Չուդ լճի սառցամարտը

Հեղինակ:

 

ՏԱՊԱՆԱԳԻՐ

Այս է տապանը
ոմն հանգուցյալի,
որ իր երկրային
նավարկությունն ավարտելով,
մտավ նավահանգիստ…
Եվ իր հոգին`
փրկվածը ջրհեղեղից,
իջավ հովիտները
կյանքի մի այլ…

 

 

ԱՆՀԱՅՏՈՒԹՅՈՒՆԸ

Անհայտությունը
աշխարհի բոլոր
դեղատներում վաճառվող
դեղերի անունների
հանրագումարն է —
սարսափազդու,
խորհրդավոր,
անսահման,
կամ ձանձրալի
մի գիրք`
առաջաբանից
վերջաբան,
ուր առաջաբանը
դառնում է…
հառաչաբան…

ԾԻՐԱՆԱՎՈՐԸ
Այդ որտեղի±ց իմացաք տեղս, սադուկեցիներ…
Հիսուսի խոսքերից

Ծիրանավո~րն էր`
աշխարհե — աշխարհ աստանդական,
հոգու հեռավոր ճամփաներով եկած…
Եվ ծիրանի բոցը` իր սրտից, ուր
վարդն էր բոցկլտում տերունական,
շրջասփռելով խինդն իր պուրպուր…

Եվ Երկնքի լռությունը
գիտե~ր նրան,
և աչքերի լուրթը
հորիզոնից — հորիզոն էր
թափառում երազկոտ,
և բառե~ր էր շռայլում`
պայծառ ճրագվառոց…

Սադուկեցիների վրաններն էին
հեռվում ծխում`
տիրատյացությամբ
մի արնախում…

Երբ Գոթֆրիդ Բենն
առաջին անգամ
նշտարը ձեռքն առավ
դիահերձարանում…

ՙՄաշկը, մա~շկն է
ողջը պահում իր մեջ,
անում ակնահաճո…՚
/ ՈՒմբերտո Էկո ,
«Վարդի անունը», էջ…/:

Այսպես ամեն ինչ
պիտո է տեսնել իր
լուսապսակի մեջ:
Սրտխառնուք է այլապես…

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՆ ԲԱՌԸ

Հոմերոսի ժամանակներում այն գուցե
Հադեսի երկրից էր գալիս,
իբրև մի մութ փայլատակություն,
ստորջրյա ամպրոպ,կամ Ստիքսից որսված
առեղծվածային, յոթխռիկանի մի ձուկ…
Բայց այն նաև հասունանում է հետզհետե,
ինչպես ցողը երեքնուկի տերևաբաժակում
/ չիմանալով, թե որտեղից է` ճարահատյալ
ասում ենք` երկնքից…/:
Արևածաղկի պես է:- Պոետն առօրյայում
հայացքն արևի ուղղությամբ է պահում,
որտեղից որ լույսն է ճառագում, բայց ամենակարևոր
բաները, ավշանման, գալիս են` ինչ իմանաս` ինչ խորքերից,
ուր մազարմատներն են պոետական խրված…

ՄԵՍՈԼՈՆԳԻՈՆ : ԲԱՅՐՈՆԻ ՄԱՀԸ

Թվում էր`
Ակրոպոլիսից մինչև Պերսեպոլիս
Ոգու ջրամբարը պիտի ծովանա
դարերով: Բայց կեղտոտ չալմայի պես
պտտվող մի պտտահողմ եկավ
ավազուտներից ու խցկվեց…
Օսմանը,
որ որդան պես ազգեր պիտի ճզմեր`
իր որդան կարմիրը ստանալու
ու պատմություն նախշելու համար…
Տենդից այրվում էր ճակատը:
Անծանոթ մի լեզվի բառեր էին գալիս:
Ի՞նչ լեզու էր դա: Հա~, հայերենն էր,
որ սուրբ Ղազարի հայրերը
նշխարի պես դրեցին իր շուրթերին…
Տենդի պես այրվում էր
հույն — թուրքական ճակատը:
Դիրքերի վրա
ուրուրի պես Բանբերն էր պտտվում.
«ՈՒ՞ր է այն կաղ հրեշտակը,
որ Լեզվի հրեշտակապետի հետ մարտնչելիս
ջլախախտվեց, ու՞ր է Կանչվածը…»:
Մայրամուտից այնկողմ արշալույս էր բացվում…

ՉՈՒԴ ԼՃԻ ՍԱՌՑԱՄԱՐՏԸ

Արևմուտքից
միշտ այսպես
զրահապատ են եկել —
ու միշտ էլ
եղանը
փորն ենք խրել…
Պատմության հողմը
անցք է որոնում
ոռնոցով —
ասես
միաժամանակ
հարյուր հազար շվեդ
շվացնի…
Միշտ այսպես
զրահապատ են եկել:

ՆԻՑՇԵԻ ՀՈԳԵԽԱՆԳԱՐՈՒՄԸ

Խղճի` որպես հասկացության,
հարցերը վաղուց էին լուծված —
այն ընկած էր մտքի հետնախորշում:
Ազատն ու կորովին էր
տիեզերքի չորրորդ չափումը,
սավառնումն` անկշիռ, պարը
լուսատուների անսանձ,
պարը, պա~րը ամենայնի…
Փողոցից աղմուկ լսվեց,
գոռգոռոց, հիստերիկ ճիչեր:
Ելավ: Անազատ անսանձին`
ձիուն էր քոթակում կառապանը:
Կռացավ, նայեց ընկածի
խոշոր, անասնական արցունքով լի
աչքերի մեջ — մի-մի ձագար
անհուն — և որտեղից էլ ինչ-որ
մի բան սկսեց իրեն նայել:
Խի±ղճն էր, թե ինչ-որ մի այլ բան —
չիմացավ, սուզվեց — սուզվե~ց մի այլ
խորունկ ձագարի մեջ, որից այնկողմ`
փողոցում, ամեհի խավար էր,
իսկ այս կողմում` լուսավո~ր — լուսավոր, ուր
ճախրում էր ազատն մի ուրուր…

ԷԼԵԳԻԱ

Երբ երեխա էինք
ու այստեղ էինք ընկել խորհրդավոր մի պարտեզից`
պատահաբար բաց դռնակով` ինչ-որ փուչիկի ետևից
հասնելու համար / դեռ չգիտեինք,
որ մեր գտածը մի առավել մեծ
փուչիկ է լինելու` վերջում…պայթող…/:
Երբ դեռ երեխա էինք,
մեր իմացած խորհրդանիշները
մեծանալով պայթում էին շերեփուկների պես,
որ դառնան կյանքի հասուն գորտ-իրերը,-
շոշափելի, կանաչ, լպրծուն,
Խորհրդանիշների պարտեզի
ցանկապատից դդումի պես
կախված լուսնի վրա կռռացող…
Պահարանահատ ելուզա~կ,
որ ուզում է բացել ամեն դարակ,
խառնել, ճանաչել ամեն ծակուծուկ…
Ապա` հարսնյակի պատյանից
դուրս եկած մի թիթեռ`
թռած-պրծած կին, արկած, խմիչք — հազար ու մի
թմբիրի մոտերքով: Ապա` ծերությունը,
երբ ուզում ես ազատվել բոլոր
իրերից ու նշաններից` ինչպես ծույլ
աշակերտը` թվերից: Երբ պարտեզի
դռնակը նորից բաց է, խորքում
մի կապու~յտ լույս է վառվում,-
ու դողալով մտնում ես` այս անգամ`
արդեն ոչ պատահաբար…

Կարծիքներ

կարծիք