Ժամանակը ցանկապատի վրա

 

 

20-րդ դարի երկրորդ կեսի գերմանացի նշանավոր բանաստեղծ, արձակագիր և թարգմանիչ: Բոբրովսկու պոետական շունչը քանդում է տարածաժամանակային բոլոր կապանքները, և պատկերային եզակի մտածողության միջոցով թափանցում մարդուս ներարշխարհ:

 

 

 

 

 Ինչ անուն տալ

 

Ինչ անուն տալ-

ահա ծառը, և թռչունը` թռիչքի մեջ,

ժայռը` կարմիր-այնտեղ կանաչ հոսքն է

ձգվում, ահա ձուկը`

ճերմակ ծխի խորքում, երբ մթնում է,

և կանգնում է մութը անտառի դեմ,

կանգնում է, թեք:

 

Նշաններ: Գույն: Սա մի

խաղ է, ես դողում եմ վախից.

-հանկարծ, երբ վերջը գա,

հանկարծ ու չարը չխափանվի:

 

Եվ ո՞վ է ինձ հենվել,

ի՞նչ եմ մոռացել ես. քունը

քարի, քունը

թռչունների, թռիչքի մեջ, քունը

ծառի, և մթության միջով

նրանց ճ՞իչն է թռչում:

 

Եվ կա – աստված-

միս ու արյուն-և մի աստված,-

նա ինձ պիտի կանչի, իսկ ես

դեռ կուշանամ , պիտի թափառեմ ես, ես

կսպասեմ մի քիչ, ես կուշանամ, մի քիչ:

 

 

Օրվա մեջ

 

Ով շեղվել է

ով երգում է ձեռքերով

քամիները բացվում են

և պատասխանում

ոսկե բերաններով:

 

Գեղեցիկ լռություն է

մենք կգնանք ներքև

և ձկնորսներին կասենք

մեկնեցեք

մի սպասեք գիշերվան:

 

 

Ունդինե

 

Ծառերի ստվերներից

Վերև`

չասված խոսքը,

տերևներից`

մի թեքված ձեռք:

 

Դու ոտք ես դնում կամուրջին:

Դու բերանիդ վրա մի ծաղիկ ես կրում:

Դու թաքնվում ես աշտարակին:

Դու նետում ես ճաքած կայծքարը հեռու:

 

Ես կրակ չունեմ:

Չոր ճյուղերի մեջ թռչուններն են քնած:

Լսելի ապրում են տանիքին

փեղկեր և ճիչը շրջանակների:

 

Շնչառություն,

ինձ տար:

Մթություն,

խոսիր ձեռքերիս հետ:

Ջրի խշխշոցը բույներ է կառուցում

փետրավորված լռության մեջ:

Ջրերի տակ տները

իրենց դռները բաց են պահում,

քարերից մի սանդուղք է առաջ գալիս:

 

 

Կայծակ

 

Ես կորանում եմ

ավազին,

ես աղեղ եմ խեցիների վրա,

ես նետվում եմ դեպի ծառը,

ես թեքվում եմ ճոճվող տերևին ապրող

խխունջներից այն կողմ,

ես ընկնում եմ ճռռիկների թռիչքի մեջ

և մոտիկից

անցնում եմ թռչունների թևերի կողքով,

մեկն ինձ տալիս է

մի քուն-ես կքնեմ կրակների մեջ,

և մի շնչառություն ձյունից,

մեկը ցույց է տալիս մի կիրճ

քամիներից ներքև:

Զվարթ մեկնում եմ ես

անտառների վրայով, ես չեմ խոսում,

ես չեմ լսում,

ով խոսում է, նա չի լսում:

Ջուրը ինձ ձգում է վեր,

նա ասում է,

ես վառվում եմ:

 

 

Քո ձայնի հետ

 

Քո ձայնի հետ

մինչև գիշեր

խոսում է ուռենիների թավուտը, լույսերը

թռչում են նրա շուրջ:

Բարձրում մի ջրածաղիկ

մտնում է խավարի մեջ,

գետը շնչում է

բյուր կյանքերի հետ:

 

Խնգեղեգներում

ես իմ տունն եմ հյուսել:

խխունջն

անլսելի

գնում է ահա տանիքիս վրայով:-

Ընդգծված են ափերը ձեռքերիս`

այնտեղ ես գտնում եմ քո դեմքը:

 

 

Ճանապարհին

 

Այդ երեկոն. քամու մեջ`

ջուրը: Մենք գնացինք հեռու

խորության վրայով-

և կեսգիշերը

իջավ լորերի տագնապի

ուղիներով, դողում էին նրա թևերը-

մի անգամ մենք գալիս էինք

տափաստանի եզրով,

վարունգի դաշտերով մենք եկանք,

ճանապարհին ուղտերն էին

ծնկել: Մի մարդ

վեր կացավ, խորունկ աչքերով,

հին գեղեցկությունից, ուղտերից այն կողմ տեսավ

հեռուն, ծովի մշուշի մեջ:

Էնկիդուն էր մշուշի հետևում:

 

Ախ, ինչպես նա մոտեցավ

վիթերի  ջրարբին,

մութ հայցքով: Ես տափաստանում եմ ծնվել,

ասաց նա, ես կպայքարեմ

մայրիների անտառում:

 

 

Հնձվորները

 

Քեզ ծանո՞թ է

արահետը: Ավազե բացվածքի շուրջ:

Այնտեղ կանգնած է գիհին:

Եվ լաստենին: Զառիվայրի վրա

ագարակն է կախված:

 

Թույլ կանաչը հնձվորների:

Նրանք գալիս էին

երգելով, դողացող տարվա

լուծը ծոծրակներին, թմրած

ժամանակը` լայն ափերում:

 

Աղջիկ:

Անտառում:-Սահմաններ

այնկողմնային: Քո երգը կույր էր,

ինչպես հատակաձուկ, գիշերն արթուն էինք մենք,

մի ամպրոպ էր շաչում, նախահայրը

եկավ, երկար պատմեց

պատանեկությունն իր անցած.

 

Վաղորդայնի  մեջ ընկնում էին

եղջերուկները իրենց թաց

սոճուց: Նրանց միջև,

գորշ, դեմ առ դեմ կանգնած,

սուզվում էին գերեզմանաքարերը:

Սարդը

հյուսում էր իր գործվածքը դարպասի դեմ:

Ականջ դնելով աղմուկին ծղրիդների,

արծաթ-այսպես էին իրիկունները գալիս:

Լուսավոր

նետեր  կրծքի մեջ-

հետո մեզ օրերը մոտեցան:

 

Գերմաներենից թարգմանեց  Հակոբ Մովսեսը

 

 

Կարծիքներ

կարծիք