Խլացնող ձայն

Հեղինակ:

Աղմուկ: Ճիչ: Լաց ու կոծ: Մտորումներ… Միմիայն չորս պատ էր ու լռություն, պատուհանից դուրս անհանգիստ աշխարհն էր… Ամեն ինչ լսում էի, լսում, ու հետզհետե ծանրանում էր լսողությունս, մոտիկ ձայները հեռու էին թվում ու աստիճանաբար մարում էին… Կրճտացնում էի ատամներս, հետուառաջ անում փոքրիկ սենյակումս, բռունցքներս խփում էի պատերին… ու լուռ էի, ի՞նչ ասեի, գուցե լայի՞, բայց արցունքիս պաշարն սպառվել էր:

Այդքան ձայների մեջ լսում էի հորս ձայնը, նա ինձ պատմել էր իր ծառայությունից: Ամեն մի դրվագ տեսնում էի, պատկերացնում: Փակեցի ականջներս, այլևս ոչինչ չէի ուզում լսել, ընկա հատակին… ինչ-որ չափով խլացել էի: Լավ էր դուրս գայի ու տեսնեի՝  ինչ էր կատարվում շուրջս…

Հավատացյալները իրենց եկեղեցի էին գցում՝  աղոթք բարձրացնելու առ Աստված, զանգում էին, նորություններ իմանում, խիզախներն ու հայրենակիցները կամավոր էին գրանցվում ու մեկնում սահման… իսկ ես էլ պարանոցիցս կախ խաչն էի առել ափերիս մեջ: Մի քանի րոպե գոռում էի ներքուստ՝ «Աստված ի՜մ, փրկի՛ր, փըր-կի՜ր…»: Հիշեցի դպրոցում ուսուցչուհուս հետ վեճս.

-Աստվա՞ծ, դե լավ… Նա որ լիներ, ինչո՞ւ պիտի այսքան պատմություն լիներ: Գրողը տանի…

-Խնդրում եմ, դուք ինքներդ հավատում եք Աստծուն, ինչո՞ւ սկսեցիք այսպես խոսել:

-Հը,- քմծիծաղեց,- քրիստոնյայի մի երեսին խփում են, նա մյուսն է պարզում… Կրակում են, բա մերո՞նք, հրաման չեն տալիս կրակելու: Ինչ է թե պաշտպանվում են ու կռիվ չեն ուզում, հա՞: Պատմություն եք ուսումնասիրում, ո՞վ է մեզ փրկել: Ռո՞ւսը… վերջին պահին հասնելով և իբր դարեր շարունակ մեր բարեկամն է, մեր մեծ եղբայրը… հայերին տուն տվող, հարգող ու սիրող… Հա՜-հա՜- հա՜… գրազ կգամ, որ Հայաստանում այնպիսի գյուղեր կան, որ նրանց գյուղերի համեմատ քաղաք են:

Դուրս եկա դասարանից, ուզում էի հորս մոտ վազել… Ես հարազատ մարդ չունեի բանակում, սահմանին կանգնած… Շատ բան չէի զգում զուտ այդ պատճառով: Նստել էի աստիճաններին, ու Աստված գիտեր, թե ուր էին սլանում իմ խճճված մտքերը: Մի ձեռք ծանր իջավ ուսիս…

-Է՜հ, պատկերացնո՞ւմ ես իմ ներաշխարհը: Ախր եղբայրս մի տարի էլ ծառայած չկա, բայց հիմա կանգնած կռիվ է տալիս: Մեռնեմ իրա ջանին, իրա խիզախությանը:

-Ես չգիտեմ ինչ է այդ զգացումը: Այնտեղ կռվողները բոլորն էլ իմ հայրենակիցներն են…

-Գիտե՞ս, ես նրան մի թալիսման տվեցի, հիմա նրա պարանոցին է կախած: Հավատա, այդ թալիսմանի մեջ իմ հոգու մի մասն է դրված, բայց ես երբեք ինձ կիսատ չեմ զգացել: Չմտածես, հավատն է, որ այսքան տարի մեզ փրկել է:

-Ըհը…,- բարձրացա եկեղեցի, քամին խաղում էր հոգևորականի սքեմի հետ, վարդապետը կիսախելագարված զանգերն էր հնչեցնում:

-Ապրի՜լ… մտորումների ամիս, վրեժի ամի՜ս: Թքել եմ դրանց երեսին…,- հազիվ լսելի ձայնով ասաց,- նրա նման հոգևորականները, իր ընկերները մեկնել էին սահման, նրանց մի ձեռքին խաչն էր, մյուս ձեռքին՝  զենք:

Մի քանի վայրկյան նրան նայելուց հետո նստեցի բակի հազարամյա պատմություն ունեցող քարերից մեկին: Քարերն էլ իրենց պատմությունն ունեն, ու նորից խլացրեց ինձ մի ձայն.

