Կյանքն ու զենքը սիրելու ժամանակը

Հեղինակ:

2016-ի ապրիլի 3

Անխնա հրետակոծվող Մարտակերտ: Ապրիլյան քառօրյա պատերազմի այն ժամանակահատվածն էր, երբ Ադրբեջանն արդեն ի լուր աշխարհի ստել էր, որ միակողմանի դադարեցնում է մարտական գործողությունները: Հրետակոծության տակ մարդիկ վերանորոգում են բեկորներից վնասված գազատար խողովակներ, նույնիսկ ճղակոտոր ծառերն էին մաքրում, հավաքում ճանապարհներից: Թշնամին քաղաքի վրա արճիճ ու պողպատ է թափում: Շախմատաձև: Զորամասում մեզ՝  լրագրողներիս, ոգևորությամբ և ուրախությամբ դիմավորող, լուսանկարվող ու հարցազրույց տվող կամավորականները բնության անզուսպ տարերք են՝  լեռնցի հայի վերագտնված տեսակ: Մինչև հիմա չեմ կարողանում ինքս ինձ համոզել, որ նրանցից մի քանիսի հետ զրուցել ու լուսանկարվել ենք վերջին անգամ: Ավելի ուշ պիտի իմանայի, երբ Արցախյան ազատամարտի թուհոբոհով անցած և 2016-ի ապրիլի 4-ին Թալիշի ինքնապաշտպանական գործողությունների ժամանակ նահատակված Սարգիս Խալաֆյանի մարտական վաղեմի ընկերը կմտնի մեր գրասենյակ ու կփլվի առաջին պատահած աթոռին.

-Սարգսի լուսանկարների համար եմ եկել:

Դեպի Մատաղիս ու Թալիշ տանող օձաձև ոլորաններն ամբողջովին քրքրվել էին՝  տանկերի թրթուրների ու թշնամական հրետանու համազարկերի տակ կքած: Քրքրված մաշկի տակից բացված ողնաշարի պես մեծ-մեծ քարաբեկորներ էին ցցվել ճանապարհի մեջտեղում: Անշունչ Մատաղիսում կոկորդիս հանկարծակի պրկումը դժվարացնում է շնչառությունս: Ընդամենը մեկ ամիս առաջ էր, երբ ուրախությունից էր շունչս կտրվում ոսկի արևի տակ, դպրոցի բակում թռչկոտող հրաշամանուկների ուրախ ճռվողյունից: Իսկ հիմա Թալիշի մուտքի մոտ, ցուցանակի տակ, սպիտակ հորթուկը հոգեվարքի ջղաձգումների մեջ էր:

Բարձունքներում են դիրքավորվել տղերքը: Կենաց-մահու արծվաթռիչքի էին պատրաստվում: Վաղն ընդամենը չոր թվեր կհրապարակվեն՝  վերադարձված դիրքերի, հեկտարների, մեր ու թշնամու զոհերի մասին, իսկ հիմա, հրամանատարական դիրքի առջև աջուձախ թափված թուրքերի դիակների հարևանությամբ, հարցազրույց են տալիս մարդիկ, ովքեր ժամեր անց հնարավոր է նույնպես չդողան ցրտից, խոսեն քարեղեն լուսանկարներով, չսիրեն, չամուսնանան, ու հայի լեռնցի տեսակը պակասի: Առաջ, երբ միամիտ խաղաղասեր էի, վախենում էի, որ չեմ հասցնի սիրել, կին ունենալ, սերունդ շարունակել, իսկ հիմա, երբ ունեմ, ամեն գիշեր զոհվում եմ նրանց փոխարեն, ովքեր էլ չեն ունենա, որովհետև նրանց թռիչքին հասու բարձունքներում էր գրվում մեր ճակատագիրը: Նրանց փոխարեն, ում հիմա լուսանկարներով ենք ճանաչում:

Մինչև ոսկորները թափանցող պատերազմական ցուրտ է: Երբ նայում եմ սառնամանիքից դողալու, սեփական տաք օջախի կարոտի ու էլի նման մարդկային բնական զգացմունքների նկատմամբ անհաղորդ թշնամու դիակներին, ցրտից դողալուց նույնիսկ հաճույք եմ զգում: Զինվորները ծածկում են դրանց. դրանց, որոնք մեր գյուղում անպաշտպան ծերունիներ էին սպանել ու հոշոտել:

