Թրքությունը`  իբրև հավատամք

(Հակոբ Օշական, «Սուլեյման էֆենտի»)

Հայ գրողները բազմիցս անդրադարձել են հայ-թուրք հարաբերություններին, պատկերել են եղեռնի արյունոտ տեսարանները, սակայն Հակոբ Օշականը դարձավ այն եզակի գրողներից մեկը, ով նկարագրություններից զատ ի ցույց դրեց եղելությունների հոգեբանական շերտերը: Ի տարբերություն սփյուռքահայ այլ գրողների, Հ. Օշականն իր վեպերում պարզապես չնկարագրեց Արևմտյան Հայաստանը, արևմտահայ գյուղացուն, նրա կյանքը, այլ ներկայացրեց Թուրքիայում և նրա տարբեր գավառներում ու գյուղերում ապրող և այլ ազգերի կողքին իր գոյը շարունակող հային: Սակայն գլխավորապես ասպարեզ բերեց թուրքի հետ կողք կողքի ապրող հայ մարդուն, ով մշտական հալածանքներ էր կրում նրանից: «Օշականը շատ լավ էր ճանաչում նաև թուրքին`  նրա լեզուն, բարքերը, մոլությունները, ախտագին ցանկությունները, ժառանգական բնազդները, նրա ողջ էությունը»,- նկատում է պրոֆեսոր Վ. Գաբրիելյանը:

Այս գերազանց ճանաչողությունն էլ դառնում է հենց թուրքի մասին գրելու մեկնակետը: Նա բացահայտեց ու շերտ առ շերտ ներկայացրեց թուրքի բնույթը, ցեղային այն հատկանիշները, որոնք նրան մղում են ուրիշ ժողովուրդների բնաջնջման գաղափարին: Վերոնշյալ հենքերի վրա դրեց և պատկերեց այն բոլոր հարցադրումները, որոնց հանդիպում ենք «Սուլեյման էֆենտի» վեպում:

Վեպի կենտրոնական հարցադրումն ու նպատակը թուրք հասարակության բացահայտումն է`  ովքե՞ր են թուրքերը, ինչպիսի՞ հասարակություն են ձևավորում, ո՞րն է նրանց գլխավոր նպատակը և ի՞նչ միջոցների են դիմում դրանց հասնելու համար:

Գրողը մտնում է թուրք խավերի մեջ, հերթով քննում է նրանցից յուրաքանչյուրին, ընթերցողի առջև դնում նրանց գաղափարները, որով դաստիարակվում են, այն այլասերված հարաբերությունները, որոնցով կապեր են հաստատում: Հասարակության շերտերը քննելիս Հ. Օշականը նշում է, որ «ժողովուրդի մը դեմքը ուրիշ տեղ չէ ի վերջո», և հենց այդ խավերի ներկայացուցիչների համապատկերում կարելի է հասկանալ տվյալ ազգի իսկական էությունը:

Թրքությունըիբրև դաստիարակություն

Ազգի պահպանման ու առաջընթացի գլխավոր պայմանը կրթությունն է, որը յուրաքանչյուր հասարակություն ձևակերպում է ըստ ներքին կանոնների ու աշխարհայացքային ընկալումների: Սա է պատճառը, որ Հակոբ Օշականը թուրք ժողովրդի ուսումնասիրությունը սկսում է դպրոցներից:

Աշակերտները. թուրքական վարժարաններում կերտում են ծառաներ: Բոլորն անխտիր կերպով դաստիարակվում են սուլթանին ու վեհապետին անձնվեր ծառայելու գաղափարախոսությամբ: Նրանց մեջ սրսկվում է թուրք ժողովրդի չունեցած փառքերի ու հաջողությունների պատմությունները: Այն բոլոր ոճրագործությունները, որոնք կատարել են նրանք, աշակերտներին հրամցվում են իբրև փառավոր ու հաղթական պատմություն:

«Եւրոպական մշակոյթին արմա՜տը: Ասոնք յաւանականութիւններ չեն, այլ`  թրքաբար ապացուցված ճշմարտութիւններ»:

