Ճիշտ որոշում…

 

 

-Երեկոյան կուշանամ:

-…

-Լսո՞ւմ ես, ասում եմ՝  երեկոյան կուշանամ:

-Մի՛ բղավիր, լսեցի:

-Չեմ բղավում, ինձ թվաց՝  չլսեցիր.

-…

-Նելլի՞, բան չունե՞ս ասելու:

-Ինչքա՞ն կուշանաս:

-Դե, եսիմ, կուշանամ, էլի:

-Ավելի կոնկրետ…

Կապը անջատելուց հետո Ֆելիքսը ընկավ մտատանջության մեջ: ՙԻ՞նչ է նշանակում ՙավելի կոնկրետ՚, ստուգո՞ւմ է, թե՞ գլխում ուրիշ բան կա,- կասկածի որդը սկսեց կրծել միտքը,- ճշտում է՝  ինչքան կուշանամ, որ ի՞նչ անի…՚: Առաջին անգամ էր Նելլին նման հարց տալիս: Մտքերով տարված՝  քիչ էր մնում բախվեր առջևից ընթացող մեքենային, հազիվ հասցրեց արգելակել իր վերջին մոդելի լեքսուզը: ՙFuck… Չէ, էս կնկա գլխում ուրիշ բան կա…,- կրկնեց միտքը բարձրաձայն, բայց մի պահ կարկամեց:- Ինչի՞ եմ էսպես լարվել՚:

Առհասարակ Նելլին թքած ուներ իր ուշացումների վրա: Չգիտեր՝  վստահո՞ւմ է իրեն, թե՞ պարզապես կարևորություն չի տալիս: Իսկ կնոջ վարքագիծն այնպիսին էր, որ երբևէ առիթ չէր եղել կասկածելու, մտքովն անգամ չէր անցել, թե նա ընդունակ է օգտվել իր բացակայությունից: Տանը Նելլին հանդիպում էր ընկերուհիներին, զբաղվում տնտեսությամբ, հաճախ կապվում դստեր հետ, որ բնակվում և ուսանում էր Բոստոնում:

Ամեն անգամ Ֆրիդայի մոտից տուն վերադառնալիս մտքի մեջ որոճում էր հերթական սուտը, որն ասելու կարիքն այնպես էլ ոչ մի անգամ չզգացվեց: Տարիների ընթացքում իրենց միջև ստեղծվել էր ամուսնական կյանքի յուրօրինակ, այլընտրանքային կապ, ուր առաջնային էին փոխադարձ զիջումներն ու հաշտվողականությունը: Դրան թերևս նպաստում էր համատեղ բիզնեսի ֆինանսական ու հարկային գաղտնիքներին երկուստեք տեղյակ լինելու հանգամանքը: Նրանց իրար կապող օղակն ավելի շուտ բիզնեսն էր, քան սերը: Ֆելիքսը պրպտեց հիշողությունը. ամուսնական կյանքում միայն մեկ անգամ էր ուժեղ խանդել, երբ ընկերական մի հյուրասիրության ընթացքում նկատել էր Նելլիին  «էդ ամերիկացի լակոտի»՝  Սթիվի հետ քաշված մի անկյունում միասին քչփչալիս ու ծիծաղելիս: Դա շարունակվել էր նաև ընթրիքի սեղանին, ուր չգիտես պատահաբա՞ր, թե՞ դիտավորյալ նրանք նստել էին իրար կողքի: Գոնե մեկ ուրիշը լիներ, իրենց ձեռքի տակ աշխատող Սթիվը չլիներ… Խանդել էր, որովհետև Սթիվը շեկ էր, իրենից երիտասարդ, բարձրահասակ, գեղեցիկ ու մկանուտ: Այդ գիշեր տունդարձի ճամփին, չկարողանալով զսպել իրեն, ակնարկել էր այդ «երես առած լակոտի» պահվածքի մասին, բայց Նելլին, առանց մի խոսք ասելու, բավականացել էր ձեռքը «դատարկ բան է» իմաստով արհամարհական թափ տալով: Հետագայում օֆիսում մի քանի անգամ «բռնել» էր նրանց իրար նայելիս ու ժպտալիս, բայց կարևորություն չէր տվել:

Զղջաց, որ հեռախոսել է: Այդուհանդերձ, անհանգիստ էր. չէր կարողանում ընկալել իր մտահոգության դրդապատճառը:

Մտքերով տարված՝  չզգաց, թե ոնց հասավ Ֆրիդայենց թաղամաս: Կառանեց մեքենան, վերելակով բարձրացավ տասնմեկերորդ հարկ ու սեղմեց դռան զանգի կոճակը: Ֆրիդան դուռը բացեց անսովոր տեսքով: Չկար մշտական ժպիտը, դեմքը հարդարված չէր, երկար սևաթույր մազերը գզգզված էին, աչքերը՝  կարմրած:

-Ի՞նչ է պատահել,- հարցրեց զարմացած:

-Եղբայրս… զոհվել է մեքենայի վթարից:

-Ի՞նչ… ի՜նչ ես ասում, բա ինչո՞ւ չասեցիր, երբ առավոտյան զանգեցի:

-Քիչ առաջ իմացա. մայրս ասաց…

Ֆրիդան այդ տեսքով վանող տպավորություն էր թողնում: Չգիտեր ինչ ասեր ու ինչպես մխիթարեր: Այնուամենայնիվ մոտեցավ, գրկեց աղջկան, սեղմեց կրծքին, անխոս շոյեց մազերն ու մի պահ տհաճություն զգաց, երբ նրա արցունքոտ, թաց այտը քսվեց շուրթերին: Ֆրիդան պատրաստվում էր մեկնել Իսպանիա, փող խնդրեց, Ֆելիքսը չեկ գրեց:

Խոսք անգամ չէր կարող լիներ սեքսի մասին, մնալն ավելորդ էր, հատկապես երբ հապճեպ ներս ընկավ Ֆրիդայի պորտուգալացի ընկերուհին ու երկուսով գրկախառնված սկսեցին բարձրաձայն հեկեկալ ու բլբլացնել իրենց լեզվով:

Ֆրիդայի բնակարանից դուրս գալու պահին թերևս առաջին անգամ գոհունակության զգացում ունեցավ. չհաջողված ժամադրության դեպքում սովորաբար վրդովվում էր, բայց այդ պահին մտքերի կիզակետում միայն Նելլին էր: Պատահական ոչինչ չի լինում կյանքում, Ֆրիդայի եղբայրն էլ հենց այսօր պիտի զոհվեր… «Եղավ, տիկի՛ն Նելլի, ուզում էիր կոնկրետ իմանալ, թե երբ եմ վերադառնալու, ահավասիկ գալիս եմ, առնվազն երկու ժամ շուտ, կպարզեմ ինչն ինչոց է»:

Ֆելիքսը ցրտի ու մթի տարիների վերջին արտագաղթել էր Հայաստանից: Նելլիի հետ ծանոթացավ պատահաբար, բջջային հեռախոսների նորաբաց խանութում: Ինքն էլ շատերի պես ձգտում էր բջջային ունենալ: Դրամարկղի մոտ պարզվեց, որ տասներկու դոլար ու քառասուն սենթ պակաս ունի կանխավճարը մուծելու համար: Վաճառողուհին ասաց, որ ցավում է, բայց չի կարող կայացնել առևտուրը: Այն է, ուզում էր թողնել ու հեռանալ, երբ իրենից հետո հերթի մեջ սպասող աղջիկն ասաց հայերեն. «Հայաստանի՞ց եք, սպասե՛ք, հոգ չէ, ես կտամ»: Ինքը մերժեց, ասաց, որ կարևոր չէ, հետո կգնի: «Վերցրե՛ք,- ասաց աղջիկը՝  մեկնելով 20-դոլարանոց մի թղթադրամ,- անհոգ եղեք»:

Հայաստանը նոր էր անկախացել, հայաստանցիների թիվը դեռ քիչ էր Ամերիկայում: Նրանք հեշտությամբ զատվում էին իրենց արտաքինով: Ծանոթացան, մի քիչ զրուցեցին, հեռախոսի համարներ փոխանակեցին. ինքն ուրախություն հայտնեց, որ նոր բջջայինի մեջ առաջինը լինելու է Նելլիի համարը: Հանդիպումները դարձան հաճախակի: Նելլին վատը չէր, գրավիչ էր առաջին հայացքից, կանացի էր, ճերմակ մաշկ ու նրբագեղ ոտքեր ուներ, բայց սառն էր, գործնական, զուրկ հումորից ու ռոմանտիկայից: Կիպրոս գաղթած իրանահայ հարուստ ծնողների երկրորդ զավակն էր: Հայրը գորգի վաճառական էր եղել Իսպահան քաղաքում: Միջնակարգն ավարտելուց հետո Կիպրոսից ընտանիքով գաղթել էին Ամերիկա ու բնակություն հաստատել Գլենդեյլում:

Ֆելիքսը շատ շուտ մոռացավ Երևանում թողած սիրած աղջկան, մի օր եղավ Նելլիենց շքեղ առանձնատանն ու ծանոթացավ նրա ընտանիքի անդամների հետ: Երևանում ժուժկալ կյանքով ապրող սակավապետ և իր սիրո ու ուսման հետևից ընկած երիտասարդը այստեղ կուրացավ ոսկու փայլից: Ամուսնացան: Նելլիի պատկառելի օժիտով բիզնես դրեցին, վարձեցին մասնագետ աշխատողներ, դրանց թվում՝  Սթիվին: Բիզնեսը զարգացավ ու ընդարձակվեց: Ծնվեց իրենց առաջնեկը, և դա պատճառ դարձավ, որ Նելլին ավելի հազվադեպ ներկայանա օֆիս: Ֆելիքսը առերևույթ երջանիկ էր, բայց կարոտն ու սիրո բացը հանգիստ չէին տալիս, աչքը միշտ դրսում էր. Ֆրիդայից առաջ քիչ կանայք չէին եղել նրա կյանքում:

Քաղաքի հյուսիսային հատվածի ոլորապտույտ փողոցներում գտնվող իրենց առանձնատան մատույցներում Ֆելիքսն ակամա դանդաղեցրեց մեքենայի ընթացքը: ՙԳուցե իզուր եմ կասկածում, ոչինչ էլ չկա, իմ արշինով եմ չափում…՚: Քմծիծաղեց: Սակայն վատ նախազգացումն իրեն չէր խաբել. մեծ եղավ զարմանքն ու զայրույթը, երբ դեռ հեռվից իրենց առանձնատան շքամուտքի առջևի կառանատեղիում, Նելլիի մերսեդեսի կողքին նշմարեց Սթիվի կարմիր գույնի, բաց սպորտային մեքենան՝  կանգնեցրած իր մեքենայի տեղում: «Կսպանեմ, շանսատակ կանեմ էդ ամերիկացի լակոտին»,- ասաց բարձրաձայն ու ձեռքով ամուր հարվածեց մեքենայի ղեկին: Արյունը խուժեց գլուխը, ասես մեկը երկու ձեռքով սեղմում էր կոկորդը: «Կսպանեմ, կսպանեմ»,- կրկնում էր կատաղած: Մեքենան քշեց դիմացի մայթին կից, թափով արգելակեց ու երկու ձեռքով բռնելով գլուխը՝  ճակատը դրեց ղեկին, որոշ ժամանակ մնաց այդ դիրքով: Գրգռված զգացումները չեզոքացրել էին սառը դատելու և մի բան ձեռնարկելու կարողությունը: Որոշեց իջնել ու ներխուժել տուն, բայց ոտքերում թուլություն զգաց: Բարձրացրեց գլուխը, հենեց նստատեղի թիկնակին ու խոր շունչ քաշեց: Վերջին անգամ «կսպանեմ» ասելիս հիշեց, որ ատրճանակը տանն է, ննջարանում, մահճակալի կողքի պահարանում: Դանդաղ պայծառացող մտքերն իրարամերժ էին: Իսկ գուցե Սթիվը եկել է գործո՞վ, ինչո՞ւ է վատը մտածում, այլապես նա մեքենան անպատկառորեն չէր կանգնեցնի իր տեղում, կկառաներ աննկատ, գողի պես… Երբ մի քիչ խաղաղվի, կիջնի մեքենայից, հանդարտ կմտնի ներս ու կպարզի ամեն բան: Արձակեց ամրագոտին, ձեռքը դրեց դռան բռնակին, բայց այդ պահին հանկարծ պատկերացրեց Նելլիին      մերկ, Սթիվի գրկում. փշաքաղվեց, ծոծրակին այրող ծակոցներ զգաց: Չէ՛, չի դիմանա, կվերցնի ատրճանակն ու կսպանի… երկուսին էլ: Նորից հարվածեց ղեկին ու այրող ցավ զգաց: «Fuck…»: Հո չի՞ խելագարվել, մեկ է իրեն չեն արդարացնի, այս երկրում սիրո պատկերացմներն այլ են… Ամեն բան կգնա գրողի ծոցը, ինքը կհայտնվի ճաղերի հետևում, հանուն ինչի՞: Հանուն ինչի՞… Բա իր թասի՞բը, իր տղամարդկությո՞ւնը… Բայց այդ պահին աչքի առջևով տողանցեցին բիզնեսն իր գործառույթներով ու դոլարներով, դուստրը, հարազատները, Ֆրիդան… Դռնակի բռնակն ասես շիկացած մետաղ լիներ, ձեռքը թափով հետ քաշեց: Այնուամենայնիվ համոզված էր, որ չի կարող զսպել իրեն, գուցե գործը քաշեր տուրուդմփոցի: Չի բացառվում, որ ծեծկռտուքի դեպքում Սթիվը բռունցքի մեկ հարվածով իրեն գետին տապալեր… Եվ… էլի նրան կարդարացնեին: Կուչ եկավ նստատեղին, ու մի անսովոր վախ պարուրեց ողջ էությունը: Զայրույթի նոպան սկսել էր տեղի տալ, Ճակատը պատվել էր սառը քրտինքով, ոտքերն ընդարմացել էին, շարժվելու ուժ չուներ: «Չլինի՞ մեռնում եմ»,- անցավ մտքով: Նորից խորը շունչ քաշեց ու զարմացած զգաց, որ խաղաղվում է: Ցավով զգաց, որ այս պոռթկումն իր մեջ մնացած պատվախնդրության վերջին ժայթքումն էր. չէ¯, չկան, անվերադարձ վերացել են իր ավանդական համոզումների մնացորդները. դարձել է ուրիշ անհատականություն՝  դեմքը կորցրած մարդ… «Fuck… թող գրողի ծոցը գնան, թքած ունեմ նրանց էլ, էս երկրի վրա էլ,- անզոր հոխորտաց,- ինչ ուզում է անեն… ինքս էլ պակաս բաներ չեմ արել…»: Նորից գլուխը դրեց ղեկին. շուրթերին աղահամ զգաց ու ձեռքով ակամա մաքրեց բերանի այն մասը, որին քսվել էր Ֆրիդայի թաց դեմքը…

