Հայ ռազմական ուժի դերը Առաջին աշխարհամարտի հաղթանակում

 

«Չես անցնի. այստեղ մեր հոգին պարիսպ է գրանիտի»:

Ավ. Ահարոնյան

 

Արարա. «Հայկական լեգեոնի» կանխորոշող ճեղքումը

 

Առաջին աշխարհամարտի նախօրյակին, ինչպես հայտնի է, սրվեցին հակասությունները խոշոր տերությունների միջև նաև Մերձավոր Արևելքում:

Գերմանիան, որ համաշխարհային տիրապետության հայտ էր ներկայացրել՝  Բաղդադի երկաթուղին կառուցելով, սպառնում էր Անգլիայի մերձավորարևելյան գերիշխանությանը: Իր կողմը քաշելով Թուրքիային՝  նա ձգտում էր գրավել Սուեզի ջրանցքը, ձեռքն անցկացնել Մոսուլի նավթը, զրկել անգլո-ֆրանսիական կողմին Պաղեստինում և Սիրիայում ռազմածովային բազաներից:

Անգլիան, փորձելով ոչնչացնել իր գլխավոր ախոյան Գերմանիային, նրանից խլելով գաղութները՝  ցանկանում էր Թուրքիայից գրավել (ստանալ) Միջագետքը, Պաղեստինը և հիմնավոր տեղավորվել Եգիպտոսում:

Ֆրանսիան ցանկանում էր ստանալ Սիրիան, իսկ

Ռուսաստանը նախատեսում էր բաժանել Օսմանյան կայսրությունը՝  նրանից ստանալ Արևմտյան Հայաստանը, գրավել նեղուցներն ու Կ.Պոլիսը:

Թուրքիան, զինակցելով պրուսական միլիտարիզմին, նպատակ էր դրել պահպանել իր տիրույթները, ընդարձակվել Բալկանյան հարևանների ու Ռուսաստանի կովկասյան տիրույթների հաշվին՝  հընթացս լուծելով նաև Հայաստանի ոչնչացման և հայության բնաջնջման ազգային գերնպատակը:

Ինքնին հասկանալի է, որ պատերազմի մեջ Թուրքիայի մտնելով (1914 թ. նոյեմբերի 12-ին Թուրքիան ՙսրբազան պատերազմ՚ հայտարարեց Անտանտի տերություններին) գոտեմարտը տեղափոխվում էր միջինարևելյան թատերաբեմ:

Աշխարհակալ տերությունների շահերի ներհակության և ներդաշնակության այս շքահանդեսում էլ ժամանակին ծնվեց Օսմանյան կայսրության անդամահատման Սայքս-Պիկո գաղտնի պայմանագիրը: Բնական է, որ պաղեստինա-սիրիական ճակատը ընդգրկվեց անգլո-ֆրանսիական և թուրք-գերմանական հակամարտության ընդարձակ գոտի՝  դառնալով միջինարևելյան անգլո-թուրք-գերմանական ռազմաբեմի կարևորագույն օղակը:

Առաջին աշխարհամարտի սկզբնական շրջանում ռազմական գործողությունների աշխարհագրությունը սիրիա-պաղեստինյան ճակատում իր մեջ ընդգրկեց Սինայի թերակղզին: Այս թատերաբեմի արևմտյան և հյուսիսային ափերը (Հայկական Կիլիկիա) ողողում էր Միջերկրական ծովը: Այդ ծովափերը ենթակա էին Անտանտի երկրների ռազմական նավատորմերի ազդեցությանը, ունեին լավ նավահանգիստներ (Ալեքսանդրեթ, Բեյրութ, Հայֆա): Հարավ-արևմտյան մասում ռազմաբեմն իր մեջ ընդգրկում էր Եգիպտոսի արևելյան մասը, իսկ արևելքում՝  միախառնվում Արաբական անապատին, հյուսիսում՝  սահմանակցում կենտրոնական (թուրքական) Անատոլիային: Պատերազմի մեջ Թուրքիայի մտնելուց հետո ճակատի Սուեզի հատվածում թուրք-գերմանական բլոկը երկու անգամ փորձեց գրավել Սուեզի ջրանցքը, սակայն ձախողվեց:

Թուրքական (գերմանական) ուժերի գործողությունների տապալումից հետո նախաձեռնությունը ռազմաճակատում վերջնականապես անցավ Դաշնակիցներին, և գոտեմարտը վերջնախաղ մտավ, ըստ էության, 1918 թվականի սեպտեմբերի կեսերին: Ճիշտ է, ճակատի գլխավոր հրամանատար, անգլիացի գեներալ Էդմունդ Ալենբին նախատեսում էր թուրքերի ջախջախման գործողություն սկսել, սակայն արևմտյան (ֆրանսիական) ռազմաճակատում գերմանացիների մարտյան հարձակումը պարտադրում է պաղեստինյան (Դաշնակիցների) ուժերը շտապ կարգով տեղափոխել այնտեղ: Ուստի իրենց դրությունը բարելավելու նպատակով և աջ թևն ապահովելու համար անգլիացիները մինչև սեպտեմբերի կեսերը նախաձեռնում են տեղական նշանակության ռազմական գործողություններ: Իսկ բանակը զգալապես ուժեղանում է շնորհիվ Միջագետքից, Հնդկաստանից բերված ուժերի և ֆրանսիացիների ուժեղ ջոկատի:

Այդ ուժերը վճռական գործողությունների նախօրյակին տեղական նշանակության (դիրքային) մարտեր էին մղում Հարավային ու Հյուսիսային Պաղեստինի սահմանագծում: Գեներալ Ալենբիի մտահղացումով թուրքական զորքերի հիմնական զանգվածը վերցվելու էր օղակի մեջ, որի համար գլխավոր հարվածը պետք է տրվեր երկու ուղղություններով. ձախից ճեղքել թուրքական բանակի (հրամանատար՝  Ջևադ փաշա) ճակատը և պտտվելով Ռաֆատ գյուղի շուրջը՝  ճակատը տեղափոխել հյուսիս-արևելք. աջից, հարձակումը սկսելով մեկ օր ուշ, շեղել թուրքական զորքերի ձախ թևը դեպի հյուսիս: Երկու հատվածներով հարձակվող զորամիավորումները պետք է միանային Նաբլուսի շրջանում: Հաջողությունը պետք է զարգացվեր Սարանիի հովտում, Տուլ Կերամի ուղղությամբ՝  հեծյալ կորպուսի հիմնական զանգվածի անմիջական ներգրավումով, ՙհաղորդակցության հանգույցի (Բեյզան, Էլ Աֆուլե) գրավման և հակառակորդի՝  դեպի հյուսիս նահանջը խափանելու նպատակով: Աջից գլխավոր հարվածը պետք է հասցներ 20-րդ կորպուսը և երկու դիվիզիաների կազմով հրետանին, իսկ ձախից՝  21-րդ կորպուսը հինգ դիվիզիաների կազմով և ֆրանսիական ջոկատով: [Հորդանանից] դեպի հյուսիս հարվածելու էր ապստամբ արաբների ջոկատը:

8-րդ բանակից բացի թուրքական ճակատը աջից պաշտպանում էին 7-րդ բանակը (հրամանատար՝  Մուստաֆա Քեմալ փաշա) և 4-րդ բանակը (հրամանատար՝  Մերսինլի Ջեմալ փաշա): Ռազմաճակատի գլխավոր հրամանատարն էր հայտնի գեներալ Օտտո Լիման ֆոն Զանդերսը: Մասնավորապես, 8-րդ բանակի կազմում էր գերմանացիների Ասիական կորպուսը (Asian Korps) (երեք գումարտակ, երեք հրետանային մարտկոց, սակրավորների դասակը և հեծյալ դասակը: Հրամանատար՝  գերմանական գնդապետ ֆոն Ֆրանկենբերգ ունդ Պրոշլիտց):

Հենց այս կորպուսի դիմաց էլ, ի մասնավորի, տեղակայված էր անգլիական 21-րդ հետևակային կորպուսը՝  իր կազմում ունենալով նաև ֆրանսիական զորաջոկատը: Ընդսմին, թուրքական ուժերին՝  8-րդ բանակի պաշտպանության տեղամասում, «գլխավոր հարվածը նավատորմի հետ համագործակցությամբ պետք է հասցներ 21-րդ կորպուսը»: Այսպիսով, Հայկական լեգեոնը, որը, հանգամանքների բերումով, հանդես էր գալիս Արևելյան լեգեոն (Forces Aliie’s du Levant) անվան տակ, տեղակայված լինելով անգլիական 21-րդ կորպուսի աջ թևում, կարևոր դիրք գրավեց ֆրանսիական զորամասի կազմում Ռաֆաթ (գյուղի) շրջանում, ինչպես վկայում է ժամանակակիցը՝  ՙիր դեմ ունենալով թրքական զորավոր դիրք մը՝  Արարա, ուր կգտնվեին 701 և 702-րդ գերման գումարտակները՚:

«Հայ կտրիճներուն վիճակված էր գրավումը,- գրում է Ս. Պարթևյանը,- Արարա բլուրին, որուն բնական անառիկ դիրքերն ահեղորեն ամրացնելով՝  թրքո-գերմաններն իրենց դիմադրության առանցքն ըրած էին զայն»: Գնդապետ Ռոմիէոն՝  Արևելյան լեգեոնի հրամանատարը, ևս վկայում է, որ Արարան «գերմանացիք թրքական դիմադրության զորավոր առանցքը ըրած էին այն բաժնին մեջ, ուր այդ դիմադրությունը խորտակվեցավ»: Ընդ որում, երբ հայ «զինվորները հասած են ռազմաճակատ, թրքերը անմիջապես զորացուցած են իրենց ուժերը, այս անգամ բերելով նաև գերմանացի զինվորներ»:

Բախտորոշ հարձակումն սկսվեց հանկարծակի, 1918 թ. սեպտեմբերի 19-ին, առավոտյան ժամը 7-ն անց 30 րոպեին, հրացանային փոթորկալից կարճ նախապատրաստությունով, 21-րդ կորպուսի տեղամասում: Դաշնակիցների զորագունդը, արագորեն ճեղքելով թուրքական ռազմաճակատը, ծավալվեց հյուսիսարևելյան ուղղությամբ, հընթացս դուրս գալով օպերատիվ տարածություն: Ընդհանուր առմամբ, հետևակը, փայլուն լուծելով իր վրա դրված խնդիրը, պայմաններ ստեղծեց Սարանի հովտով անապատի հեծյալ կորպուսի ճեղքման համար: Կեսօրին թուրքական 8-րդ բանակը ջախջախված էր և խառնիճաղանջ փախչում էր, իսկ Մուստաֆա Քեմալի 7-րդ բանակը 20-րդ կորպուսի հարվածների տակ անկանոն նահանջում է: Թուրքերի վիճակը դառնում է օրհասական: Նրանց 7-րդ և 8-րդ բանակները շրջանցվում են թիկունքից: Լիդըլ Հարտը համարում է, որ 1918 թվականի սեպտեմբերի 19-ին սկսված գործողությունը ամենաարագ վճռական կամպանիաներից էր և համաշխարհային պատերազմի ողջ պատմության ամենակատարյալ վճռական ճակատամարտը: Մի քանի օրերի ընթացքում թուրքական բանակը Պաղեստինում դադարեց գոյություն ունենալուց:

«Ճեղքումը,- գրում է ֆրանսիացի գեներալ Ռենե Տուռնեսը իր հերթին,- շանթասլաց էր և ամբողջական՚: ՙԿարճ եղավ մենամարտը և սաստիկ,- հաղորդում է լեգեոնական Մ. Զարիկյանը,- անտեղիտալի էր թրքական դիմադրությունը և ուժգին, բայց կորովի էր ու զարհուրելի հայ զինվորի օրհասական քաջարի գրոհը»: Եվ «արագ ու անագորույն հարվածներուն տակ ճարճատեցավ բռնության որջը ու փլավ ճիվաղներու միջնաբերդը: Անարի թշնամին, իր դեմ ցցված վրիժառու սվիններեն պաշտպանվելու անկարող, լքեց իր պաշտպանության բոլոր լավագույն դիրքերն ու բռնեց լեղապատառ փախուստի ճամբան»:

Այսպիսով, «սեպտեմբերի 19-իառավոտյան Բ գումարտակը, քանի մը ժամվան մեջ ռազմագիծը ճեղքելով, կը վտարե թշնամին և ձեռք կանցնե Արարայի բարձունքը, որ մինչ այդ նկատված էր աննվաճելի դիրք մը» (Խորեն քհն. Աճեմյան):

«Պարտությունը վճռական եղած էր ու նահանջը՝  խուճապային»: Լուծված էր ռազմավարական հիմնախնդիրը: Ի վերջո, բացված էր ճամփան Սիրիայի ազատագրության, ճամփան Կիլիկյան Հայաստանի, դեպի թուրքական Անատոլիա: Կատաղի և հուսահատ հակահարձակումները չվերականգնեցին ո՛ չ կորսված դիրքերը և ո՛ չ էլ, մանավանդ, «գերմանացիի հավակնոտ գերմարդու պատիվը» (Տիգրան Հ. Պոյաճյան): ՙԱյստեղ գտնվող հնդիկ զինվորներեն և ապա այլ բերաններե կհաստատվեր, որ դաշնակից կարևոր ուժեր մինչ այդ երեք անգամ հարձակած էին Արարայի բարձունքը գրավելու համար, բայց չէին հաջողած՚:

Արևելյան լեգեոնը՝  «հայ զինվորը իր հերոսական կեցվածքով գամվեցավ ու թաղվեցավ իր գրաված դիրքերու մեջ, առանց քայլ մը իսկ ետ ընկրկելու, և մոտ քսան ժամ անընդհատ տևող այս կռվի մեջ «…» վերցուց իր վրա բոլոր ծանրությունը թրքոգերման միացյալ ահավոր ուժերու… մինչև թրքական ճակատի ու թուրք զորամասերու ընդհանուր քայքայումը»: Արժանվույնս գնահատելով հայ զորականին՝  գեներալ Ալենբին պետք է հայտարարեր. «Արևելյան լեգեոնը կամ Հայկական լեգեոնը կարևոր բաժին մը ունեցավ19 սեպտեմբերի 1918 թվականի Պաղեստինի ճակատին վրա տեղի ունեցած մեծ ճակատամարտի ընթացքին: Ես ասով հպարտ եմ»: [Հայկական լեգեոնի մասին լրացուցիչ տե՛ ս Benoit d’Azy հոդվածաշարը.-«Revue d’Histoire diplomatique», 1939, janvier-mars; Kavallerie als schlachtentscheidende Waffe.-«Militarwochenblatt», Berlin, 1932, N 6, էջ 181-183]:

Օսմանյան կայսրության ջախջախման և Անտանտի հաղթանակի գործում Արարայի ճակատամարտի աննախընթաց նշանակությունը հասկանալու, հայ զորականի սխրանքի իմաստը ըմբռնելու համար կարևոր է ռազմաճակատի տեղադրվածության ֆիզիկա-ռազմագիտական նշանակության գնահատականը:

Գեներալ Ալենբիի զորավարական տաղանդի թելադրանքով ռազմաճակատի ընդգրկման հիմնական օղակին համընկավ այդ տեղանքի ռազմավարական հնարավորությունների առավելագույն շրջանակը (մասը):

«Ընդհանուր թրքական ճակատի ռազմական կարևոր կետերն էին,- գրում է Մ. Զարիկյանը,- Րաֆաթ Արարա լեռնաշղթան, ուր բնության վայրենությունը իր լրիվ կատարելագործումը ստացած էր իր ներկայացուցած դժվարին դիրքերովը: 15 մղոն երկարության մը վրա տարածված հարձակողական գծին էն կարևոր կեդրոնը այն լեռներն էին, որոնք կիշխեին բարձրեն տիրականորեն, աջ ու ձախ տարածված դաշտամասերուն վրա, դաշնակից բանակներուն կատարած ոևէ ռազմական շարժումներուն: Րաֆաթն ու Արարան ու Վատի Պալուտի (Հայկական լեգեոնի պահեստի գիծը.- հեղ.) անդնդախոր կիրճը որպես անառիկ դիրքեր մեկ ամբողջություն մը կկազմեին, մինչև մոտակա Նաբլուս քաղաքը:

Բնականեն ամուր, սեպ ժայռերու ու անմատչելի ապառաժներու այս զիրարերազանցող գեհենը, հաջորդական միջանցքներով իրար զոդված դժվարանցանելի կիրճերու և բլուրներու այն շղթան էր, ուր թուրքը Երուսաղեմի ճակատամարտեն վերջ իր այնքան խուճապահար փախուստի մեջ դյուրությամբ կրցած էր ժամանակին կասեցնել անգլիական բանակներու հաղթական առաջխաղացքը, և հոն՝  ամիսներե ի վեր աշխատած էր կազմակերպել ահեղ դիմադրություն մը՝  ապավինած անառիկ ու բնական ամրոցներու և գերմանացի մեծ զորավար Լիման ֆոն Զանդերս փաշայի ռազմագիտական հանճարին:

Գերման միլիթարիզմը իր զինվորական բոլոր հնարամտությունը չէր խնայած այս ճակատի ամրացման շուրջ. ան որքան երևույթով վայրի, այնքան ալ պաշտպանության տեսակետեն դժոխային էր դարձեր: Քանի՜-քանի անգամներ հարձակող բանակներ ետ-ետ ընկրկած էին մեծ կորուստներով, և քանի՜-քանի հարձակման փորձեր անհաջող վիժումի դատապարտված էին այս գեհենաշնորհ դիրքերու դեմ:

Ընդհանուր ռազմաճակատի վրա ոևէ՛  մեկ կողմեն ապահով առաջխաղացում մը ունենալու համար հարկ էր խորտակել այս բնական ամրոցը, որ իր աննվաճ դիրքերովը այդ ճակատին փորձաքարը եղած էր և ատով ալ կփրկեր ամբողջ թրքական ռազմաճակատին բախտը:

Հո՛ ն էր թուրքին բոլոր ուժը, հոն էր բռնության մեծագույն որջը, և հետևաբար՝  հոնկե պետք էր հարվածել թուրքին սիրտը ու խորտակել միջնաբերդը»:

 

Հարավային Պարսկաստանի պահապան «Հայ հրաձիգները»

Առաջին աշխարհամարտը որոշակի իմաստով պայքար էր աշխարհի նավթաբեր շրջաններին տիրանալու համար: Ու թերևս իրավացի է «նավթագետ» Դ. Երգինը՝  գրելով. «Գլխավոր վտանգը գալիս էր Օսմանյան կայսրությունից: Թուրքիայի՝  Գերմանիայի կողմում պատերազմի մեջ մտնելուց անմիջապես հետո՝  աշնանը, նրա զորքերը սկսեցին սպառնալ պարսկական նավթավերամշակման շինություններին, որոնք գտնվում էին Աբադանում»: Վտանգված էր Բասրան՝  Անգլիայի հետ նավթային կապի հանգույցը: Եվ Նավթահանքերի անվտանգության ապահովումը, ինչպես նաև Պարսկաստանում գերմանական գործունեության դեմ պայքարը գլխավոր նպատակներ էին: Դրա համար էլ Անգլիան ձեռնարկում է միջոցներ և ստեղծում համապատասխան պայմաններ:

Դեռևս 1916 թ. մարտին Միացյալ Թագավորության կառավարությունը Իրանի հարավ է գործուղում հատուկ առաքելություն՝  գեներալ Պերսի Սայքսի գլխավորությամբ: 1917 թվականի մարտի 25-ին Իրանի կառավարությունը թույլատրում է անգլիացիներին կազմակերպել հարավիրանյան հրաձիգների կորպուսը (South Persia Rifles-«Հարավային Պարսկաստանի հրաձիգներ»): Կորպուսի կորիզը կազմեցին հայերը, «որուն նպատակն էր,- գրում է Հայաստանի պատմության լավագույն գիտակներից Հրանտ Փաստերմաճեանը,- պաշտպանել կենսական նշանակություն ունեցող այդ շրջանը գերմանա-թուրքական թափանցումի դեմ»:

Հայկական զինուժը, ինչպես հասկանում եք, այս խնդիրը ևս լուծեց քաջությամբ և արժանապատվությամբ:

Իրավացի է, հետևապես, Չերչիլը, որ «հենց այն պահին, երբ պատմության մեջ չտեսնված ոճիրներով թուրքերը հասան իրենց նպատակին, փլվեց նրանց ողջ պետությունը և Թուրքիայի ողջ ընկերային կազմակերպությունը»: Մուդրոսի զինադադարի (1918 թ. հոկտեմբերի 30) 25 հոդվածներից 4-ում (հոդված 4, 11, 14, 24) արտացոլվեց Առաջին աշխարհամարտի ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ:

 

Հավելված

Գեներալ Լյուդենդորֆի հուշերը (Ludendorff E., Meine Kriegserrinnerungen, Berlin, 1919, էջ 499, 500 և 509) ցույց են տալիս այն հետևանքները, որ ունեցավ Բաքվի երկարաձգված պաշտպանությունը գերմանական բանակի համար՝  նրան զրկելով վառելանյութից 1918 թ. հունիս-հուլիս ամիսներին, ֆրանսիական կամպանիայի ամենաճգնաժամային ժամանակահատվածում:

Pasdermadjian H. Histoire de l’Armenie, էջ 420:

 

* * *

Պատուարժան Ուորեն Ջ. Հարտինկ

Նախագահ Սենատի Արտաքին Յարաբերութիւններու

Յանձնախումբի մասնախումբին

Նախ հինգ գլխաւոր պատճառներ պիտի ներկայացնեմ, որոնք, իմ դատողութիւնովս, հանդիսաւոր պարտականութիւն կը դնեն Ամերիկայի վրայ, այս միջոցին Հայաստանին օգնելու համար:

 

  1. Պերլինի մէջ դեսպանութեանս ատեն գիտէի, որ Կայսերական Գերմանիան

այնչափ գէշ զգացումներ ունէր հայերու հանդէպ որչափ թիւրքերը ունէին, որովհետև Ռուսիոյ և Թիւրքիոյ հայերը ետ մղեցին Թիւրքօ-Գերման այն առաջարկը, որով ինքնավարութիւն կը խոստանային հայերուն, պայմանով որ վերջինները միացեալ օժանդակութիւն ցոյց տային Գերմանիոյ և Թիւրքիոյ ընդդէմ Դաշնակիցներու, նաև անոր համար որ առանց հայերու կողմէ Ռուսիոյ ցոյց տրուած օժանդակութեան թիւրքերը պիտի նուաճէին Ռուսական Կովկասը և միանային Կովկասի և Անդրկասպեան 24.000.000 կամ աւելի Դուրանացիներուն: Թիւրքերու այս յաջողութիւնը պիտի պարտաւորցնէր Ռուսիան որ Աւստրօ-Գերման ճակատէն զօրաբաժիններ փոխադրեր Կովկաս, այսպիսով պատեհութիւն պիտի տրուէր գերմանացիներուն որ իրենց ուժերը Ֆրանսայի դէմ կեդրոնացնեն: Հայերու հաւատարմութիւնը Դաշնակիցներու դատին, մէկ միլիօն կեանք արժեց իրենց:

  1. Վօն Լուտէնտօրֆ իր գրքին մէջ կ’ըսէ, թէ գլխաւոր ազդակը որ Գերմանական Արևմուտքի բանակի խորտակումը պատճառեց, վառելանիւթի պակասն էր, որովհետև թիւրքերը չ’կրցան ատենին գրաւել Պաքուն: Պէտք է յիշել, որ Ռուսիոյ Կովկասեան բանակը 1917 Դեկտեմբերին լքեց ճակատը և հեռացաւ, որ թիւրքերը և թաթարները կը կռուէին հայերուն դէմ, որոնք միայն մնացին հաւատարիմ Դաշնակից և Ընկերակից պետութիւններուն. և որ թիւրքերը չ’կրցան Պաքու հասնիլ մինչև 1918 Սեպտեմբեր, այսինքն Ռուսիոյ կազմալուծումէն ութ ամիս յետոյ: Ամերիկացիները պէտք է կանգ առնեն վայրկեան մը և խորհին թէ ի՛ նչ կ’ըլլար պատերազմի ելքը կամ տևողութիւնը Արևմուտքի մէջ, եթէ թիւրքերը ութ ամիս աւելի առաջ հասնէին Պաքու, և անոնք աւելի կանուխ պիտի հասնէին հոն, եթէ հայերը չդիմադրէին անոնց:

III. Զօրավար Ալէնպին ըսած է, որ 1918 Սեպտեմբերին, Պաղեստինի ճակատին վրայ, թիւրքերու վրայ իր տարած յաղթանակին մէջ, հայ կամաւոր գունդերն էին, որ առաջնորդող դեր կատարեցին: Զօրավար Վօն Սանտէրս, Սիւրիոյ թրքական բանակի գերման հրամանատարը ըսած է թէ Պաղեստինի Թրքական ճակատի խորտակումը վերագրելի է այն իրողութեան, որ թիւրքերը, հակառակ իր հրամանին և խրատին, երկու զօրաբաժին ղրկած էին Կովկաս, ուր անոնք կռուեցան հայերուն դէմ:

  1. Ամերիկայի, ինչպէս նաև Մեծն Բրիտանիոյ և Ֆրանսայի, ակներև պարտականութիւնն է օգնել ուժասպառ հայ ժողովուրդին որ ինքզինքը պաշտպանէ, որովհետև հայերը օգնեցին մեզի որ պատերազմը շահինք:
  2. Ամերիկան, իբրև մէկ անդամը, մասնաւոր ընկերակցութեան մը՝ կազմուած դաշնակից և ընկերակից պետութիւններով, անխուսափելի պարտականութիւնը ունի իր բաժինը բերելու, լրացնելու համար այն նպատակը որուն համար վերը յիշուած ընկերակցութիւնը կազմուեցաւ: Հայաստանի ազատագրութիւնը գլխաւոր նպատակներէն մէկն է այդ ընկերակցութեան:

Մեծն Բրիտանիոյ և Ֆրանսայի բարեկամներուն համար դառն յուսախաբութեան աղբիւր մըն է այն իրողութիւնը, թէ անոնք որ Գերման միլիտարիստներէն յարձակում կրեցին, թերացան գործադրելու իրենց բացորոշ և կրկնակի յայտարարութիւններն ու խոստումները, թէ Հայաստանի ազատագրութիւնը իրենց առաջին գործերէն մէկը պիտի ըլլայ, մինչդեռ այժմ ջանքեր կ’ըլլան Հայաստանը բաժնելու իբրև պատերազմական աւար: Մենք չ’մտանք այս պատերազմին մէջ հնարաւորութիւն տալու համար մեր դաշնակից կամ ընկերակցող պետութիւններէն որևէ մէկուն որ ինքզինքը շահախնդրօրէն մեծցնէ ի գին հպատակ ազգի մը որ մեր դատին ճշմարիտ և հաւատարիմ մնաց մինչև վերջը:

 

