբ երազների փշրվելը կսպաներ ինձ: Եվ ո՞վ գիտեր, թե ես ուր էի անհայտանում, կամ հոգու ի՜նչ թրթռումով էի բարձրանում կատար կատարի հետևից, կամ ի՞նչ էի տեսնում: Ես գիտե՞մ:

Բայց փախա: Եվ ցոփության մեջ որոշեցի խեղդել մորմոքներս: Անպատեհ խնջույքներն ու մարմնավաճառ կանայք էին իմ սփոփանքը: Միայն աղջկա անունը կարողացա չհիշել, մի դիմագիծ և մարմանդ մի հուր` փարթամ իրանի ու մազերի հավաք, ձիգ սանրվածքի համադրումից: Վեց օր ես դիմում էի աղջկան անհավանական անուններով և չհաշտվելով հորինածիս հետ` սառչում էի, որովհետև նա խռով էր մնում, փակում աչքերը և չէր ժպտում ինձ: Ես սլանում էի երկնքի խորքերը` աղջ¬կա համար երկնային անուն գտնելու, ուր և կարողանում էի մոլորվել, սպառել ժամերը: Նրան պատահաբար տեսնելու միտքն ինձ վախեցնում էր, հատկապես այն` հոնքերին պակասող թրթռածին այն գծիկի չիմացությունը, որ տեսել էի: Ի՞նչ կլիներ, եթե հանկարծակիի եկած իմ հոգին մեկեն տեսներ կամ թե բացակա այն բոցը մեկեն լցվեր վրաս. ի՜նչ կլիներ: Լավագույնը, որ ես կարող էի անել` արեցի. ինքնակամ հանձնվեցի մինչև կիրակի առանց աղջկա ապրելու տանջահարությանը:

Ես սպա¬սում եմ. ուղղակի լսում քլքլոցը` համառ, անդադար դեպի ինձ հոսող ու մեջս կուտակվող երկյուղը, անելանելիության քրքիջը, որ ջնջում է ինձ, քարկապում անցյալի ու ապագայի տեսլական շղթան: Ես այդ քարկապն եմ. անելանելիությունը: Ես ողջ կյանքս գնում եմ նրան` խանդով, ավելի ճիշտ` բնազդով, նրա տեղը ճշտելով զգացողությամբ, քայլ առ քայլ, ինչպես վերջին պահին կուրացած մեկը, ով տեսել էր իր ստվերը կյանքի խորհրդի վրա:

Չպատմեմ, թե կիրակի առավոտյան ինչ դող էր համակել ինձ: Որպեսզի աղջկան չվախեցնեմ, ես դարձյալ հայցեցի տարփուհուն, որ սպաներ իմ մեջ կիրքը: Նա խղճաց ինձ` ասելով, որ իմ նմաններին նույնիսկ եկեղեցում վաթսուն դրամանոց մոմն ապառիկով չեն տա, բայց ներս առավ.

– Ախր տեսնում եմ, որ մեռնում ես կարոտից: Սիրում ես:

– Ես չգիտեմ, թե դա ինչ է,– արդարացա ես:

– Ձենդ կտրի՛ր ու ներս արի:

Բայց հեռանալուս պահին կանգնեցրեց:– Լսիր,– ասաց կինը և որոշ ժամանակ չէր կարողանում աչքերիս նայել:– Վերցրո՛ւ սա. ամբողջին մոմ գնիր. բոցիր ու աղոթք ա¬րա Նրա՛ն, ով քեզ սե՛ր է ընծայել.

Ամբողջ ճանապարհին ես մտածում էի, թե նա ի՞նչ արեց, ո՞ւր թաքցրեց և ինչպե՞ս կարողացավ կուլ տալ իր արցունքները, երբ ծանրացած լռության միջից մի անգամ էլ բարձրացրեց հակված գլուխը.

– Չմոր¬թե՛ս. Մի՜ դիպչիր. թող մնա՛.