Հավաքվել էինք Նժդեհի անունը կրող փողոցում: Բոլորը մեզ հրաժեշտ էին տալիս, հաջողություն մաղթում: Իսկ ես չտեսա իմ մորը, նա արտերում էր, նույնիսկ չգիտեր, որ պիտի գնամ: Անսպասելի կանչեցին զինկոմիսարիատից: Չհասցրեցի վազել մորս մոտ: Հայրիկն էր միայն եկել… ու այդպես մորս չտեսա երկու տարի: Բալես, բակը լի էր ծանոթ ու անծանոթ մարդկանցով, բիձեքը նույնիսկ ուզում էին առաջնագիծ մեկնել…

-Ո՞վ ա էս թուրքը, թողեք գնամ: Շատ էլ որ տարիքս յոթանասունի ա հասնում, բա դրանց մորը չլացացնե՞մ… Եկել են ո՞ւմ վրա են կրակում, տո այ… կեղտոտ բերանս բացել չտաք: Ես դրանց մերը…

Ծիծաղում էինք ասածի վրա: Բայց իր փոքրիկ մարմնով, նիհարած ու բեղերով պապիկը բոլորիս մեջ հույս ներշնչեց: Հորիցս սիգարետ ուզեց, պապան տվեց: Վառեց մեր բիձեն, ուզում էր քաշել, սակայն գցեց գետին ու ոտքով տրորեց.

-Փո՜ւ, ես ձեր…

Լացող մայրեր, սպասող ընկերուհիներ… փոքրիկ երեխեք, որ ապրում էին ոչինչ չգիտակցելով: Լսում էի՝  ոնց էր իր թառամած ձեռքերը կրծքին խփում մայրը, որ իր որդուն կորցրել էր ու մյուսին էր բանակ ուղարկում: Ծոցում էր պահում իր անդրանիկ զավակի վերջին, քրքրված նամակը:

-Բալես,- ասում էր,- վերջին հույսս դու ես: Քո տոհմի շառավիղը, հերդ էլ ընկավ: Ա՜, նա քաջ մարտիկ էր: Որդիս, զավակս…,- հեկեկում էր:

-Կսպասես ինձ, չէ՞,- ընկերուհուն էր ասում մեր զինվոր ախպերը,- ես հանուն քեզ կպայքարեմ ու եթե մեռնեմ էլ… հանուն քեզ, հանուն ընտանիքիս ու Մայր Հայաստանիս:

-Մի՛ ասա,- ճչաց գեղեցկուհին,- դու չես մեռնի:- Ամո՜ւր հպվեց շուրթերին:

Ես կպա քարերին, շնչեցի ավանիս մաքուր օդը: Պապդ խորամանկորեն ժպտաց.

-Այ տղա, ասացի թող ազատեմ քեզ բանակից:

-Իա, պա՞պ:

-Դե գնա ու ծառայիր, հանկարծ ետ չես եկել, չէ…

-Պապ, սա իմ կամքն է, դու հանգիստ: Մամային լավ կնայես:

-Լսի՛ր, ովքեր հիմա զենք են բռնել, զինվորական համազգեստ են հագել, չեղավ, որ բոլորն էլ զինվոր են: Եթե հագնելու ես այդ համազգեստը, ուրեմն արժանի զինվոր եղի՛ր, բայց եթե հետ չես եկել, չէ…

Ի տարբերություն մյուս ծնողների ու հարազատների, նա ինձ չփաթաթվեց, ձեռքը սեղմեց ուսիս ու սիգարետը վառելով հեռացավ…

Եկեղեցուց տուն իջա: Միացրեցի գրողի տարած հեռուստացույցն ու նստած սկսեցի դողալ, սարսռալ: Կարծես մի բան կանգ էր առել: Մենք այստեղ՝  հեռվում, նրանք՝  խրամատներում: Ի՞նչ անեի, տղա չէի, որ գնայի հայրենիք պաշտպանեի: Միմիայն աղո՞թք: Վերջին օրերին էլ լռակյաց էի դարձել, ավելի շատ մտածում էի:

-Սահմանին իրավիճակը շարունակւմ է մնալ լարված, մերոնք խոցել են հինգ անօդաչու թռչող սարք…,- նորից խլացա:

«Դարեր շարունակ այսպես ենք պայքարել, զոհելով մեզ, բայց ոչ մի թիզ հող չզիջելով: Երանի կարողանայի մի քանի զեյթունցի ինձ հետ տանել, որ արիաբար առաջ նետվեինք ու ադրբեջանցու հերն էլ անիծեինք: Սահմանից իջել էինք ներքև, հանգստանալու: Տղերքով սկսեցինք խոսել:

-Հենց սրանց հարցերը լուծենք, մի հատ լավ տրորենք, վերադառնալու եմ քաղաք ուսումս շարունակեմ,- Արամի եղբայրն էր: Եղբորը կորցնելուց հետո վրեժով էր լցվել: Լավ տղա էր, վերջում նռնակով պայթեցրեց իրեն, որ էտ սատանաների ձեռքը չընկնի: Նռնակի անուն էլ Արամ էր դրել: Դժվար էր տեսնել իրենց երազկոտ դեմքերը, չգիտեինք՝  հետ կգանք, չենք գա…»:

Գլուխս պայթում էր, լսեցի մեր ձայները, հազար բան մտածեցի ու փիլիսոփայեցի: Հոգնեցուցիչ է փիլիսոփայելը, հյուրասենյակից դուրս թռա, նայեցի մեր խաղաղ երկնքին, որը ոչինչ չէր ասում: Հայրս ծխում էր, ես էլ էի ուզում ծխել… այս դեպքում սիգարետը քո միակ, լավ ընկերն է դառնում: Ամեն ինչի մեջ անորոշություն կար:

-Շատ չմտածես, էս հարցին էլ վերջ կդրվի… Հիասքանչ է ապրել պատերազմի մեջ խաղաղ: Իսկ խաղաղությունը լավ բան ա, բալես:

Մենք կանգնած մնացինք պատշգամբում: Անհայտին սևեռելով մեր պաղ հայացքը…

 

Անդին 09.2017

 

 

Կարծիքներ

կարծիք