Ծառի ճիչը կամ Նոբելյան մրցանակ

Հեղինակ:

 

Օդը փուխր էր, հողը` քարոտ:  Ընկուզենու արմատները քարերին խաբելով, նրանց շրջանցելով, նրանց ծակելով իջնում էին խորքերը` մի պուտ ջուր գտնելու համար: Եթե այդ տարի խոնավությունը բավարար էր լինում, ընկույզը լի ու սպիտակ էր լինում, բայց էդ մասին ո՛չ քարերն էին իմանում, ո՛չ օդը: Էդ մասին նույնիսկ ինքը` ընկուզենին չէր իմանում, քանի որ նրա համար օր, ժամ ու տարի չկար: Կար միասնական մի ժամանակ` ընկուզենու հարյուր, թե՞ հինգ հարյուր տարի ձգվող կյանք:

Դու նստում էիր ծառի տակ ու էդ մասին մտածելու ժամանակ չէիր ունենում: Աչքդ հառում էիր բունն ի վեր` սաղարթին, նրա միջից ներքև ընկնող արևի շողն էիր բռնում, նայում էիր հասունացող կանաչ պտուղներին. ՙԷս տարվա կակալը փուչ կլինի՞, թե՞ տռուզ՚: Ընկույզի փուչն ու սերտը, ընկույզի  «քցիբը» որոշել լինում է, իսկ մարդու օրերի՞նը: Մարդը հո ընկուզենի չէ՞: Մարդ է պարզապես, իր ժամն ու ժամանակն ունի: Իսկ էդ ժամանակը հո ամեն օր հաշվելով չե՞ս ապրի…

………………………………………………………………………………………………

…Ես այսպես պիտի սկսեի քո մասին գրելիք պատմվածքս, մա, բայց, չգիտեմ ինչու, գրվածքս ուրիշ ուղղությամբ գնաց: Անսանձ ձի՞ էր երևի: Սանձը բանի տեղ չդնելով, հեծյալի աղմուկ աղաղակը հեչի առնելով սլացավ իր ուղղությամբ: Մանավանդ որ քեզ գովելու, քո չարածներն արած ներկայացնելու հարկ չկա: Դու ո՛չ հերոս ես եղել, ո՛չ հայտնի ու անհայտ ամբիոններից ճառ ասող, ո՛չ գեղեցկության մրցույթներում հաղթող: Քո արած-չարածն էն է եղել, որ քեզ ամեն օր, ամեն ժամ մաս-մաս, աննկատելի ու անձայն տվել ես շուրջդ եղողներին, այսինքն` մեզ: Դրա մեջ ի՞նչ հերոսություն կա: Մենք հո ուրիշ չե՞նք: Քոնոնք ենք, չէ՞:

Չէ, քո մասին գրել-չգրելն իմ գործն է, դու էդ հարցում էլ ինձ պարտապան ու քեզ պարտատեր չես համարում: Ես եմ, էլի… Իմ անխելք լակոտությամբ մեջ եմ ընկել ու տեսեք-տեսեք` գրող եմ: Տո գրող ու ցավ եմ, թե գրող եմ: Եթե գրող էլ եմ, ապա աշխարհի համար, իսկ քեզ համար… Քեզ համար ամռան էն շոգ ու անստվեր օրվա մեջ շեմիդ հայտնված մանրավաճառ-չարչու պես եմ: Եկել, անխիղճ շոգին, անխիղճ աշխարհի մեջ խիղճդ գնդակ արած տշում եմ, ու դու կամ չես տեսնում, չես հասկանում, կամ տեսել-հասկացել ես, բայց թույլ ես տալիս, որ քեզ խաբեն: Եկել, ապրանքս սաղացնել եմ ուզում, վատս լավի տեղ անցկացնել ու էժանս թանկ ծախել: Դու էդ բոլորը չտեսնելու տալով իրար ես խառնվել.