Ես ուշ հասա եկեղեցի: Դեռ հեռվից տեսա աղջկան, որ ինձ էր սպասում: Ես դա հասկացա առանց նրա կողմը նայելու, որովհետև տեսա ոտնաթաթերի կծկվելը: Նա շտապով զրույցի բռնվեց պատահական մեկի հետ, իսկ ես շունչ առա և զգացի նրա հևքը` բոցե մի դողդոջանք, որ ճո¬ճեց ինձ: Առանց այդ ամենին ուշք դարձնելու` եկեղեցի մտա: Մինչ ես մոմ էի ուզում գնել, աղջիկը թևիս դիպչելով` առաջ անցավ: Ես դարձյալ չնկատեցի ու ոչ մեկին չարժանացնելով հայացքս` գնացի վառելու ամբողջ մի գիրկ մոմերը` հատ­հատ:

Մենք այնպիսի դիրքերով էինք կանգնած, որ միմյանց տեսադաշտում էինք: Երբ մի անգամ էլ թեքվեց ինձ, իմ ուժերից վեր էր նրան չնայելը: Մենք ժպտացինք իրար, ապա դուրս ելանք: Մեզ հայացքներ էին ուղեկցում: Մի տարակուսանք էր դեպի ինձ գալարվում. Արամն ինձ չէր նայում, բայց տեսել ու զգում էր ներկայությունս` ինչպես մի մարդ իր խելագար եղբոր ներկայությունը` մարդկանց մեջ:

Մինչև պատարագի ավարտ երկուսով էինք: Ամեն ինչ բարենպաստ էր. նստարանը այնպիսի դիրք ուներ, որ լեռն իմ թիկունքում, այն էլ պարսպից այն կողմ էր մնացել, և ես ստիպված չէի ավելորդ լարվածության ենթարկել ինձ: Հիմա չեմ հիշում խոսքի նյութը. բայց հետևողական էի այն գաղտնի փոխանակությանը, հավերժական այն գործընթացին, որով կինն ու տղամարդն են զննում իրար: Ինչքան հնարավոր էր` պահպանում էի գաղտնիքների հերթագայությունը, ուր առանց իմանալու, առանց կասկածի սուզվում էր աղջիկը` վառվելով անհամբերությունից: Երևակայական բազմազան ու բազմաբնույթ հանգուցալուծումները հետզհետե գրգռում էին նրան: Աղջիկը սկսել էր հոգոցներով շնչել, ինչից աչքերն ավելի էին խնդության տոնի վերածվում, միանգամայն անկեղծ` ինձ միլիարդ անգամ պայթեցնելու չափ զուլալ.

– Ասա՜ ինձ,– և՛ խնդուն, և՛ ամոթխած էր աղջիկը,– եթե պարգև, եթե տոն է այս կյանքը քեզ համար. չլսվա՜ծ, չտեսնված հեքիաթ,– նա էլի հապաղեց.– ինչո՞ւ ես տխուր. տրտում ես:

Կարծես սկսել էի ըմբռնել, թե ինչու էի վարակվել նրա ձեռքի ափը տեսնելու ցանկությամբ: Բոլոր անգիտակից մղումներն իմ տարերքն են, ուստի ես ձգում էի պահը: Մի անգամ էլ պրպտեցի ինձ ու տեսա, որ այս ամբողջ ընթացքում դեռ ո՛չ մի անգամ չեմ ցանկացել այս աղջկան. ո՛չ մի անգամ չեմ երևակայել կամ տեսել նրան այնպես, ինչպես պատահում է ինձ հետ սովորաբար, մի՛շտ: Փոխարենը` ցանկություններիս վարարուն հեղեղատը, դեռ չբախված նրա գրկին, ցնդում էր, սարսռում ինձ տեսիլքով, ուր երեխա էր պատկերվում ինձ` աղջկա մայրական կրծքին կպած, և աղջիկն ինքը` յոթանասունյոթ երկինք այն կողմ սավառնելիս. և ձգում էր ինձ ձեռքը, կանչում անդիմակայելի. Թե ի՞նչ էր մտածում կամ զգում ինձ հետ շփվելուց աղջիկը` չիմացա: Բայց մենք չէինք կարողանում բաժանվել իրարից: Անգամ երբ եկեղեցում իրարանցում եղավ, ու ուշագնաց մեկին դուրս բերին` աղջիկը ուշացումով նկատեց դա, ուշացումով էլ ուզեց օգնության գնալ: Այստեղ էր, որ ես դիպա նրան. բռնեցի ձեռքը. տրոփյունների այդ փնջվածքը. ճիշտ իմ անցավ սիրտը.

