Քո ծառը

Հեղինակ:

 

Նա երկինքն էր կենդանի պահում…Թեև կույր էր և ոչ մի անգամ ոչ մի առարկա կամ շնչավոր արարած դեռ չէր տեսել: Եվ ոչ էլ շոշափելով կարող էր զգալ որևէ բանի կազմվածքը կամ թե բաղադրությանը հասու լինել, որովհետև նա ընդամենը փչակ էր` սև մի խոռոչ: Կարծես մի գիշերվա բվեճը ծվարել, ժայռացել էր ծառաբնին և հիմա հսկում էր սեփական անմահությունը:

Բայց եղավ, որ նա իմացավ իր մեռնելու օրը: Զարմացա ՜ծ էր փչակը… Դա լինելու էր այն օրը, երբ տեսնել կարողանար: Անհնար, բայց փչակի համար բաղձալի մի իրողություն, որը երբեք էլ չէր կարող պատահել: Այդ բանը նրան բացահայտվեց հանկարծակի ու ինքնին, մի օր, երբ դարձյալ հանձնվել էր ճախրանքների գիրկը:

Ամբողջ մոգությունն այն էր, որ այս փչակը ձայներով էր առլի… Անեզրության մեջ շիթված բոլորակողմ մխիրճների ինքնաարձագանք ու հարագնա դղիրդներով, որ կոհակվում էին մինչև աննյութ շառափումներ և անկշռություն ծնում…

Բայց հիմա հառաչանքներ էին նվում նրա մեջ… Դաժան, մեռնող տերևների պարից ծնված շրշյուններ, այդ անտեր մրմուռը, որ ողջ ձմեռ պիտի ձայներգեր իր մեռուկացած արմատների ու սառցելուլա ճղների տվայտանքի հետ: Ձձմահարելով այդ խարխուլ արձագանքներն ու վերապտտելով այն իր մեջ` նա հսկում էր երկնքի կենդանությունը, ինչպես կեսգիշերին վեր թռած մարդն է ականջ դնում սրտազարկերին` կանխագուշակում ունենալով, թե ահա կանգնելու է սիրտը:

Դիմանում էր փչակը, որովհետև ծածուկ մի երազանք ուներ` բողբոջների պայթյունը. ահա թե ինչին էր սպասում և ձգտում փչակն իր ողջ էությամբ և որը զորություն ուներ նրա կամքի վրա, ինչպես սիրած աղջկա ներկայությունը մի պատանու այլևս անհուսորեն թակարդված սրտի վրա:

Ծառահյութի առաջին խլրտոցի հետ փչակը զնգում էր, պահ առ պահ վերածվում ղողանջի, ապա ցնծում, ասես ներքին ջրերի մթար, բայց կենսատու ծեփծփանքը լիներ: Գիտեր և ամբողջ ուժով դիմակայում էր իր խելագարվելուն փչակը, որովհետև շուտով լսելու էր բող-բոջների պայթոց… Լսելու էր համատարած, ցնորախռիվ վարարումներից ճաք տված աչիկների դողը, այդ բեղուն տրոփյուններն ուղիղ անհունի սրտի մեջ, այդ արբունքի ու սարսուռի ձույլը, որ հանդա՜րտ ճարճատումներով առնելու էր նրան այն հարահոս և անկառավարելի ճախրանքների գիրկը, ուր քիչ, շատ քիչ էր մնում, որ ձայները պռունկեին անեզրությունը, և փչակն ուր որ է պիտի տեսներ. տեսներ համայնը…

-Դա՛փ

Հենց փչակի գլխավերևում փեղկվեց կացինը:

-Էստե՛ղ արի,- գոռաց մարդն ու պտույտի գնաց ծառաբնով:

Թնդում էր ծառը, մզզում, այդ բութ ցավը գրկած` վազում էր արմատներից դեպի ճղներն ու հակառակը` փողփողում և հուր ու շառաչ էր ուզում քամել իրենից: Գվվոցների մեջ շշպռվել ու շառագունում էր փչակը:

-Սղոցն ո՞ւմ թողիր,- բորբոքվեց պառավը:- Չե՞մ ասել,- փնչաց ու կուլ տվեց խոսքը,- չե՞մ ասել, թե մոռացիր…խաչ քաշիր վրան…

-Իսկ սա՞յլը,- շեղեց նրան աղջիկը:

-Թող մնա՛,- բղավեց պառավն ու դարձյալ պտույտի գնաց ծառի շուրջ:- Սե՜ր: Սիրո՜ւմ եմ,- հեգնեց նա:

