Կոճկիր ձանձրույթդ

Հեղինակ:

 

* * *

Դատարկ միջանցքներ

Նախադասություններ

Առանց վերջակետի

Ու մարդիկ

Առանց սիլուետի

 

Անփայլ արևներ

Ահռելի պատեր, ժանիքներ

Վարագույր ուրվականներ

Միայնություն

Միայնության հետ

 

* * *

Կոճկիր ձանձրույթդ

Կոճկիր խոսքերդ

Կոճկիր խոսքերդ

Թախիծդ

Օրը մաշվել է հագիդ

Կոճկվիր

Ճամփաները քեզ համար չեն

Հավաքիր ոտնահետքերդ

Խմիր ծովն անցած օրերի

Տար արցունքներդ

Կոճկվիր…

 

* * *

ՆՈԿՏՅՈՒՐՆ

 

Անքուն լուսինը ձեռքերը գրպաններում

Ման է գալիս փողոցում և ծխում

Երբեմն էլ սուլում հենց այնպես

Փողոցի շներին դյութելու համար:

 

Պոետներն ստեղծված են

Որպես հասարակ ժամանց

Նրանք առանց այդ էլ հոգնած են

Հմայելով մարդկանց

Հավերժահարսերի հմայքով

Պոեմները նրանց հեքիաթներն են

Պոռնիկների հիշատակին

Նրանք դժբախտ են

Մի նախանձեք բարի մարդիկ

Վիշտը նրանց մի օր է

Մահն էլ

Լոկ ակնթարթ:

 

* * *

Կյանքը քեզ գլորեց

Գլորեց

Երեխայի խաղի պես

Հեռվում մի գնացք սուլեց

Ու մի օր ծնվեց

Ու մի օր կորավ

Կնճռոտ հորիզոնը

Հանգավ աչքերիդ մեջ

Ու կյանքը քեզ գլորեց

Գլորեց

Երեխայի խաղի պես:

 

* * *

Եվ գնացին առանց գտնելու

Առանց հիշելու

Իրենց կյանքը

Իրենց կրկնվող մահը

Սակայն հեռու

Շատ հեռու

Նրանք ունեին իրենց սեփական

ԳԵՐԵԶՄԱՆԸ:

 

* * *

Ննջում են պատշգամբներից

Կախված անդրավարտիքները

Թգիտենալով որ ներքևում

Ճայլող սալահատակին անդրադարձած

Իրենց ներքնաշխարհը կա…

 

* * *

Ճաղեր կան գետնին

Ում համար ինչու

Ճաղեր ճաղերի համար

Ստվերներ ճաղերի սրտում

Ճաղեր են նրանք ճաղերի ետևում

 

Ճաղեր կան տանիքներին

Ու ճաղեր պատուհանների համար

Հետո կան ճաղեր գիշերվա խաղում

 

Մոխիր դարձած ձեռքեր

ձեռքեր բոլորիս ձեռքերում

Ճաղեր են նրանք ճաղերի ետևում

Ճաղեր կան ոտքերի համար

որ շատ են քայլել

Ճաղեր պատերի նման

պատեր ճաղերի համար

Լոկ ճաղեր ճաղերի ետևում

Եվ ես եմ այստեղ

Այն խորանարդ օդով

Ուր մարմինն է իմ

Գուցե ես էլ մի ճաղ եմ

Բոլոր այն սև ճաղերի ետևում:

 

* * *

Լաց լինել հուզվել չգիտեմ

Հոգիս մի մոխրաման է

Երբ ցուրտ է

Թմրած ձեռքերս

Գրպաններումս

Սպասում

եմ…

Մինչդեռ

Դռան ետևում

Դու նույնպես

Սպասում

ես…

 

* * *

Եվ մարդը ցանկացավ

Ճամփաների գլուխը գտնել

Ծովերի բաբախող մերկությունը տեսնել

Եվ էլի ինչ-որ բան…

Ի՜նչ արած

Ու դարձավ նա ճամփորդ…

 

* * *

Կոշիկները դագաղներ են փոքրիկ

Որ կրում ենք մենք մանկուց

Երկարում են նրանք աննկատելի

Եվ մի օր մեզ կլանելով

Իրենց կոնքերի քայլերգի տակ

Գերեզման են նրանք մտնում

Կոշիկները…

 

 

Լուսանկարում- ձախից աջ՝ Սլավիկ Չիլոյան, Միշել Փոլադյան, 
Երևան, 1962թ

Կարծիքներ

կարծիք