– Ձև՛ է,– ասացի ես,– մի՛ գնա:

Աղջիկը շիկնել ու անբնական զարմանքով ինձ էր նայում:

– Ինձ մենակ մի՛ թող.

Նա ուզեց ազատել ձեռքը: Ես չընդդիմացա: Որոշ ժամանակ լուռ էր: Ապա հևաց.

– Դու հավատո՞ւմ ես.

– Ես երբեք չե՛մ կասկածել, պատասխանեցի:

Ուսերին սահած գլխաշորի ծայրերը հան¬գուց¬վում ու քանդվում, խճճվում էին աղջկա ձեռքերի մեջ. նա կրակ էր հունցում.

– Դու երբևէ սիրե՞լ ես.

– Ես մեռած կլինեի. Բայց ի՛նձ նայիր, խնդրեցի ես,– դա ի՞նչ բան է.

– Մի՛ խաբիր,– խնդաց աղջիկն ու դարձյալ ինձ չէր նայում:– Ես ամեն ինչ տեսա. տեսնո՜ւմ եմ. Բայց ես սիրած տղա ունեմ.

Ի՞նչ, ո՞վ է ինձ համար աղջկա սիրածը. Ընդամենը նկարիչ­կրոնագետ, որ ազատ ժամերին երգահանությամբ կամ փառք որոնելու այսուայս ձեռնածությամբ է զբաղված: Առանց նրա էլ այս հողի վրա վխտում են անպատասխանատու, ինքնաբավ հոգիները ձեռնաշարժությամբ տանջողները, որոնցից յուրաքանչյուրը ավելի շատ ցավ է պատճառում այս հողին, քան բոլոր գողերը, ավազակներն ու հայրասպանները միասին հաշված: Ի՞նչ է մարդուս նկրտումների ու ապրումների ամբողջական ցուցքը մեկի համար, ով արդեն յոթ օր մոռացել էր իր ինքնությունը: Ես, որ դադարել էի որոնել նրան, ում որոնել եմ ամբողջ գոյությանս ընթացքում, ում ճանաչում եմ, քան որևէ մեկը և զգում էությանս ողջ լայնություններով, որ նույնքան անհուն ու անծիր են, որքան երկինքը, որովհետև ես նրա անապատն եմ: Ա՛յն, ինչի հաշվին երկինքը երկինք է: Բայց այն օրից, երբ աղջիկը նայեց ինձ, ես դադարեցի հրահալ խռովքների մեջ փոթորկողի հետապնդումը, որ ցույց տայի նրան իմ աչքերը` իր աղբը: Ես, որ վառվում եմ Նրան իմ դատարկ զարհուրի առջև տեսնելուց, Նրա երկնչումն ու դողը ունենալու ակնթարթը ապրելու վրեժով, թե ո՞վ ում ստեղծածն է, այժմ, երբ այս յոթ օրերը կանգնած էին թիկունքիս, ինձ չէր էլ մտահոգում, թե ո՞վ է ում ստեղծածը. Դա հետո: Հիմա ես պարտավոր եմ սպասել. որովհետև ես անհայրենիք չեմ: Ոչ միայն նրա համար, որ այս հողից է սկսվել իմ ճանապարհը, և ես մտածում եմ նրա լեզվով, կամ որ նրա խեղված անցյալի ճչոցները ինձ հանգիստ չեն տալիս, կամ Աստծո Լեռան սպանիչ գոյությունը` իմ անկիրք էության բորբոսային մղձավանջների ակունքն ու իմ հիշողությունների պառակտ, կայծակամած ծարավումների հարուցիչը, այլ որ ես կատարելության եմ ձգտում. Սերը, որ ես խնդրել էի Աստծուց, խնդրել էի սպանելու համար: Այդպես եղավ, որովհետև ես խնդրել էի նրան սպանել իմ մեջ սերը, իսկ նա կենդանի, ավյունազեղ հրայրքի վերածեց այն. նա զորո՛ւ չէ սպանել. Ես դարձյալ մենակ եմ տառապանքի հետ: Բայց ի՞նչ է տառապանքը, եթե ես հայրենիք ունեմ: Եթե ես սպասումի յոթ օր ու աղջկան տեսնելու սրբազան խելահեղություն ունեմ` կիրակի օրվա անսահման առավոտը. ի՞նչ է ինձ համար անհունը. երբ նրանից այն կողմ թափառող կսկիծներն են հիմա դեպի ինձ ձգվում, քամվում մեջս` խտանում: Պեծամշուշ խմորումներն այս ի՞նչ են վերջին պահի առաջ, երբ մորթոտվող սերը կբացի իմ առաջ հայրենիքից հեռանալու շավիղները, և այդ անծայրածիր ու անդառնալի ճամփեքի մեջ ես կփորձեմ մաշել ու դրա խորթ ու անհիշատակ բավիղների մեջ մոլորեցնելով` վերջնական կկորցնեմ իմ արյունը, որովհետև ո՛չ մի ղողանջ ու ո՛չ մի դարբնի մուրճ այլևս չի գտնի ինձ, որովհետև. ես Կատարյալը կլինեմ.