Այս նշանաբանով է, որ երեխաները մեծանում են ու դառնում դարերով աղավաղված պատմության շարունակողը: Այդ աշակերտներին բացի արաբերեն մի քանի աղոթքներից, որոնց իմաստը գրեթե չեն էլ հասկանում, բացի Ղուրանից, միապետի ու վեհապետի սահմանած քաղաքական ու հոգևոր դավանանքից, այլ բան չեն սովորեցնում: Եվ այս ամենը կատարվում է իսլամի անունից, որովհետև թուրքն իրեն համարում է ոչ թե իսլամի հետևորդ, այլ ըստ նրա ինքը հենց իսլամն է: Թուրք երեխաների գիտակցությունը մնում է այն պարզագույն մակարդակի վրա, որով դարեր առաջ նրանց քոչվոր նախապապերը եկել և հաստատվել են Անատոլիայում:

Ըստ հեղինակի`  հասարակությունում տիրող քաոսի արմատները թուրքական դաստիարակության մեջ պետք է փնտրել, քանի որ ծնված օրվանից երեխային մոր կաթի հետ սնուցում են այն գաղափարներով, որոնցով յուրաքանչյուր թուրք պարտավոր է առաջնորդվել:

Անգամ Եվրոպայում ուսանած թուրքերը ջարդերի ու ոչնչացման միջոցով տարած հաղթանակները չեն դիտում որպես անպատվություն: Նրանք ոչնչով չեն տարբերվում Թուրքիայում կրթություն ստացածներից. ընդամենը հագուստն է տարբեր. եվրոպական հագուստներով քոչվոր-բարբարոսներ:

Սակայն ի հակադրություն տիրող բարքերի`  գրողը կերտում է Սուլեյմանի կերպարը: Նա ներկայացնում է, որ հերոսը իր հասակակից պատանիների նման չէր, զերծ էր մնացել հոգեկան ու ֆիզիկական ախտահարումներից: Նա, անշուշտ, որպես թուրք նույնպես մեծ էր համարում իրեն, բայց միևնույն ժամանակ չէր փակել աչքերը իրենց ցեղային մեծություն կոչված ողբերգության վրա: Եվ գլխավորապես մի հարց է առաջանում`  «-Կոտրա՞ծ էր թուրքը այս տղուն մէջ»: Օշականը մինչև վեպի ավարտը պարբերաբար կրկնում է այս հարցադրումը, որի միջոցով շեշտում է հարցի կարևորությունը: Արդյոք հնարավո՞ր է, որ թուրքը փոխվի, նրա մեջ առաջ գան այնպիսի հատկանիշներ, որոնք երբևիցե չեն եղել թուրքերի մեջ: Եվ ինքն իր հարցին պատասխանում է. «Չեմ գիտեր: Հիմա, այդ օրերէն երեսուն ու աւելի տարիներ ետքը, երբ կը գրեմ անոր դրուագումը, հարցը կրկին կը ներկայանայ մտքիս, ինչպէս ներկայացեր էր այն օրերուն: Թուրքը կոտրա՞ծ, առնուազն փոխուա՞ծ:

Չեմ գիտեր, ինչպէս չէի գիտեր այն ատեն ալ»:

Վարժապետները. այս սերունդներին դաստիրարակող և կրթող ուսուցիչներն ու մտավորականները տգետ են, ծույլ, մաղձոտ և կաղապարված: Օշականը նրանց անվանում է «ինքնատիպ արարած մը», որ միայն Թուրքիան ունի:

«Թուրք վարժապետը, երկրորդական վարժարաններու համար պատրաստուածը, այլապէս ինքնատիպ արարած մըն էր, նոր մտած`  պետական պաշտօնէութեան ապահով խորխին մէջ ու չհաւատալով իր բախտին, բայց խորապէս հաւատարիմ այն ճամբուն, ուրկէ քալեր էր իր պատանութիւնը: Եւրոպան, այսինքն`  անոր կեղեւին հետ շփում մը զզուելի կ’ընէ այս խառնածին արարածը ու կը մթերէ անոր վրայ անգայտացած իսկութիւնները իր մոլորութիւններուն»:

Այս վարժապետները եվրոպական երկրներից վերցնում էին միայն վատը. այն ամբողջ աղբը, որ Եվրոպան իր միջից ցանկանում էր դուրս նետել, հայտնվում էր Արևելքում:

Ուսուցիչները, մաղձի ու թույնի մեջ ապրելով, այդպիսին էին մեծացնում նաև աշակերտներին: Նրանք պայուսակներով գրքերը տանում էին դպրոց և ընդամենը ցուցադրում երեխաներին`  առանց դրանք բացելու, առավել ևս`  կարդալու: Օտար լեզուներից դաս թարգմանելիս (անգամ այդ լեզվին չտիրապետելով)`  թարգմանում էին թուրքերեն և փոխարինում ՙթուրքական ձևապաշտությամբ և ընդոծին շողոմներով՚: Եվ ամենից սարսափելին այն էր, որ այս ուսուցիչների շարքերում կային նաև հայեր, ովքեր ոչնչով չէին տարբերվում հասարակության այս շերտից:

Թրքությունը`  իբրև ապրելակերպ

Հեղինակը աշակերտներից ու վարժապետներից սկսած մինչև մոլլաներ, փաշաներ, ավագ պաշտոնյաներ, զինվորական հրամանատարներ, մտավորականներ ու կրոնապետ քննում է ու հասկանում, որ սրանք բոլորը ունեն երեք խնդիր`  սեռի, արյան, փորի: Հասարակության մեջ չկան արժեքներ, ընտանեկան հարաբերությունները խարխլված են, սիրուն և անմեղությանը փոխարինել են անպարկեշտ սեռային բնազդները, այլասերված ցանկությունները: Թուրք երիտասարդները հաջողության հասնելու ճանապարհին դիմում են ամեն ինչի. նրանք իգանում են, դառնում բարձր պաշտոնյաների սեռական բնազդներին հագուրդ տվողներ և այդ գարշության մեջ ձեռք են բերում պաշտոններ: Սակայն Հ. Օշականը ամբողջից առանձնացնում է Սուլեյման էֆենտու կերպարը: Յուրաքանչյուր երևույթ, որին անդրադառնում է գրողը, հակադրության մեջ է դնում Սուլեյմանի հետ: Պրոֆեսոր Կիմ Աղաբեկյանը իրավացիորեն նշում է. ՙԱյս գարշահոտ, ծանր միջավայրում Սուլեյմանի մարդկային տիպը, իբրև թուրք մարդու տեսակ, ուղղակի հայտնություն է Օշականի համար և մեր գրականության մեջ, ոչ իբրև բարեհոգի ու ազնիվ մարդու, այլ ավելի շատ սեփական երկրի, պետական համակարգի, իրականության մեջ ծավալվող անբարոյական հարաբերությունների, իշխանությունների հակամարդկային էությունը մերկացնող անհատի՚:

Հեղինակը հասարակության շերտերը որպես բաց գիրք դնում է ընթերցողի առջև, և անմիջապես տեսնում ենք իրենց պաշտոնեական դիրքը չարաշահող, ոսկու համար ամեն քայլի գնացող, հասարակ ժողովրդին շահագործող պաշտոնյաներին ու հոգևորականներին: Սրանց բոլորին Հակոբ Օշականը նկարագրում է այսպես. «Գէր, ձրի ուտողի փայլով: Որոնց կզակները փոքրացած կը թուէին միսի ալիքէ»:

Ընտանիքը. յուրաքանչյուր հասարակություն ձևավորվում է ընտանիքներից: Այդ իսկ պատճառով արձակագիրը հասարակության մեջ առկա բոլոր երևույթները բեկում է ընտանիքի պրիզմայով և ապա ներկայացնում իբրև համապատկեր: Նա Սուլեյման էֆենտու ընտանեկան ներքին հարաբերությունների, բարքերի, բախումների, խնդիրների միջոցով տալիս է թուրքական մյուս ընտանիքների նկարագիրը: Գրողը բարձրացնում է ծնող-երեխա, քույր-եղբայր, քույր-քույր, կին-տղամարդ և նմանատիպ փոխհարաբերություններին վերաբերող հարցեր: Նա գերազանց վարպետությամբ շերտատում է մարդկային հոգու գաղտնարանները, այնուհետև ի ցույց դնում այնտեղ տեղի ունեցող ալեկոծություններն ու մտորումները: Թուրքական ընտանիքում տիրող բարքերը Հ. Օշականը ներկայացնում է մեխանիկական ճշգրտությամբ: «Գրողը խորապես դատապարտում է ինչպես կրթադաստիարակչական համակարգը, գողերի, ավազակների ու մարդասպանների հետ գործակցող, հայության դեմ նրանց գործունեությունը համակարգող ոստիկանությանն ու ընդհանրապես բռնակալությանն սպասարկող կառույցները, այնպես էլ դատապարտում է ընտանիքից ներս գործող արատավոր բարքերն ու սովորությունները»,- նկատում է Կ. Աղաբեկյանը:

Ընտանիքի հայրը Էտհեմ պեյն էր: Նա կառուցել էր հսկայական պալատ, որը նախատեսված էր իր երկու`  «սերմին ու փորին երակներին» հագուրդ տալու համար: Հոր և որդու փոխհարաբերությունների, նրանց ներքին բախումների մեջ պարզաբանվում են գրողի առաջադրած հարցերը`  ինչպիսի՞նն է թուրքական ընտանիքը, ի՞նչ դաստիարակություն են ստանում թուրք երեխաները և ի՞նչ դեր ունեն կանայք ընտանիքում:

Անառողջ հարաբերություններ էին տիրում ամուսինների միջև: Թուրք կինը ոչնչի իրավունք չուներ, ամուսինը նրան կարող էր ծեծել, հայհոյել, սակայն երեկոյան կինը`  ժպիտը դեմքին, դարձյալ պետք է գար ամուսնու անկողին:

«Կինը կ’ուտէր տփոցը մեծ երանութեամբ: Կը թափեր ծեծողին վրայ քաղաքին ամբողջ կոյանոցը ու քիչ ետքը կը քալեր անոր կողքին, ժպիտով ողողուած: Այսպես է կեանքը»:

Կինը թուրք ընտանիքում առանց խոսելու իրավունքի, թշվառ ու անպաշտպան մի երևույթ էր, որ միայն ծնելու պարտականություն ուներ:

«Թուրքերուն ընկերութիւնը այնպէս է կազմուած, որ կիները մնան անոր լուսանցքին ու բաժին չառնեն կեանքին մեծ խաղերէն»,- գրում է Օշականը:

Կինը զրկված էր անգամ ապահարզան պահանջելու իրավունքից: Էտհեմ պեյը պարզապես աղետ էր, որի կյանքը պարբերաբար գործվող ոճիրների մի հսկայական շղթա էր: Մեղքերի այդ շղթան ի վերջո ձեռնաշղթաներ է դառնում Սուլեյման էֆենտու ձեռքերին, երբ վերջինս տեսնում է հորը և իր կնոջը`  Խալիտե հանըմին, մեղքի անկողնում:

Ինչպես արդեն հասկացանք`  կինը թուրք հասարակության մեջ մղված էր ետին պլան, սակայն նրա ծնած արու զավակը դառնում էր ընտանիքի գլխավոր պարծանքը: Սերվինազ հանըմի (Սուլեյման էֆենտու մայրը, պեյի կինը) և Էտհեմ պեյի կերպարները գծագրվում են պատմողի խոսքի միջոցով, որը միևնույն ժամանակ այս երկու գործող անձանց հոգեբանական բացահայտումը կատարում է նրանց որդու`  Սուլեյմանի հետ ունեցած հարաբերությունների ու նրա նկատմամբ դրևորած վարքագծի արդյունքում:

Այս դեպքում բախվում ենք երկու հակադիր բևեռների, որովհետև հեղինակը մի ծայրում դնում է հորը, իսկ մյուսում`  մորը: Նրանք կազմում են բինար-օպոզիցիոն զույգ, որոնք թեև որպես ծնող գտնվում են միևնույն հարթության վրա, այնուամենայնիվ հակասում են միմյանց:

Հայրը`  Էտհեմ պեյը, որդուն դիտում է սոսկ որպես իր գենի ու գործի շարունակող: Հավաքների ու խնջույքների ժամանակ տղայի նկատմամբ ցուցաբերում էր հպարտություն, սակայն դրան զուգահեռ առկա էր քողարկված նախանձ և խանդ: Սուլեյմանի արտաքին գեղեցկությունը և կրթությունը դառնում են նրանց միջև գոյացող պատնեշի առաջին հիմնաքարերը: Այդ հատկանիշների պատճառով նա որդուն «նախանձող տարփավորի մը նման» հալածում էր «իր կիներուն բաժիններէն»:

Մայրը տագնապում էր Սուլեյմանի վաղվա օրվա համար: Տղան կարող էր դառնալ սեռական մոլագարությունների կրող կամ ամուսնու չարաղետ գործողությունների, խանդի ու կրքերի զոհը: Գրողը նշում է. «Գիտուն չեն կիները: Անոնք անտեղեակ են ժառանգական վարդապետութեանց պատգամներէն, բայց լսած են ժողովրդական առածները, որոնք տղան կը կապեն հօրը…»:

Եվ գլխավոր մտատանջությունը, որ պարբերաբար պտտվում է հանըմի գլխում, հետևյալն է. «Որո՞ւ, աս աղուոր, զմայլելի տղան: Որո՞ւ»:

Սա է թուրք ընտանիքը, նրա իսկական պատկերը, որ Հ. Օշականը ամենայն վարպետությամբ ներկայացրել է «Սուլեյման էֆենտի» վեպում:

Եվ վերջապես, արդյոք կոտրվա՞ծ էր թուրքը Սուլեյման էֆենտու մեջ, արդյոք թուրքական բարքերն ու ավանդույթները չշոշափեցի՞ն այս պատանում: Նա գրում է. ՙԱսկէ զատ, շատ իրաւունքով կը խորհիմ, թե Սիւլէյման էֆենտին կտոր մը բանա է իր հօրմէն ու մօրմէն,- այդ երկու բջիջներուն մարմնական եւ հոգեբանական միացումը, անոնց անդրագոյն մէկ մասնիկը, որ նման պուտ մը ոսկիի կը մնայ անկորուստ, բոլոր հանածոներուն պատահածին պէս: Ու պէտք չկայ շատ մեծ գիտուն մը ըլլալու, ընդունելու համար, որ ամէն հանածոյ ցեխի իր լեռովը վերածելի է ի վերջոյ կաթիլ մը ազնիւ մետաղի: Ու գիտենք նոյնպէս, որ մարդկային մեղքերու կոյուղին, երբ խեղճուկ ճեղքէ մը աչք մը արեւ ընդունի, սխրալի ծաղիկով կը փոխարինէ գարշութիւնը իր արմատներուն՚:

Ուրեմն վերոնշյալ հարցին կարելի է պատասխանել`  այո, նրա մեջ փոխված ու կոտրված էր թուրքը: Նա չդարձավ իր հոր շարունակողը, այլ դատարանի առջև կանգնած «Էտհէմ պէյ Զատէ էֆէնտին խղճի պարտք կը զգար իրեն հետ քաւելու նաեւ իր հայրը, դատաւորին առջեւ ինքզինքը յայտարարելով անոր ՙհոգին ու մարմինը»:

* * *

Կրթությանը, հասարակությանը, ընտանիքին վերաբերող հարցերին զուգահեռ Օշականը անդրադառնում է ևս մեկ խնդրի, որի անմիջական արտացոլանքը կարող ենք գտնել մյուս վեպերում. դա հայերի ջարդերն ու ոչնչացումն է: Ինչպես արդեն նշեցինք, նա բացում է պանթուրքիզմի արմատները, թուրքական ազգայնամոլական գաղափարախոսության ու դրա ի կատար ածման հիմքերն ու ձևերը, սակայն այդ ամենը կատարում է տողատակերի միջոցով: Նա չի դնում ուղղակի հարցադրումներ, այլ ուրիշ խնդիրներին հյուսված`  ընթերցողի ուշադրությունը սևեռում է այս հարցին: Եթե հայ գրականության պատմության ընթացքում գրեթե միշտ ցեղասպանությանը կամ դրան վերաբերող հարցերին անդրադարձել են ցավի, սգի, քննադատության միջոցով, ինչպես նաև ամբողջ ապրվածն ու զգացածը աշխատել են ներկայացնել հայի տեսանկյունից, ապա Օշականը դարձավ այն եզակի գրողներից մեկը, ով ներկայացրեց թուրքին ու նրա պատմության, հոգեբանության, բարոյական ընկալումների ու աղճատվածության միջով արտացոլեց ոչ թե եղեռնի արյունոտ տեսարանները, այլ դրա բարոյահոգեբանական, քաղաքական, տնտեսական ու սոցիալական պատճառները: Նա ցույց տվեց Աբդուլ Համիդի վարած քաղաքականությունը, թուրքական դաստիարակությունը և կրթությունը, կրոնական ընկալումները, որոնք ընկած էին ցեղասպանության հիմքում: Նա մեղադրում է ոչ միայն Թուրքիային, այլև Արևելքին ու Արևմուտքին, խոսում է նրանց վարած քաղաքականության, դաժանության մասին: «Մեռելը ուրիշ բան է, ապահովաբար աւելի գեղեցիկ ու բախտաւոր, քան թուրքին թուրին սպասող աղջիկներու պարը»: Հեղինակը քննում է 1915-ին նախորդած ժամանակաշրջանը և շերտ առ շերտ ներկայացնում, թե ինչու տեղի ունեցավ այդ դժբախտությունը, ինչ «նախապայմաններ» կային դրա համար, ինչ հիմքեր էին դրվել:

Նրանք իրենց հայտարարում են արդար ու այդ արդարության անունից գործում են բազում ոճրագործություններ: «Թուրքերը նոր չէ, որ արդար գիտեն իրենք զիրենք: Անոնց պատմութիւնը արդարութեան անունով գործուած հսկայ ոճրապատում մըն է: Այս մտայնութիւնը ա՛լ մասն է անբաժան անոնց հոգեբանութեան»:

Անգամ Սահմանադրությունն ընդունելու օրերին քարոզում էին հավասարություն ու եղբայրություն, սակայն դպրոցների ու ընտանիքների ներսում շարունակում էին երեխաներին մեծացնել թրքական մաղձոտ դաստիարակությամբ: Ու այդ երեխաները դարձան այն իշխանավորները, գայմագամները, փաշաները, զինվորականները, ովքեր հավատացին թուրքական ազնվությանն ու «փրկեցին» Թուրքիան կյավուրներից: «Ազնիւ ու առաքինի ա՜զգը: Որ տուած է աշխարհին քանի մը մեծ կայսրութիւններ: Որ կը ձգուի տակաւին այսօր, մինչեւ Պուխարա ու Թաշկէնտ: Երէկ`  մինչեւ Գանգէս: Ու ինչո՞ւ չէ, վաղը`  մինչև Գոնկօ»:

Անգամ մեկդարյա հեռավորությունից դիտելիս հասկանում ենք, որ նրանց վարքագծի, քաղաքականության ու աշխարհընկալման մեջ ոչինչ չի փոխվել: Ե՛վ այն ժամանակ, և՛ հիմա թուրքը «երեւոյթ մըն» է, որի նմանն աշխարհում գոյություն չունի:

Թրքական բնավորության արմատները ներթափանցելով ու բազմակողմանի գիտակցելով`  Հակոբ Օշականը մերկացրել է թուրք երիտասարդության իգացած պահվածքը, պաշտոնյաների բարոյազրկվածությունը, կանանց ողորմելիությունը և այս անառողջ միջավայրում ապրող ու մեծացող երեխաներին, ովքեր թրքությունը ժառանգում են ոչ միայն որպես ազգություն, այլև իբրև հավատամք ու սրբազան առաքելություն:

Անդին 01.2018

 

 

Կարծիքներ

կարծիք