Եվրոպայի առևանգումը

Ինչպես հայտնի է, եղել է այսպես. երբ  Ամպրոպային Զևսը տեսավ ու սիրահարվեց փյունիկյան թագավորի Եվրոպա անունով աղջկան, ով իր մեջ, իր կերպարում Արևելքի հմայքն ու քնքշությունն էր ամփոփում, ցուլի, ոսկեգեղմ ցուլի կերպարանք առավ և առևանգեց Եվրոպային՝ գայթակղելով իր փայլփլուն նրբագեղությամբ:

Անցավ Զևսը, ափսո՜ս, անցան նաև հին աստվածների ժամանակները, բայց մի ամբողջ մայրցամաք կոչվեց գեղեցկուհու անունով:

Հետո ի±նչ եղավ, եղավ այն, որ Արևելքի հմայքը գողացվեց, և Եվրոպան դարձավ բարեկրթության կենտրոն…

Բայց Եվրոպան հիշում էր իր հմայքի նախասկիզբը՝  արիական ժողովուրդների հայրենիքը՝ առեղծվածային Արևելքը:

Դիոնիսոսը, Ալեքսանդր Մեծը, հետո Նապոլեոնը արյան հիշողությամբ վերադառնում էին այստեղ, ուր Եվրոպան է ծնվել:

Իսկ հետո, ավելի ուշ, Արևելքի հզոր տիրակալները, հին ավանդությանը հետևելով, եկան Եվրոպան փրկելու առևանգողներից. նախ՝ Հուն-Նու ցեղերի առաջնորդ հզոր Աթիլլան, նույնինքը՝ Իթիլը, որը այժմյան Վոլգա գետի անունն էր: Հետո արդեն Չինգիզ խանի մեծ երազանքը կատարող մոնղոլ Բաթուն:

Սակայն եղավ մի տարաշխարհիկ բան. Տրիեստ քաղաքի դիմաց կանգնած Բաթու հզոր զորավարը, Կղետիանոս կայսեր կիսավեր առանձնատանը  գիշերելուց հետո,- մի կայսր, ով սեփական իշխանությունից հրաժարվել էր և կաղամբ էր աճեցնում,- որոշեց ետ վերադառնալ:

Մինչև հիմա էլ ոչ ոք չգիտի, թե Բաթուն ինչու արեց դա, երբ եվրոպական երկրները բարոյապես պարտվել էին և պատրաստ էին ընդունելու մոնղոլական զորավարին՝ ճանապարհ տալով մինչև Վերջին ծովը:

Բայց մոնղոլ Բաթուն չգնաց՝ թերևս համարելով, որ ինքը հմայիչ Եվրոպային ոչ միայն տեսել է, այլև տիրացել է արդեն:

Անցավ նաև մոնղոլ Բաթուն՝ ահեղ զորավարը, չավարտելով իր Չինգիզ խան պապի վերջին ցանկությունը:

Ամեն ինչ անցնում է, բայց ամեն ինչ չէ, որ մոռացվում է: Եվ եկավ ժամանակ, երբ երեք հսկայական մայրցամաք կանգնեցին իրար դեմ, քանզի Եվրոպան ու Ասիան չգիտեին, որ կա նաև Ամերիկա, իսկ չորրորդ մայրցամաք Աֆրիկան վաղուց արդեն նվաճված էր:

Տարիներն անցնում էին, և Եվրոպայի հմայքը շարունակում էր գերել անեվրոպա ժողովուրդներին: Եվ  Եվրոպայի գայթակղությունն այնքան զորեղ էր, որ ստեղծվեց եվրոպական արժեք հասկացությունը. խոսքի ազատություն, խղճի ազատություն, մարդու իրավունք, կնոջ ու տղամարդու հավասարություն, ազգերի ինքնորոշման իրավունք և այլ իրական ու խաբուսիկ իրավունքներ: Եվ այդ բոլորը հրաշալի էին և են:

Արժեքներն՝ արժեք, բայց մի զարմանալի բան. Դանիել Դեֆոյի հերոս եվրոպացի Ռոբինզոնը, միայնակ հայտնվելով մարդակերների երկրում, իրեն նեղություն չտվեց սովորելու նրանց լեզուն, այլ բարբարոս Ուրբաթին իր լեզուն սովորեցրեց: Այնինչ, կարծես թե, պետք է լիներ հակառակը՝ թեկուզ իր կյանքի փրկության համար:

Բռա°վո, Ռոբինզոն:

Այսօր էլ քո գործը շարունակում ես, և քո այդ հմայիչ Եվրոպան մեզ թելադրում էր իր լեզուն՝ իր հռչակած արժեքներով, իրավունքներով ու ազատություններով:

Իսկ մենք՝ ձեռքներս ճակատներիս, հիացած սպասում ենք, թե ուրիշ ինչ եք ասելու, որ մենք անենք՝ մոռանալով մեր իսկ սեփական արժեքները, որոնք շատ ավելի հին են, քան Եվրոպայի առևանգումն էր:

Եվ մտքներովս անգամ չի անցնում, որ մենք հազարամյակներով փորձված մեր արժեքները ներարկենք Եվրոպային, որպեսզի եվրոպական արժեքները չարժեզրկվեն: Եվ չլինի այնպես, որ Բրյուսելի քաղաքապետը քաղաքի գլխավոր հրապարակում զգուշանա Նոր տարվա տոնածառ տեղադրել, որ չվիրավորի իսլամ դավանող իր բնակիչներին:

Անշուշտ, բոլոր կրոնները հարգելի են, և հարգելի են դրանք դավանողները, բայց տեղի է ունենում զարմանալի բան. այն, ինչը որ չկարողացավ մինչև վերջ անել մոնղոլ Բաթուն, Եվրոպան ինքն է անում՝ առևանգելով ինքն իրեն ներսից, հռչակած սեփական օրենքներին գերեվար:

Եվ հիմա ես՝ եվրոպական արժեքների կամավոր որդեգիրս, մտածում  եմ՝ խե՜ղճ Եվրոպա, ինչը որ չկարողացան անել քեզ հետ ասպատակողները, ինքդ ես անում քո ներսում, և սկսում եմ կասկածել՝ արդյոք քո ստեղծածը արժե՞ք է, թե՞  քո տեսակի արժեզրկում:

Գուցե այլևս տեղին չի եվրոպական արժեք հասկացությունը, այլ պարզապես կարելի է ասել՝ եվրոպական տեսակետ, որովհետև ամեն ազգ իր արժեքներն ունի, և այդ արժեքները պետք է հարգել՝ չթելադրելով քո տեսակետը մյուսներին, քանզի դրանով արժեզրկում ես նրանց արժեքները:

 

 

 

 

 

 

Կարծիքներ

կարծիք