Ես հիմա կանգնած եմ անշարժ, անհևք և անսիրտ. Եվ չգիտեմ` ի՞նչ օր է, ի՞նչ ժամ ու տարի: Ես ոչինչ էլ չեմ պատրաստվում պատմել ձեզ իմ սիրո մասին, որովհետև խանդը կսպանի ինձ, նաև ձեզ, չհաշված, որ ոչինչ էլ չեմ կարողանա պատմել, որովհետև ես վերածվել էի սիրո: Ո՞վ ես, կամ ի՜նչ է քո սիրտը, որ դիմանա, եթե պատառիկներ տամ քեզ այն երկյուղից, այն կենսատու դղիրդներից, որ ամեն վայրկյանի տասը հազար մասի մեջ տրաքում ու խոցոտում էին սիրտս, անխնա, ինչպես Աստված` ոչինչը: Կամ ինչպե՞ս պատմեմ, եթե ես այլակերպվել էի սպասման, եթե ես էի սպասումը. ոչինչն ու ամեն ինչը.

Դա եղավ, որովհետև մի օր ես բաց էի թողել հերթական կիրակին: Գուցե չըմբռնեի և այդպես էլ չհասկանայի կատարվածը, եթե չտեսնեի Արամի ոտնահետքերը այն տան մոտ, որտեղ գիշերում էի: Շեմքի առաջ մի տերև կիզվել ու շենշում էր իրենից հեռացող, իրեն լքող կյանքի հետ, բայց չէր կարողանում ուշաթափվել, որովհետև հեռացողը անհունի չափ էր, անհուն, և վերջ չկար մրմուռին, վերջ չկա՜ր. տերևից մի քիչ վեր, հեղագալար շառաչումների մեջ ես տեսա ծնկած Արամի ձեռքը, որ  բռնած պահում էր մատների դողը այդ վայրահառաչ ալիքների վրա, ուր ծածանվում էր ծառի` իր կորցրած սիրո անդառնալի, անվերջ ողբը. Տարակուսանքը դարձյալ փաթաթվում էր ինձ, և Արամի ոտնատեղերում կանգնած սթափվում էի վախից, մտածելով, թե չլինի՞ կորցրել կամ բաց եմ թողել պահը: Մի՞թե ափեափ լցվել էի անանձնությամբ ու մոռացել, թե ո՞վ եմ և հիմա չգիտեի` որտեղի՞ց եմ եկել և ուր եմ գնում. Դեռ ոչ. Ես հետամուտ եմ նպատակիս: Բայց որ կարողացել էի անտեսել կամ չզգալ կիրակի օրն ու առանց աղջկա ապրել էի, արդեն ինչ-որ բան էր ակնկալում: Այդպես էլ ես չկարողացա շեմքել կամ շրջանցել տերևը կամ հեռանալ, ուստի մնացի դողդողալու նրա հետ, ինչպես այն գիշերներին, երբ հսկում էի աղջկա քունը: Միայն թե հեռու քաշված, նրա շնչառությունը լսելի կետից կես քայլ հեռու` աստղերից անդին. Մինչև ինքնահերձման առավոտը: Երբ չդիմացա ու մոտեցա աղջկան և ուզում էի բռնել ձեռքը.

– Դուրս գանք,– ասաց աղջիկը շշուկով` հակված ինձ: Չգիտեմ, թե ինչպես էի բռնել աղջկա ձեռքը, որ նա հապաղեց և սպասումի այդ վայրկյաններին, հիշում եմ` ոչինչ չէի տեսնում. Ասա՜ ինձ, այստե՛ղ, Աստծո տան մեջ, ասա. ո՞վ ես.