-Արի նստի, քույրիկ,- ասում ես աթոռակը նրա կողմը հրելով, շուռ ես գալիս հարսի կողմն ու,- աղջի, մի բաժակ կոֆե տուր էս կնկան:

Կինը ոտքը ներս էր դրել, կամաց-կամաց տեղավորվել էր քո կողքին ու սուրճի բաժակից խմում էր ֆռթացնելով: Տնավարի ՙկըծ՚ էր անում շոկոլադի սալիկի կտորից ու խոսում էր: Ինչի՞ց: Անտանելի շոգից, իր հոգնությունից, իր դժվար ապրուստից: Հետո քեզ լավություն էր անում ու քո շուռ տված բաժակում բախտ էր կարդում քեզ համար, հազար ու մի լավ բան էր խոստանում: Դու գիտեիր, որ եթե նա բախտի ճամփեքն իմանար, քեզ չէր ասի, հաջողությունը քեզ չէր տա, այլ լիուլի կցողեր սեփական անձի վրա, կլցներ իր գլխին, կլողանար բախտի գետի մեջ ու իր դժվար կյանքը մի քիչ կթեթևացներ: Շրջապատից էլ կթաքցներ իր բախտը` նրանից տեղի-անտեղի դժգոհելով: Գիտեիր, բայց ձայն չէիր հանում: Չէիր ցանկանում նրա խաթրը կոտրել, համ էլ թաքուն ակնկալիք ունեիր, թե հանկարծ սուրճի բաժակի մեջ մի լավ բան կգծագրվի, ու քո թախիծը կփարատվի գոնե մի քիչ, գոնե որոշ ժամանակով:

Հարսդ աչք-ունքով հասկացնում էր, թե կնոջ ապրանքը բանի պետք չէ: Թե էդ ապրանքը տարած-ետ բերած աղջկա նման է: Թե թափելու բան է, հետն էլ` թանկ, իսկ դու… Դու չտեսնելու էիր տալիս, չհասկանալու էիր տալիս և հարսին էիր դիմում համոզելու նման.

-Աղջի, ասում եմ` մի էրկու կտոր ապրանք առնենք էս կնկանից:

-Ախր ունենք…,- իր անհամաձայնությունն զգուշությամբ հայտնում էր հարսը, իսկ դու.

-Ախր էս խեղճն էս օձի լեզվի պես չոր ամռան շոգին աշխարհեաշխարհ անցել, մեր տուն է եկել: Լավ չէ առանց մի բան առնելու ճամփու դնելը, լավ չէ…

Հարսը վերցնում-դնում է ապանքը, կինը հազար գովք է տալիս: Էնքան է գովել, որ արդեն ինքն էլ է հավատում իր ասածին ու քո խոսքերից թևավորված շարունակում է.

-Դու ինձ համար հո օտար չե՞ս: Ես քեզ իր գնով եմ տալիս:

Հարսը չուզելով, ինադ-զինադ ծալում է մի քանի զույգ գուլպա, մի երկու տակաշոր, ձվով, պանրով վճարում ու ճամփու է դնում կնոջը, իսկ դու նայում ես նրա հետևից ու գլուխդ թափահարում.

-Խեղճն էս անխիղճ շոգին, էդ ծանր տոպրակներով…

Հետո՞ ինչ, որ կինը նույն ապրանքը հարևանին ավելի էժան է տվել, հետո՞ ինչ, որ նույն բաները նրան է ասել: Դու էն գլխից էլ գիտեիր, բայց…

Հիմա ասա, էս ի՞նչ պատմվածքի նյութ է, որ գրեմ: Իմ հերոսը ո՛չ աշխարհն է փրկում, ո՛չ նոր ու չլսված գաղափար է ի հայտ բերում: Ի՞նչ գրեմ: Եղած-չեղածն ամառային մի օր է, դու` հողվոր, ջրվոր, փոցխվոր մի կին ու ոչ մի մեծ բան չես արել քո կյանքում աշխարհին չորս զավակ տալուց բացի:

-Է, ո՞ր մի կինը զավակ չի ունեցել, տղա,- ասես թիկունքիս կանգնել ու գրածս կարդալով հաստատում ես ասածս:

Իսկ ես քեզ մի պատմվածք եմ մնում պարտք, որի հերոսը… Ասենք մի կարգին չգիտեմ էլ, թե ինչ պիտի անի էդ պատմվածքի հերոսը, ու գիրս ամեն անգամվա պես էլի մնում է կիսատ: Ցեխոտ, թոռոտ ու աշնան էն օրվա պես, երբ դու հորս տաք ու անջրանցիկ ՙմակինտոշն՚ ուրիշին տվեցիր: Ուրիշը…. Ուրիշը ծեր Եղիշն էր: Աշուն էր, աչքը` թաց, բերանը` թաց ու սրսփում էր Եղիշի պես, որ տանձենու փետից գդալ ու շերեփ էր սարքել ու քյոլվա գյուղերից եկել, հասել էր մեր տուն: Շորերը… Մի թելը քաշեիր, հազար կարկատան կթափվեր, ոտքերին` հին ու պատառոտված կալոշներ ու երգը` շուրթից կախ: Նստել էր պապիս տանը` քուրսու տակ, ուրցի թեյ էր ֆռթացնում` շաքարը կծելով և ջահել հարսներին աչքով անելով երգում էր.

-Խնոցի հարող, մեջքդ բարակ,

Եղիշն ուտի մեղր ու կարագ…

-Մեռածի մտքեն աղայություն կանցնի,- ծիծաղում էր հողոպկին Գրետն ու վրան բաց կատակ էր անում Եղիշի հետ, հետո հարցնում էր.

-Եղիշ, ճիշտն ըսա` ո՞ր հարսը դուրդ գուկա:

Եղիշի փորը կշտացել էր, ջանը` տաքացել, իր ծեր հասակը մոռացած` աչքով էր անում հարսներին ու երգում էր.

-Խնոցի հարող, մեջքդ բարակ…

Էդ գիշեր քուրսու տակ քնեց, գդալներն իր փոխարեն դու փոխանակեցիր ձվով: Առավոտյան հավկիթները շարեց դույլ սարքած ներկի ամանի մեջ ու պատրաստվեց գնալու: Դրսում` թոն ու թոռ, Եղիշի ծեր ու ցրտից դողդողացող ձեռքերը, իսկ մեր պահարանի մեջ` հորս երկու անգամ հագած ՙմակինտոշը՚:

-Տուր հագնեմ, հարս,- ասաց,- մյուս գալուս կբերեմ:

Գիտեիր` չի բերելու, բայց տվեցիր: Գիտեիր` թե բերի էլ, հայրս Եղիշի հագածն այլևս չի հագնի: Տվեցիր` մեղք է: Տատս մաղիկ-մաղիկ անեծք թափեց հորդ տան ու ախպերներիդ գլխին, որ ամուսնուդ աշխատանքը չես խնայում: Անեծքը գնաց, անձրևաջրի պես ներծծվեց հորդ պատի մեջ, ու մի քանի ամիս հետո հորանցդ տունը ինքն իր վրա նստեց: Ճիշտ է, մարդու բան չեղավ, բայց… Հայրս աշխատանքի տեղից եկավ, իմացավ արածդ, մի երկու բերան հայհոյեց թույլ-թույլ ու մոր սիրտն առնելու համար մի էրկու անգամ բամփեց գլխիդ: Գիշերն ինչպե՞ս առավ խաթրդ` չգիտեմ, բայց մոր աչքի առաջ ծեծեց: Հողոպկին Գրետն իմացավ, քթի տակ ծիծաղեց ու մխիթարեց քեզ.

