Հանդիպում երազում

 

 Ինը Դանտեական էսսե շարքից

8.Հանդիպում երազում

 

Դժոխքի պարունակներն ու Քավարանի խրթին բոլորակներն անցնելուց հետո Դանտեն երկրային Դրախտում ի վերջո տեսնում է Բեատրիչեին. ՕզանամըI  ենթադրում է, որ այս տեսարանը (վստահաբար գրականության հաջողած ամենազարմանալի տեսարաններից մեկը) «Կատակերգության» առաջնային միջուկն է: Ես կփորձեմ պատմել այն, ամփոփել սքոլաստների ասածները և ներկայացնել հոգեբանական բնույթի որոշ, գուցե նոր դիտողություններ:

1300 թվականի ապրիլի տասներեքի առավոտյան՝ իր ճանապարհորդության նախավերջին օրը, Դանտեն, ավարտին հասցնելով իր աշխատանքը, մտնում է երկրային Դրախտ, որը պսակում է Քավարանի գագաթը: Նա տեսել է ժամանակավոր և հավերժական կրակը, անցել է կրակի պատի միջով, նրա կամքն ազատ է և ուղիղ: Վերգիլիուսը նրան օծել է և թագադրել՝ իրենից վեր դասելով  (per ch’io te sovra te corono e mitrioII ): Վաղնջական այգու կածաններով անզուգական ականակիտ գետ է հորդում, թեպետ ծառերը թույլ չեն տալիս, որ այն լուսավորվի լուսնի կամ արևի լույսով: Օդում երաժշտություն է հոսում, մյուս ափին խորհրդավոր մի թափոր է առաջանում: Քսանչորս ճերմակազգեստ ծերունի և վեց թևին պսպղուն բաց աչքերով չորս կենդանի առաջնորդում են հաղթական կառքը, որ քշում է գրիֆոնը. աջ կողմում երեք կին է պարում, որոնցից մեկն այնքան կարմիր է, որ կրակի մեջ հազիվ կերևար. ձախ կողմում ծիրանագույն չորս կին կա, որոնցից մեկը երեք աչք ունի: Կառքը կանգ է առնում, և շղարշավոր մի կին է հայտնվում. նրա զգեստը վառ բոցի գույն ունի: Ոչ թե տեսողությամբ, այլ իր ոգու ապշանքից և արյան սարսուռից հասկանում է Դանտեն, որ դա Բեատրիչեն է: Դրախտի շեմին զգում է սերը, որն այնքան անգամ խոցել էր իրեն Ֆլորենցիայում: Երկյուղած մանկան պես փնտրում է Վերգիլիուսի նեցուկը, բայց Վերգիլիուսն այլևս նրա կողքին չէ:

Ma Virgilio n ‘avea lasciati scemi

di sռ, Virgilio dolcissimo patre,

Virgilio a cui per mia salute die’ miIII .

Բեատրիչեն տիրաբար կանչում է նրա անունը: Ասում է, որ պետք է ողբա ոչ թե Վերգիլիուսի կորուստը, այլ իր սեփական մեղքերը: Հեգնանքով հարցնում է՝ ինչպես է շնորհ արել տրորելու այն հողը, որտեղ մարդը երջանիկ է: Օդը լիքն է հրեշտակներով, Բեատրիչեն նրանց անողոք թվարկում է Դանտեի զանցանքները: Ասում է, որ իզուր էր ինքը նրան փնտրում երազներում, քանի որ նա այնքան ցածր է ընկել, որ նրան փրկելու այլ ճար չկար, քան դատապարտվածներին ցույց տալը: Դանտեն ամոթահար խոնարհում է աչքերը, կմկմում ու լաց լինում: Առասպելական էակները լսում են. Բեատրիչեն նրան ստիպում է խոստովանել… Իսպանալեզու վատ արձակով այսպիսին է Դրախտում Բեատրիչեի հետ առաջին հանդիպման ծանր տեսարանը: Թեոֆիլ ՍփյորինIV  հետաքրքրական կերպով նկատում է («Einführung in die Göttliche Komödie», Ցյուրիխ, 1946). «Անկասկած, Դանտեն ինքն այլ կերպ էր նախատեսել այս հանդիպումը: Նախորդ էջերում ոչինչ չի հուշում, որ այստեղ նրան սպասում էր իր կյանքի մեծագույն ստորացումը»:

Մեկնաբանները կերպար առ կերպար վերծանում են տեսարանը: Հայտնության (4, 4) առաջին քսանչորս ծերունին Հին Կտակարանի քսանչորս գիրքն են՝ ըստ սուրբ Հիերոնիմուսի «Prologus CaleatusV» -ի: Վեցնաթև կենդանիներն ավետարանիչներն են (Տոմազեո) կամ Ավետարանները (Լոմբարդի): Վեց թևերը վեց օրենքներն են (Պիետրո դի Դանտե) կամ ուսմունքի սփռումը տարածության վեց ուղղությամբ (Ֆրանչեսկո դա Բուտի): Կառքը համաշխարհային եկեղեցին է. երկու անիվը Կտակարաններն են (Բուտի) կամ գործուն ու հայեցողական կենսակերպերը (Բենվենուտո դա Իմոլա), կամ սուրբ Դոմենիկոն ու սուրբ Ֆրանցիսկը («Դրախտ», XII, 106-111), կամ Արդարադատությունն ու Խղճմտանքը (Լուիջի Պիետրոբոնո): Գրիֆոնը՝ արծվառյուծը, Քրիստոսն է՝ Բանի եռամիասնական միաձուլումը մարդկային բնության հետ: ԴիդրոնըVI  պնդում է, որ դա Պապն է, «որն իբրև հայրապետ կամ արծիվ հառնում է մինչ Աստծո գահը՝ նրա հրամանները ստանալու համար, և իբրև առյուծ կամ արքա ուժեղ ու զորավոր քայլում է երկրի երեսին»: Աջ կողմում պարող կանայք աստվածաբանական առաքինություններն են, ձախում պարողները՝ հիմնական առաքինությունները: Եռաչյա կինը Ողջամտությունն է, որ տեսնում է անցյալը, ներկան ու ապագան: Բեատրիչեն հայտնվում է, իսկ Վերգիլիուսը՝ անհետանում, որովհետև Վերգիլիուսը գիտակցությունն է, իսկ Բեատրիչեն՝ հավատը: Ըստ Վիտալիի՝ մյուս պատճառն այն է, որ դասական մշակույթին փոխարինում է քրիստոնեական մշակույթը:

Իմ թվարկած մեկնաբանություններն, անշուշտ, ուշագրավ են: Տրամաբանորեն (ոչ բանաստեղծորեն) դրանք բավարար ճշգրտությամբ արդարացնում են անորոշ գծերը: Կարլո Շտայները դրանցից մի քանիսը պաշտպանելուց հետո գրում է. «Երեք աչքով կինը հրեշ է, բայց Բանաստեղծն այստեղ չի ենթարկվում արվեստի արգելակմանը, որովհետև նրա համար շատ ավելի կարևոր է արտահայտել իր համար թանկ բարոյական խրատները. անսխալական ապացույց այն բանի, որ այս մեծագույն արվեստագետի հոգում առաջին տեղը զբաղեցնում էր ոչ թե արվեստը, այլ սերը Բարու հանդեպ»: Պակաս խանդավառությամբ Վիտալին է պաշտպանում այդ դատողությունը. «Այլաբանելու ջանքը Դանտեին հանգեցնում է կասկածելի գեղեցկությամբ օժտված հորինվածքների»:

Երկու բան ինձ անվիճելի է թվում: Դանտեն ուզում էր, որ թափորը գեղեցիկ լինի (Non che Roma di carro cosi bello, rallegrasse AffricanoVII ), և թափորը խրթնորեն տգեղ է: Կառքին կապված գրիֆոն, վրան բաց աչքեր դրոշմած թևերով կենդանիներ, կանաչ մի կին, մեկ այլ բոսոր կին, մեկ ուրիշը, որի դեմքին երեք աչք կա, քնի մեջ քայլող մարդ. սրանք ավելի բնորոշ են թվում ոչ թե երկնքի արքայությանը, այլ դժոխային պարունակներին: Զարհուրանքը չի թուլանում այն փաստից, որ այս կերպարներից ոմանք ծագում են մարգարեների գրքերից (ma leggi Ezechiel che li dipigneVIII ), մյուսներն էլ՝ սուրբ Հովհաննեսի Հայտնությունից: Իմ քննադատությունը ժամանակավրեպ չէ. դրախտային մյուս տեսարաններում հրեշավորը բացակայում է1 :

Բոլոր մեկնաբաններն ընդգծել են Բեատրիչեի խստությունը, մի քանիսը՝ որոշ տարրերի տգեղությունը. ըստ իս՝ այդ երկու շեղումները մեկ ընդհանուր ծագում ունեն: Ասածս, իհարկե, ենթադրություն է. մի քանի բառով կշարադրեմ:             Սիրահարությունը մի կրոնի արարում է, որի աստվածը սխալական է: Այն, որ Դանտեն պաշտում էր Բեատրիչեին կուռքի պես, անհակաճառելի ճշմարտություն է. այն, որ նա մի անգամ ծաղրել էր իրեն, մի անգամ արհամարհել, փաստեր են, որ արձանագրում է «Vita nuovaIX»-ն: Ոմանք պնդում են, որ այդ փաստերն ուրիշ փաստերի պատկերներ են. եթե այդպես է, ուրեմն ավելի պետք է ամրապնդվի տարաբախտ ու սնահավատ սիրո մեր վստահությունը: Երբ Բեատրիչեն մեռած է, Բեատրիչեն առհավետ կորած է, Դանտեն խաղում է նրան գտնելու հնարանքով՝ իր տրտմությունը մեղմացնելու համար: Ըստ իս՝ նա իր պոեմի եռակերտ ճարտարապետությունը խոյացրել է այդ հանդիպումն այնտեղ զետեղելու համար: Այդ ժամանակ նրան պատահել է այն, ինչ սովորաբար պատահում է երազներում. դրանք ապականվում են տխուր արգելքներով: Այդպիսին էր Դանտեի դեպքը: Բեատրիչեից ընդմիշտ մերժված՝ նա երազում է Բեատրիչեին, բայց նրան խիստ է տեսնում, նրան անմատչելի է տեսնում, նրան տեսնում է մի կառքում, որը թռչնառյուծն է քշում, որը յուրաքանչյուր թռչունն է և յուրաքանչյուր առյուծը, մինչ Բեատրիչեի աչքերը սպասում են իրեն («Քավարան», XXXI, 121): Նման երևույթները կարող էին հանդես գալ մղձավանջում. վերջինս հստականում և տարածվում է հաջորդ Երգում: Բեատրիչեն անհետանում է. արծիվը, աղվեսն ու վիշապը հալածում են կառքը, անիվներն ու քեղին ծածկվում են փետուրներով, այդ ժամանակ կառքը դուրս է հանում յոթ գլուխ (Trasformato cosi’l dificio santo / mise fuor teste… X), մի հսկա ու մի պոռնիկ գրավում են Բեատրիչեի տեղը2 :