Մշուշված, թաց աչքերով երկար նայեց լույսերի ու հարուստ բուսականության մեջ կորած իրենց արդիական ու գեղեցիկ առանձնատանը, որը միշտ եղել էր իր հպարտության առարկան. իսկ հիմա նայելիս խորշանք էր զգում, խրտնում իր տեղը գրաված մեքենայի կարմիր գույնից… Ինչի՞ էր պետք հարուստ կնոջ շնորհիվ ձեռք բերած այս առանձնատունը և իր ողջ հարստությունը, երբ նույնիսկ մեքենայից իջնելու և նրանց տեղը դնելու ուժ չունի… Այս շքեղ մեքենան էլ մի ոսկյա վանդակ չէ՞, որի մեջ թպրտում է ինքը անօգնական…

Ձախ ձեռքը, որով երկու անգամ հարվածել էր ղեկին, այտուցվել ու ցավում էր: Մնալը ավելորդ էր նաև… այստեղ: Միացրեց շարժիչն ու առանց առանձնատան կողմը նայելու, գողի պես անձայն, թեթևասահ շարժվեց առաջ: Մտավ առաջին իսկ պատահած բաց կլինիկան: Նկարեցին, ճկույթի մեծ ոսկորը թեթև ճաքել էր: Վիրակապեցին: Խմելու անհագ ցանկություն զգաց, բայց հրաժարվեց, որովհետև ղեկին էր: «Անտեր մնա էս երկիրը»,- ասաց վրդովված:

Չխմեց, բայց ոտքի վրա մի բան կերավ, չէր շտապում տուն վերադառնալ: Դեռ առկա էր սրտում բույն դրած վախը: Առանձնատանը չհասած՝  դարձյալ դանդաղեցրեց մեքենայի ընթացքը: Կարմիր մեքենան չկար: Լեքսուզը սովորականի պես կառանեց իր տեղում ու սկսեց իրեն նախապատրաստել. ասես քննություն պիտի հանձներ կամ դատարանի դահլիճ մտներ: Դուռն անձայն բացեց բանալիով ու ներս մտավ:

Նելլին արթուն էր, տնային խալաթով: Բարևեց սովորականի պես: Ուշադիր նայեց շուրջն ու կնոջ դեմքին: Սթիվի ներկայությունը մատնող որևէ երևույթ չնշմարեց: Թափառող հայացքը մի պահ կանգ առավ ու մնաց կնոջ խալաթի բացվածքից ներս, ուր վարդագույն գիշերանոցի տակից աղոտ նշմարվում էր ճերմակ մարմնի թխագույնը… Արյան հոսքը արագացավ. Նելլիին տիրանալու անհագ ցանկությունը բռնկվեց միանգամից:

-Ձեռքդ ի՞նչ ես արել,- հարցրեց Նելլին:

-Բան չկա, մնաց դռան արանքը,- ասաց ու կրքից ծամածռված ժպիտով սկսեց համրաքայլ մոտենալ կնոջը:

Ամուսնու պղտոր հայացքը խոսուն էր, Նելլին արագ ծածկեց խալաթն ու ասաց.

-Ուշ է, գնա՛ քնիր:

Ֆելիքսը մեխվեց տեղում. պարզ էր…

Նելլին այս ագամ էլ չհարցրեց, թե ինչու է ուշացել…

Թեհրան-2017

Անդին 02.2018

 

Կարծիքներ

կարծիք