Փափազյանին ինչպես տեսա

«Սիրանույշին գիտեն, ովքեր տեսան: Տեսա նրան և ես: Եվ միակ հնարավոր բացատրությունը նրա արվեստի մասին, ըստ իս, մի երկյուղած լռություն է…»:

Այս խոսքերի հեղինակը Վահրամ Փափազյանն է, մարդ, որ իր հանճարեղ նախորդների՝  Պետրոս Ադամյանի ու Սիրանույշի անունների հետ ամբողջացրել է հայ բեմի շեքսպիրյան մեծագույն ողբերգակների փառահեղ երրորդությունը: Մեծ վարպետի արվեստի մասին «մի երկյուղած լռություն՚ ես էլ պիտի պահեմ: Չպիտի հանձն առնեմ անգամ ընդհանուր գծերով բնութագրել նրա բեմարվեստը կամ վերլուծել նրա մարմնավորած կերպարները, բայց պիտի ասեմ, որ ՙտեսա նրան և ես»: Տեսել եմ նրան ոչ միայն բեմում՝  ներկայացման ժամանակ, այլև կյանքում, շոշափելիորեն մոտ և բավական երկար ժամանակով:

Պատմեմ սկզբից:

Թատերական ինստիտուտն ավարտելուց հետո աշխատում էի ակադեմիայի արվեստի ինստիտուտում: 1966 թվականի հունվար ամիսն էր: Ինձ իր մոտ է կանչում ինստիտուտի տնօրեն Ռուբեն Զարյանը և հանձնարարում գնալ Վահրամ Փափազյանի տուն և օգնել նրան հերթական գրքի աշխատանքներում:

Փափազյանն արդեն ավարտել էր «Իմ Օթելլոն», «Համլետն ինչպես տեսա» ծավալուն աշխատությունները և այդ ժամանակ զբաղված էր երրորդ և վերջին՝  «Լիր Արքայի» շարադրանքով:

Նա սովորաբար իր տեքստերն անձամբ ինքը չէր գրի առնում, թելադրում էր մեկ ուրիշին: Այդ աշխատանքը մշտապես կատարել էր նրա մտերմուհին՝  տիկին Անահիտ Տատյանը, բայց քանի որ վերջինս ծանր հիվանդության պատճառով հիվանդանոցում էր, գրքի աշխատանքները շարունակելու համար ես պետք է փոխարինեի տիկին Անահիտին:

Նախախնամությամբ թե աշխատանքի բերումով ես ճանաչել եմ մեր մշակույթի համարյա բոլոր մեծերին: Շփվել եմ նրանց հետ, շատերի հետ մտերիմ եղել: Անչափ սիրել եմ նրանց և նրանց ստեղծագործությունները: Բայց Փափազյանն ուրիշ էր: Նա անհասանելի մեծություն էր, որին հեռվից հեռու կարելի էր պաշտել, մեծարել, գերագույն ակնածանքով վերաբերվել: Ինչպե՞ս պիտի ներկայանամ, ինչպե՞ս պիտի ինձ պահեմ… Ահա պայմանավորված օրը և ժամին այսպիսի մտահոգությամբ կանգնած եմ մեծ դերասանի դռան առջև: Սեղմում եմ զանգի կոճակը: Դուռը բացում է ինքը՝  Վարպետը: Լայն ժպիտն ասում է, որ սպասել է և ուրախ է իմ՝  ճիշտ ժամանակին գալու համար: Միջանցքում իր օգնությամբ հանում եմ վերարկուս, ու ինձ հրավիրում է ներս: Սենյակի սկզբնամասում՝  միջանցքից բացվող դռների դիմաց, մեծ սեղանն էր: Աչքի զարնող ոչ մի գույն, մաքուր, համեստ կահավորում: Կահույքը, որ թեև վաղուց կորցրել էր առաջնային փայլն ու թարմությունը, դեռևս պահպանում էր ստեղծագործ վարպետի բարեխիղճ աշխատանքի կնիքը՝  պարզ, որակով ու կատարյալ:

Սփռոցով ծածկված սեղանին մանդարիններով լի մեծ սկուտեղ էր դրված: Երկարավուն հյուրասենյակն ավարտվում էր Կիևյան փողոցին նայող լուսավոր պատուհաններով: Մեր աշխատանքային տարածքը սեղանն էր: Հետս բերած տետրն ու գրիչը հանում ու տեղավորվում եմ սեղանի մոտ դրված աթոռին: Փափազյանը գալիս ու նստում է ուղիղ իմ դիմաց: Կարող ենք սկսել:

Հայ բեմի մեծագույն վարպետին առաջին անգամ տեսել էի 1958 թվականին Արբենինի դերում: Տեսել էի նաև Սարոյանի ՙԻմ սիրտը լեռներում է՚ ներկայացման մեջ նրա Մեք Գրեգորը: Կյանքում նրան տեսնելու բախտ ունեցել էի մեկ անգամ: Գարնանային մի լավ օր՝  դասերից հետո, իմ համակուրսեցի Ռուբեն Թարյանի հետ զրուցելով իջնում էինք Աբովյան փողոցով: «Երևան»  հյուրանոցի դիմացի մայթին՝  ԱՕԿՍ-ի շենքի մոտ, տեսնում ենք Վարպետին: Հիշողությանս մեջ ըմդմիշտ դրոշմվեց վայրկյանների տևողություն ունեցող այդ պատկերը՝  կատարելության հասնող անթերի արտաքին, մուգ կոստյում, ձեռքին՝  թղթերի տրցակ. առույգ ու թեթև քայլվածքով մոտենում էր շենքի մուտքին: Բարևեցինք: Ժպտալով պատասխանեց: Համակուրսեցիս՝  Ռուբենը, Սունդուկյանի անվան թատրոնի դերասանուհի Մայրանուշ Պարոնիկյանի որդին էր, Վարպետը գիտեր նրան, և իր պատասխան ՙբարևը՚ ավելի շուտ նրան էր ուղղված: Փափազյանը քայլ արեց դեպի մուտք և նույն լայն ժպիտը դեմքին նորից դարձավ մեզ ու այս անգամ միայն ինձ դիմելով «Աղջի՛կս, չհավատաս ասոնց ըսածներին, հավատաս նե, կորած ես» ասաց և դռնից մտավ ներս: «Ասոնցը» տղամարդիկ էին, տվյալ դեպքում՝  Ռուբենը:

Յոթերորդ երկնքում էի: Ոչ միայն տեսել էի նրան, այլև իր արած կատակով որոշակի ուշադրության արժանացել: Այդ տարիներին այդքան էլ հաճախ պատահող դեպք չէր Վահրամ Փափազյանին սովորական մահկանացուների պես փողոցում հանդիպելը: Նույնիսկ նույնքան պաշտելի Հրաչյա Ներսիսյանին ավելի հաճախ կարելի էր հանդիպել, որովհետև Սունդուկյանի թատրոնից մինչև իր տուն՝  պողոտայի վերջնամաս, նա հաճախ բարձրանում էր ոտքով՝  ծխամորճը ձեռքին, արծվային հայացքը հեռուներն հառած:

Այդ օրը ես երազել անգամ չէի կարող, որ երբևէ նորից կարող եմ հանդիպել նրան, այն էլ իր տանը, և բոլոր ժամանակների մեծագույն դերասանի համար օգտակար աշխատանք կատարել ու նույնիսկ հետը զրուցել:

Հիմա նա ոտքը ոտքին, մեջքը՝  աթոռի հենակին, ուղիղ նստած է իմ դիմաց: Հագին մուգ ու բաց շագանակագույն վերից վար իջնող գծավոր տնային հագուստ է: Ձեռքին, ցուցամատը էջերից մեկում և փակ, բռնած է Վենետիկում հրատարակված Մասեհյանի թարգմանությամբ Շեքսպիրի երկերի շքեղակազմ հատորյակը: ԱՕԿՍ-ի մոտ տեսածս Փափազյանը չէր: Վեց-յոթ տարում շատ էր փոխվել՝  նիհարել էր ու ծերացել:

Սկսում ենք:

«Գերազնիվ հոգիներից մեկի՝  Շեքսպիրի հետ մի երկար խոսակցություն է լինելու այս գիրքը, որ քո ուշադրությանն եմ հանձնում ես, ի՛մ ընթերցող: Տո՛ւր ուրեմն ձեռքդ ինձ և խոնարհ հոգով մոտեցիր այն անել բավիղներին, որ քոնն է նույնքան, որքան հեղինակինը, քանզի ճանաչելով նրան՝  քեզ ես ճանաչելու, իսկ դա մեծ երջանկություն է:

Եվ եթե ընթերցումից հետո բարձր հոգով և շնորհակալությամբ ձեռքս սեղմես, ապա գոհ կգնամ այս աշխարհից՝  մտածելով, որ երջանիկներ թողեցի ինձանից հետո»:

Բառերը հատիկ-հատիկ, անշտապ հոսում են նրա շուրթերից և հնարավորություն տալիս ինձ առանց խուճապի մատնվելու, հանգիստ գրի առնել դրանք: Հսկայական նախադասությունների ավարտից հետո հետադարձ ոչ մի լրացում: Անցնում էինք հաջորդ մտքին: Տպավորությունն այնպիսին էր, որ արտասանվող բառերը նախապես կատարյալ ձևակերպմամբ պահ են տրված նրա ուղեղում, և այդ պահին, ընդամենը նախադասության առաջին բառից բռնած, թանկարժեք գոհարների շարանի պես հերթով դուրս է բերում այնտեղից:

Օժանդակ ոչ մի նյութ, միայն ինքն էր իր ահռելի ներաշխարհով ու գիտելիքների անսահման կարողությամբ, գրականագիտական ու արվեստաբանական մտքի խորությամբ: Համաշխարհային թատրոնի պատմության հանրագիտարանային իմացությամբ՝  Էսքիլեսից մինչև Շեքսպիր ու նրա ժամանակները և իր փառապանծ նախորդները՝  Ադամյան, Սիրանույշ, Աբելյան… Վերջապես իր շքեղագույն հայերենը, երբ միտքը խոսք է դառնում փափազյանական զորեղ ձայնային այնպիսի հնչեղությամբ ու երաժշտականությամբ և իրեն հատուկ արևմտահայերենի այնպիսի չափավոր շաղախով, որ շոյում է հոգիդ ու աշխարհը դարձնում խորհրդավոր ու երանելի: Առաջին օրը մոտավորապես մեկ-երկու ժամ աշխատելուց հետո ձեռքի գիրքը դրեց սեղանին, ոտքի կանգնեց ու մոտեցավ միջանցքում դրված հեռախոսին: Զանգահարում է: Ինչպես հետո հասկացա՝  հիվանդանոց: Վերցնում են: «Բարև աղջիկս, Վահրամ Փափազյանն է»: Ներկայանում ու խնդրում է տիկին Անահիտին բուժող բժշկին: Քիչ անց նորից սիրալիր բարևում է ու ներկայանում՝  «Վահրամ Փափազյանն է»: Տեսնում էի, թե միջանցքի ապակեպատ դռների մյուս կողմում, մեջքով դեպի ինձ, փոքր-ինչ կռացած, ինչպես է լսում հիվանդի վիճակի մասին պատմող բժշկի բացատրությունները: Ես երբևէ չէի տեսել տիկին Անահիտին, բայց գիտեի, որ նա Վարպետի վերջին տարիների միակ նեցուկն ու պահապան հրեշտակն էր, հուսահատ օրերի, անքուն գիշերների զրուցակիցն ու վկան:

Հետո լսափողը դրեց ու եկավ նստեց նույն տեղում: Տխուր էր տեսնել աշխարհի բազմաթիվ բեմահարթակներ նվաճած, հանդիսատեսի հոտնկայս անվերջանալի ծափերն ու հիացական բացականչությունները վայելած մեծագույն դերասանին այդքան հուսահատ ու անօգնական: Դժվար չէր կռահել. բժիշկը հիվանդի ապաքինման մասին հուսադրող խոսքեր չէր ասել: Ծանր ու ճնշող լռություն էր: Ակամա ներկա եմ Վարպետի կյանքի դժվարին ու սև օրերից մեկին:

Քիչ անց նորից ձեռքն է առնում Շեքսպիրի հատորյակը, ու անցնում ենք գործի: Թելադրում է.

