Գլոբալացում

Հեղինակ:

Նույնական համահարթեցումից մինչև քաոսայնացում

Գլոբալացման նոր միտումները ստեղծում են վիթխարի մի անորոշություն, ինչն իր հերթին ծնում է հրեշավոր իրողություններ՝ ձևավորելով հզոր, բայց բռնություններով լի աշխարհ, որի կողքին աստիճանաբար որպես զուգահեռ իրականություն ձևավորվում է ոչ պակաս զորեղ վիրտուալ աշխարհը, որով էլ չսահմանափակվելով կերտվում է անորոշ այլընտրանքների նեղ միջավայրը, ինչպես երրորդ զուգահետ աշխարհ: Բելգրադի հասարակական գիտությունների ինստիտուտի պրոֆեսոր Զորան Վիդոևիչն ահա այսպես է ներկայացնում ժամանակակից աշխարհի զարգացման ընթացքը՝ նշելով, որ արդյունքում այս երեք տարբեր աշխարհները միախառնվում են, փոխներթափանցվում, բախվում և պատմությունը դարձնում շատ ավելի նվազ թափանցիկ և շատ ավելի թանձր անորոշությամբ պարուրված:

Թվում էր, թե գլոբալացման արդյունքում մարդը պետք է ավելի նույնական լիներ և դառնար օբյեկտը սեփական պատմության, սակայն այդ նույնականությունը պարզվում է, որ մտացածին երևույթ է և իրականում ժողովուրդների ու պետությունների միջև հարաբերությունները, իշխանություն ունեցողների և ենթարկվողների հարաբերությունները հիմնականում մնացել են նույնը, ինչպես որ եղել են դասական գաղութատիրության ժամանակներում: Այս իրողությունը, իր հերթին, ծնում է բավական խորը կառուցվածքային անկայունություն աշխարհում:

Անցած XX դարի արդյունքները գնահատելիս Է. Հոբսբաումը գրում է. «…Դարն ավարտվեց գլոբալ անկարգությամբ, որի էությունը դեռևս հստակ չէ, և դեռ չկա այն մեխանիզմը, որի օգնությամբ հնարավոր կլինի հաղթահարել այդ անկարգությունը կամ գոնե պահել վերահսկողության տակ: Առաջին հայացքից կարող է թվալ, թե XXI դարը սկսվեց այսպես ասած մեկ գերտերության տիրապետությամբ և այդ տիրապետության ուժով իրականացվող կարգուկանոնի հաստատմամբ: Սակայն շուտով պարզ դարձավ, որ նմանատիպ կարգուկանոնի հաստատումը չափազանց վտանգավոր է և ռիսկային: Արդյունքում «գլոբալ անկարգությունը» շարունակվում է նաև այսօր՝ հանգեցնելով զինված հակամարտությունների, որոնք երբեմն, ըստ իրենց ուժգնության, նույնիսկ կարող են դուրս գալ վերահսկողությունից և անհնարին դարձնել գոնե տարրական առաքելության իրականացումը որպես համաշխարհային հանրություն՝ արյունահեղության դադարեցումը:

Այսօրվա գլոբալացող աշխարհի ամենից մեծ թերությունը, որը նաև նրա «աքիլեսյան գարշապարն» է, այն է, որ փորձ է արվում մոլորակը ենթարկել մեկ նեոլիբերալ գաղափարի և միակ՝ իրեն համաշխարհային հեգեմոն հռչակած գերտերության կամքի, իրողություն, որը ստեղծում է համամոլորակային ռիսկ: Արդյունքում ստեղծվում է գլոբալ քաոսայնացում, մի իրականություն, որը Ու. Բեքն անվանում է «ռիսկի արդյունք» (կամ հետևանք): Այսօր քաոսայնացումը և ռիսկը արդեն համարվում են ժամանակակից աշխարհի բաղկացուցիչները:

Այն, որ այսօր կա ձգտում աշխարհը դարձնել մեկ ընդհանուր կարգուկանոնով ապրող, որը նաև ենթադրում է, որ այդ կարգուկանոնը նաև կլինի կայուն ու ինքնավերականգնվող, նոր բան չէ, և նման ձգտումներ մշտապես եղել են պատմության ամենատարբեր ժամանակաշրջաններում: Այն կլինի նաև ապագայում այնքան ժամանակ, քանի դեռ պարզ, հասարակ մարդիկ իրենց ապահով և անվտանգ զգալու կարիք կունենան: Ապահովության, անվտանգ զգալու այս ցանկությունն էլ իրենց հերթին օգտագործում են նրանք, ովքեր փորձում են հետերոգեն՝ տարակազմ աշխարհը վերափոխել և դարձնել հոմոգեն՝ միակազմ, տարբերությունները դարձնել միմյանց աղերսելի նույնական կատեգորիաներ՝ հաճախ այս ճանապարհին խուսափելով պատասխանատվությունից և ազատ թողնելով անկանխատեսելիությանը:

Գալթունգի կարծիքով՝ նեոլիբերալիստական դրամատիրության գլոբալացումն իր հերթին միջազգային հարաբերություններում ներմուծում է այնպիսի հասկացություն, որը կոչվում է «պոտենցիալ կառուցվածքային բռնություն»: Սա որպես նոր եզրույթ մեկնաբանվում է հետևյալ կերպ. խոշոր մուլտի-ազգային ընկերությունների և գերտերությունների շահերի սպասարկման համար հաճախ ուղղակի բռնություն է գործադրվում, իրականացվում են պատերազմներ հանուն նավթի, ռազմավարական նշանակություն ունեցող հումքի և այլնի համար:

Գլոբալացումն այս դեպքում, որպես համաշխարհային հանրային երևույթ կամ կացութաձև, անկարող է լինում դիմադարձել նոր քաոսայնացմանը և հարաճուն ռիսկերին, չնայած որ տեխնոլոգիական և տնտեսական ոլորտներում ամենօրյա մակարդակով ամրապնդվում են համաշխարհային կապերը: Եվ բացի դրանից՝ քանի որ գլոբալացումը նաև ենթադրում է մեծամասնության ենթարկեցումը փոքրամասնությանը, հետևաբար այն նաև իր հերթին անխուսափելիորեն ծնում է հակամարտություններ և բախումներ՝ տեղական, տարածաշրջանային և նույնիսկ մոլորակային մասշտաբներ ընդգրկող, որը ավելի ու ավելի հիշեցնում է քաղաքակրթությունների բախումը ըստ Հանթինգտոնի:

Այսպիսով նոր աշխարհակարգ է դառնում աշխարհի քաոսայնացումը, գլոբալ երանգ են ստանում վախն ու բռնությունը, և, ըստ էության, դա ավելի վտանգավոր է, քան նախկին «երկբևեռ»  աշխարհակարգը, քանի որ այս դեպքում այն արդեն ենթակա չէ վերահսկման: Եթե հավատանք Ի. Վալլերստայնին, դրամատիրական հիմքի վրա ձևավորված համաշխարհային տնտեսությունն անցել է ձևավորման, բնական զարգացման փուլերը և այժմ գտնվում է տերմինալ ճգնաժամի փուլում, ու այս ճակատագրական փուլում գլոբալացումը որպես երևույթ հանդիսանում է անցումային շրջան դրամատիրությունից դեպի «ինչ-որ անհայտ բանի»: Այս տրամաբանությունը ի մտի ունենալով կարող ենք ասել, որ հարկ եղած դեպքում հզոր և գերհզոր տերությունները հետայսու ևս բռնության կդիմեն հանուն այդ ճգնաժամի մեղմացման կամ հաղթահարման, ինչը ենթադրում է, որ նոր ռազմական ներխուժումներ կարող են լինել աշխարհի՝ ռազմավարական պաշարներով հարուստ շրջաններ:

Մյուս կողմից՝ լիովին հնարավոր է, որ բռնությունը ծնի մի կողմից հակա-բռնություն կամ պատասխան բռնություն, որը պայմանականորեն անվանենք կոնտր-բռնություն, մյուս կողմից էլ առճակատում կամ բախում արդեն հզորների և գերհզորների միջև, որոնց վրա հիմնված է ժամանակակից դրամատիրական համաշխարհային տնտեսության համակարգը:

Մասնագետների համար կատարելապես անհայտ է, թե այս հնարավոր առճակատումները, բախումները կամ նույնիսկ հակամարտությունները ինչի կարող են վերածվել: Պարզ է մի բան, որ աշխարհը թևակոխում է նոր և լրջագույն գլոբալ մի ճգնաժամ, և ավելի ու ավելի է բարդանում պաշտպանությունը կամ ինքնապաշտպանությունը ագրեսիայից զատորոշելը:

Եվ առաջանում է մի պարզ հարց. իսկ ո՞րն է այստեղ վերազգային ընկերությունների դերակատարությունը և արդյոք համաշխարհային տնտեսական գործընթացները տանո՞ւմ են գլոբալ տնտեսության ստեղծման:

Պետք է արձանագրենք, որ չնայած նրան, որ վերազգային կորպորացիաների թիվը համեմատաբար շատ չէ, սակայն նրանց դերը համաշխարհային տնտեսության մեջ և քաղաքական ազդեցությունը աշխարհի քաղաքական թատերաբեմին շարունակաբար աճում է: Ինքնին հասկանալի է, որ այս դեպքում հետաքրքրականը ոչ այնքան վերազգային կորպորացիաների քանակական աճն է, որքան տնտեսական և քաղաքական ազդեցության ծավալն ու հզորությունը:

Դժվար է ասել նաև՝ արդյոք գլոբալ տնտեսական գործընթացները կարո՞ղ են հանգեցնել «իրական» գլոբալ տնտեսության կառուցման, թե՞ ոչ: Սակայն նաև չի կարելի ասել, թե գլոբալացման և ռեգիոնալացման գործընթացները, լինեն դրանք քաղաքականության մեջ, տնտեսության մեջ, թե մշակույթում կամ հասարակական կյանքում, բացարձակապես ոչ պիտանի են: Ամեն դեպքում կարող ենք ասել, որ այդ գործընթացները նպատակ ունեն միասնականություն հաստատելու դրամատիրական աշխարհի ներքին հակասություններում նույնիսկ կասկածի տակ չդնելով Ի. Վալլերստայնի այն հավաստիացումը, որ համաշխարհային դրամատիրական համակարգը թևակոխել է «տերմինալ ճգնաժամի» փուլ, իսկ բոլոր գործընթացները ընթանալու են որպես պարադոքսների սուկցեսիա, որոնց միջոցով գլոբալացման որոշակի նպատակները հասանելի են դառնում՝ բերելով ինչպես ցանկալի, այնպես էլ նույնիսկ անսպասելի արդյունքներ:

Ամենևին չպետք է բացառել, որ գլոբալացումն իր ներկայիս տեսքով ստեղծում է սինթեզ տեխնոլոգիական մակարդակում, սակայն սոցիալական և պատմական ասպեկտներում ավելի հավանական է, որ ստեղծում է անտիսինթեզ և անկառավարելի առճակատումների (բախումների կամ հակամարտությունների) դիալեկտիկա: Այս ամենի «գաղափարական կնքահայրերը»  թերևս չեն էլ փորձել հասկանալ, որ երկրից երկիր, հասարակությունից հասարակություն գոյություն ունեն հստակ գծված տարբերություններ՝ լինեն դրանք մենթալ, մշակութային, կրոնական և այլն: Օրինակ՝ հաշվի չեն առել, որ Արևմուտքի և իսլամական Արևելքի երկրները չեն կարող ապրել կյանքի նույն կանոններով, քանի որ տարբերվում են իրարից գրեթե տրամագծորեն և համահարթեցումն ինքնին բերում է հսյակական բախումների, իրողություն, որի ժամանակակիցն ենք մենք այսօր:

 

Անգլերենից թարգմանությունը՝ Արման Գրիգորյանի

Անդին 09.2017

Կարծիքներ

կարծիք