-Դարդ մի էրա, մարդի ծեծ` վարդի ծեծ…

Իսկ Եղիշն էլի էկավ, բայց մակինտոշը չբերեց: Ասենք, մի տարի հագնելուց հետո բերեր ի՞նչ անեիք…

Քո մասին ի՞նչ գրեմ, գրելու բան կարծես թե չկա: Ու ես աշխարհին մի լավ պատմվածք եմ պարտք մնում: Մի լավ, մի շրխկան պատմվածք: Նժույգ ձիու պես, սանձը բաց թողնես` խրխնջա, սլանա, գնա բազմի աշխարհի ամենափայլուն ամսագրի առաջին էջում: Թարգմանվի հազար լեզվով ու հազարապատիկ հնչի ամեն անգամ նորանալով:

Իսկ ես իմ այնքան լավ սկսած պատմվածքի կորցրած ծայրը չեմ գտնում ու գալիս, կանգնում եմ կարկուտի տակ: Անձրևը, կարկուտը, հողմը ո՞ւմ համար են, եթե ոչ հովվի… Ես գառնարած տղա` կարկուտի տակ էի ընկել: Կարկուտը գալիս էր այնպես, ասես հարևան Աղասն էր բարկացել ու քարլղելով բոստանից դուրս էր քշում աներես հավերին: Հարվածում էր առանց աչք ու երեսի նայելու: Ես անձրևանոց չունեի, ես տաք ու ապահով շոր չունեի: Կարկուտն անսպասելի ու մեկեն էր վրա տվել: Հանդ ու սար անակնկալի էին եկել ու մի անգամից թափված թոնը ներծծել չէին կարողացել: Չոր հողը ջրի բերանն ընկած սելավ էր դարձել ու խելագարված քշում էր իր ճանապարհին հանդիպող ամեն բան: Դու եկար կարկուտի ամենաթեժ պահին: Եկար անձրևանոցը ձեռքիդ: Ուսերիդ չէիր առել: Ես` անձրևի տակ, դու ո՞նց չոր մնայիր:

Հետո անձրևը դադարեց, արև դուրս եկավ, հեղեղը խեղճացած մտավ ձորը և զայրույթը քարերի վրա թափելով շարունակեց գոռգոռալ: Արևը բազմապատկվել էր գազի փշերից կախված կաթիլների մեջ ու յոթգույն ծիածան էր դարձել երկնքում: Աշխարհը թաց, հեղեղից զարկված ու գեղեցիկ էր այդ օրը: Թրջվել էինք երկուսով, հեղեղը քշել էր արտ ու բանջարանոց, բայց դու ուրախ էիր, որ ես հեղեղի բաժին չեմ դարձել:

Կասես. ՙՈ՞ր մայրն իր զավակին չի սիրել… Ո՞ր մայրն է, որ ամենալավը, ամենաթանկը, ամենաչճարվողը զավակին չի տվել՚: Ու ես էլի գլուխս կախ կանգնած կմնամ իմ կիսատ պատմվածքի առաջ:

Դու աշխարհը զարմացնող պատմվածքի հերոս լինել չես ուզում, մա, ու իմ գրվածքը նորից մնում է կիսատ: Դու խոտի խուրձը շալակած իջնում ես սարից: Խոտը թաց է, բեռը հավասար չի կապված, մի կողմի է քաշում, և ուսիդ մեկը փայտացել է թոկի կտրող համբույրից: Իսկ դու գալիս ես: Իջնում ես զգույշ, իջնում ես, ու մատներդ քրտնած չստերի մեջ սահում, ուզում են պատռել ու դուրս գալ: Գալիս ես հևալով, և ես ինչ էլ որ անում եմ, չեմ կարողանում քեզ տեղավորել իմ շրխկան, աշխարհը զարմացնել ցանկացող, աշխարհի բերանը բաց թողնող պատմվածքի մեջ: Դու մնում ես հողոտ, խոտոտ, հանդոտ, քարոտ, քրտինքոտ ու մանգաղի մետաղյա ատամից վերքոտած մատներով:

………………………………………………………………………………………………

Էդ տարվա թոն ու թնջուկ ամռանը կայծակը փաթաթվեց ընկուզենու բնին: Ծառն էդ տաք, էդ ինքնամոռաց համբույրին չդիմացավ ու տապալվեց: Նախ ինքն իր մեջ ջարդվեց, հետո սաղարթը խշշաց տագնապած ու տապալվեց իր ոտքերի տակ սարքած մարգերի վրա: Անբնական էդ ճայթոցից, թե՞ ծառի ճչոցից դու տագնապած դուրս թռար տանից: Աչքդ մեկ ընկուզենուն, մեկ Ձորի արտի գլխին կիտված ամպերին տնկեցիր ու շշնջացիր ճչալու պես.

-Աստված, իմ էս մի հատիկ ընկուզենին ի՞նչ էր արել Քեզ…

Իսկ ծառի կայծակնահար եղած բունը դեռ մխում էր` ասես դաստակից կոտրված ձեռք լիներ: Գայթակղությանը չէր դիմացել` ժամանակից շուտ մեկնվել էր կարտոֆիլ խորովող փռին ու դաղվել էր միանգամից:

Հյութերը ներքևից վերև էին բարձրանում, դեռևս չգիտեին, որ սաղարթը չկա և մոխրացած, փշրված բնի կրակին հանդիպելով` թշշում էին ինքնամոլոր: Ծառը դեռևս գլխի չէր, որ առանց սաղարթ է մնացել: Բունը դեռ ապրում էր, շնչում, հողից հյութ էր քամում, բարձրացնում կեղևն ի վեր և չգիտեր, որ հողի ազնիվ հյութը գոլորշիանալով օդում բաժին է դառնում կատաղած այսերին:

Բունն այդպես մխաց էլի երկու օր, բայց չբռնկվեց. բոցը նե՞րս քաշեց, թե՞ ինքն իր մեջ ուժ գտավ ու պատնեշ դարձավ հրի դեմ` ոչ ոք չիմացավ: Սաղարթը կտոր-կտոր արեցին ու վառելափայտ դարձրած այրեցին վառարանի մեջ: Ո՛չ ծուխ ելավ այրվելու ժամանակ, ո՛չ մոխիր մնաց` այրվեց անմնացորդ, ու դու չզարմացար: Գիտեիր դա ինչու և ինչպես է լինում:

Իսկ բունն այդպես մնաց մինչև հաջորդ գարուն և կայծակնաբաց վերքից ներքև շիվ տվեց: Շիվն արագ ծառ դաձավ ու պտղակալեց: Ընկույզները` մեծ-մեծ, լիքը, բայց դառնահամ: Ասենք, դրանք ավելի շատ մոխրի ու այրվածքի հոտ ունեին, և ճաշակելուց հետո երկար ժամանակ բերանից չէր անցնում դառինքը:

Այս անգամ արդեն մարդիկ սպանեցին ընկուզենուն: Եվ այս անգամ արդեն վերջնականապես: Խոր փոս փորեցին շուրջը և փորձեցին արմատը հանել հողից: Արմատները կտրելու ժամանակ երեք կացին ջարդեցին: Արմատներն ասես քարեղեն լինեին. դիմադրում էին քարի համառությամբ: Կողային արմատները կտրեցին, հետո տրակտորով սկսեցին դուրս քաշել հիմնաբունը: Երբ դուրս էին քաշում, ընկուզենին մարդկային ճիչ արձակեց: Դու հասկացար, որ դա ծառի կայծակնահար լինելու ժամանակ քո արձակած ճիչի արձագանքն էր: Մի կերպ հանեցին հողի կրծքի միջից և տեսան, թե ընկուզենին ինչպես է արմատներով գրկել մի հսկա քարաբեկոր: Ասես ձեռք լիներ, որ ամբողջ ուժով ծալել էր մատները և կառչել վերջին հույսից: Արմատը մինչև վերջ դուրս չեկավ, ջարդվեց, մի մասը մնաց հողի կրծքի մեջ: Հիմնարմատը քաշեցին, գցեցին արևի, անձրևի ու քամու բերան: Ու մնաց այդպես` քանի՞ տարի:

Դժվարն արմատի փոսը լցնելն էր: Մարդիկ լցնում էին, փոսը հողը կուլ էր տալիս անհագուրդ որկորի նման… Եվ լցված փոսը այգու դեմքին մնաց որպես սպի: Տարիներ շարունակ ոչինչ չէր աճում ընկուզենու տեղում: Հո՞ղն էր խռովել, ընկուզենի՞ն էր անիծել, թե՞ ինքնածին վրեժն էր չորացնում ամեն բան, չէիր հասկանում:

Ընկուզենու ցավը մի փոքրիկ խոց դարձավ քո սրտի մեջ: Ասես վերքի մեջ մախառ կար. անընդհատ բորբոքում, ցավում էր մզզոցով ու չէր թողնում ուշադրությունն իրենից շեղել: Քեզնից բացի ոչ ոք չէր հիշում, որ ծառը հորս հետ էիք տնկել` ձեր ամուսնության առաջին գարնանը…

…………………………………………………………………………………………………

Դու չգիտեիր, որ ես քո մասին գրելիք պատմվածքս այդպես էի շարունակելու, եթե իմ ուզած ձևով գրելու լինեի, բայց ինձնից անկախ հիշում էի իմ մանկության տոնածառը, որ եղևնի չէր, այլ ընդամենը… չիչխանի ճյուղ: Եղևնիները և իսկական տոնածառերն աշխարհի հեռավոր ու լուսավոր քաղաքների համար էին: Մեր գյուղում եղևնի չկար, դրա համար էլ նոր տարվա դեմ բուքն ու ծնկահար ձյունը հաղթահարելով դու բարձրանում էիր ձորն ի վեր, մատներդ ծակելով չիչխանի հարմար մի ճյուղ էիր ընտրում ու բերում էիր տուն: Հետո ամբողջ գիշեր զարդարում էիր: Մատիտով ներկում էիր դպրոցական տետրից պոկած թուղթն ու կտրատելով շղթաներ էիր պատրաստում, զանազան խաղալիքներ… Իսկ առավոտյան… Աշխարհի ոչ մի հրաշք տոնածառ այդ հմայքն ու ուրախությունը չէր պարգևում երեխաներին, որքան քո զարդարած չիչխանի տոնածառը` մեզ…

…………………………………………………………………………………………………

…Ես հասկանում եմ, որ այս գրվածքի համար ինձ Նոբելյան մրցանակի չեն արժանացնի: Ասենք, ի՞նչ եմ խոսում: Քո աշխարհում հիմա փառքը, մրցանակները և դրանց նման բաները հաստատ այլևս որևէ արժեք չունեն ու քեզ համար կարևոր չեն այլևս:

Ասեմ, որ ինձ համար նույնպես կարևոր չէ` կարդալիս կգովե՞ն, կայպանե՞ն, թե՞ կծիծաղեն: Ես գոհ եմ, որ այս գրվածքի մեջ մի քիչ քեզ հետ խոսեցի և մի քիչ` քո մասին: Հետո՞ ինչ, որ սա կիսատ կամ, ավելի ճիշտ, չգրված պատմվածք է: Միևնույն է, ես սիրում եմ այն և համաձայն չեմ նրա մեջ անգամ մի բառ փոխելու առաջարկին, թեկուզև դրա դիմաց Նոբելյան մրցանակ խոստանան:

Անդին 01.2018

 

 

Կարծիքներ

կարծիք