Երկու պատերի միջեւ

Հեղինակ:

1925 — 2000

Իրանի ժամանակակից պոեզիայի եւ գրականության խոշորագույն ներկայացուցիչներից է Ահմադ Շամլուն, որի անունն ու ստեղծագործությունները վաղուց դուրս են եկել երկրի սահմաններից:
Ահմադ Շամլուն ունի բազմաթիվ բանաստեղծությունների ժողովածուներ, գրականագիտական աշխատանքներ եւ բառակապակցությունների, դարձվածքների ու ասացվածքների հսկայածավալ բառարաններ: Նշանավոր ժողովածուներից են «Հայելու այգի», «Թարմ օդ», «Օդից եւ հայելիներից», «Աիդան հայելու մեջ», «Դռներ եւ…Չինաստանի մեծ պարիսպը», «Երկաթներ եւ զգացում» եւ այլն: Թարգմանել է Գ. Լորկայի, Անդրե Ժիդի, Ռոբեր Մերլի եւ համաշխարհային գրականության այլ ներկայացուցիչների ստեղծագործությունները:

 

 

ՍԱՅԼԵՐԸ

Աշխարհի մյուս ծայրից եկել են սայլերը`
Զերծ աղաղակից երկաթների,
Որ հագեցրել է ունկերը մեր ժամանակի:

Ժամանակի մյուս ծայրից եկել են սայլերը:

Սովյալները չելան ոտքի,
Քանզի բեռից սայլերի
Չէր բուրում
բույրը տաք հացի:

Մերկանդամները չելան ոտքի,
Քանզի բեռից սայլերի
Չէր լսվում խշխշոցը հագուստների:

Բանտարկյալները չելան ոտքի,
Քանզի պարունակությունը սայլերի
Ոչ կախաղան էր,
Ոչ` ազատություն:

Մեռյալները չելան ոտքի,
Քանզի չէր փայփայվում այն հույսը,
Թե հրեշտակներ են սայլորդները:
Աշխարհի մյուս ծայրից եկել են սայլերը`
Զերծ աղաղակից երկաթների,
Որ հագեցրել է ունկերը մեր ժամանակի:

Ժամանակի մյուս ծայրից եկել են սայլերը:
Չբերելով իրենց հետ
Ոչ մի հույս…

ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ

Մեր կողմը գիշեր չէ,
Ձայնը չի հաշտվում լռության հետ,
Բառերը սպասում են:

Ես քեզ հետ միայնակ չեմ,
Ոչ ոք, ոչ ոքի հետ միայնակ չէ,
Գիշերը աստղերից միայնակ է առավել:

Մեր կողմը գիշեր չէ,
Պատրույգների կողքին անհամբեր են կայծքարերը:

Փողոցի զայրույթը քո բռունցքի մեջ է,
Քո շուրթերին հղկվում է պայծառ բանաստեղծությունը,

Ես քեզ սիրում եմ եւ գիշերը
Սարսափում է իր խավարից:

ՔԵԶ ԲԱՐԵՒՈՒՄ ԵՄ

Քեզ բարեւում եմ, քո կողքին նստում եմ,
ԵՎ քո մենության մեջ կառուցվում է իմ քաղաքը մեծ:

Եթե հավքի ճիչ եմ եւ ստվեր եմ խոտի,
Քո մենության մեջ վերագտնում եմ ճշմարտությունն այդ:

Հոգնած, հոգնած գալիս եմ
Արահետներից կասկածանքների,
ԵՎ ես հայելու պես հագեցած եմ քեզանով:
Ոչինչ չի ապաքինում ինձ,
Ոչ ցողունը թեւերիդ,
Ոչ աղբյուրները մարմնիդ:

Առանց քեզ մարած ու լուռ եմ, քաղաք եմ գիշերում,
Դու ծագում ես,
Ես հեռուներից ճաշակում եմ ջերմությունդ,
ԵՎ քաղաքս
Աղաղակներով, կասկածանքներով, պայքարներով եւ

Պայքարի տարակուսանքի աղաղակներով`
Արթնանում է:

Այլեւս ոչինչ չի ցանկանում ապաքինել ինձ,
Ով արեւ, առանց քեզ քաղաք եմ գիշերում,
ԵՎ մայրամուտդ այրում է ինձ:
Ես հետամուտ ցայգալույսին`
Թափառում եմ մոլորված,
Դու խոսում ես, չեմ լսում ես,
Դու լռում ես, ես հառաչում եմ,
Դու ինձ հետ ես , հեռու եմ ինձնից
ԵՎ առանց քեզ ինքս ինձ եմ վերագտնում:

Այլեւս ոչինչ չի ուզում, չի կարողանում ապաքինել ինձ:
Եթե հավքի ճիչ եմ եւ ստվեր եմ խոտի,
Ճշմարտությունն այդ վերագտել եմ
Քո մենության մեջ:
Ճշմարտությունը մեծ, իսկ ես փոքր եմ,
Օտար եմ քեզ հետ:

Լսիր ճիչը հավքի,
Խոտի ստվերը միաձուլիր ստվերիդ հետ,
Ինձ ծանոթացրու քեզ հետ, ով իմ օտարական,
Ինձ քեզ հետ նույնացրու:

ԵՍ ՈՒ ԴՈՒ, ԱՆՁՐԵՒ ՈՒ ԾԱՌ…

Ես գարուն եմ, դու` հող,
Ես հող եմ, դու` ծառ,
Ես ծառ եմ, դու` գարուն.
Քո անձրեւային մատների նազանքը
Ինձ այգի է դարձնում,
Անտառների մեջ դարձնում է կամար:

Դու մեծ ես, ինչպես գիշեր,
Լուսին լինի կամ` ոչ.
Դու մեծ ես` ինչպես գիշեր:

Դու հենց լուսինն ես,
Դու հենց լուսինն ես, առհասարակ,
Եթե անգամ գնա լուսինը,
Դեռեւս,
Մենակ գիշերը
Պիտի
Գնա հեռու ճամփա,
Մինչ դարպասաշեմը ցերեկվա:

Գիշերվա պես,
Գիշերվա պես խորն ու մեծ ես:

Եթե անգամ ցերեկը գա,
Դու մաքուր ես, ինչպես ցող,
Ինչպես առավոտ:

Դու նման ես ամպի մետաքսի,
Դու նման ես բույրին խոտի,
Դու նման ես այն նուրբ մշուշի մարմաշին,
Այն մշուշի մարմաշը
Անորոշության վիճակում`
Բույրի վրա խոտերի,
Երկմտած ու անելանելի,
Գնալ – մնալու արանքում,
Կյանքի ու մահվան արանքում:

Դու նման ես ձյուներին,
Եթե անգամ ձնհալվեն ձյուներն ու
Սարը մերկանա
Դու նման ես այն հպարտ,
Բարձր գագաթին,
Որ ծիծաղում է
Քամիներին չար
Ու սեւ ամպերին…

Ես գարուն եմ, դու` հող,
Ես հող եմ, դու` ծառ,
Ես ծառ եմ, դու` գարուն.
Քո անձրեւային մատների նազանքը
Ինձ այգի է դարձնում,
Անտառների մեջ դարձնում է կամար:

ԵՐԿՈՒ ՈՒՐՎԱԿԱՆ

Արմատները` հողում,
Արմատները` ջրում,
Արմատները` հառաչներում:

Գիշերը լի է լռության ուրվականներով,
ԵՎ ձեռքեր, որոնք վանում են ուրվականներին,
ԵՎ ձեռքեր, որոնք հեռու,
Հեռու են շպրտում ուրվականներին:

-Երկու ուրվական խավարում
Պարել են մինչեւ սահմանները հոգնության:
-Մենք պարել ենք,
Մենք պարել ենք մինչեւ սահմանները հոգնության:

-Երկու ուրվական խավարում
Բացահայտել են հոգնությունները`
Կախարդական մի պարում:

-Մենք պարել ենք,
Մենք բացահայտել ենք հոգնությունները:
Գիշերը լի է լռության ուրվականներով,
Արմատները` հառաչներով
ԵՎ պարերը`
Հոգնածությամբ:

ՎԱՐԱՆՈՒՄ

Նրան ասես տեսել էի ես
Հեռավոր, մշուշապատ ու անորոշ
Իրիկնամուտի երազում…

Տաք մարմնագծերի մրմունջը
Կորսված էր`
Սառը մշուշի հառաչներում հեռավոր,
Անգույն ժպիտը նման էր հոգնած ալիքի,
Քաղցր զառանցանքում, ասես ժպտում էր
Անորոշ ինչ-որ ցավից:

Երբ նայեցի նրան
Էությանս ամեն մասնիկ մի աչք դարձավ.
Կանչեցի նրան`
Խորխորատից անհուսության.

«Ով տեսանելի աչքից հեռու
Ճաշակում եմ վաղուց` քեզ սպասելու,
Դառը տանջանքը.
Սիրուդ երազը` այս մութ խոռոչում,
Արեւ արա իրականության»:

ԵՎ այն պահին, երբ աչքերը խավարի միջից
Իմ աչքերին սահեցին.
Վարանումի խորխորատում ասացի ինքս ինձ.
ՙԱրդյոք հայացքը
Պատասխանը չէ՞ր
Իմ հուսահատ սրտի մութ հայցումի`
Լի արեւը՚:
«Արդյոք հայացքը նրա
Հենց այն նույն ջերմ մեղեդին չէ՞,
Որի զգացումը ես ունեմ
Հազարավոր ցանկության մեջ ցավատանջ»:

«Ոչ,
Ես թաքնված երազանքներիս տհաս պատկերը
Պատկերավորում եմ իմ հայացքի մեջ»:

Հետո վհատ,
Իմ հուսհատ սրտի խորքերից
Նորից ճչացի հեռվից.
«Ով տեսանելի աչքից հեռու…»:

Նա բացեց շուրթը շրթից
ԵՎ ասաց ի պատասխան ինչ-որ բան,
Սակայն ձայնը նման էր
Ձեռքից թողած
Հեռավոր սերերի ձայնին…

Տաք մարմնագծերի մրմունջը
Հագել է շրջազգեստ`
Մշուշի աներեւույթ էությամբ…
Ասես տեսել էի նրան ես
Մշուշապատ ու անորոշ իրիկնամուտի երազում:

ՄԻ ԱՅԼ ԳԱՐՈՒՆ

Նպատակս ինքնախաբեությունը չէ, ցանկալիս,
Նպատակս
Ինքնախաբեությունը չէ:

Եթե ստում են շուրթերը,
Քո ձեռքերից ակնհայտ է ճշմարտությունը,
ԵՎ ես խոսում եմ քո ձեռքերից:

Քո ձեռքերը քույրերն են իմ ճակատագրի,
Հրդեհված անտառներից, անձրեւահար կալերից.
Ես իմ ճակատագրի գյուղակից եմ խոսում:

Ամեն մի խոտի վրա արյուն տեսա,
Ամեն մի ժպիտի մեջ տեսա ցավ:
Դու ծագում ես,
Քո պատասխանով բավարարվում եմ,
Ես հառաչում ու խաղաղվում եմ:

Նպատակս ինքնախաբեությունը չէ, ցանկալիս,
Նպատակս
Ինքնախաբեությունը չէ:

Դու այստեղ ես եւ անեծքը գիշերվա ապարդյուն է,
Ամուլ մայրամուտին իմ սիրտը
Քո ներշնչանքից բեղմնավորվում է,
Քո ձեռքերով ամենալպրծուն գիշերներն
Ես հրավառում եմ:
Ես լավ եմ տեսնում կյանքը,
Ես ապրում եմ իմ երազները,
Ես ապրում եմ իրականությունը:

Արյան ամեն կաթիլքից խոտն է ծլարձակում,
Ամեն ցավից` ժպիտը,
Քանզի ամեն մի նահատակ ծառ է մի,
Ես խիտ անտառներից դեպի քեզ եմ գալիս,
Դու ծագեցիր,
Քո պատասխանով բավարարվեցի,
Ես հառաչեցի ու խաղաղվեցի:
Գարնանը մերձ երդվեցի տերեւներին,
ԵՎ դու գիշերահար անցուղիներում
Զգուշացրիր նոր սիրուն:

Ես լսեցի թափառական գիշերաշրջիկների աղաղակը,
Ամենաանաստղ գիշերներին ժպիտդ հրախաղ դարձրի,
ԵՎ այնուհետ
Փողոցի սիրտը տունն է մեր:

Քո ձեռքերը քույրերն են իմ ճակատագրի,
Թող խոսեմ անձրեւահար անտառներից,
Բերքառատ կալերից,
Թող խոսեմ մեր ընդհանուր ճակատագրի գյուղակից:

Նպատակս ինքնախաբեությունը չէ, ցանկալիս,
Նպատակս
Ինքնախաբեությունը չէ:

ԵՍ ԵՎ ԴՈՒ…

Ես եւ դու մի բերան ենք,
Որ իր ողջ ձայնով
Գեղեցկագույն երգն է երգում:

Ես եւ դու մի տեսողություն ենք,
Որ աշխարհը ամեն պահ
Իր համայնապատկերում`
Թարմացնում է:

Ատելություն
Այն ամենի հանդեպ, ինչ ունի ժամանակը,
Այն ամենի հանդեպ, ինչը պարփակել է մեզ,
Այն ամենի հանդեպ, ինչը կստիպի մեզ
Ետ նայել…
Ձեռք,
Որ հանդուգն մի գիծ
Անվավեր է դարձնում…

Ես եւ դու նույն հույզն ենք`
Ամեն մի բոցից առավել
ԵՎ մեզ չի նվաճի ոչ մի պարտություն,
Քանզի սերն է
Անխոցելիությունը մեր:
Մեր հովանու ներքո բնադրված ծիծեռնակը
Իր փութկոտ երթ ու դարձով
Մեր տունը հագեցրել է
Կորած
Ինչ-որ աստծով…

 

ԱԿՆԱՂԲՅՈՒՐ

Խավարի մեջ փնտրեցի աչքերդ,
Խավարի մեջ գտա աչքերդ,
Եվ գիշերս աստղավառ դարձավ:

Քեզ կանչեցի,
Ամենախավար գիշերներում սիրտս կանչեց քեզ,
ԵՎ դու իմ ձայնի արձագանքով եկար դեպի ինձ:
Ձեռքերովդ երգեցիր ձեռքերիս համար,
Աչքերովդ` աչքերիս համար,
Շուրթերովդ` շուրթերիս համար,
Մարմնովդ երգեցիր մարմնիս համար:

Ես մտերմացա քո աչքերի եւ ձեռքերի հետ,
Ես մտերմացա քո մարմնի հետ:
Ինչ-որ մի բան մարեց իմ մեջ,
Ինչ-որ մի բան ծաղկեց իմ մեջ,
Մանկությանս օրորոցում ես քնեցի վերստին
ԵՎ վերագտա այն օրերի իմ ժպիտը:

Իմ մեջ բույն էր հյուսել կասկածանքը:

Քո ձեռքերը աղբյուրի պես դեպի ինձ հոսեցին,
ԵՎ ես թարմացա, ես համոզվեցի,
ԵՎ համոզմունքը տիկնիկի պես գրկեցի,
ԵՎ քնեցի քո գոգի մեջ` օրորոցը երազներիս,
Օրորոցը իմ նախնական տարիների,
ԵՎ շուրթերս վերագտան իմ ժպիտը այն օրերի:

Մարմնովդ օրորոցային երգեցիր մարմնիս համար,
Քո աչքերը ինձ հետ էին,
Ես փակեցի իմ աչքերը,
Քանզի քո ձեռքերը ներշնչում են վստահություն:

Վատությունը խավարն է,
Գիշերները մարդասպան են,
Ով իմ ցանկալի, ով համոզմունք,
Ես խռով եմ խավարի հետ,
Եվ քեզ երգում եմ` ինչպես մի մեծ օր:

Կանչում եմ քեզ, լսիր, սիրտս կանչում է քեզ,
Գիշերը շրջապարիսպել է ինձ,
ԵՎ ես քեզ եմ նայում,
Սրտիս լուսամուտից նայում եմ քո աստղերին,
Քանզի ամեն մի աստղ արեւ է մի:

Ես հավատում եմ արեւին,
Ես հավատում եմ ծովին,
ԵՎ քո աչքերը ակնաղբյուրն է ծովերի:
Մարդը
Ակնաղբյուրն է ծովերի:

ՓՈՂՈՑ

Երկու պատերի միջեւ
Անընդմեջ միջանցք,
ԵՎ ամայություն,
Որ ծանրորեն,
ինչպես ծերունի ձեռնափայտով
Անցնում է միջանցքով լռության,
Իսկ հետո
Արեւ
ԵՎ բեկված ստվեր,
ԵՎ մտահոգ, եւ
Բեկված:

Տները,
Տուն, տները,
Մարդիկ,
ԵՎ մի ձայն վերից.
-Շախմատաձեւ քաղաք,
-Շախմատաձեւ քաղաք:

Երկու պատ,
ԵՎ լռության միջանցք,
Իսկ հետո`
Ստվեր, որ խոսում է անկումից արեւի:
Մարդիկ,
ԵՎ մի ձայն խորքից.
-խաղաքար չենք,
Մենք խաղաքար չենք:

ՍԱՌԸ ՀՐԴԵՀ

Երբ դաժանության բոցը
Այրեց բողբոջները քո շուրթերի,
Իմ աչքերը սառած
Հնամյա ցավի իջեւանատան`
Կույր ու փակ դռներն էին:
Պետք է թույլ տային,
Որ շաղ տանք ամենուրեք`
Մոխիրը մեր հառաչի:

Պետք է թույլ տային
Ավելի մեծ սիրո ճյուղերի մատնածայրերին
Ծաղկեցնեինք բողբոջները մեր սրտի:

Պետք է թույլ տային մարեի
Այրող կրակը քո շուրթերի`
Սառնամանիքներով իմ տրտմության,
Որպեսզի բոցկլտացող քո աչքերը
Վառեին իմ իջեւանատան
Մարած կանթեղները…
Սակայն դաժանությունը բոցավառ
Այրեց բողբոջը շուրթերիդ
ԵՎ իմ աչքերը սառած
Մնաց
Կույր ու փակ դռները
Հնամյա ցավի իջեւանատան…

ՊԱՅԾԱՌ ՀՈՐԻԶՈՆ

Մի օր, վերստին,
Մենք կգտնենք մեր աղավնիներին
ԵՎ բարությունը կբռնի ձեռքը գեղեցկության:

Մի օր, երբ փոքրագույն երգը համբույրը կլինի
ԵՎ ամեն ոք`
Եղբայրը մյուսի:

Մի օր, երբ չեն փակվի դռները տների
ԵՎ փականը առասպել կդառնա,
ԵՎ սիրտը բավարար միջոց`
Ապրելու համար:

Մի օր, երբ բոլոր խոսքերի մեկնությունը
Սերը կլինի,
Որպեսզի դու վերջին բառի համար խոսք չփնտրես:

Մի օր, երբ ամեն բառ ու բանի երաժշտությունը
Կյանքը կլինի,
Որպեսզի ես վերջին բանաստեղծության համար
Վանկի որոնման տանջանք չկրեմ:

Մի օր, երբ ամեն մի շուրթ երգ կլինի,
Որպեսզի փոքրագույն երգը համբույրը դառնա:

Մի օր, երբ դու գաս,
Գաս վերջնականորեն,
ԵՎ բարությունը նույնանա գեղեցկության հետ:
Մի օր, երբ մենք վերստին,
Կուտ կտանք մեր աղավնիներին:

ԵՎ ես սպասում եմ այդ օրվան,
Նույնիսկ այն օրը,
Երբ չեմ լինի արդեն:

Թարգմանությունը՝ Էդուարդ Հախվերդյանի

Կարծիքներ

կարծիք