* * *
Մատներս
ամեն առավոտ
լարից ընկած դաշնամուրի
փոշոտ ստեղնաշարին
քեզալի
օրեր են նկարում՝
անքեզ
ապրումներս
խոր թաղելու համար…
այս գինին կապույտ-կապույտ երակներ ունի,
կապույտ-կապույտ մատներ,
կապույտ-կապույտ հոգի…
այս գինին հոսում է
գվատեմալական լեռներից
և թափվում ծոցը գուանաբարայի…
այս գինին գիշերվա քունը ծվատող ծղրտոց ունի,
որի մեջ խեղդվում են ակնաբիբերի
պայթյունները խուլ …
այս գինու միջով կապույտ-կապույտ ժամանակն է հոսում,
և մի զույգ կապույտ ոտքեր ըմբոշխնում են
հավաներայի հնչյունները կապույտ…
այս գինին երգում է իմ կապույտ-կապույտ երակներում,
այս գինին կապույտ-կապույտ կամուրջ է իմ ու քո
կապույտ անցյալների միջև…
Ալբա
Գազօջախին բլթբլթացող սուրճն
ինձ վերադարձրեց իրականություն:
Դռան ու քո միջև ընկած նեղ արահետը
տարավ ննջասենյակ, որտեղ ապրում ենք
ես ու վերնաշապիկը քո…
Ես նրան չեմ լողացնում:
Քեզաբո՜ւյր է…
Անձրև է: Ներսում թրջվում եմ:
Զգում եմ պատուհանի տակ աճող
ծաղկից ինձ փոխանցվող
կաթիլների սարսուռը…
Տես՝ ինչպես է թպրտում երկինքը:
Աստղերն են դողում… Մերկ են…
Իմ ներսում կանգ են առնում
ժամացույցի սլաքները…
Վերադառնում եմ սենյակ…
Շարունակում եմ ապրել
քո վերնաշապիկի մեջ…
* * *
Հենց այսպես եղավ՝
արեցինք ոչի՜նչ ապրելու համար,
չապրելու համար մենք ուժ չունեցանք։
Դո±ւ… դու ծերացար ինձանից հեռու,
ես քեզնից հեռու, անքե՜զ մեծացա…
* * *
Երջանկությունը
լուսադեմին սկուտեղի վրա արթնացող
սուրճի գավաթն է,
որ զուգընկեր ունի…
երկտեղանի մահճակալի ամբողջ լայնքով-,
ճմռթված անկողինը,
քո սիրած երաժշտության տակ
անխնա գալարվող ծխախոտի ծուխն է
այն դեպքում, երբ դու չես ծխողը…
Երջանկությունը
ուշ երեկոյան մեքենայի շարժիչի
բակը լցնող աղմուկն է,
որն ընդհատում է ընթերցանությունդ,
բերում քեզ իրականություն՝
սեփական կյանքով ապրելու…
ավելի շատ տալն է, քան առնելը՝
առանց որևէ ակնկալիքի…
Երջանկությունը
տուն է, որի միայն մեկ պատուհանի
անունն է սեր…
Երջանկությունը երկուսի մեկանալն է,
ապա երեքի, չորսի, հինգի՝
իմ պարագայում…
* * *
Երբ հեռաչու ինչ-որ թռչուն
պատուհանիդ տակ կրկին բույն է շինում,
գարունը դադարում է տարվա եղանակ լինելուց£
Նա դառնում է ապրելակերպ…
* * *
Ամեն շաբաթ օր լուսաբացին
հասկանում եմ, որ բաց եմ
թողել ուրբաթ երեկոն…
ինքնաթիռ թերթից են պատրաստում,
ճերմակին հոգի են խզբզում…
մի կաթիլ համբերություն է մնացել
ճաք տված գավաթի շուրթին…
վաղը կիրակի է….
շաբաթն ապրել է պետք
երիցուկի գույներով և բույրով նաև….
Անդին 04.2017