-Խե՞ժ է,- մոտ գալով հարցրեց աղջիկը:

-Հա՛: Դու վերև նայիր: Ո՞ր կողմն են թեքված ճղները:

-Էս,- քիչ անց ասաց աղջիկը:

-Լա՛վ նայիր, թե չէ`տակը կմնանք…

-Էս կողմը:

-Ահա. ուրեմն կախ չի՞ ընկնի էն ծառերից…

Քանի դեռ ուսումնասիրում էին տեղանքն ու ճյուղերի դասավորությունը, քննարկում գործի հերթականությունը` աղջիկը մի ձեռքով գրկել էր ծառը: Հետո ափն ու մատները բացվեցին լրիվ, փարվեցին ծառին, և նույն պահ հարազատ մի ջերմություն ալիքեց նրա մարմինը: Հանկարծակիի եկած աղջիկը շփոթ հայացքով չորս կողմն էր դիտում` ասես որսալու կամ տեսնելու ձայնի ակունքը, որ անմեկնելի, բայց հոգեթով շշուկներով հորդում ու հորդում էր դեպի իրեն:

-Արո՜ւս: Արուսյա՛կ…

Աղջիկը տեսնում էր կնոջ շարժվող շուրթերն ու թարթիչների հաճախակի ճպպոցներից սղված այդ մշտական հայացքը` այդպես էլ չհասկանալով, թե ում ձայնն էր լսում: Կինը թողեց նրան ու բարկացած քայլերով գնաց դեպի սայլը` այն տեղափոխելու և ձիերին վարսակով կերակրելու, որովհետև բեռը ծանր պիտի լիներ: Բայց շուտով էլ կանգնեց, բարձրացրեց ձայնը, ասես հեռավորությունը նրան հոխորտալու առիթ էր ընձեռում:

-Ո՞ւմ համար, քո՞, թե՞ էդ թոկից փախածի…

Մգլած անտառի մեջ նրա ձայնը զրնգում ու մարում էր նույն պահի մեջ` առանց արձագանքելու: Մի քանի քայլ Արուսյակն առաջ եկավ այնպես, որ նրա տեսադաշտում լիներ: Կինը արցունքոտվում էր:

-Գիտեմ,- ասաց աղջիկն ու խոնարհեց գլուխը,- գիտեմ, տա՛տ:

-Գիտի՜ նա,- ծոր տվեց կինը աննահանջ, առանց հուզմունքը մեղմելու փորձի և գլխավորը` անարցունք:- Մենք չե՞նք սիրել… սրա՛ն տես… սիրո՜ւմ է: Նա էլ հետ չի՛ գա, Արո՛ւս…

-Ինչպե՞ս թե չի գա: Ինչ­որ բա՞ն գիտես… լսե՞լ ես…

-Հա՛: Գիտե՛մ,- ասաց նա կտրուկ, անդող:

Արուսյակն ակամա քայլ արեց ու ճոճվում էր` բոցկլտուն աչքերը հառած տատին` հևակուրծք ու շնչահատ:

-Գիտեմ, որ չի գալու…

-Տա¯տ…

Լուռ, իր հաղթական ու անշարժ կեցվածքի մեջ մի քանի վայրկյան էլ սպասեց կինը, ապա շրջվեց ու հեռանում էր:

Արուսյակը դեն շպրտեց ռետինե ճտքակոշիկները, կարողացավ գուլպաներից էլ ազատվել, և հիմա հողի սառնությունը կենդանացնում էր նրան: Ասես աղջկան կախարդել էին դողի, խոսելու անկարողության և ծեր կնոջից հայացքը կտրել չկարողանալու միջև: Նրան հետամուտ` աղջիկը գրեթե մի ամբողջ պտույտ գործեց ծառի շուրջ, առանց իմանալու, որ քայլում էր խստորեն արմատների եզրագծով, խաղաղվում, ասես ամոքիչ մի հանգստություն էր իջնում վրան: Բայց դողում էր, ինչպես ծառը` աննշմար, լուռ: Ասես սրբազան մի սոսափ գգվել երկուսին ու պատերազմում էր իր ներսը փոթորկող խանդի կույր ու անկասելի ու խորհրդավոր մղկտոցների հետ, որ մի քիչ էլ սոսափ մնար…

Արուսյակը շարունակում էր հետևել պառավին` դեռևս վրիժառու աչքերով, անսփոփ: Նա փորձում էր կնոջ շարժուձևի ու գործողությունների մեջ մի անբնական ընթացք տեսնել, շեղված մի վարանում կամ շտապողականություն որսալ` հույսի մի նշույլ, որ ընդվզեր, որ դիմանար իրեն ծվատող ավերվածությանը: Բայց հանգիստ էր պառավը. Սառը, հաշվենկատ, անողոք:

Եվ չգիտեր աղջիկը, թե հողի ու իր ներբանների միաձույլ թրթռոցն իրականում միլիարդ կայծակ էր պարպում նրա ամեն մի սրտազարկի հետ, միլիարդ հույզ ու խռովք…

Եվ չգիտեր, թե ծառն առնում էր իր ցավերը, քաշում սաղարթներն ի վեր ու խնդում նրա սրտիկը տան¬ջող այն վաղնջական քաղցրություններից, որովհետև նա այս աղջկա ծառն էր… դեռ նախածին ջրիմուռի միջից` այս ծառի ու այս աղջկա նախատատերի համատեղ եփի, այդ զուգորդված և անբաժանելի և անկործան կյանքի էթնոսը լինելու սկզբից:

Հետ էր դառնում պառավը: Նրա մոտենալու հետ Արուսյակը շոշափելի զգում էր այն սաստկացող ձգողությունը, որ հորդում էր ծառից: Մինչդեռ աղջկա հրձիգ, ավերիչ բոբիկությունը խշշոցների բազմերանգ ու բյուր ծածանումի մեջ առել ու պրկում էր ծառին միալար մի ցնցումով, այնպես, որ արմատ ու բուն, սաղարթ ու ճյուղ քարացել, բայց ներսից կրակվել ու փերթ­փերթ վառվում էին և նոր խորշեր ծնում փչակի մեջ… Բզզյունների ու բվվոցների անդադար հոսքից ուշաթափվել էր փչակը` ինչպես փեթակն իր եռացող պարսերի մեջ: Բայց աղջկա ամեն քայլքից վեր էր թռչում` գվվում մի նոր ահագնությամբ, ինչպես թե արջ էր մոտենում ակնամոմերին…

Հետո Արուսյակը ծառին դիպավ… ասես փարվեց հարազատ ջերմությանը, լիակուրծք շնչեց կարոտած բույրը և հոգեհմա շշուկներ լսեց, որ դարձյալ գտան ու իրենց գիրկը տարան աղջկան: Նրա մատները սահեցին ծառաբնով, շոյեցին կեղևի մամռած ակոսները, ձուլվեցին փոսիկներին ու համրացան` անտագնապ, անդող: Շրշա¯ց ծառը… Աղջկա ձեռքի երակների ու ավիշների ամբողջական ճառագայթումը, այդ ավյունատրոփ հեղեղատը խլրտաց ծառն ի վեր` ինչպես համատեղված հազար գարուն…

Կարճատև մի պահ, երբ առանց իրեն հաշիվ տալու կամ հասկանալու արածը, աղջիկը դուրս էր քաշում կացինը ծառից` նրա մատները փչակին դիպան: Դեռ չէր հասցրել փչակը կեծապատ հողմերից հետ առնել կորսված լսողությունը, երբ զգաց աղջկա շնչառությունը` այդ տաք, սարսուռե առեղծվածի տուրևառումը…

Դեռ չէր ազատվել ծառը նվացող ցավից, երբ աղջկա մարմնադող քնարումները խռովեցին նրան: Հրահուռ մի խայտանք մազարմատների բոլոր ճյուղավորումներով միաժամանակ ալեկոծվեց ծառն ի վեր ու ոլորեց, ճոճեց ու քամում էր նրան շոգեհարությամբ, ապա ուշքի բերում, ցնցում նորանոր ճկումների մեջ, մինչև որ ծառը կըմբռներ, թե աղջկա սրտխփոցներն էին տրփում իր մեջ.

-Նա¯ է,- շռնդաց ծառը,- իմ պահապա¯նը…

Հետո լռեց և շունչը բռնած ցոլարձակում էր: Գույներ էր եփում ծառը: Խմորում, զատում, դարձյալ շաղախում և արծաթյա օղակներ էր ծնում բնից, ճղներից ու ամեն փշատերևի մատնաջլերից: Այդ մեծ ու փոքր օղակները ընդարձակվում ու պատռում էին այս անտառիկը, զարկվում լեռներին, ճեղքվում մի տեղ, վերակազմվում, շղթայվում իրար ու փարվելով հորիզոններին ուզում էին կոծկել, շղարշել բաց թողնված ցավի դռները, որ ոչինչ ու ոչ մի բան չկարողանար գտնել Արուսյակին… Վերևից բարձրավանդակը նման էր մեղմահույզ օրորից դադար ու պրծում չունեցող մի լճի, ուր ընկնում ու ընկնում էին երկնի աստղերը…