«Ինքդ լավ գիտես, սիրելի՛ ընթերցող, որ այս տողերը գրողը անհաջողության երեսին ծիծաղող, հուսահատությանն անծանոթ, ամենահեշտահավատ մարդն է եղել կյանքում, այնքան հեշտահավատ, որ իր տարիների շեղջի հետևից մեկ-մեկ երևացող մահվան ուրվականի հետ կարող էր կատակել, բայց, համենայն դեպս, ես կամ ինձ նմանը՝  նույն հավատով օժտված, չի կարող չխոստովանել սարսուռը, երբ մտածում է վերջերի վերջի մասին»:

Նույն ոգով ու ոճով ևս մի քանի էջ, ու Վարպետն առաջարկում է ավարտել այդ օրվա աշխատանքը: Ես, չուզենալով մի քանի վայրկյան անգամ անելիք չունեցող, ավելորդ մարդու նման իմ գոյությամբ այլևս նրան նեղություն պատճառել, սեղանի վրայից արագ հավաքում եմ թղթերս ու «Վարպետ, ես գնամ» ասելով, դատարկ ափերս սեղանին հենելով ուզում եմ ոտքի ելնել, երբ նա իր ձեռքը դնում է իմ ձեռքի վրա ու աչքերի մեղմ ժպիտով ասում.«Մնա քիչ մը զրույց անենք»:

Դա ինձ՝  նոր կյանք մտած, ինստիտուտի նորելուկ շրջանավարտիս ասում է համաշխարհային համբավի շեքսպիրյան մեծ ողբերգակը, ով այդ պահին հոգեկան ծանր վիճակում գտնվելով՝  չէր ուզում մենակ մնալ, կենդանի շնչի, մարդկային հոգու ջերմության, մեկի հետ հաղորդակցվելու կարիք ուներ:

Նստել էինք իրար դիմաց՝  երկար ժամանակ իրար չտեսած մտերիմների պես, ու նա բացել էր իր սիրտը ու պատմում էր ներսում կուտակված իրեն ցավ ու տառապանք պատճառած դեմքերի ու դեպքերի մասին:

Նրա հիմնական մտահոգություններից էր Լենինգրադում ապրող աղջիկը՝  Մարիան և նրա դուստրը՝  Ժաննան: Պատմում էր, որ ընտանիքի ողջ հոգսը Մարիայի ուսերին էր: Լինելով Լենինգրադի դրամայի և կոմեդիայի թատրոնի առաջատար դերասանուհի՝  ստիպված էր օրվա մեջ երկու անգամ թատրոն գնալ՝  առավոտյան փորձի, երեկոյան ներկայացման, դրան ավելացրած Ժաննայի՝  թոռնուհու խնամքը: Վերջինս Փափազյանի ամենամեծ ցավն էր: Ժաննան արդեն երկար տարիներ էր, ինչ հիվանդ էր և անկարող էր ինքնուրույն շարժվել, գամված էր սայլակին:

Պատերազմի և պաշարման ողջ ընթացքում Փափազյանն ընտանիքի հետ ապրել է Լենինգրադում: Համերգային ծրագրերով ու ներկայացումներով հանդես է եկել և՛ քաղաքի բնակչության առջև, և՛ առաջնագծում: Ելույթների է մեկնել դստեր՝  Մարիայի և փոքրիկ Ժաննայի հետ: Հաճախ է պատահել, երբ Ժաննային գրկած, զգեստների պայուսակը ձեռքին, երեքով քաղաքի մի ծայրից մյուսը ոտքով կտրելով, հազիվ են փրկվել գլխներին տեղացող գնդակների տարափից: Այդ ծանր տարիներին իրենց տան բակում թշնամու արկի պայթյունից՝  ուղիղ ոտքին ստացած բեկորից մահացել է Փափազյանի սիրելի կինը՝  Թինան: Ինքը նույնպես՝  բազմաթիվ մարմնական վնասվածքներով, Մարիայի հետ, Օթելլոյի թիկնոցի մեջ փաթաթած, նրան հանձնել են հողին իրենց տան ետնամասի ծառերից ազատ մի խաղաղ բացատում:

Կատարյալ արտաքինը, մարդկային ու արտիստական անսահման հմայքը, արժանապատիվ պահվածքը, տեղին ասված սուր ու դիպուկ խոսքը շրջապատի վրա այնպիսի տպավորություն է թողել, թե Փափազյանը երջանիկ մարդ է և իր կյանքում միայն անհոգ ու ուրախ օրեր է ապրել: Իրականում թեթև ու անփույթ վարվելաձևն ընդամենը պատրանք է եղել հոգու մեծ տխրությունը թաքցնելու համար: Պարզվում է, որ հանճարեղ դերասանը ոչ միայն բեմում, այլև կյանքում է մեծ ողբերգություններ ապրել:

Վարպետի մոտ իմ այցելությունների ժամանակահատվածում բախտ ունեցա ծանոթանալու նաև Մարիայի հետ: Նա հայրիկին տեսակցելու համար մի քանի օրով Լենինգրադից եկել էր Երևան: Դիմագծերով և մաշկի ու մազերի գույնով լիովին հորը նմանվող քառասունն անց պարզ ու համակրելի Մարիային նայելիս դժվար էր ենթադրել, որ նա դերասանուհի է, այն էլ ռուսական թատրոնի առաջատար դերասանուհի: Հոր հետ հարաբերվում էր բացառիկ նրբանկատությամբ ու սիրով: Աշխատում էր մեզ չխանգարել: Սենյակ էր մտնում հազվադեպ, միայն հայրիկին իր ղայֆեն ու փոքրիկ նախաճաշը՝  օջախում տաքացրած ռոկֆոր պանիրը սև ցորենհացի հետ մատուցելու համար: Ամեն անգամ, երբ Մարիան սկուտեղը դնում էր սեղանին, Վարպետը պահանջում էր թուշիկը մոտեցնել իրեն: Դեռևս մանկությունից եկած խաղ էր, շնորհակալության փոխարեն հայրը պետք է համբուրեր, իսկ եթե փոքրիկը չհասցներ արագ փախչել, տուտուզիկին իջնող հոր հարվածն անխուսափելի կլիներ: Նույնը՝  այդ օրերին էլ. Մարիան չէր հասցնում հեռանալ, և հոր հարվածը ճիշտ նշանակետին էր իջնում: Ու ամեն անգամ Վարպետը խաղը շահած երեխայի պես լիաթոք քահ-քահ ծիծաղում էր:

Հետո ոտքը ոտքին, փառահեղորեն նստած, նա երկու մատով սեղանի վրայից վերցնում էր սուրճի բաժակը, ինքն էլ փոքր-ինչ առաջ գնալով, խորը շնչի հետ ցանկալի հեղուկը հոսեցնում էր ներս: Վարպետը ըմբոշխնում էր իր ղայֆեն փոքր կումերով, անշտապ ու լուռ հայացքը հեռուներին հառած: Նման մի պատկերի մասին է Ջոնին ասել. «Նրա ջուր խմելը մոռանալո՞ւ բան էր»: Այո՛, սուրճ խմելը՝  նույնպես:

Մոռանալու չէր նաև, թե ինձ ինչպես էր ճանապարհ դնում: Սկզբում օգնում էր վերարկուս հագնել, հետո բրդյա շալս ուսերիս գցելուց հետո խնամքով փաթաթում էր վզիս՝  «դրսում ցուրտ է» ասելով: Հոգեպես ու ֆիզիկապես ջերմացած, ամեն անգամ հրաժեշտ էի տալիս՝  հոգուս խորքում փայփայելով նրա հետ նորից հանդիպելու հույսը:

Այդ անմոռանալի օրերից հետո մեծ դերասանին տեսա երկու տարի անց… արդեն Սունդուկյանի անվան թատրոնում: Բեմի կենտրոնում, լույսերի ու ծաղիկների հեղեղի մեջ դրված էր նրա աճյունը: Կիսախավար դահլիճի անշշուկ լռության ու տրտմության վրա իջնում էր նրա ձայնը.