-Որ արտասահմանցիք չասեն՝  թե մարդասեր չենք,- չգիտես լուրջ, թե կատակով ասում է հրամանատարը:

Երևի մոտավորապես հենց այդ պահին էին նրանք իրենց գյուղերում ցուցադրում մեր գլխատված զինվորին:

Մաս առաջին 

Մեր ճակատի գիրը

Առաջին անգամ չէի անցնում այդ ճանապարհով: Բայց այս անգամ սովորականից կրկնակի երկարեց: Թվում է՝  մի ամբողջ հավերժություն ճանապարհին ենք: Համագյուղացիս էլ նոր է սովորել ավտոմեքենա վարելը: Հազիվ է կարողանում ոլորաններում խուսափել երթևեկելի մասից դուրս թռչելուց և մեզ ուղեկցող ձորերից մեկում հանգրվանելուց:

-Լյով, հանգիստ քշիր: Ամենևին էլ տրամադիր չեմ Շամշյանի հերոսը դառնալու:

Հիմար կատակ ստացվեց, բայց համագյուղացիս լայն ժպտում է: Մի փոքր ցրում է հոռետես մտքերս: Լյովն առաջին ուղեկիցս է այդ ճանապարհին, որով բազում անգամներ էի անցել, տարբեր ընկերախմբերով: Հասանք զորամաս, որտեղից պիտի դիրքեր գնայինք: Կեսօրից հետո, արդեն զինվորական համազգեստով՝  մեզ տնավարի ենք զգում զորամասում: Նույնիսկ սրճարան ունենք, որտեղ դառը սուրճի կումերի հետ փորձում էի ըմպել այն գիտակցությունը, որ քաղաքացիական խաղաղ կյանքը մնաց մշուշոտ հեռվում:

Զորամասում էլ դեռ կարգին բան չեն ասում. գնալո±ւ ենք դիրքեր, թե± սպասելու ենք: Մի քանի անգամ տվեցին շարվելու հրաման, բայց շարվելուց հետո հրամանատարն ամեն անգամ անհետանում էր այնպես, որ գերազանցում էր մեր տեսողության արագությանը: Այստեղ ծանոթանալն ավելի հեշտ էր, քան եթե անմարդաբնակ կղզում հանդիպեինք: Ժամանակն անհոգ սպառելու համար սկսեցինք ծանոթանալ: Ով, որտեղից, ինչ աշխատանքից, ինչու չէ՝  հետաքրքիր պատմություններ: Մի խոսքով, ինչպես զինվորների մասին պատմող գրքերում կամ ֆիլմերում է լինում: Շուտով հոգնեցի: Ոտքս աստիճանաբար սկսում էր ցավել: Մեկուսացա ու հանձնվեցի մտքերիս գրոհին: Ժամկետային զիվորական ծառայությանս ավարտից շուրջ 10 տարի է անցել: Սիրով ու դժվարությամբ յուրացրել էի տանկիստի մասնագիտությունը: Տանկիստները դիրքեր չէին պահում: Իսկ հիմա առաջին անգամ պետք է որպես դիրքապահ կանգնեի սահմանին: Տղաների ուրախ կատակներն ու ծիծաղը ցրում են: Մենակ չեմ: Նրանց հետ Բաքու էլ կարելի է հասնել, դեռ Կասպից ծովում, մեր նավատորմի վրա պարեկային ծառայություն էլ տանել: Համագյուղացիներս էլ քիչ չեն այստեղ: Ինձ զինվորական հագուկապով տեսնելով՝  ծիծաղում են: Երեկոյանում էր, երբ բեռնատարներով ճանապարհվեցինք դիրքեր: Գլխավոր ճանապարհին մեզ դիմավորեցին գումարտակների հրամանատարներն ու իրենց մարդատար ՙՈւազներով՚ տարան դիրքերի քարքարոտ ճանապարհով: Ճանապարհին ավտոմեքենան մի քանի անգամ հանգեց: Խափանումներով էր աշխատում:

-Կեղտոտ բենզինից է,- կարծես փորձում էր արդարանալ գումարտակի հրամանատարը: Մինչդեռ շարժիչի անջատվելուց հետո ավտոմեքենան դժվարությամբ էր գործի ընկնում, որովհետև մարտկոցն էլ էր հնացել:

Թանձր մութ էր, երբ հասանք գետնատնակ: Երբեք չէի մտածի, որ այդքան կուրախանայի՝  գետնատնակի առջև հանդիպելով համագյուղացի բարեկամներիցս մեկին՝  Հակոբին՝  ուրախ ու կատակասեր մի մարդու: Մի ուրիշ անգամ կարելի էր և գրկախառնվել, բայց այստեղ նման զեղումն ամենևին էլ տեղին չէր լինի: Բավարարվում ենք ամուր ձեռքսեղմումով: Հակոբն էլ լրջացել է մի տեսակ: Դիրքապահ դասակի հրամանատար Թևոս Հարությունյանն իմ անփորձության համար սկզբում ցերեկային հերթափոխում գրանցեց: Ամբողջ գիշեր չքնեցի՝  չնայած չափից դուրս հոգնածությանը: Ապրիլյան եռօրյա մարտական ակտիվ գործողություններից հետո իրավիճակը դեռևս անհանգիստ էր: Ամեն րոպե հրետակոծություն կամ դիվերսիա էր սպասվում: Վերջինս՝  հատկապես լուսադեմին: Մինչև լուսադեմ էլ տապիկի գուժկան զրնգոցը չի դադարում:

Զեկուցում են. ՙԴիվերսիա ենք սպասում՚: Ժամկետային զինծառայողների փորձված եռուզեռը կեսգիշերին հպարտություն ու միաժամանակ ապահովության զգացում է պատճառում: Դիրքի ավագը սերժանտ Ալեն Մինասյանն է՝  կրթված ու գիտուն տղա, որ պարտականությունների բերումով ամբողջ գիշեր չպիտի քնի: Իսկ տղաներն արդեն ավելի քան մեկ ամիս է դիրքերից չեն իջնում: Մինչև լուսաբաց ընկերակցում եմ Ալենին: Առավոտյան ժամը 6-ին գլոբալ առումով արդեն խաղաղապահ եմ:

Դիտակետում դիրքապահ ընկերներս ՆԳՆ-ից են: Հազիվ եմ ինձ զսպում, որ Կամոյին պապիկ չասեմ. բավարարվում եմ հորեղբայրով, իսկ Ռոբերտը միջին տարիքի է: Հակառակորդի արձակած առաջին կրակոցից փորձում եմ կռանալ, որովհետև թվաց, թե գնդակն ուղիղ գլխիս ուղղությամբ է գալիս, իսկ ունկերիս կողքով վզզացող կրակոցի ձայնն ականջի բլթակը ծակելու պատրանք է ստեղծում: Նայում եմ նրանց դեմքերին, կարծես ծովափ են եկել: Արևն են վայելում: Ավելի ուշ ես էլ վարժվեցի կրակահերթերին՝  այնպես, կարծես պարսատիկով են խփում: Ասում են՝  թուրքերը վախից են կրակում: Երկու օրից անսովոր ծանրաբեռնվածությունից ոտքս փքվեց, խռովեց ու որոշեց ինքնակամ լքել ինձ: Հենց նույն օրն էլ հերթափոխի գրաֆիկը փոխվեց, և պետք է ցերեկային հերթափոխը հանձնելուց հետո անմիջապես անցնեինք դիրքերի գիշերային պահպանությանը: Ամաչեցի ասել ոտքիս մասին: Ցավն ատամներիս արանքում սեղմած բարձրացա դիրք: Դե, մի երկու ժամ է, կդիմանամ, էլի: Ինձ անձամբ դասակի հրամանատար Թևոս Հարությունյանն է հրահանգավորում:

-Չմտածես անփորձության մասին, այստեղ բոլորս մեկ ենք՝  թև ու թիկունք: Բան եղավ՝  մի րոպեից կողքիդ եմ: Դու դեռ չգիտես իմ արագությունը: Ավտոմատի գնդակից արագ կհասնեմ,- ասում է: Հերթափոխին տասը րոպե էր մնացել, երբ ոտացավին դիմանալու ճիգերիցս անկախ գլուխս մշուշվեց, ու հազիվ հասցրեցի հենվել խրամատին, որ չընկնեմ: Ինձ մոտեցավ Նաիրին՝  մոբի տղերքից, ինչպես դիրքերում ընդունված էր անվանել կամավորականներին:

-Դիմացիր, տասը րոպե մնաց:

Տեսնելով, որ նույնիսկ չեմ կարողանում պատասխանել, կապվեց դասակի հրամանատարի հետ: Գետնատնակի ճանապարհին, երբ Թևոսը հրահանգում է, որ զենքս ու զրահաբաճկոնս իրեն հանձնեմ, սթափվում եմ: Չեմ ուզում հանձնել: Համարյա խլում է ձեռքիցս և իր զենքի հետ միասին ուսին առնում իմ ավտոմատն ու ծանր զրահաբաճկոնը: Ապա կռանում է, որ շալակի ինձ: Այդ պահին բոլորովին մոռացել էի և՛ ցավի, և՛ որտեղ գտնվելուս մասին:

-Կամանդիր, պետք չի, կամաց-կամաց կգամ: Առանց այն էլ Ձեր բեռը ծանր է: Ցավին հակառակ՝  մտքումս ժպտում եմ. երկիմաստ ստացվեց:

-Ինչ բեռ, ինչ ծանրություն, ինչ բան, ցավդ տանեմ: Իմ առաջնահերթ պարտականությունն անձնակազմիս մասին հոգ տանելն է:

Չեմ թողնում ինձ շալակի: Բայց դե հիմա ցավն ավելի տանելի է: Հրամանատար Թևոսն էր իմ ցավն առել: Հաջորդ օրը բժիշկ կանչեց: Վերջինս փորձեց ինձ իջեցնել դիրքերից: Ապարդյուն: Մնացի: Գոնե Ալենի փոխարեն մի քիչ կհետևեմ գիշերային տեսողության սարքով: Մի ժամ էլ քնի՝  բավական է: Գիշերը կարճելու համար հրամանատարի հետ զրուցեցի: Հայրն ազատամարտիկ է: Ապրիլին էլ Մարտակերտում է եղել: Մանկուց սիրահարվել է զինվորական համազգեստին, որով տուն էին վերադառնում հայրն ու հորեղբայրը: Հետո՝  1992-ին, հորեղբոր համազգեստը թանկ մասունք դարձավ իրենց տան սուրբ անկյունում: Որոշել էր, ու ինքը կրեց հորեղբոր համազգեստի սուրբ խորհուրդը: Հայրենի սահմանի իրեն վստահված հատվածն էլ իսկական միջնաբերդի է վերածել՝  պաշտպանական ամրություններով ու դրանք միացնող խրամուղիներով: Երբ զեկուցում են, թե հակառակորդի առաջխաղացման փորձ են նկատել, անվրդով, որսկանի նման ուսում է զենքը, ու արդեն րոպե անց լսվում է ինքնաձիգի ճարճատյունը՝  գետնատնակից բավական հեռու դիտակետում:

«…Մտածում, ասում, տեսնաս էս հինչ երգինքումա կիրվալ մեր ճկատեն գիրը. հունց վոր երեկ ինար, վեր մունք մեր հարանց կողքին կռեվ ինք անում, պոստ պահում, ըսօր էլ մեր խոխեքն ըն մեզնհետ…» (կամավորական Կամո պապի բարձրաձայն խոհերից):

 