-Արո՛ւս,- ճչաց կինը,- Արո՞ւս…

Թվաց, թե պառավը մոլորվել էր աղջկա ճտքակոշիկների միջև` մեկից մյուսը վազելով ու հայացքը չորս կողմ պտտելով, հուսահատ` թանձրացող մշուշի մեջ ոտնահետքեր փնտրողի պես:

-Ես ի՞նչ անեմ: Ի՞նչ անեմ,- կրկնեց նա ծնկներին խփելով ու կռացավ կոշիկը վերցնելու:- Չե՞ս տեսնում, որ ողջ աշխարհն է թափվել մեր գլխին: Ողջ աշխարհը…

Արո¯ւս…

Գլուխը մի կողմ թեքած սպասեց` մինչև որ ձայնի արձագանքը կմարեր: Բայց չէր շարժվում. կարծես փորձում էր կռահել աղջկա հեռանալու ուղղությունը: Ապա հևաց, քայլեց դեպի մյուս կոշիկը: Երբ ուզում էր վերցնել, մտափոխվեց ու նստեց գետնին. ավելի ճիշտ ընկավ` ինչպես վիրավոր մի հավք թռչելու փորձ անելիս` մոռացած կամ չհամակերպվելով, թե կոտրած էր թևը…

Լաց եղավ կինը` դառը, անսփոփ, անձայն…

-Չէ՞ որ դու իմ միակն ես… միա՜կը.- դարձյալ գլուխը չորս կողմ պտտեց` անընդհատ արցունքները սրբելով, որ հանկարծ Արուսյակը չհայտնվեր ու չտեսներ իրեն այդպես:

— Արո¯ւս, ձայնեց կրկին, և երբ ուզում էր աղջկա հոր անունը տալ, ամեն անգամվա պես, թվարկեց ամուսնուց սկսած բոլոր եղբայրների, ապա տղաների անունները և նորից լաց եղավ:

-Ի՞նչ անեմ,- մի ուրիշ ձայնով հոխորտաց նա` արցունքների միջից դեպի ծառը:- Էդ թոկից փախածը մի ներողություն չկարողացա¯վ խնդրել… ես ի՞նչ անեմ…

-Ջադո՛ւ,- շշնջաց աղջիկը,- ջադո՛ւ…

-Մի բառ էր, չասաց: Գոնե կե՜ս բերան չասաց… Հիմա էնտեղ, ուրիշ հող ու ջրի վրա, կասի՞, հա՞

-Ջադո՜ւ ջան… ո՜ղջ է… ես գիտեի: Գիտե՛մ ախր…- դողացող ձեռքերը փչակի կոշտուկներին` հևակուրծք ու հևասպառ, ձգվեց Արուսյակն ու դեմքը թաղեց փչա¬կի մեջ, որ ոչ ոք չլսեր, չիմանար ու չհասկանար իր հոգու գաղտնիքը:- Ախր ես սիրում եմ նրան, սիրո՜ւմ եմ,- ասաց նա բաց աչքերով` այդ երկու նշաձև, արցունքաշող արեգակներով…

Ասես շնչավոր ու անշունչ աշխարհների միջև զեղվում էին սահմանները, կենդանանում, և հաղորդության ժամ էր. ահա սսկվեցին, ջնջվեցին կեղծ աստվածները…

Մի պահ էլ աղջիկը մնաց ոտնաթաթերին` ծառին ձուլված ու դողահար, ձգված մարմնով, մինչև որ նոր շունչ կառներ.

-Սիրում եմ…

Հետո Արուսյակը շրջվել ու կարկամել էր ճախրանքների գահավիժումից դադար չունեցող գլխապտույտի մեջ, այդպես էլ չկարողանալով զանազանել ուշագնա և արբունքե սահմանը երկնքի ու երկրի միջև, մինչև որ որսաց անտառի ցնորածին տատանումները: Մի սգաթիթեռ էր մեռնում հենց իր ոտքերի մոտ: Մի ակնթարթ էլ տեսավ աղջիկը մեռնողի վերջին բաբախը մթաշեշտերի խռիվ և լուսե սյուների ծլլակաթ օրորի մեջ, ապա կուրացավ իր ուսերից ծիկրակող փչակի հետ մեկտեղ, որովհետև ահա մեռնող սգաթիթեռի թևերի բացվածքից շնչեց մեն մի բոժոժ և այդ հևքից` արտաբխեց հյուսիսափայլը…

Անդին 01.2014

Կարծիքներ

կարծիք