Աստծո թախիծը

Գառնիկ Քալաշյան-ծնվել է 1885, մայիսի 16, Վաղարշապատում

            Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, մասնակցել է հայկական գրական ընկերության, ապա` «Վերնատան» աշխատանքներին: Սերտ կապեր է ունեցել Լազարյան ճեմարանի հեղափոխական ուսանողության հետ, մասնակցել է ցույցերի, տարածել թռուցիկներ, 1909 թվականին ձերբակալվել է, նետվել Մոսկվայի Տագանկայի բանտ՝ որպես  քաղաքական բանտարկյալ:

 Տիրապետել է ռուսերեն, ֆրանսերեն, թուրքերեն, պարսկերեն, վրացերեն լեզուներին: Տպագրված գրքերն են «Ներշնչումներ» (1916 թվական) և «Բանաստեղծություններ» (1916 թվական) ժողովածուները:

            Աշխատակցել է պարբերական մամուլին («Գեղարվեստ» և այլն), հանդես է եկել գրականագիտական հոդվածներով, ակնարկներով, թարգմանություններով:

            Գառնիկ Քալաշյանը մահացել 1921 թվականին, նոյեմբերի 1-ին, թաղված է Էջմիածնում:

 

 

* * *

Ձուլեցէ՛ք, ձուլեցէ՛ք գնդակներ,

Մատաղ կուրծք, ա՜խ, այնքա՜ն ու այնքա՜ն,

Ձուլեցէ՛ք, ձուլեցէ՛ք գնդակներ:

 

Հիւսեցէ՛ք պսակներ,պսակներ,

Դաշտերում ծաղիկնե՜րը այնքան…

Հիւսեցէ՛ք պսակներ,պսակնե՜ր:

 

Նւագէ՛ք թաղումի քայլերգեր,

Մեռելները այնքա՜ն  ու այնքա՜ն…

Նւագեք թաղումի քայլերգեր:

 

* * *

Ո՛չ փառք, և գանձ, ո՛չ ազատութիւն

Ո՛չ    ապագայի վառ հեռանկար-

Չե՛ն  քաւի այսքան արիւն, խենթութիւն,

Չե՛ն մոռացընի օրն այս խելագար:

 

Մէկ է ինձ համար, թէ ո՜վ կը յաղթի,

Ինձ չի՛  հարբեցնի  ո՛չ առասպել…

-Օ՜, թէ  ձեզ ներէն բազուկը բախտի

Դուք, որ  ովկիանով արիւն էք թափել:

 

* * *

Լճակը գրկեց մութը գաղտնապահ,

Լճակի ափին սպասում եմ քեզ…

Աստղերը նազով ընկել են ճամփա-

Իմ կյանքի Աստղիկ, դու ե՞րբ կծագես:

 

Դու կգաս՝ մթնում անձև պատկերով,

Փափուկ մատներով կգգես հոգիս,

Նիրհած սեզերից՝ ցողոտ ոտքերով,

Իմ քնքուշ եղնիկ, կմարես գրկիս:

 

Եկ, համակիր ինձ բույրով հարբեցման,

Հանացանքի ծաղկունք գրկումդ ծփան…

Արձակ մազերդ երազի նման

Մութով պարուրեն, ծածկեն իմ ճամփան:

 

Եվ ես միշտ անհագ  հայցեմ մոռացում,

Հեզիկ տարածվեմ, Աստված իմ, քո դեմ-

Եվ խելառության ու կրքի բոցում

Ես քեզ աղոթեմ, ես քեզ աղոթեմ:

 

* * *

Երանի ձեզ, որ պիտի գաք

Մեզնից ուրախ,մեզնից խնդուն,

Մենք մեր տան մեջ օտար եղանք,

Դուք տիրաբար մտեք մեր տուն…

 

Անդին

 

 

 

Կարծիքներ

կարծիք