Ես ա¬ռա նրա շունչը. Այլևս չդիմացա: Որովհետև չկա՛, չի՛ կարող լինել առավել նվիրական ու հաղորդելի մի ուրիշ նվագ, քան բազուկներիդ մեջ ու կրծքիդ կպած քո երազների, քո սիրած կնոջ գալարումների գագաթը` նրա հալհլուն շնչառությունը. Բայց ես չե՛մ լսել այդ ձայներգումը: Դեռ չե՛մ լսել, թեև մազաչափ իսկ կասկած չունեի և չունեմ, թե աղջկա ձայնը բաղադրված էր հենց այդ պահին իրար ունկնդրող երկու սրտերի միջև շնկշնկացող զտարյուն դողից.

– Ես մոմ եմ վառել,– աչքերը խոնարհեց աղջիկը, ապա շիկնանքը թաքցնելու համար էլ լրիվ բացեց, հա¬ռեց ինձ այդ անթաքույց հրավառությունները,– խնդրե՜լ եմ Աստծուն, ծնկել, պաղատել, որ դու խաղաղվես. որ դու խոնարհվես.

Այստեղ էր, որ ինձ մեկեն պատկերվեց այդ անկիրք, փուչ առակաբանների միասեռ բանակը, ովքեր հեռավոր իսկ զգացողություն չունեին այն սրբազան ցնցումներից, ինչը կենդանի է պահում ողջ անհունը:

– Խնդրո՜ւմ եմ հիմա. եթե քո հարազատն եմ, էլ ինչո՞ւ, ինչպե՞ս ես կարողանում ինձ ցավ պատճառել.

Կարծես տեսա այն միգածուփ, բոցախռիվ ու հրածին շաղախների բունը, պայթյունների այն արարը, ուր մարդկային մտքի ու հոգու ուզածդ թռիչք, ուզածդ խելագարություն` պագշոտ տիվանդորր էլ չէ, և ուր թե նրանց երանելի, չքմեղ ու տխմար փափագները, որ չծնված մեռնում են` ներսից ու դրսից գաղտ-նի բարուրված այն ճղճիմ խորամանկությամբ, թե լսեց, թե տեսավ Աստված.

– Ցավեցնում ես: Ո՛չ ինձ, ո՛չ ինձ, այլ` քեզ.

Հարություն առնելուս պահին եթե այդ հևքի ելևէջները վերարտադրվեն, եթե մի անգամ էլ լսեմ այն, այլևս ո՛չ ոք ի զորու չի լինելու փրկել ինձ վերջնական բնաջնջումից:

Չգիտեմ, թե ե՞րբ և ինչու էր աղջիկն ինձ եկեղեցուց դուրս բերել: Բայց եղավ մի պահ, ես զգացի, որ իմ ուժերից վեր էր թողնել այդ ձեռքը` իմ անցավ սիրտը: Այսինքն տեսա ինձ որոգայթի մեջ, մի տեղ, ուր սրբազան ցնցումների հեռավոր արձագանքն իսկ չկար, ուր զմայլանք էր ողջը, դրախտի, թե դժոխքի անընդհատությունից բթացած, որոճող ու միատարր մի անսեռություն, ուր քիչ էր մնում, որ երջանկության բաղձալի էգը տիրանար ինձ:

– Ինչպե՞ս կարող է մարդը,– հևաց նա,– մի մարդ, թեկուզ նա՜ է քո.– այստեղ լռեց. շունչ առավ և չգիտեր, թե ճառագում էր կեծկլտոցներից,– նա ինչպե՞ս կարող է պարփակել, ամփոփել այդ ամենը:

Ինձ լեռը փրկեց: Հիշում եմ, որ նա թիկունքով կանգնած էր դեպի լեռը. խանդը խանդի հենքին, հրայրքը հրայրքի մեջ. Աղջկա ուսերից ինձ էին ճառագում Աստծո մատնահետքերի սամումանախշերը. Ես մենակ էի ընդդեմ համայնի. Ախ, իմ ստերջ ու ամուլ ոգին.

