Մի երգի պատմություն

Հեղինակ:

 

Ու գնացի խամեն բերի,

Խամեն բերի՝ սիրտը խոթի…

Երկու կանանց զրույց է այս երգը՝ մոր ու հարսի ողբ: Վերհուշ է ներկա պահով, ուր փորձ է արվում գտնել այն արհավիրքի բնույթը, որ նրանց դժբախտության պատճառը դարձավ: Լսենք նրանց: Ուրեմն, առավոտյան հարսը չի զարթնում քնից հարկ եղած ժամին, և սկեսրոջ սիրտը մութ մի կասկած է ընկնում: Ի վերջո նա բացում է հարսի սենյակի դուռը և… խելագարվում: Սպանում է հարսի ծոցում գտնվողին, իսկ հարսի ծոցում իր յոթ տարվա անդաստական որդին է լինում…

Եղելությունը դադարում է մեր ընկալումների սահմանում մնալուց: Անհեթեթության մշուշը կոծկում է ամեն ինչ: Մենք չենք կարողանում հաշտվել կատարվածի հետ, բայց կնոջ արարքի ազնվությանն էլ չենք կասկածում: Ի՞նչ է սա. հանուն լաց ու կոծի հորինվա՞ծք, թե՞ բնահուն, բայց ոչ տեսանելի մի երևույթի իմացություն, որի կորիզը մեր էությունն է: Փորձենք բացահայտել: Մի բան էլ. ինչքա՞ն է տևում վրեժի թույնով բռնվածի վազքը դեպի պատից կախված զենքերը. վագրի մի ցատկ: Մի ոստյուն էլ, և սև գործը կատարված է: Այդ տարածքն ու ժամանակի այդ նույն սուղ հատվածն է մեր քննարկման առարկան: Ավելի ճիշտ՝ դրա կեսը…

Առանցքը, որի շուրջ պտտվում է դրաման, ինչն ուզում ենք ճանաչել, և ինչն ուզում է գաղտնազերծել ողբերգության հերոսն իր հուզումնալի պատումով, ակնթարթն է: Կեսի կես վայրկյանում մեր առջև ծառանում է բարդ ու անշրջելի մի գործընթաց՝ խելագարության շեմը ոտք կոխելու արար, բնազանցություն, որի ծալքերը բազմաշերտ են, շարժառիթը՝ անորսալի… Բայց առկա է բնազդային, անդեմ մի ահ, որ պատել է բանականությանը: Տեսանելի է անորոշ ու որոշակի գրգռիչների այն հեղեղը, որ ցնորել է զգայական համակարգը: Անընդմեջ ներկա է անհայտ մի պատճառ, որ խեղում ու խառնակում է ժամանակի հոսքը. կտրատում, գալարում կամ տենդագին փոթորկումների է հասցնում դրա վազքը: Սակայն, այս ամենով հանդերձ, այլակերպվածը զարմանալի հստակ է իր գործի մեջ, անվրեպ է, անկասելի: Ի՞նչ խելահեղություն է սա….

Սկիզբը կարծես թե պարզ է: Աստծո առնելիքը տեսնելու պահի մեջ է: Մեկը մյուսին հաջորդող հարվածների տարափը դիվահարում է կնոջը: Շանթահար կինը նույնիսկ չի ճչում, ինչը կարող էր փրկել դրությունը, և նրա միտքն այն աստիճան էր մթագնել, որ ոչ միայն չի կարողանում տեսնել, թե ով է տղամարդը, այլև ունակ չէ զանազանելու որդու հոտն ու կազմվածքը մեկ ուրիշից: Այն, որ կնոջ մեջ ջնջվել է մայրությունը, արդեն ուրվագծում է բախված երևույթի ահագնությունն ու հանելուկային կարողությունը: Վիթխարի ցնցում է եղել, ու անհամրելի լիցքեր են փոխանակվել մի ակնթարթում, և մայրական բնազդից շատ ավելի զորեղ մեկ այլ բան է կանգնած մեր առջև. անտեսանելի  ու անշոշափելի…

