Ծիծեռնակաբերդ: Անցյալը և ապագան

Հեղինակ:

Անդինին գրում են          

Արձագանք «Խենթերի երկիրը — Հայացք Ծիծեռնակաբերդին» հրապարակմանը

 

Սիրելի Հակոբ: Կրկին կարդացի «Անդինի» 2018 թ. N1-ում տպագրված Ձեր «Խենթերի երկիրը — Հայացք Ծիծեռնակաբերդին» առաջարկ-հոդվածը: Սրտացավ և երազող հայի մտորումներ են դրանք: Հարցադրումը համաձակ է, հրատապ և անհապաղ լուծում պահանջող: Քանի դեռ քաղաքաշինության ահագնացող ալիքը կուլ չի տվել Երևանի գրեթե կենտրոնում վեր բարձրացող այդ բլրազանգվածը, քանի դեռ հնարավորություն կա բնական հիանալի հենքը ներդաշնակել ճարտարապետական մտքի հզոր թռիչքով իրողություն դարձված երազանքով: Պետք է գործել: Եվ չի կարելի ձեռքից բաց թողնել ևս մի հնարավորություն՝  Երևանում հանգստի ու ժամանացի պատմամշակութային եզակի համալիր ստեղծելու համար: Քանի դեռ բետոնակերտ երկնաքերերի անտառը չի ծածկել Ծիծեռնակաբերդը:

***

ՈՐՊԵՍ ՆԱԽԱԲԱՆ: Ցանկանում ենք ունենալ համայն հայոց բաղձանքի մարմնացում «արևային մի քաղաք», թե թույլ ենք տալու, որ շենքերի աններդաշնակ ձևերի ու գույների անհամատեղելի համադրությամբ իսպառ փոխվի «վարդագույն» Երևանի համայնապատկերը: Մայրաքաղաք, որի կերպարը ձևավորվում է օլիգարխների շահերով ու քմահաճույքներով: Մոտեցում, որի արդյունքում գերխիտ կառուցապատմամբ աղճատվում և իմաստազրկվում է Աստծու կողմից մեզ պարգևած ռելիեֆի զարմանալի կատարելությունը. դեպի Բիբլիական լեռն ուղղված վիթխարի, բնական անֆիթատրոն հիշեցնող միջավայրը: Մարդկության հնագույն օրրան Երևանյան գոգավորությունը, որի յուրաքանչյուր կետից՝  ստորոտից մինչև գագաթը տեսանելի է եղել վեհապանծ Արարատն իր ձյունաճերմակ գագաթներով, ինքնաբուխ հոգևոր կապ ստեղծելով Արարչի ու մահկանացուների միջև, այժմ աստիճանաբար խեղվում է բարձրահարկերով:

***

ԳՈՐԾԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ: Գերակայում է մի մտայնություն, որ հանրապետությունում սոցիալական իրավիճակը կարգավորելու համար նախ պետք է զարգացնել տնտեսությունը, ապա նոր, անհասանելի հեռու ժամանակներում, անդրադառնալ մշակույթին, գիտությանը, կրթությանը, ճարտարապետությանը, հուշարձաններին և այլ «ավելորդ», անմիջականորեն նյութական արտադրանք չտվող բնագավառներին: Դա նույնն է, որ օրգանիզմի հարմոնիկ զարգացման փոխարեն խրախուսվի մարմնի այս կամ այն մասի գերաճը: Եվ կամ՝  եթե երեխային զարգացումն ուղղորդվի միայն ֆիզիկականին, ենթադրելով, որ հասուն տարիքում նրան կարելի է ուսուցանել գիտելիքներ, բարոյականություն: Այդ դեպքում մենք կունենանք գողիաթներ, որոնք չարիք կդառնան առաջին հերթին հենց մեզ համար:

Եթե այժմ, տնտեսությունը զարգացնելով, չդաստիարակենք սերունդ, որը տեր է կանգնելու այդ տնտեսությանը և հայրենիքին, որը չի ունենալու բարոյական բարձր հատկանիշներ և հանրային ունեցվածքը թալանելու մոլուցքը զսպելու ունակություն, ապա որքան էլ զարգացած լինի տնտեսությունը, որքան էլ հաճախակի դառնան թալանը կանխելու համար իրականացված միջոցառումները, այն կփոշիանա, ինչպես արդեն եղել է: Եվ որոշակի է. կասկածանքի մթնոլորտում, անվերջանալի ստուգումների և սթրեսի վիճակում ժողովրդին պահելու միջոցով կարգուկանոն ստեղծելու փորձերը դատապարտված են ի վերուստ: Պետք է արարել լույսի ու հույսի հայրենիք և ոչ թե մի միջավայր, որտեղ պետական մտածողության բացակայության պայմաններում չինովնիկներին վերապահվում է իրենց ենթականերին ստորացնելու, աննպատակ պատժելու և վախի մեջ պահելու իրավունք:

***

ԵՐԱԶԵԼՈՒ ԽԻԶԱԽՈՒԹՅՈՒՆ: Վերադառնանք մեր խնդրին: Անկախության առաջին տարիներն էին: Ու շատերս համոզված էինք, որ անասելի երկար տևած անկախության երկունքի փոխարեն մեզ սպասում է մի սրընթաց անցում խորհրդային լճացումից դեպի արևմտյան կենսակերպը: Ոչ ոք չէր պատկերացնում, որ այդքան երկարատև ու ցավոտ է լինելու պատերազմում հաղթանակած երկրի անցման ճանապարհը:

Այդ օրերին ԱՄՆ-ից Հայաստան էր եկել զբոսաշրջության զարգացման հարցերով փորձագետ, Սյուզի անունով մի նրբիրան կին: Հավաքվել էինք «Արմենիա», այժմ «Մարիոտ» վերանվանված հյուրանոցի սրահներից մեկում և քննարկում էինք Հայաստանի զարգացման հնարավորությունները: Սյուզին մի հետաքրքիր առաջարկ արեց: Ինչպե՞ս ենք պատկերացնում երջանկությունը, ո՞րն է Հայաստանի զարգացման տեսլականը: Եվ ինչքան խեղճ էին այդտեղ հավաքված երիտասարրդների երազանքները, ինչքան ճապաղ, առօրեական: Դա զայրացրեց նույնիսկ ամերիկուհուն. «Ես Ձեզ չեմ առաջարկում խոսել խնդիրների մասին, ես Ձեզ առաջարկում եմ երազել»: Գուցե մեր ներկա վիճակը պայմանավորված է նաև մեր երազների սնանկությա՞մբ: Թերևս:

Իսկ դու շքեղ երազող ես, բարեկամս: Եվ ես, միանալով քո երազանքին, կփորձեմ բացել պատմամշակութային այն զարմանալի ենթաշերտը, որն անթեղված է Ծիծեռնակաբերդում, քո ծրագրին հավելել պամական ու դիցաբանական թատերականացման աղը:

***

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱԿՆԱՐԿ՝  ԲՈՒՆ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԸ: Երևանի կենտրոնից փոքր-ինչ դեպի հյուսիս-արևմուտք, Հրազդան գետի աջ ափին վեր է խոյանում Ծիծեռնակաբերդ կոչվող զառիկող լանջերով լեռնազանգվածը, որն առանձնապես դիտարժան է Կոնդից և Ձորագյուղից : Բլրաշարքի արևելյան մասում, գոգավոր իջվածքով հիմնական զանգվածից զատորոշված է հյուսիսից, արևելքից և հարավ-արևելքից Հրազդան գետի մեծ ոլորանով եզերված մի բարձունք: Խորադիր կիրճի աջափնյա, բնականից դժվարամատույց, տեղանքի վրա գերիշխող այս բարձունքի գագաթին, ինչպես նաև սրա արևելյան ու հարավարևելյան լանջերին տարածվել է Երևանի հզորագույն բերդշենը՝  Ծիծեռնակաբերդը: Հսկայական բազալտ քարերից կառուցված բազմաշարք դարավանդ-պարիսպները գագաթից աստիճանաձև իջնում են դեպի Հրազդանի ձորը:

Ընդարձակ, բազմաշերտ բնակատեղին կառուցապատվել է բարձունքի լանջերին: Ունեցել է ուղղահայաց և հորիզոնական պարսպապատերով սահմանազատված սեգմենտաձև կառուցվածք: Բերդշենի հաստաբեստ պարիսպների լայնությունը տարբեր հատվածներում 2-6 մետր է:

Բլրի լեզվակաձև գագաթին է միջնաբերդը, որի կենտրոնում վեր է խոյանում կոնաձև մի բլրակ: Սրա վրա, հավանաբար, տեղադրված է եղել տաճարը կամ ամրոցի տիրոջ ապարանքը:

Հզոր մշակութային շերտերով բերդշենը զգալի տարածք է զբաղեցրել: Այստեղից հավաքած խեցանոթների վերգետնյա բեկորները թվագրվում են միջին բրոնզ/վաղ երկաթի դարերով, ինչպես նաև Վանի թագավորության ժամանակաշրջանով և զարգացած միջնադարով: Դրանք վկայում են, որ ժամանակին այն եղել է Հայաստանի նշանավոր նախաուրարտական քաղաքներից մեկը: Այն որպես ամրոց-բնակատեղի հարատևել է նաև Վանի թագավորության օրոք, անտիկ և միջնադարյան ժամանակաշրջաններում: Ենթադրվում է, որ այս ամրոցը հսկել է Հրազդանի կիրճով անցնող առափնյա ճանապարհը:

Ծիծեռնակաբերդից տեսանելի են հյուսիսում՝  Ձորաբերդը, ապա՝  Կարմիր բերդը , հարավ-արևելքում՝  Խոսրովապատ և Էրեբունի ամրոցները  հարավ-արևմուտքում՝  Կարմիր բլուրը :

Ասսուրական աղբյուրները տեղեկացնում են, որ Հին Հայաստանի բարձրադիր լեռներում, ամրոցների հարևանությամբ, կառուցվել են բարձր աշտարակներ: Սրանց վրա կրակ վառելով՝  այստեղ տեղակայված զինվորները միմյանց տեղեկացրել են թշնամու առաջխաղացման մասին: Այս առումով Ծիծեռնակաբերդը որպես կենտրոնական և բարձրադիր ամրոց բրոնզի դարի և Վանի թագավորության ժամանակաշրջաններում, հավանաբար, առանցքային դերակատարում է ունեցել Երևանի տարածքի պաշտպանական համակարգը կազմավորելիս:

Պատմամշակութային այս կարևոր հուշարձանը, որն անընդմեջ բնակեցվել է շուրջ 4 հազար տարի, զգալի ավերածությունների է ենթարկվել: Առանց նախնական հնագիտական ուսումնասիրությունների 1949 թ. Ծիծեռնակաբերդում՝  132 հա մակերեսի վրա իրականացվել են անտառատնկման լայնածավալ աշխատանքներ: Դրանց հետևանքով մայրաքաղաքի պատմամշակութային կերպարի համար կարևոր նշանակություն ունեցող այս բերդշենի մի զգալի մասը խաթարվել է:

Ծիծեռնակաբերդի բարձունքի գետահայաց՝  արևելյան և հարավ-արևելյան լանջերին դարավանդաձև կառուցապատված բերդշենի տարածքն զգալիորեն վնասել են նաև շրջակա բնակիչները՝  տեղանքն այգեգործական հողակտորների բաժանելու և մշակելու հետևանքով:

Հայաստանի անկախացումից հետո, 1998 թ. Ծիծեռնակաբերդում նաև առանձնատուն է կառուցվել: Նորակառույցի տեղում եղած բարձր լարման հոսանքի երկաթե աշտարակը տեղափոխել և դրել են միջնաբերդում: Ամրոցի տարածքում տեխնիկայի տեղաշարժի համար ճանապարհ է բացվել, իսկ միջնաբերդում փորվել է խրամատ՝  հոսանքատար աշտարակի հիմքերն ամրացնելու համար: Այս աշխատանքների հետևանքով ավերվել են մեծ թանձրությամբ հնագիտական շերտեր և կառույցների հիմնապատեր:

1998 թ. ՀՀ ԳԱԱ ինստիտուտի արշավախումբը պեղումներ է կատարել 300 քմ տարածքի վրա՝  նորակառույց առանձնատան մերձակայքում: Բացահայտվել է զարգացած միջնադարի՝  IX-XIV դարերի կառուցողական երեք շերտ՝  չորս հարթակներում, որտեղ արձանագրվել է արտադրական տեղամաս՝  թոնիրների և օջախների մեծ կենտրոնացումով: Հայտնաբերվել են սնդկամանների, ջնարակած ու հասարակ խեցեղենի և ապակյա անոթների բազմաթիվ բեկորներ : Այստեղ, գետնի մակարդակից մոտ 1,5 մ խորությամբ, բացվել են վաղ երկաթի դարի, մեր կարծիքով՝  Վանի թագավորության ժամանակաշրջանի (Ք. ա. IX-VII դարերի), կավածեփ հատակով շինության ավերակներ՝  հրդեհի բացահայտ հետքերով:

2007 թ. Ծիծեռնակաբերդի արևելյան հատվածում սահմանափակ պեղումներ է իրականացրել Հայկ Հակոբյանը: Բացահայտվել են պարսպապատերի, անտիկ ժամանակաշրջանի դղյակի և սենյակների ավերակներ, պրոսոպոմորֆ բազալտե կուռք, միջնադարյան կառուցների մնացորդներ, որոնք զգալիորեն վնասվել էին անտառատնկման, ոռոգման առուների անցկացման ու հողաշինական այլ աշխատանքների հետևանքով: Այս տեղամասում դիտվում են նաև դեռևս չուսումնասիրված դամբարաններ:

Հրազդան գետի աջափնյա, բարձրադիր դարավանդում, Ծիծեռնակաբերդի գագաթին, ամենայն հավանականությամբ, Մեծ եղեռնի զոհերի հուշարձանի շինարարության ժամանակ ավերված դամբարաններից 1966 թ. հայտնաբերվել է միջին բրոնզի դարի երկու գունազարդ սափոր: Դրանցից մեկը պատկանում է սևան-արցախյան, մյուսը՝  կարմիրբերդյան մշակույթին : Ցուցադրվում են Երևան քաղաքի պատմության թանգարանում: Ս. Եսայանի կարծիքով՝  Ծիծեռնակաբերդից է նաև նույն թանգարանում պահվող, 1937 թ. հայտնաբերված, օձերի ոճավորված պատկերներով գունազարդ սափորը, որը թվագրվում է Ք. ա. XVIII-XVI դդ.-ով:

Ամենայն հավանականությամբ, դամբարանային ծագում ունի նաև Ծիծեռնակաբերդից հայտնաբերված և Հայաստանի պատմության թանգարանում պահվող 4 կավանոթից բաղկացած համալիրը: Ս. Եսայանը այն թվագրում է միջին բրոնզի դարով, մինչդեռ Ռ. Մունչաևը Ծիծեռնակաբերդի այս կավանոթները համադրում է Շոմու-թեփե և Շուլավերի էնեոլիթյան մշակույթների խեցեղենի հետ: Մեր կարծիքով՝  քննարկվող հավաքածուն բնորոշ է միջին բրոնզի դարի վաղ փուլին և կարող է թվագրվել Ք. ա. III հազարամյակի երկրորդ կեսով:

Ծիծեռնակաբերդի մեկ այլ դամբարանադաշտի վկայություն է բլրի ստորոտում, ամրոցի դիմաց, Հրազդանի կիրճում ԵրՀԷԿ-1 կառուցման ժամանակ հայտնաբերված 5 կավանոթների և քարե գործիքների հավաքածուն: Դրանք թվագրվում են մասամբ միջին բրոնզի, մասամբ Վանի թագավորության ժամանակաշրջաններով: Այստեղից հայտնաբերվել են նաև ջնարակապատ՝  զարգացած միջնադարի խեցեղենի բեկորներ:

Հրազդանի կիրճի («Երևան-1», «Երևան-2», «Զովունի», «Ծիծեռնակաբերդ-2», «Նորագյուղ-2») քարայր-կացարաններում բնակությունը հարատևել է մի քանի սերունդ: Այստեղ հայտնաբերվել են մուստիերյան դասական տեխնիկայով պատրաստված վանակատե բազմաթիվ գործիքներ, կիսապատրաստուկներ, ցլեպներ և թեփուկներ, որոնք վկայում են տեղում քարե գործիքների պատրաստման ամբողջական գործընթացի մասին: Ի հայտ են եկել նաև որսորդական կացութաձևի վկայություններ՝  խոհանոցային թափոնների և խարույկների հետքեր:

«Ծիծեռնակաբերդ-2» քարայրը Հրազդանի կիրճի աջափնյա, թեքդիր լանջին է, գետի մակարդակից մոտ 30 մ բարձրությամբ տեղանքում, Կիևյան կամրջից մոտ կես կմ հոսանքն ի վար: Երկսրահ (3х4 և 2,4х4 մ) բնական քարանձավը 1996-1997 թթ. ուսումնասիրել է Ս. Նահապետյանը: Այստեղ հայտնաբերվել են վանակատե գործիքներ, կենդանիների ոսկորներ, ինչպես նաև մարդու ստորին ծնոտի և գանգատուփի երկուական բեկոր:

Հայտնաբերված մի քանի տասնյակ տիպերի քարե գործիքները՝  կտրիչներ, քերթիչներ, դանակաձև շեղբեր, միջուկներ և այլն, ունեն կանոնավոր ձևեր, որոնք վկայում են, որ դրանք հմտորեն պատրաստել են ժամանակակից մարդուն բնորոշ հատկանիշներով օժտված բարձրակարգ մարդակերպ էակները:

***

ԱՌԱՍՊԵԼ: Բժիշկ Լևոն Տիգրանյանը 1906 թ. գրառել է հնագույն ակունքներ ունեցող ժողովրդական մի ավանդություն, ըստ որի Աստղկաբերդ-Ծիծեռնակաբերդում եղել է Աստղիկ դիցուհու ապարանքը: Սրա բարձր աշտարակի վերին հարկում բնակվել են նրա սուրհանդակները՝  ծիծեռնակները, որոնց միջոցով դիցուհին իր ընտրյալներին սիրո հրավերք է ուղարկել: Այստեղից էլ ամրոցը կոչվել է Ծիծեռնակաբերդ: Ուշագրավ է, որ բերդշենի միջնաբերդը, իրոք, աշտարակաձև է:

***

ՊԱՏՄԱԿԱՆ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ: XI դարի բյուզանդացի պատմիչ Կեդրենոսի վկայությամբ՝  Դվինից ոչ հեռու, «զառիթափ լեռան վրա» եղել է սելջուկների Խելիդոնիոն (Ծիծեռնակ) կոչված բերդը, որն անակնկալ հարձակումով պաշարել էին հունական զորքերը: Ըստ Պետերսի և Գրուսենի՝  Խելիդոնիոնը Ծիծեռնակաբերդն է՝  միջնադարյան Երևանի կենտրոնական ամրոցը: «Ծիծեռնակի բերդը» հիշատակում է նաև Ղևոնդ Ալիշանը:

Բերդշենի և միջին բրոնզի դարի դամբարանների գտածոների քննական վերլուծությունը վկայում է, որը Ծիծեռնակաբերդը եղել է բազմաշերտ ամրոց, որը կառուցվել է բրոնզի դարում՝  Ք. ա. III հազարամյակում և անընդմեջ բնակեցվել մինչև զարգացած միջնադար: «Երևանի կենտրոնում գտնվող այս հնագիտական կղզին, իրավամբ, կարելի է դիտել որպես նախնադարյան, հին և միջնադարյան Երևանի պատմության ու մշակույթի մի բացառիկ կենտրոնատեղի, որը վաղուց, թեև ուշացած կարոտ է հնագիտական ուսումնասիրման և իմաստավորման»- Հայկ Հակոբյան:

***

ԱՊԱԳԱՅԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ: Վերադառնանք 21-րդ դար: Պատկերացնենք, իրականացել է մեր երազանքը: Դրա մարմնավորման համար իրենց միջոցներն են ներդրել պետությունը և խենթ երազանքին հավատացող և սթափ գործարարի տաղանդով օժտված մեծահարուստները, որոնք գիտեն, որ շուտով ետ կստանան իրենց ներդրումները:

Հարմարավետ, բաց պատուհաններով էլեկտրաբուսների շարանը զբոսաշրջիկներին տեղափոխում է մանրակրկիտ պեղումներից հետո վերականգնված «Սիրո աշտարակ»: Այստեղ, աշտարակի գագաթին, որտեղից բացվում է զարմանահրաշ գեղեցկությամբ Երևանի համայնապատկերը՝  Արարատ լեռան վեհապանծ ֆոնին, երկար, ճերմակ պարեգոտ հագած սլացիկ իրանով Աստղիկ դիցուհու քրմուհին սիրահարվածներին առաջարկում է աշտարակի կատարից բաց թողնել աղավնիներ /առասպելից մեծ շեղում չի լինի ծիծեռնակներին ձեռնասուն աղավնիներով փոխարիները/՝  հավաստիացնելով, որ նրանց սիրո հրավերը տեղ կհասնի և երիտասարդներն անպայման կարձագանքեն իրենց սիրո առաջարկին: Այս է հավաստում հին ավանդազրույցը: Քանի՞ երկիր կարող է հպարտանալ նման գեղեցիկ ավանդազրույցով՝  շաղկապված պատմական հուշարձանի հետ:

Էլեկտրաբուսների շարասյունն ուղևորվում է Ծիծեռնակաբերդ բլրզանգվածի արևմտյան հատվածը, որտեղ քարի դարի քարայրի հարևանությամբ շրջում են մորթե հագուստներով և քարե կացիններով զինված նախնադարյան որսորդները: Իսկ մերձակայքում վայրի ու խորհրդավոր ձևավորմամբ «Քարի դար» ճաշատունն է, որտեղ բացօթյա կրակի վրա խորովում են հսկայական ազդրամսեր:

Իրիկնանում է: Արևամուտի վերջին ճառագայթները թրթռում են Մասիսների ձյունոտ կատարներին ու մարում: Հզոր լուսարձակները խավարից դուրս են կորզում խորհրդավոր ու վեհապանծ Ծիծեռնակաբերդի կիկլոպյան ամրոցը: Հիանալի ձևավորված լուսավորության շնորհիվ այն դառնում է տեսանելի քաղաքի բոլոր կետերից: Ապա մի պահ հանգչում են լույսերը, և ուրարտական հագուստով զինվորը բարձր աշտարակի գագաթին վառում է տագնապի ազդանշանը:

Մթության մեջ բոցավառվում է խարույկը, որին հաջորդաբար արձագանքում են Կարմիր բերդում, Ձորաբերդում, Էրեբունիում, Խոսրավապատի բերդշենում, ռազմի և տարերքի աստված Թեյշեբայի քաղաքի միջնաբերդում վառված խարույկները: Հնչում է առնական և հզոր երաժշտություն, ու կարծես ողջ Հայոց աշխարհը միասնական ու միակուռ ոտքի է ելնում ընդդեմ թշնամու: Այս թեման հոլիվուդյան հերոսապատում-ֆիլմերում մի առանձին հնչեղություն ունի: Իսկ Հայաստանում դա եղել է իրականում և վկայվել թշնամու՝  ասսուրական սեպագիր արձանագրություններում: Թատերականացված այս վերապատումն ունի պատմական հենք, ուստի ընկալվելու է մի առանձին ոգևորությամբ:

Նորից վառվում են լույսերը: Հնչում է ռազմաշունչ յարխուշտան, և բարձր բեմահարթակի վրա, զբոսաշրջիկների հիացական բացականչությունների ներքո, իրենց պարն են սկսում ճկուն ու սլացիկ հայորդիները: Պար մարտից առաջ: Աստիճանաբար շուրջպարն իր մեջ է ներքաշում հյուրերին՝  պարի լարվածությունից շիկնած ու երջանիկ դեմքերով: Շքեղորեն լուսավորված Ծիծեռնակաբերդում մարդիկ զվարճանում են մինչև կեսգիշեր: Եվ այս ամենը տեղի է ունենում Մեծ եղեռնի հուշահամալիրից զգալի հեռավորությամբ, առանց վտանգելու վերջինիս հանդիսավոր խորհուրդը:

Ծիծեռնակաբերդի մակերեսը բավականին մեծ է: Եվ դա կարող է հնարավորություն ընձեռել որպես մի մեծ մակետ այստեղ ձևավորելու Մեծ Հայքի քարտեզը. յուրաքանչյուրն աշխարհն իր գունավորմամբ, յուրահատուկ ճարտարապետությամբ և մեղմորեն հնչող, այդ աշխարհին հատուկ ազգագրական երաժշտությամբ, որը լսելի է փարթամ ծառերով ստվերված բոլոր ճեմուղիներում:

Եվ քանզի ծրագիրը երկարատև է, թերևս ողջ օրվա համար, ապա ամեն մի աշխարհում պետք է լինեն հանգստի և սննդի կետեր: Եվ ամեն տեղ պետք է մեծ տառերով գրված լինի՝  Հայկական խոհանոց: Այո, միայն և միայն Հայկական խոհանոց, ապա Վանի խոհանոց, Կարնո խոհանոց, Արարատյան խոհանոց և այլն, որտեղ սպասարկող անձնակազմը պետք է կրի այդ նահանգին բնորոշ ազգագրական ընտիր և նրբաճաշակ հագուստ: Որտեղ պետք է ներկայացվեն հայոց ազգային, բացառիկ հարուստ և համեղ ճաշատեսակները, փոքր չափաբաժիններով՝  հայկական գինիները, մրգօղիները, գարեջուրը: Եվ որքան էլ կողմնակալ լինի ՅՈՒՆԵՍԿՕ-ն, այցելուներն իրենք կտեսնեն ու կզգան, որ ժողովրդի մշակույթի արգասիք են այդ ճաշատեսակները՝  հարիսան, տոլման, լավաշը, գաթան և այլն:

Նման միկրոստրուկտուրաների ձևավորման դեպքում Ծիծեռնակաբերդը կդառնա ոչ միայն զբոսաշրջիկների, այլև հայաստանցիների, մասնավորապես երևանցիների և ընդհանրապես համայն հայության սիրված վայրերից մեկը՝  առանցքում ունենալով Մեծ եղեռնի հուշահամալիրը:

Այն, ինչ ներկայացրինք, երազանք է, որը մարմնավորելու համար մեծ ներդրումներ են հարկավոր: Բայց դրա համար պետք չէ վախենալ քսակի բերանը բացելուց, քանզի Երևանը զբոսաշրջության եզակի և գրավիչ կենտրոն դարձնելու համար առկա են բոլոր հնարավորությունները. ռելիեֆի ընձեռած բացառիկ պայմաններ և պատմամշակութային հուշարձաններ: Ուստի պետք չէ խուսափել ներդրումներից, որոնք հետագայում վիթխարի շահույթ կբերեն Հայաստանին, երևանցիներին կտան ակտիվ և հագեցած հանգիստ կազմակերպելու հնարավորություն, երիտասարդ սերնդին՝  սեփական պատմության և մշակույթի հետ շփվելու աննախադեպ հնարավորություն, որը նրանց կհաղորդի հարգանք ու հիացմունք իր նախների հանդեպ և հպարտ ազգի արժանապատվություն:

***

ՎԵՐՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ: Սիրելի Հակոբ, սա մի փոքրիկ հավելում է քո առաջադրած ծրագրին: Հուսով եմ, որ կլինեն և այլ, շատ ավելի հետաքրքիր առաջարկներ: Կլինեն այս մտքերին «հագուստ» հագցնող ճարտարապետներ, խենթ երազներին հավատացող բարերարներ, ու մեր երազանքը կիրականանա: Եվ ի թիվս մեր մարմնացյալ երազանքների՝  վերականգնված Ծիծեռնակաբերդի ամրոցը, լույսերի մեջ ողողված, գիշերային Երևանին կհաղորդի վեհաշուք և հեքիաթային քաղաքի խորհուրդ: Եվ Երևանը, իրոք, կընկալվի որպես դարավոր քաղաք: Ծիծեռնակաբերդի շնորհիվ Երևանը կդառնա Մեծ Հայքի մանրակերտ-քարտեզը, բնապատմական ենթաշերտի վրա ձևավորված մի գրավիչ վայր, ինչպես, ասենք, Դիսնեյ լանդը, որը մագնիսի նման դեպի հայոց մայրաքաղաք կձգի տարբեր նախասիրությունների տեր բյուրավոր զբոսաշրջիկներ:

Անդին 03.2018

Կարծիքներ

կարծիք