«Վերադարձ դեպի Արարատ»

Նորարար արվեստի փորձարարական կենտրոնում հոկտեմբերի 3-ին բացվեց ֆրանսահայ երգիծանկարիչ Ռընե Հովիվի գործերը ներկայացնող «Վերադարձ դեպի Արարատ» ցուցահանդեսը։

Ֆրանսիայում մեծ ճանաչում ունեցող նկարիչը 1960-ականներից մինչեւ իր մահը՝ 2005 թվականը, համագործակցել է ֆրանսիական  և  այլ հեղինակավոր մի շարք թերթերի եւ ամսագրերի հետ՝  «Paris Match», «Lui», «Le Quotidien de Paris», գերմանական «Stern» եւ ամերիկյան «Playboy», հրատարակել մեկ տասնյակից ավելի ալբոմներ եւ կոմիքսների գրքեր։

Նա աքսորից ազատվելուց հետո տեղափոխվել  է Մոսկվա, ուր աշխատել է մուլտիպլիկատոր Խիտրուկի արվեստանոցում և սովետական շրջանի մի շարք մուլտիպլիկացիոն կինոնկարներ նույնպես ստեղծվել են իր նկարների շնորհիվ:

Գրող, հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը նշեց, որ  Ռընե Հովիվի նկարների ցուցադրության հետ զուգահեռ կներկայացվի նաև նրա հոր՝ Վահան Հովիվյանի «Դեր Զօրից մինչեւ Սիբիր կամ կեանքի ելեւէջներ» հուշագրությունը՝ առաձնահատուկ մի գործ  այն իմաստով, որ  1908 թվականից նա հիշելով գրի է առել իր կյանքը մինչև Լիբանան, ֆրանսիա, Հայաստան հետո աքսոր դեպի Սիբիր, հետո նորից Հայաստան,Մոսկվա և 64 թվականին Ֆրանսիա: «Այսինքն այս գիրքը մի բնութագրում կարող է ունենալ՝  այն 20-րդ դարի հայ կյանքի  հանրագիտարան է»:

Այս  միջոցառման գաղափարը կազմակերպիչները նախաձեռնեցին հայրենադարձության  մասին ֆիլմեր նկարահանելու շրջանակներում   Հովիվյանների ընտանիքին հանդիպելուց հետո և միայն երեք տարի անց այն իրականություն դարձավ:

Անդին

03.10.2018

Կարծիքներ

կարծիք