Մաս երկրորդ

«Երկրորդ էշելեոն». դժոխքի ու դրախտի ճամփեքից առաջ…

…Ինչպես և սպասելի էր, մեզ տրված կարճատև արձակուրդից շուտ պետք է վերադառնայինք դիրքեր: Այս անգամ զորամասում ամեն շարժում և հրաման առավել քան լուրջ էր թվում: Իջնում ենք զինապահեստ՝  զենք ստանալու: Դեռևս Արցախյան ազատամարտից մնացած ինքնաձիգներ են: Բավականին մաշված ու գործարանային գույնը կորցրած փայտե մասի վրա խաչ էր փորագրված: Ժամանակին այս ինքնաձիգներով են գծվել այն սահմանները, ուր մենք պիտի մեկնենք: Խնամքով մաքրում ենք զենքերն ու շարվում՝  սպասելով հրամանի: Ինչպես առաջին անգամ, դավադիր մութ է, որին դաշնակցում է նաև անձրևը, իսկ մենք երկրորդ էշելոնի ճանապարհին ենք, որտեղ պետք է դիրքավորվեինք: Ճանապարհի մի մասը գերադասում ենք ոտքով անցնել, չնայած հալվում էինք հոգնածությունից: Հանդիպած առաջին իսկ գետնատնակում փլվում եմ այստեղի համար բավական հարմարավետ մի մահճակալի ու աներազ հանգում: Սակայն, ինչպես հետո պարզվեց, ինձ ճոխություն էի թույլ տվել. գետնատնակը մեզ համար չէր նախատեսված: Ժամկետային զինծառայողները նեղլիկ մի խրամուղով մեզ առաջնորդում են տեղակայման վայր: Ամեն հինգերորդ քայլից զգուշացնում էին կռանալ, քանի որ տարածքը դիտարկվում էր հակառակորդի կողմից: Միայն անունն էր երկրորդ էշելեոն: Առաջնագծում կարծես թե ավելի ապահով էր: Գոնե գիտեինք՝  ինչ սպասել, զգոն էինք, ու մեր գործողությունների հերթականությունն՝  ըստ իրադրության: Այսպես կոչված երկրորդ էշելոնը մեր երկրորդ դասն էր: Դիրքի ավագ, ուղեկցող սերժանտը զգուշացնում է, որ ամենավտանգավոր հատվածը մեզ է բաժին ընկել: Պետք է զգոն լինել, որովհետև դիվերսիայի դեպքում միայն մեր կողմից ճանապարհ կա: Բացի այդ, հիմնական ուժերից բավականին հեռու ենք՝  ամայի մի վայրում: Հասնում ենք տեղ: Այդ պահին, առավել քան երբեևէ, զգում եմ երկրի մագնիսական ձգողության ուժը: Բայց խրամատի հողը թաց է: Դե, նստելու համար էլ՝  բավական նեղ, իսկ ավելի բարձր նստելու դեպքում՝  վտանգավոր: Երկրորդ էշելոն: Տեսնես ո±վ է մտածել: Մեր պայմաններում նույնիսկ Ստեփանակերտը դժվար է երկրորդ գիծ համարել: Ամբողջ երկիրն է առաջնագիծ: Աչքս ընկնում է հողի մեջ փորված, դեռ կիսով չափ պատրաստ պաշտպանական մի տարածքի. սողոսկում եմ և, այսպես ասած, օկուպացնում այն: Բավական չոր տարածք է, նույնիսկ տաք: Անուշ ննջում եմ հողե անկողնում: Նույնիսկ տանն այսպես չէի քնում: Քիչ անց փոքրիկ տարածքս է ներխուժում ինձնից անբաժան մարտական ընկերս՝  Հակոբը: Այստեղ նեղ են ճամփեքը, երկու հոգու տեղ չեն անում: Ես նահանջում եմ, իսկ քիչ անց ներսից լսվում է Հակոբի տանկային խռմփոցը: Մեզ նախապես տեղեկացրել էին, որ ամեն րոպե հրետակոծություն է սպասվում: Ուստի առավոտյան մեր առաջին գործը լինում է ննջասենյակի վերածված պաշտպանական տարածքն ավարտին հասցնելը: Արդեն կեսօրին, չնայած կիզիչ արևին, բավական առաջադիմել էինք: Մեր կեսօրահացը համեստ է՝  տնից բերված հացուպանիր և հաճելիորեն սառը ջուր: Երկրորդ էշելոնի համար բավական ճոխ ճաշեցինք, ինչպես հետո հասկացա ժամկետայինների զրույցից և մեր հետագա ճաշերի սեղմ բովանդակությունից: Հարցիս զինվորները պատասխանեցին իսկական զինվորավայել ու լակոնիկ. «Որովհետև երկրորդ էշելոնում ենք»: Մի պաշտպանական բնագիծ, որի ամրացման եռուն աշխատանքները մեր ժրաջան զինվորների շնորհիվ չէին դադարում ոչ մի վայրկյան: Որոշվել էր, որ մթնով պետք է համապատասխան միջոցներ բերեինք՝  պաշտպանական ամրություններ կառուցելու համար: Շատ ծանր թիթեղներ էին: Քանի որ տարածքը հակառակորդի նշանակետում էր, զինվորները, որ ծանոթ էին տեղամասին, գրեթե վազքով դաշտից դուրս են գալիս և մտնում խրամատները: Մարտական ընկերս՝  Հակոբը, որ, ի դեպ, վաղուց արդեն հատել էր միջին տարիքի սահմանը, դժվարանում էր տեղաշարժվել՝  ծանր թիթեղի տակ կքած:

Կեսճանապարհին, երբ արդեն մենակ էինք, հասկացանք, որ մոլորվել ենք: Որոշում ենք թիթեղը վայր դնել ու փորձել կողմնորոշվել: Ես գերադասում եմ պառկել, քանի որ մեկ անգամ չէին զգուշացրել, որ տարածքը վերահսկվում է թշնամու կողմից: Հակոբը, որ դժվարությամբ էր կողմնորոշվում մթնում, որոշում է ինքնակամ լքել ինձ: Սակայն փշալարերին կախվելուց, ապա փոսն ընկնելուց ու ինչ-որ այլ կարծրության հետ բախումից հետո գերադասում է սահմանափակվել գոռգոռալով ու անհասցե հայհոյելով: Ելք գտնելու մյուս ճիգերի համեմատ բարձրաձայն հայհոյանքը իսկը տեղին էր, որովհետև բավական հեռվում զինվորները լսել էին: Քիչ անց մոտեցան և ուղեկցեցին մեզ: Հետագայում էլ քիչ չմոլորվեցինք մինոսյան լաբիրինթոսի նմանվող խրամուղիներում: Մի անգամ նույնիսկ այն աստիճանի, որ հոգնելով ապարդյուն ճիգերից՝  նստեցի ու սպասեցի, մինչև եկան գտան անհայտ կորածիս:

Վաղ առավոտյան գետնափոր մեր կացարանում քնած էի, երբ հրետակոծության նմանվող խլացնող կրակոցներ լսեցի: Սկսվե¯եեեեեց: Տագնապահար մտածում եմ: Առանց խուճապի, սակայն գլուխս նեղլիկ մուտքի ցեմենտբետոնե բարավորին բախելով՝  արագ դուրս եմ նետվում՝  դիրքավորվելու: Պարզվեց՝  մարտական ընկերս իր ռազմական գիտելիքներն է փորձարկում գնդացրով: Քիչ հետո, երբ հանգստացնում եմ Հակոբի մարտական կրքերը, մտնում ենք էքսկավատորի մեր դերի մեջ և այս անգամ արդեն փորձում մեզ համար արևից պաշտպանվելու և գոնե նստելու տեղ պատրաստել:Կրկին հողափոր: Հազիվ էինք ավարտել մեր քրտնաջան աշխատանքը և մեզ տրված անձրևանոցներով տանիք սարքել մեր հողոտ գլուխների վրա, նստել մի փոքր շունչ քաշելու և քրտինքներս չորացնելու, երբ հրաման ստացանք մեկնելու առաջնագիծ: Ժամկետային զինծառայողները ափսոսանքով ընդունեցին լուրը: Մենք էլ: Կարոտով բաժանվեցինք: Առջևում մարտական հերթապահության անքուն ու աշխարհում երևի զենքի հետ ամենաիրատեսական ու կենսալից ռոմանտիկայի գիշերներն էին:

…Կույր գնդակները մտրակով դաղելու ձայներ արձակելով խոցոտում էին հողի կուրծքը: Լուսնի փոխարեն մեր բաժին երկինքը մահաբեր հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերն էին լուսավորում: Դժոխքի ու դրախտի ճամփեքից առաջ ոգու և կամքի փորձության հրավառություն էր: Կյանքին ու զենքին սեր խոստովանելու ժամանակը:

Անդին 10.2017

Կարծիքներ

կարծիք