Ժամանակի ճոճքը

Բակում ճոճանակն անտեր էր մնացել: Միայն քամին էր ստեպ-ստեպ օրորում: Արամիկը, գլուխն առած ափերի մեջ, հետևում էր քամու օրորոցայինին: Հոգնեց նայելուց, գնաց այգու կողմը: Երբ հասավ տեղ, տեսավ, որ այգու դուռը փակ է:

-Ո՜ւֆ,- փնթփնթաց քթի տակ, շոշափեց կողպեքն ու գնաց:

Վազեց տուն, բոլոր սենյակներում փնտրեց պապին:

-Պապ,- ձայն տվեց Արամիկը:

-Հա, հա, Արամ ջան, էստեղ եմ, արի,- պատասխանեց պապը:

-Պապ, մեր այգում էլ Աշոտենց ճոճանակից կսարքե՞ս:

-Հա, ոնց չեմ սարքի, Արամ ջան, անպայման: Բայց նայիր՝ թերթերն ինչ են գրում, ջուրը պետք է խնայողաբար օգտագործենք, մի քանի տարի հետո հնարավոր է ջրի խնդիր ունենանք:

-Պապ,- աչքերը բարկությունից կարմրած ասաց Արամիկը,- ինձ հիմա ջուր պետք չի, ինձ ճոճանակ է պետք: Ինչո՞ւ պետք է Աշոտն ունենա, իսկ ես՝ ոչ:

-Նրա համար հայրն է պատ…,- ասաց պապն ու միանգամից զղջաց, բայց արդեն ուշ էր:

-Ես որ հայր չունեմ, մի ճոճանակ ունենալու արժանի չե՞մ,- գոռաց երեխան ու վազեց դուրս:

-Ախր, Արամ ջան,- հետևից ձայն տվեց պապը,- կսարքեմ, բալա ջան, անպայման կսարքեմ:- Ճմռթած թերթով սրբեց արցունքներն ու փուլ եկավ բազմոցին:

***

Առավոտյան Արամենց այգուց մուրճի ձայն էր լսվում: Արամ պապը մի ձեռքով մուրճն էր պահել, մյուս ձեռքով՝ ծխախոտը. «Հիմա դու պիտի տղայիդ համար ճոճանակ պատրաստեիր, ես քո փոխարեն հողի ծանրությունն զգայի»,- մտքում կռիվ էր տալիս տղայի հետ:

Մի քանի ժամից Արամիկի աչքերն ուրախությունից շողշողում էին. չէ՜, ինքն անտեր չէ:

***

Մի քանի օր էր՝ հարս ու սկեսրոջ արանքում անջրպետ էր գոյացել:

Արամ պապը, չխառնվելով նրանց վեճերին, գնում էր այգի, խոսում հողի, ծառերի հետ, թեթևացնում սիրտն ու գնում տուն: Հարսի մասին լավ լուրեր չէին հասնում ականջին, բայց չլսելու էր տալիս. միայն թե Արամիկն իրենց հետ ապրի:

Մի օր էլ հարսին իրենց այգում տեսավ Արամիկի հետ խաղալիս. փեշը կարճացել էր: Սրտին դանակով խփեիր՝ արյուն չէր գա: Այդ աժդահա մարդը միանգամից փոքրացավ, դարձավ մի բուռ: «Սիրուն է շան աղջիկը»,- մտածեց՝ փորձելով արդարացնել հարսին:

-Հայրի՛կ,- ձայն տվեց հարսը:

-Սսս՜,- մատով փակեց հարսի բերանը,- գիտեմ, գալու էր այդ օրը: Քեզ ամուսին է պետք, Արամիս էլ՝ հայր, բայց, խնդրում եմ, մեզնից չկտրես նրան: Էս ճոճանակը թող անտեր չմնա:

***

-Սիրուն է շան աղջիկը,- դուռը նրանց հետևից փակելով ասաց Արամ պապը:

***

Այգում ճոճանակը երբեմն-երբեմն օրորվում էր…

 

 

Կարծիքներ

կարծիք