«Մենք բաժանված ենք, օրերու փոշին

Դեռ չի աղոտել քո դեմքը գունատ»:

Միայն իրեն էր տրված մեծ բանաստեղծի ստեղծագործության տառն ու բառերի շեշտադրումները փոխելու իրավունքը՝  դարձնելով այն մի քիչ արևմտահայերեն, այսինքն՝  փափազյանական:

Լսում էի ու իրական աշխարհից ավելի ու ավելի հեռանալով՝  տրվում իմ մեջ ապրող այն օրերի հուշերին:

«Իջե՛ք, իջե՛ք, երազներ…»

Մի անգամ մեր զրույցի թեման Սունդուկյանի անվան թատրոնի խաղընկերներն էին: Հիմնականում խոսում էր մեծ հարգանքով, կարճ ու դիպուկ բնորոշումներով: Բոլորովին այլ էր նրա վերաբերմունքը Հրաչյա Ներսիսյանի հանդեպ՝  ընդգծված սեր ու գորովանք: Այդպես կարող էր խոսել հայրը իր շատ սիրելի ու վաղաժամ կորցրած որդու մասին: Ես էլ, իմ հերթին հիացմունքս հայտնելով, հավելեցի, թե «դեմքի խորշոմներն ու կնճիռներն անգամ զորու չէին խամրելու նրա մարդկային ու արտիստական հմայքը»: Փափազյանն անմիջապես հակադարձեց. «Չէ՛, ջանի՛կ, ադոնք կնճիռներ չեն, ադոնք կյանքի գծերն են»: Հետո ավելացրեց մի բան, որի նմանը ես ոչ միայն այդ, այլև հետագա իմ կյանքի ընթացքում երբևէ չէի լսել.«Անուշի՛կ աղջիկս, դուն գիտե՞ս, որ երբ մարդ մեռնում է, ափը դատարկվում է»:

Ես ցնցված էի:

Կյանքի ու անցողիկի մասին մեր զրույցներից մեկի ժամանակ, գրիչը ձեռքին, տետրի մի պատահական թերթիկի վրա սկսեց պարսկերեն գրել: Հարցրի՝  ի՞նչ է գրել: Պատասխանեց. ՙՍա մի գեղեցիկ տող է Խայամի քառյակից՚: Երկար ժամանակ լուռ մնալուց հետո պատմեց, որ եվրոպական երկրներում իր շրջագայությունների ընթացքում տարբեր քաղաքներում հյուրընկալվել է բարձրաստիճան, ազնվական դասին պատկանող ընտանիքներում: Տեսել է նրանց հետաքրքիր կենցաղն ու սովորույթները: Հատկապես տպավորված էր, որ նմանատիպ ընտանիքներում տան ամենաերևացող տեղում բարեկիրթ ձեռագրով պաստառի վրա գրված է եղել Օմար Խայամի այդ նշանավոր տողը. «Ամեն ինչ անցնում է, դա էլ կանցնի»:

«Ամեն ինչ անցնո՞ւմ է» արդյոք: Արդեն կես դար է, բայց հիշողությանս մեջ է, չեն անցել ու չեն խամրել այդ հանդիպումների անմոռանալի պահերը: Ես բախտավոր եմ, որ ոչ միայն մոտիկից վայելել եմ մեծ դերասանի ներկայության անսահման հմայքը, այլև, հուսահատության պահին նրա զրուցակիցը դառնալով, փոքր-ինչ թեթևացրել եմ նրա հոգու ծանր բեռը:

Հայ թատրոնի բոլոր ժամանակների մեծագույն դերասանի մասին խոսքս ուզում եմ ավարտել մեկ այլ խոշոր անհատականության մասին ասված իր իսկ խոսքերով.

«Փա՛ռք իմ ժողովրդի ստեղծագործ ուժին, որ ընդունակ է այդպիսի գեղեցկություններ ծնել»:

Անդին 01.2018

Կարծիքներ

կարծիք