Հրաժարումի երգ

Հեղինակ:

****

Ամեն մի քերթված գրվում է

վերադառնալու համար

լռությանը

 

Նա վերջինն է

 

Չափից ավելի մոտենալով մահվան

նա  կորցնում է վերադարձի

ճամփան

 

****

Նախադասությունները

խորունկ ջրերի  ձկներն են

որ մակերես բարձրանալուն պես

մեռնում են

 

****

Հանգույցներով լեցուն

նրա գրությունը

սեղմվում է նրա շուրջը

 

Ասես մի վիշապ օձ

Բարձրանում է էջից

և նրան խեղդում

 

****

Ներս-դուրս

 

Եթե  միտքս դիպչի

Մի բնանկարի-

նա կանհետանա

 

****

Մինչ քարավանները կվերադառնան

ես իջնում եմ գետերն

ու վտակները

 

Հողը շարժվեց

իմ մարմնի մեջ

նա այլևս որդի չի ծնի

 

****

Ամեն օր

տանում եմ արածելու

իմ մարմինը

հոգնատանջ կով

բուրումնավետ խոտի

փնտրտուքներում

 

****

Երբ քայլում եմ

աշխարհը քայլում է

ինձ հետ

 

Ես քայլ եմ

քայլի մեջ

 

Ես  քայլում եմ

հանդիպակաց

 

****

Թռչունը սլացքի մեջ

նետվում է արևի դեմ

և ջախջախվում

 

Ամեն երեկո

դրախտն է այրում է

 

****

Որտեղ է գտնվում տեղը նրա

ինչը չի կարող տեղ ունենալ

 

Ոչ ոք  մեզ չի փրկում

մենք սովորում ենք լռությանը

 

****

Ես ապրում եմ մեռնելով

ես մեռնում եմ ապրելով

 

Հեռվից լսում եմ

դանակների սրելը

 

****

Պայմանագիրն

իմ մարմնի հետ

արդեն հասնում է ավարտին

 

Մեկ առ մեկ ջնջում եմ քայլերս

ավազ լցնելով վրան

 

****

Աշխարհը շինվել է

և կքանդվի Բանով

 

Մենք կդատվենք

քարով

որ կծածկի մեզ

 

****

Ուրիշ հող չկա

հողից բացի

 

նա մեզ կկլանի

 

 

Մարդը

Ի հիշատակ  Ռընե Կոլցի

 

****

Իմ մաշկը բուրում է

խոնավ բակեր

լքված դաշտեր

 

ես կռանում եմ

աշխարհի եզրին

 

Դու ոչ մի տեղ չկաս

 

****

Դու իմ անունն ես տալիս

ինչպես  մի լճի անուն

 

Դու կորցրել ես իմ ափերը

դու իշխում ես

իմ ջրերի վրա

 

****

Ինչպես մի բազե վարժեցնող

սպասում եմ

որ իջնես իմ ձեռքից

 

Ես ձեռնոց եմ հագել

որ պաշտպանվեմ

քո մագիլներից

 

Ամեն գալուդ

մի կտոր ես պոկում

իմ մաշկից

 

****

Բառեր են գլորվում

մեր միջև

ինչպես լռության

կարծր քարեր

 

****

Քո ծանրությունից

Երիկամներս ճզմվում են

 

Ամեն գիշեր

ծերանում եմ

քո մահճին

 

****

Ծաղկազարդի կիրակին

 

Դու քրիստոսն ես

որ մտնում է իմ

ցնորված քաղաքը

 

Մահճակալիս  փայտը

կդառնա քո խաչը

 

 

****

Օրն օրի վրա

դու վերաշինում ես  մարմինս

որն անցյալն արդեն լվանում է

որպես դիակ

 

 

Մայրը

Ալիքս Մեյրիչի հիշատակին

****

Մայրս  մեռած է

և անդադար

 

Պայքարում է ինձ հետ

Ինչպես Հակոբը՝ հրեշտակի

 

Նա ինձ նշան չի դնի

ես ավելի բազմազան եմ

քան մի ժողովուրդ

 

****

Ես լվանում եմ հայելին

որպեսզի նախկին

դեմքերս ջնջեմ

բայց մորս դեմքն է հայտնվում

 

Պատվաստելով

իր դեմքն իմ դեմքին

ևս մի անգամ

իմ  ապագան է պատրաստում

 

Մինչդեռ շարունակ

լվանում եմ հայելին

 

 

****

Իմ առաջին ճիչը

նրա աղաղակի արձագանքն էր

ես ոռնում էի

ծնված լինելու կատաղությունից

 

Կախվածությունս

գիշատիչ կովի նրա կաթից

 

Անգթորեն

նա ինձ մեծացրեց

 

****

Աստված լքեց ողջերին

որպեսզի  մեռածներին սիրի

 

Մեռելապաշտ

նա ջնջում և նորից գրում է

նրանց անունները

 

Ֆրանսերենից թարգմանեց Ալեքսանդր Թոփչյանը

 

 

 

Կարծիքներ

կարծիք