Սակայն անբացատրելի այդ ուժը մատնում է իրեն: Նա կնոջը գործողության է դրդում: Պարզապես նետում է գործողության գիրկը, և թե ի՛ նչ արագությամբ է աշխատում խռովքի մեքենան՝ չգիտենք, բայց պարզ է մի բան. ժամանակը թպրտում է դրա  հորձանուտում հայտնվածի համար, և ամեն մի վայրկյան վերջինն է: Իսկ արյուն հեղելը դառնում է հրամայական, իրավիճակից ելնելու միակ ելք ու աշխարհակործան իրողության դեմն առնելու միակ միջոց: Արագությունը, մեքենայնությունը, որով գործում է ավերմունքի դևը, դեռևս անճանաչելի արմատներ ունի այստեղ, բայց նրա դիմագծերը տեսանելի են. նա զրկում է իր զոհին մեկ այլ բան մտածելու, տեսնելու կամ խորհելու ժամանակից և առավել ևս կանգ առնելու, դադարի պահ ունենալու հնարավորությունից: Բայց հաջորդ պահին, երբ կինը դուրս է նետվում հարսի սենյակից, երկմտում է… Կարծես հույսի նշույլ է սկսում առկայծել, և ժառանգասպանություն չի լինի: Մանավանդ որ նա սեռական հարաբերություն չի տեսել հարսի անկողնում, այլ երկու գլուխ ու չորս ոտք, որ մուշ-մուշ քնած են. ծածուկ ու անարդար ոչինչ չկա այնտեղ: Թե ինչքան է տևում երկմտանքը և ինչ գաղտնիքներ են մեզ ծիկրակում դրա քողի տակից, ինչ տարողունակ անհուններ կան այնտեղ, ուր տվյալ պահին սուզված է եղել կինն իր էությամբ՝ դեռ կտեսնենք: Հանելուկն այն է, որ այս կինը տատանվում, տարուբերվում է սպանության տարբերակի՝ դրա ընտրության մեջ. դաշույնո՞վ, թե՞ հրազենով: Սառը, անսիրտ ու ահեղ մի պահ: Սա արհեստական դիպված չէ, ակնկալիքի հայցում կամ զուտ պատահականություն. սա ներքին պայքարի գագաթն է՝ ոչ միայն բոլոր դրամաների դրաման, այլ կետը (գագաթի վերջը՝ ցիցը = շիշ դար=Շիդար1), որտեղից շուռ է գալիս հոգին, բայց մեր գործը այս ամենից էլ այն կողմ է: Եվ ահա թե  ինչու: Վճիռը ոչ միայն ընդունված է, այլև ընթանում է դեպի դրա իրագործումը: Ընտրության կատարելը զուտ հնարք է, առկա դրությունից ժամանակ շահելու միջոց: Կինը փորձում է ըմբռնել իր հետ կատարվածը (այն, ինչ որոնում ենք): Մեզ խիստ հարկավոր է տեսնել նրա տատանումի տակ թաքնված գործընթացը, որը կնոջ փոխակերպության գաղտնիքն ունի իր մեջ՝ ուրիշ հարթության հետ հարաբերվելու ծածկագիրը: Գործում է կենսաբանական արարածին բնորոշ վախը՝ վտանգի զգացողությունը տեղի ու վիճակի փոփոխության առաջ: Բայց նա արդեն այդ իրավիճակում է, իսկ միտքը չի տեսել, չի շոշափել դրա առարկայական տեսքն ու ձևը: Վտանգն անակունք է, ուստի և՝ առավել ներգործող: Կինը փորձում է այդ մի քանի վայրկյանի մեջ շեղել անհայտ ուժին, հանել ինքն իրեն փոսից հենց ընտրության շնորհիվ. եթե պատից կախ գորգի վրա դաշույնի կողքին նետ ու աղեղ լիներ կամ նիզակ, մեկ է, նա տատանվելու էր. այս անգամ՝ մեկնումեկի անվրեպ խոցելու կամ թռչող նետի ու սավառնող նիզակի ձայներից մեկի՝ շառաչի կամ սվսվոցի ընտրության միջև: Հենց բացատրությունը, թե ինչո՞ւ սա և ոչ՝ դա, ոչ միայն ժամանակ կորզելու նույն միտումն է, ոչ միայն ինքնատիրապետումը վերագտնելու փորձ, այլև ինքնաճանաչման ձգտումն է, մղումը: Բայց բնազդային արհավիրքը եռակցումներ է տալիս. կյանքի ու մահվան պարույրի միջև առկա հեռավորության պատշաճությունը չի հսկվում ոչ մեկի կողմից. կինը զորու չէ խափանել ավերմունքը, քանզի նա արդեն հաղորդիչն է, այդ պարույրները շաղկապողը:

Ընտրությունը կատարվում է ոչ հրազենի օգտին, քանզի մտավախություն կա, թե հարևանները կլսեն կրակոցի ձայնը, և անպատվությունը կբացահայտվի: Իհարկե, այս պարզունակ հետևությունը խախտված ուղեղի եզրահանգումն է, բայց հիմնարար ենթատեքստ ունի: Մեկը՝ այն, որ խելահեղությունը դեռ չի տիրացել այս կնոջը (խելահեղությունն անտեսում է հետևանքի գործոնը), և նրա բանականությունը ոչ միայն պատասխանատվության խնդիրը վայր չի դրել, այլև վարքն էլ է զգոն, հպարտությունը, իր ցավն ու վիշտը ուրիշին ցույց չտալու արի կամքը:

  1. Հենրիկ Հովհաննիսյան, «Հնագույն դրաման Հայաստանում»

 

Մյուսը ենթագիտակցականն է, մեր որոնած գաղտնարանի բանալին է: Բայց ուղիղ ճանապարհ, ուղիղ մուտք չունենք դեպի այդ դուռը. որոգայթներ պիտի անցնենք: Առայժմ մտապահենք մի աննշան թվացող և առայժմ այս կնոջ կերպարին անհարիր, բայց կարևոր մի հանգամանք, այն, որ կինը վախ ունի… ձայնից:

Մի քայլ էլ անենք այս կնոջ հետ իր ընտրության ճանապարհին, և կտեսնենք նրա ներքին գեղեցկությունն ու կախարդիչ ուժը: Ահա այն. հրազենով սպանելու մեջ վախկոտություն կա: Կրակում ես նշակետին ու վերջ: Սպանողի ու սպանվողի միջև տարածություն կա, մեռնողի արյունն ու ջղաձգությունը չտեսնելու, նրա հոգեվարքը չզգալու և վերջին, քեզ ուղղված հայացքից պատսպարվելու երկչոտություն: Այսինքն՝ ապահովագրում, հույս՝ երկնային արքայություն կոչված վիճակախաղին մասնակից մնալու ողորմելի մի խորամանկություն: Իսկ մեր հերոսը գիտի, որ գնում է սպանության, գնում է ընդդեմ երկնքի և ընտրում է դաշույնը, որ զգա՛ իրեն անարգողի ցավը, տեսնի՛ նրա մղկտոցը ու չզղջա՛ , որ հատուցումն ու արդարությունը այստեղ թագավորեն: Դաժան ու վեհ մի վճիռ: Վեր է ելնում կնոջ աշխարհընկալումը, տեսանելի է դառնում ոգին՝ մերկ ու ուղիղ վճիռով, որը, վերջին հաշվով, մարդու ու երկնքի զրույցն է՝ մարդկային կամքի հաղթանակով: Մեր առջև աննկուն ոգին է, բայց ոչ խելագարը: Նա գիտի, որ գնում է խզելու և կտրելու երկնքի հետ կապը, բայց ձեռքը չի՛ դողում, ծունկը չի՛ ծալվում: Գնում է սպանելու բոլոր կարոտներն ու սպասումը, բոլոր երազանքներն ու հույսերը՝ այս կյանքի խորհուրդը, և աչք չի՛ թարթում: Ավելի՛ ն, նա ոչ համոզված է, ոչ հավատ ունի և ոչ էլ կասկած. ոչ գիտի, ոչ բացատրում է կամ քարոզում ու հորդորում, այլ, որ Աստծուն զգում է արյամբ… Այս զգացողության կապն է գնում կտրելու կինը, քանզի այդ կապը նրա համար պղծված է, աշխարհասասան այս բոթն է չոքել կնոջ դուռն ու ճոճում է նրան խելագարության թառին…

Բայց նման հատկությամբ օժտված արյունակիրը մեզ կանգնեցնում է մեկ այլ հանելուկի առաջ: Այդ ինչպե՛ ս է, որ չզգաց որդու գալը, չզգաց առհասարակ: Սրա պատասխանը կկոտրի այն գոց դուռը, որն ուզում ենք բացել, և որն իբրև թե բաց է:

Տղամարդու կյանքը կրակների մեջ է: Դրանցից ամենատեսանելին ու հայտնի երկուստեք շաղկապվածը մոր ու կնոջ կրակներն են: Մայրը բացառում և արհամարհում է մեկ ուրիշ սիրո տեսակ ու ձև, իսկ կինը բացառում և չի հանդուրժում մեկ այլ կնոջ հանդեպ իր տղամարդու տածած ուժգին հույզերը՝ լինի մայր, թե աստվածամայր: Այդ գործոնը այստեղ չի երևում, այն հպանցիկ էլ չի երևում: Բայց գիտենք, որ մոր մեջ նստած է գերակայությունը: Նա անվիճելի սպասողն է ու մինչև վերջ սիրողը: Այս կնոջ ոչ միայն մտքին, այլև ամենաաննշան բջիջին էլ անհասանելի է, թե յոթ տարվա անդաստական որդին կարող է տուն դառնալ և մորը ձայն տալու փոխարեն կնոջ գիրկն է նետվել (այստեղից և այսպես է թափ առնում խելահեղության անիվը. անարդարությունից): Ուրեմն, երբ կինը նկատում է հարսի ուշանալը, հազար ու մի բան կարող էր մտածել կամ ենթադրել, բայց ոչ այն, թե որդին է տուն դարձել: Առավոտյան, երբ կնոջ մտքում հառնում է հնարավոր դավաճանության վարկածը, երբ ցասումը սկսում է կրծել նրան, հետն էլ այն երկյուղը, թե հարսի սենյակի դուռը բացելիս տեսնելու է կենակցման տեսարան, և հենց դա է տեսնում, ուղիղ հուշում է մեզ, որ դևը գործել է շատ ավելի առաջ, և կինը մտնում  է հարսի սենյակ՝ սոսկ արձանագրելու իր ցնդելը… Ուրեմն կինը նախադրյալ, անբեկանելի մի հիմք ուներ և գնում է տատանվելու դաշույնի ու հրազենի միջև ոչ թե հանպատրաստից, այլ, որ նրա ենթագիտակցության խորքում դևը բույն ունի դրած: Ոչ թե հարսի վարքն է կասկածվում, այլ բոլորովին ուրիշ, թաքնատես մի երևույթի առկայություն, որը նորից չենք կարող տեսնել, եթե չիմանանք, թե ի՞նչ նյութից է այդ դևի բույնը: Դև՞ է, պահապան հրեշտա՞կ, թե՞ ոչ մեկը: Բայց որ գերնշանառու զենքով է խոցել և պահանջվող կետին՝ եղելություն է:

Որտե՞ղ է կանգնած այս դժբախտ կինը, որ չի կարողանում տեսնել իրեն: Ի՞նչ տարածքում է հայտնվել, և ժամանակի ի՞նչ միավոր է գործում այնտեղ, որ ինքնապաշտպանության բնազդը ոչ մի ազդակ չի կարողանում հաղորդել մտքին: Փոխարենը մեր աչքի առջև ցնդում ու անհետանում է դեպի զենքերն ընթացող կնոջ ամեն քայլի հետ: Շփոթմունքի այն առարկան (թե հարսի մահճում դավաճանություն է եղել), թե որդին տուն է դարձել և իրեն ձայն չի տվել՝ չի հարթվում մայրական ներումով: Միտքը չի կարողանում ելք գտնել նաև այն բավիղից, թե որդին կգա, և մեկ ուրիշը կլինի իր հարսն այս անպատկառի տեղը. այսինքն՝ սերնդասպանության խնդիրը նրա համար լուծում ու բավարարություն կստանար այնքանով, որ արյուն հեղելու հրամայականը կարող էր նահանջել: Բայց ինքնապաշտպանության բնազդն ուղղակի նրան քշում է սպանության, և դրանով խաչ քաշում այդ ամենի և ի՛ ր վրա: Եվ այնպիսի կուրությամբ, որը ոչ միայն մեկ, այլև երկու անգամ թույլ չի տալիս ճանաչել որդուն: Երկրորդ անգամ՝ շունչ շնչի չի ճանաչել, չի տեսել, չի զգացել և… չէ՛ ր կարող: Այս չկարողանալը անհայտ ուժի դիմակն է, և կինն է նրա դիմակակիրը, բայց իր ողջ էությամբ հանդերձ… այս եզրահանգումը փակուղի է, անհայտ ուժի բնույթը ճանաչելու ճանապարհի վերջը, եթե հակադարձելի մի հարց ևս չդնենք մեր առջև: Այն, թե ինչո՞վ, ի՞նչ նյութով է բանում գերդիպուկ, գերնշանառու զենքը: Կա՞ այդպիսի նյութ: Երբ և ինչպիսի՞ հմտությամբ է սկսել գործել, որ ոչ միտքը, ոչ բնազդը, ոչ ենթագիտակցությունը չեն պայքարել այդ արհավիրքի դեմ և ընդդիմանալու տեղակ իրենց միասնական կարողությամբ նպաստում են, որ կինն այս հոգեցանց անցանցի եզրին է կանգնած և աներեր քայլում է դեպի նա, քանզի ժամանակը նրա համար պրծնում է, թնկթնկում, և այլևս ժամանակ չի՛ լինելու: Կա այստեղ այդպիսի խթանիչ, խոցելու վարպետության և գործի ընկնելու չկասկած. այդ բանը… Ձա՛ յնն է, որի ամենազուսպ արտաշնչումը կարող է քար ծակել: Ոչնչի հետ չի կարելի շփոթել այդ հևհևը, և անհնար է մեկ այլ բանի հետ համեմատել կենակցման զորեղ, զտարյուն շնչի դողը… Մայրը դա լսել է… Թեկուզ խոր քնի մեջ՝ նրա լսողությանը հասել են սիրո շառափումները, այն հինավուրց ու անխախտ շնկշնկոցը, որը նրան է կյանք տվել և որը ազդարարն է ամեն մեկիս գոյության սկզբի: Մարդ արարածը չի կարող անտեսել կամ չլսել այս ձայնը: Չմոռանանք նաև յոթ տարվա սպասումի գործոնը. կնոջ ունկը մշտարթուն է, զգոն և ամեն թաքուն բզբզոց որսալու ունակ: Գուցե մայրը չնկատեր էլ, թե հարսն ուշացել է, եթե առավոտյան նրա մեջ չվերարտադրվեր այդ ձայնը, որի կես ելևէջն էլ է բավարար, որ ցնցեր կնոջը: Հետո ձայնը քաշում է նրան հարսի սենյակ, հաստատում իրեն և դուրս է շպրտում կնոջը տատանվելու դաշույնի ու հրազեն միջև, և այս դժբախտը մի քանի վայրկյանում դառնում է այն անխափան մեքենան, ում ներքին օրենքները ուղիղ կապ ունեն մեր ծննդի հետ, և կառավարում ու վերահսկում է մայր բնությունը միայն:

Ձայնը ազդակ է, կանչ, որի ներգործելու մոգական ուժը հեռավոր արձագանքներ է ծնում մեր մեջ, խլրտյուն գցում ենթագիտակցության բոլոր խորշերը և ձգվում է մինչև ժամանակի մեր սկիզբը, նախնական վիճակ (հոր ոսկրածուծ): Այլ հարց է, թե որտեղից է գալիս և ուր է գնում ժամանակի շղթան, բայց այս հատվածում այն բնազանցվում է. նրա տիրույթում գտնվողը միաժամանակ կենդանի է, միաժամանակ՝ մեռյալ… Ժամանակի այսպիսի բնույթը լավ է երևում զոհաբերության արարի՝ հեղվող արյան շղթայի օրինակով: Քանի դեռ զոհի սիրտը խփում է, արյուն մղում, դեռևս դրա վերարտադրությունը կարող է ընթանալ ներսում, իսկ դրսում արդեն մակարդվում է աչքի առաջ: Միաժամանակ ծնվող ու մեռնող արյան շղթայում անցյալն ու ապագան չքանում են, դադարում գոյություն ունենալուց, բայց ներկան՝ թափվող արյունը, առկա է, միևնույն պահի մեջ մեռած է ու կենդանի… Սա ավերմունքի շղթան է: Տեսնենք, թե ինչպես է ընթանում արարման գործընթացը. ի՞նչ է կատարվում, և ի՞նչն է ծնունդ տալիս բնազանցությանը:

Այստեղ մեր ելակետն ու հիմնաքարը սպասումն է: Ոչ թե անկողմնակալ կամ անշառ մի երևույթի սպասելու ժամանակահատված է մեր զննումը, այլ ճակատագրի խնդիր կա, և ամեն պահ կարող է կտրվել ապագայի թելը: Ամեն ակնթարթ, դեռ չսկսված, կարող է հանգչել: Սպասումը կազմալուծում է ինքն իրեն ու ցնորվում անհայտության մեջ. ճնշումն ահագնանում է, պրկվում (կտրվելո՞ւ է ժամանակի շղթան, թե՞ չի կտրվելու, թե՞ արդեն կտրված է: Ահա՛ , ահա՛ : Ոչ մի տարածություն չկա կյանքի ու մահվան միջև. դրանց սահմանագծերը հալհլում են իրար: Ծնվելու տրոփով բռնկված միլիոն ու միլիոն չծնվածների բանակը բացարձակ անհայտության է մատնված (ելնելո՞ւ է, թե՞ չի ելնելու): Լարվածությունը համատեղել և իրար է առերեսում սկիզբն ու վերջը: Ժամանակի օղակը ճաքում կամ քայքայվում է, արտահոսք տալիս, առտավազդ (Արտավազդ): Եվ քանի դեռ չի գործել համակարգը (Երկնէր երկին, երկնէր երկիր)՝ ժամանակն անհոսք է, ժամանակը շարունակում է տրոհվել, և նրա ներսում գտնվողները կան ու չկան: Բայց համակարգը բանում է, և բյուր ազդակներ (շնչառություն, ձայն, հույզ, ջերմություն, արյան քլթոց, սրտազարկի եռք ու էլի նրբահույզ լիցքեր) ուղղորդում ու շարժման են նախապատրաստում բանակը. պայքարի և հաղթելու: Պայքարը մեր էության հիմքն է (դեպի մայրական դրախտ վազքը), ամեն գնով նոր փուլ ու զարգացման նոր աստիճանի հասնելը: Հաղթանակը (ժամանակի շղթայի չկտրվելը) հենց մենք ենք, քանզի այդ մենք կանք և ոչ թե մեկ ուրիշը: Այլ խնդիր են մետամորֆոզային ամբողջ փուլերն ու գործընթացը (ելք, ճանապարհ, մուտք, կայացում և նորից նույնը). մեր մուտքն այստեղ արգելված է, քանզի բնությունը դրանք ջնջում է մեր միջից (կոմայի մեջ հայտնվածները առկայծումներ են ունենում այդ հուշից. կա-չկա դրությունը զուգահեռներ է գծում, բայց չեզոք համակարգում): Մեզ համար էականը համատարած վիճակի ընկալումն է, ու միաժամանակ կաս ու չկաս: Կա ու չկա (սև ու սպիտակ շներ)2 հատված՝ գերիրական է, մեր նախածին վիճակը: Սրա խարազանը, բնության կողմից առաջին թրծումը (ուր ժամանակի միավորը՝ դրա տևողությունը, հարաբերած նյութի զանգվածի հետ, կարող է ընդհանրություն ունենալ մեր կյանքի փուլերի ու տևողության հետ), ծածուկ, թե ակներև, մարդը կրում է իր մեջ… Եվ հենց սրա առարկայական ձևի հետ է բախվում մեր խրոխտ ու ողբերգական կինը: Տվյալ պահին

2.Գիշեր-ցերեկ համեմատությունը՝ որպես ժամանակի միավոր, ոչ մի առնչություն չունի շղթայի ներսում կատարվող և այդ շղթային գոյություն տվող իրողության հետ: Այն մեկուսացում է, չոր բաժանարար. դրամայի առումով՝ անշարժություն, քարացած վիճակ (ընդամենը հետևանք): Մեր գործը միաժամանակյա արևածագ-արևմուտքն է, որի անընդհատության մեջ ընկղմված է երկիրը, և այդ բևեռները շաղկապող ու պահպանող հյուլեի առեղծվածը:

նա առերեսվում է իր ոչնչացման փաստի, իր տեղը գրավված լինելու ենթամտքի հետ՝ հարսի դավաճանության տեսքով: Օտար տղամարդը կտրվող ժամանակի առկայծումն է, բուն առարկան, ենթագիտակցության ահը՝ կործանման ու ոչնչացման վտանգը: Նրա արյուն հեղելը նշանակում է ելք, շարունակություն, ինքն իրեն կյանք ընձեռելու կամք… տվյալ պահին կեծկլտում է հաղթող ոգու բնազդային հուշը. զոհաբերությունը իր բոլոր դրսևորումներով, հիշեցում է՝ գոյության պայքարում մեր հաղթելու ձևի և, փուլից փուլ, մարդու կայացման ճանապարհին թույլատրված ավերմունքի գիտակցումն է, ներկայացումը, որի ծածկագիրը ժամանակի իրական բնույթի հետ հաղորդվելն է… Այն իր մեջ մարդու ազատության խորհուրդն ունի, նրա ազատագրումը այն պարզ ու հստակ հուշով, որ ներքին, արտաքին, կողմնակալ և բոլոր այլևայլ հակամարտություններն ու ներհակումները անպտուղ գոյակցումներ են, կեղծիք, որ մոխրանում է Տեր կենդանու առաջ… Ժամանակի տրոհումը (Արտավազդ) նշան է, հավերժական գործընթացի խորհուրդը, որ տարածվում է բնության բոլոր երևույթների վրա և կրկնվում նրա բոլոր դրսևորումների մեջ՝ անկախ նրանից, թե ժամանակի ինչպիսի միավորով է գործում համակարգը: Սա արարման սերուցքի կառուցվածքն է՝ արտահայտված ժամանակի տեսքով… Բնության ոգին (բան) նախնիների բնորոշմամբ՝ անակունք լույսը:

Ուրեմն, կինն ընթանում էր դեպի զենքերը. ինչ արագություն էլ որ ունեցած լինի նրա գնացքը՝ նախածին հիշողությունները սկսում են նյութական տեսքի գալ արդեն: Ձայնը (հրազենը. դարբինների զարկը) անընդհատ վերարտադրվում է աչքի միջոցով, գրգռում ու հրահրում է դեռևս տատանվելու փորձ անող կնոջն էլի առաջ գալ, մինչև նա բախվում է մեկ այլ խորհրդի՝ դաշույնի տեսքին. սրա նշանի ու նշանակության ենթամտքին: Եվ եթե մինչ այս ավերմունքի ու արարման մեքենան կաղում էր, ապա դաշույնը հստակություն ու նպատակամղվածություն է մտցնում կնոջ գործողության մեջ՝ վերջնական ելքով (խելագարության բնորոշ ախտանիշը քաոսային շարժումն է. շրջված հոգին չի կարողանում ելք գտնել դատարկությունից): Դաշույնը դադարում է առարկա լինելուց. մարդը տեսնում է իր նախաստեղծ տեսքի փոխաբերականը, բանաձևումը, ինչը մենք գիտենք, բայց որի հուշն ու իմացությունը արթնանում է մեր մեջ ճիշտ այնպես, ինչպես կնոջ մերկությունն է քարուքանդ անում տղամարդու բնազդն այն արագությամբ, որ երևակայությունը չի հասցնում արձագանքել ինքն իրեն: Դաշույնը այստեղ սլաքի, շարժման ու մեկ այլ փուլ գնալու, դրան հասնելու և դրա գոց դուռը ծածկելու վերհուշն է մատնանշում, ինչպես նաև թրատելու, կողքից վազողներին խոցելու ենթագիտակցությունը, այդ ունակությունն իրականում կրողն ու այդ հատկությամբ օժտվածը: Եվ կինը դաշույնը ընտրում է երկրորդ անգամ… Այստեղ մի պահ կանգ առնենք, խոնարհվենք նախնիների խորաթափանց մտքի առաջ, որ շղթայված են պահում Արտավազդին, քանզի վտանգ կա, թե բնության անաչառ զենքը կարող է գործել հենց բնության դեմ (մոր օրինակով), և հայտնի չէ, թե մեր ուսումնասիրած նյութը ինչի մանրակետն է… Դաշույնը վերցնելու պահից մեր պատումը այլաբանորեն դառնում է Վահագնի Ծնունդ: Եվ մեր առջև բնության աներկդիմի զարմն է՝ կրակածինը (խարտյաշ պատանեկիկ): Հաղթողն է, ով պատկերվում է մեզ հանց ռազմի դաշտում՝ պարուրված բոցի ու ծխի շաղախով: Նա հայտնվում է (եղեգան փողից. հոր միջից) անկասելի շարժմամբ ու գնում է մի նոր վերելք և բռնկված է գոյելու տենչ ահագնությամբ (նա հուր հեր ուներ, բոց ուներ մորուս): Այս բոցեղեն կերպարից ուղիղ մեզ է ժպտում ժամանակի (կա-չկա) մամլումը՝ բնության առաջին, նաև գերագույն հղկումը (անհատույց սեր) վերապրածի դրոշմը: Նաև այն, թե ինչո՞վ է հակազդել, ինչպե՞ս է դիմակայել մարդը. մեր հողե, երկրային բնազդների (մորուս) ամբողջական վառքով: Բայց մեզ համար էականը նրա բնույթն է, ամեն ինչ իր ճանապարհին զոհող ու այրող նպատակամղվածությունը. նա բանում է ճիշտ մայր բնության պես՝ ներքին պայծառատեսությամբ (և աչքերն էին արեգակունք)… Անհնար է չառնել ոգու հոտը, բույրն ու բաղադրությունը: Եթե դառնանք պատումի սկզբին՝ Աստծո առնելիքին, ապա ակնհայտ է, որ քննարկման նյութն ու որոնածը այս արեգակունք աչքերն էին՝ սրբազան դիվահարությունը: Պակասող այս օղակը, ծպտյալ հանգույցը, որ սկզբից մինչև վերջ չի բավարարում մեր պատումին և ոչ մի պայմանով ու բացատրությամբ չի կարողանում հավատ հաստատել, թե մայրը կարող է այն աստիճան կախարդվել, որ չճանաչի որդուն, որ պտտվող գնդակի պես փոխում է իր ծանրության կենտրոնն ու անորսալի դառնում, առարկայանում է: Բացահայտում և ցուցադրում է մեզ կուրության մյուս երեսը, ուր այդ անհատակ դատարկությունը պռնկեպռունկ լցված է: Ոգին, որպես աստվածային կրակ, ինքնին խենթ է, քանզի ի սկզբանե (անեզրության բոլոր չափերով) գժվեցնում, կռվի է կանչում, թշնամանք հարուցում ու սրբազան դիվահարության է հասցնում… դատարկությունը, ոչինչը: Խենթը գերիրական մեր սկզբին (ամեն ինչ ու ոչինչ) զուգահեռվածն է, հաղորդվածը: Մոր կուրության իրական պատճառն ու դեմքը՝ ոգու հայտնությունը, Արտավազդի՝ քարայրից դուրս գալը՝ մերկ, ուղիղ և անպաճույճ մի կանխագիտությամբ… բայց այստեղ ևս ամեն բան հստակ է, քանզի անտեսանելին ու անշոշափելին մատնում է մեզ իր բնությունը. նա լույս է սփռում իր ծագման, սկզբի, իր սնուցման ակունքի, ինչպես նաև կայացման վայրի ու հնավանդ, անխախտ ճանապարհի ողջ ելևէջների վրա… Ոչ երկվություն կարող է լինել այստեղ, ոչ ածանցյալ հարց և ոչ էլ պրպտելու խնդիր. Մնում է միայն տեսնել: Այդ ի՞նչ ներուժ է, որի բաց շփումը աշխարհի հետ արհավիրք է՝ թե՛ իր, թե՛ աշխարհի համար: Եվ ի՞նչ սքողված համոզմունք ու իմացություն է, որ վայրկենական ծռության է հասցնում մարդուն: Դարձալ հին, հղկված ու արյամբ փոխանցվող մի պարզ բան. սեռական հարաբերությունը, ամեն ինչից առաջ ու հետո, արյունների փոխակերպում է, միախառնում: Տվյալ պահին կինը բախվում, զարկվում է ոգու արմատի՝ իր կենսաբանական գաղտնագրի ախտահարման ու այլասերման հետ…

Այս ողբերգական կերպարի քողի տակից շողշողում և մեզ է դիտում մեկ այլ՝ չներող, չբացառող ու ահեղ մի ուրիշ կին. էթնոսի պահապանը… Ձեռքը չի՛ դողա, ծունկը չի՛ ծալվի, աչքը չի՛ թարթի…

Անդին 03.2015

Կարծիքներ

կարծիք