Ի՞նչ էի թվարկում աղջկան. գուցե իմ իմացած եղանակնե՞րը, ձևն ու բնո՞ւյթը, թե՞ ինչպես կնոջ մարմնի սեթևեթ ճռվողյունը կարող եմ նվագների վերածել ու հանձնել լռությանն ի պահ: Ուրիշ ի՞նչ. որովհետև հետո իրարանցումը սկսվեց: Աղ¬ջիկը մինչ այդ շրջվեց ինձ.

– Եկեղեցի չմտնե՜ս,– ճչաց նա:– Դու. եկեղեցի չմտնե՛ս.

Բոլորն ուզում էին հասկանալ կատարվածը: Մարդիկ ինձ էին նայում, ինչ­որ բան բացատրում իրար: Արամը փոր¬ձում էր խա¬ղա¬ղեց¬նել հե¬կե¬կա¬ցող աղջ¬կան: Ես միայն ա¬վազ¬նե¬րի չոր, արևա¬դաղ, անկյանք խշ¬շոցն էի լսում մեջս և հա¬զիվ զս¬պում ինձ, որ չտ¬րա¬քեմ: Ինձ Ա¬րա¬մը փր¬կեց.

– Այստեղ ոչինչ մի՛ արա,– հրամայեց ու խնդրեց նա,– աղջկան կվնասես.

Հեռանալիս, այն էլ ժամանակ անց հիշեցի այն մի կաթիլ արցունքը, որ տեսա եկեղեցի տանող աստիճաններին նստած մուրացիկի գլխավերևում համրացած տարփուհու աչքերում, լո՛կ մի կաթիլ, երկու արևահամ աչքերում ինձ համար պահպանված մի կաթիլ արցունք, որովհետև ե՛ս էի նրա չմեռած սերը.

– Արա՜մ,– աղերսեցի ես.

– Ես չե՜մ. Այդ ե՜ս չեմ: Ե՛ս չեմ.– կրկնեց նա:

Ես հիմա կանգնած եմ սենյակիս մեջ և տեսնում եմ չորս, դռնից այն կողմ, դեպի ինձ մոտեցող ուղիղ չորս լղարիկ վայրկյաններ, որ բաժանում են ինձ կատարելությունից: Բայց դուռը բացվեց, և ես տեսա Արամին: Ես փոխել էի կացարանս, որ մենակ լինեի այդ պահի հետ, բայց Արամը եկավ, և ես դարձյալ չզարմացա:

– Ապրես,– ասաց նա,– դու երրորդ կիրակին էլ դիմացար. բայց քեզ հաց ուտել է պետք, արի նստի՛ր: Համբերել ես սովորում,– ժպտաց նա:

Ես գիտեմ, թե ինչու էր եկել Արամը: Ե¬կել է, որ ինձ տանի հեռվի սարերում կորած այն գյուղը, ուր իմ հայրն է թաղված: Նա գիտե, որ ինձ Լեռանը մոտ չի՛ կարելի, չի՛ կարելի. գիտե, որ ես մենակ ուժ չունեմ վերադառնալու ծննդավայր, ուր ինձ սպասում է իմ ծեր մայրը, ով ապրում է իմ հիվանդ, խելագարությամբ տառապող եղբոր հետ: Այն եղբոր, ում դժբախտության ու տառապանքների հաշվին ես ընդունակ դարձա:

Ժամանակ անց Արամը բարձրացավ տեղից, գրկեց իմ մաշված ու ցնցադող ուսերը, սեղմեց կրծքին:– Ներիր,– ասաց նա,– ներիր, որ չէի հվատացել. Սկզբում, երբ ասացիր,– պարզաբանեց Արամը,– չէի հավատում, որ դու խնդրել ես Նրան.

Գլխահակ ու անշարժ` ես փորձում եմ մտաբերել իմ մանկության լեռները: Կատարները, որ մագլցել եմ, որոնք այս պահից արդեն ինձ էին սպասում: Հանկարծ ոտքի թռա: Մի խնդուն ու դավադիր ցասում ծամածռում էր ինձ: Եղբայրս: Ես հիշեցի նրա ժպիտը. այդ նա՛ էր ինձ ասել, այդ նա՛ գիտե գագաթի տեղը, որտեղից տեսանելի է Աստծո Լեռը.

 

Կարծիքներ

կարծիք