Բեատրիչեն Դանտեի համար գոյություն է ունեցել անվերջ, Դանտեն Բեատրիչեի համար՝ շատ քիչ, գուցե բնավ երբեք: Մենք բոլորս կարեկցանքից, ակնածանքից ձգտում ենք մոռանալ Դանտեի համար անմոռանալի այդ ցավալի անհամաձայնությունը: Ընթերցում ու վերընթերցում եմ նրանց այդ անրջային հանդիպման արկածները և մտածում այն զույգ սիրեկանների մասին, որոնց Ալիգիերին երազել էր երկրորդ պարունակի մրրիկում. նրանք, թեկուզ ինքը դա չհասկանար ու չկամենար, իր չստացած երջանկության մթին էմբլեմներն են: Մտածում եմ Ֆրանչեսկայի ու Պաոլոյի մասին՝ ընդմիշտ միասին իրենց Դժոխքում  (Questi, che mai da me non fia diviso…XI )՝  ահարկու սիրով, տենչանքով, հիացմունքով, նախանձով:

 

Իսպաներենից թարգմանեց  Հասմիկ Ամիրաղյանը

 

 

 

I Ֆրեդերիկ Օզանամ (1813-1853) – ֆրանսիացի քաղաքական գործիչ, Սորբոնի համալսարանում արտասահմանյան գրականության դասախոս:

  II«Արդ պսակ ու թագ եմ դնում քո գլխին» (տողացի թարգմ.՝ Հ. Ա.):

III  «Բայց Վիրգիլը թողել էր ու հեռացել,

Վիրգիլը, իմ հոգեհայրը քաղցրագույն,

Վիրգիլը, որ փրկությունս էր հանձանձել» (թարգմ.՝ Ա. Տայան):

 IV Թեոֆիլ Սփյորի (1890-1974) – շվեյցարացի վիպասան:

  V«Սաղավարտավոր նախաբան»(լատ.) –«Թագաւորութիւնների» համար Հիերոնիմուսի գրած նախաբանը (391):

  VIԱդոլֆ Նապոլեոն Դիդրոն (1806-1867) – ֆրանսիացի արվեստաբան և հնէաբան:

  VII«Ոչ միայն չէր Ափրիկեցու կառքը կամ / Օգոստոսինն այսպես շքեղ Հռոմում» (թարգմ.՝ Ա. Տայան):

  VIII«Բայց դու կարդա Եզեկիելին. նա նրանց / պատկերում է» (թարգմ.՝  Ա. Տայան):

 IX «Նոր կյանք» (իտ.) – Դանտեի բանաստեղծական ժողովածուն:

  X«Այսպես փոխված՝ սրբազան կառքը խոցոտ / իր ծայրերից յոթ գլուխներ դուրս հանեց» (թարգմ.՝  Ա. Տայան):

  XI«Սա, որ երբեք չի բաժանվի ինձանից» (թարգմԱ. Տայան):

 

1Վերոնշյալն արդեն գրելուց հետո Ֆրանչեսկո Տորրակայի գլոսաներում կարդացի, որ իտալական ինչոր առակաշարում գրիֆոնը դևի խորհրդանիշն է («Per lo Grifone intendo lo nemico»՝ «Գրիֆոն ասելով՝ թշնամուն եմ հասկանում»): Չգիտեմ՝ արդյոք իրավացի է ավելացնել, որ Էքզետերի գրքում հովազը՝ երաժշտական ձայնով մեղմաշունչ այդ կենդանին, Փրկչի խորհրդանիշն է:

 

2     Կարելի է փաստարկել, որ այդ անճոռնիությունները դրանց նախորդած «Գեղեցկության»  հակոտնյան են: Անտարակույս, բայց դրանք նշանակալից ենԱյլաբանորեն՝ արծվի հարձակումը ներկայացնում է առաջին հալածանքները, աղվեսը՝ հերետիկոսությունը, վիշապը՝ սատանային կամ Մուհամեդին կամ Նեռին, գլուխները՝ գլխավոր մեղքերը (Բենվենուտո դա Իմոլա) կամ խորհուրդները (Բուտի), Հսկան՝ Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ IV Գեղեցիկին:

 

Կարծիքներ

կարծիք