Ամերիկայի բացորոշ պարտականութիւնն է ըսել Մեծն Բրիտանիոյ և Ֆրանսայի, մեր ապագայ բարեկամական յարաբերութիւններու սիրոյն, թէ Ամերիկան երբեք մասնակից պիտի չ’ըլլայ անոնց կողմէ Հայաստանի հողամասերուն յափշտակման որևէ ակտի: Կը խորհիմ թէ Ամերիկայի պարտականութիւնը, Հայաստանի հանդէպ ոչ թէ անոր հանդէպ ունեցած իր պատասխանատւութեան բաժինէն խուսափիլ կամ ուրիշ ուսերու վրայ նետել է, այլ հսկել, որ Հայաստանին տրուին և ապահովուին անոր արդար իրաւունքները: Մենք չենք կրնար նկատի ունենալ Համաձայնական Պետութիւններու կարծեցեալ իրաւունքները Հայաստանի մէջ, իրաւունքներ որ ձեռք ձգուած են հին սիստէմի համաձայն, որովհետև մեր պատերազմին մէջ մտնելովը միջազգային նոր յարաբերութիւն մը ստեղծուած է, և եթէ մենք որևէ չափով կամ որևէ ձևի տակ պիտի երաշխաւորենք աշխարհի խաղաղութիւնը, այն ատեն պէտք է պնդենք թէ Հայաստանի իրաւունքներուն նախապատւութիւն պէտք է տալ քան գաղտնի դաշնագրութիւններու պայմաններուն, որոնցմով մեծ պետութիւններէն ոմանք կ’ուզեն Հայաստանը կողոպտել: Հետևողական չ’պիտի ըլլայ յաղթական պետութիւններուն համար ընել այն ինչ որ Գերմանիան փորձեց ընել և այդ պատճառով դատապարտուեցաւ:

Հայաստանի պէտքերուն պահանջած օժանդակութեան բնոյթը մանրամասնելէ առաջ թոյլտւութիւն կը խնդրեմ ըսելու թէ Հայաստանի կեանքը չ’կրնար ապահով ըլլալ, եթէ չ’հսկենք որ Հայաստանի Արևմտեան կողմի թիւրքերը անզօր և անվնաս վիճակի մը մէջ դրուին: Թրքական Անատօլիայի մէջ գտնուող գրեթէ երեք միլիօն թիւրքերը կասկած չկայ, որ պէտք է ազատ պատեհութիւնը ունենան զարգանալու, լուսաւորուած Քրիստոնեայ իշխանութեան մը տակ, բայց ոչ մէկ պարագայի տակ թոյլ պէտք է տրուի անոնց որ շարունակեն իրենց հին էնթրիքները, մէկ կողմէն եւրոպական պետութիւններու մրցակցութիւնը հրահրելով, իսկ միւս կողմէն Բան-Իսլամիսդ և Բան-Դուրանական ձեռնարկներ ընելով:

Լաւ է որ Ամերիկացիները գիտնան թէ աշխարհի մէջ խաղաղութիւն չի կրնար ըլլալ, եթէ թիւրքերը չբաժնուին կովկասեան և անդրկասպեան Դուրանեաններէն և փակուին Անատօլիոյ հիւսիս-արևմտեան սահմաններուն մէջ: Հայերը պիտի կազմեն թումբ մը — Սև ծովէն մինչև Միջերկրական, և այսպիսով պիտի բաժնեն Արևմտեան Անատօլիոյ թիւրքերը Կովկասի և անդրկասպեան Դուրանեաններէն: Այդպէս ըլլալով, և Բրիտանացիներու ներկայութիւնովը Պարսկաստանի մէջ, և Պաքուի ժամանակաւոր գրաւումովը Համաձայնական Պետութիւններու մէկուն կողմէ — մինչև որ Ռուսիան վերակազմուի — Հայաստան իր խաղաղութիւնը խանգարող դրացիներ չ’պիտի ունենայ և բաղդատաբար դիւրին պիտի ըլլայ իր ներքին վերակազմութիւնը ի գլուխ հանել:

Առաջարկուած Հայկական Պետութիւնը պէտք է որ բաղկանայ Ռուսահայաստանէ, և Թրքահայաստանի եօթը նահանգներու մասերէն և Կիլիկիայէն: Հայաստանի նօրմալ բնակչութեան թիւը 1914-ին կը հաշուէր 5.800.000, որոնց երեք միլիօնը հայեր էին, իսկ մնացածները՝  թիւրք, քիւրտ և ուրիշ մահմետական և ոչ հայ քրիստոնեաներ: Պատերազմի ընթացքին գրեթէ մէկ միլիօն հայեր փճացան, և, համաձայն թիւրք և գերման տեղեկագրութիւններու, հաւասար թիւով մահմետականներ կամ փճացած են, կամ տեղափոխուած ուրիշ վայրեր: Թէպէտ և, այժմ, հազիւ քառորդ միլիօն հայեր կան Թրքահայաստանի մէջ, սակայն երկու միլիօնի մօտ հայեր կան Ռուսահայաստանին մէջ, որ հիմա կը ճանչցուի իբրև Հայաստանի Հանրապետութիւն, և մէկ միլիօնէ աւելի հայեր կան Հայաստանի կից և այլ վայրերու մէջ, որոնց մեծագոյն մասը կ’սպասուի որ վերադառնայ Հայաստան: Պէտք է նկատի ունենալ որ մէկ միլիօն հայերը որ փճացան Պատերազմի ընթացքին, բոլորն ալ բուն Հայաստանի մէջ չէին բնակիր: Անոնցմէ խոշոր թիւ մը նախկին Թիւրք կայսրութեան ուրիշ մասերուն մէջ կը բնակէին:

Վերը յիշուածներէն կը հետևի, որ, բնակչութեան տեսակէտէն, հայ տարրը մեծամասնութիւն պիտի կազմէ ապագայ Հայկական Պետության մէջ:

Հայերը սոսկալիօրէն ցնցուեցան պատերազմի ամբողջ տևողութեան և մեծ պետութեան մը օգնող ձեռքին պէտք պիտի ունենան քանի մը տարի: Միլիօն մը կամ աւելի հայեր իրենց հայրենիքը պիտի վերադարձուին, որբանոցներ պիտի հիմնուին, ամբողջ երկրին համար նորաձև կառավարութեան սիստէմ պիտի կազմուի, հայկական բանակ մը պիտի ստեղծուի, որուն համար պէտք եղածին չափ մարդկային ուժ կայ, փոխադրութեան միջոցներ պիտի շինուին, և այլն, և այլն: Համառօտ կերպով, ասոնք պիտի ըլլան Հայաստանին օգնող պետութեան կատարելիք գործերը:

Կ’ըսուի թէ Հայաստան շատ բնական հարստութիւն ունի և կարող է վճարել վերաշինութեան համար իր փոխառած բոլոր դրամը: Անկասկած, ես չեմ մոռնար այն կարեւոր բանը թէ Հայաստանի պէտք է հատուցուին անոր կրած վնասները, և կասկած չունիմ թէ Խաղաղութեան Վեհաժողովը պէտք եղած միջոցները ձեռք պիտի առնէ Հայաստանին համար համապատասխան տուգանք առնելու թիւրքերէն, և այս պարագային այն փոխառութիւնները որ Հայաստան պարտաւորուած է անմիջապէս ընել կրնան կարճ ժամանակի մը մէջ վճարուիլ:

Յարգանօք կը խնդրեմ ձեր մասնախումբեն որ Միացեալ Նահանգներու Սենատին յանձնարարէ առնելու հետևեալ քայլերը:

  1. Որ, Միացեալ Նահանգներու Սենատը որոշում մը անցնէ, հրահանգելով Նախագահը որ ճանչնայ Հայաստանի Հանրապետութիւնը իբրև de facto կառավարութիւնը Հայաստանի:
  2. Որ, Ամերիկան անմիջապէս ուտեստ ղրկէ Հայաստանի խաղաղ (civil) բնակչութեան համար, ինչպէս նաև ուտեստ, ռազմանիւթ և այլ պիտոյքներ Հայաստանի մէջ հայերէ բաղկացած 30.000-նոց բանակի մը համար:
  3. Որ, Միացեալ Նահանգներու կառավարութիւնը արտօնութիւն տայ այս երկրին մէջ բնակող հայերուն որ կամաւորներ հաւաքեն (որոնց թիւը կրնայ 10.000 ըլլալ), նաև հնարաւորութիւն տայ Հայաստանի կառավարութեան, Պօլսոյ և Պուլկարիոյ շրջաններէն կամաւոր ստանալու (ուր կ’ըսուի թէ 10.000-ի չափ պատրաստի մարդ կայ), և որ, Ամերիկան օգնէ, որպէսզի այս կամաւորական ուժերը կազմակերպուին և փոխադրուին Հայաստան:
  4. Որ, Միացեալ Նահանգներու Սենատը որոշում մը անցնէ ի նպաստ Հայաստանի անկախութեան, բաղկացած Ռուսահայաստանէ, և Թրքահայաստանի եօթը նահանգներէ և Կիլիկիայէ, և ի նպաստ հայերուն համար թիւրքերէն համապատասխան տուգանք առնելու:

Ջեյմս Ու. Ճերարտ

Սկիզբը՝  նախորդ համարում

/ամսագրային տարբերակ/

Անդին 03.2018

 

 

Կարծիքներ

կարծիք