Ցեխը

Մաս առաջին

Համակարգչային էկրան /չաթ/, որն ուղեկցվում է հեռախոսազրույցով.

-Ոնց է գրվո՞ւմ:

-Գրի,- թելադրում է, էկրանին գրվում է «Թսեքհ»:

-Անգլերենում «ցեխը» «թսե՞քհ» է:

-Չէէէ: Անգլերեն, որպեսզի հնչի «ցեխ», պետք է գրես «թսեքհ»:

-Հասկացա, ոնց որ՝ «ՎայոԹս Դզոր»-ը:

-Ֆոնտդ փոխիր լատիներեն, որ հասկանալի լինի, թե ինչ ես գրելու:

-Isk yete grem   «Cex»?

-Կմտածեն՝ առաջին տառը սխալ է:

-Գրում եմ հայերեն՝  «Ցեխ»:

***

Գյուղի քահանային մայրն ու հայրն ի ծնե կոչել էին Վլադիմիր: Պապական բոլոր հնարավոր կողմերի տոհմաբանական ուսումնասիրությունը, ցավոք, չէր տվել դրա ծագումը: Ուստի ոչ ոք չգիտեր, թե ինչու են կոչել: Որտեղից: Եվ նրան ոչ ոք գոնե Վովա չէր կոչում: Այլ հենց Վլադիմիր: Ընդգծված իրարամերժության ծիրում էր նաև այն հանգամանքը, որ տատը նրան Կարո էր կանչում: Այսպես խառը մնաց մինչև Տեր Ներսես դառնալը: Անունները շատ էին, անըմբռնելի: Ըստ էության, ինչպես և՝ ազգանունը. Կիկոսյան էր: Շատ ազգային: Սակայն, ինչպես դեղին լեզուներն էին պտտում, տատը վախեցել է, թե Կիկոսի բախտը «էրեխեն վրաքաշ կանի», և «ռայոնի պասպորտսեղանի Կարինեի» հետ հանցավոր համաձայնության էր եկել, որ Կարոյի անձնագրում Կիկոսյան-ը փոխեն՝ ԱշխարհաբեկյանՑ դնեն: Տատը կարդացած էր: Հասկանում էր կյանքից, բառերի զանազանությունից և հստակ գիտեր, որ հայտնի մարդիկ ունեն յուրօրինակ անուններ: Նաև, Գորիսի կողմերում սիրած տղա պսակած կնիկ էր: Իր կյանքի իմաստնության գագաթակետում հասել էր այդ կետին, որ ներել էր հա՜մ սիրած տղային, հա՛մ նրա անառակ կնոջը: Անառակության վարկածն էլ դասակարգվում էր ըստ այն սանդղակի, որքանով որ Կարո-Վլադիմիր Կիկոսյան-ԱշխարհաբեկյանՑի տատը չափում էր: Դե, սիրտը նեղված էր: Գորիսի տղան եկել է գյուղի զորամասում ծառայել, տատն էլ, ժամանակին որպես ջահել, դեռափթիթ օրիորդ, մի քանի անգամ հատուկ նայել է: Այդ նայելու օրից նրանք համարվել են սիրածներ: Բայց դե տատը հոգու խորքում գիտեր, որ տղան իրեն դեմքով իսկի չի էլ ճանաչել:

***

Մեծանում էր Վլադիմիր ԱշխարհաբեկյանՑը, երբեմն՝ Կարո Կիկոսյանը, և օրեցօր չէր ուզում գնալ բանակ: Ուղղակի չէր ուզում: Նրա կյանքն արդեն հաջությամբ դասավորվում էր մայր հողի համար պարարտանյութ վաճառելով: Մի անգամ գյուղի զարգացման ինչ-որ հիմնադրամից «օքեյ» ասող մարդկանց խումբ էր եկել, որից հետո հինգ տարի շարունակ գյուղի հողն անվճար պարարտացնում էին: Շատ լավ բարեգործական ծրագիր էր: Գյուղի բերքը, ինչպես հաղորդում էին ռադիոյով, 70 տոկոս աճ էր ստացել: Գյուղացիները շատ ուրախ էին, շնորհակալ գյուղապետին և օտարալեզու եկվորներին, քանի որ վերջիններս զարգացած երկրներում են ապրում: Միայն Կարո Կիկոսյան էր հասկացել՝ բերքը նույնն է, զի լոլիկի թուփն առաջվա պես 300-420 լոլիկ էր տալիս: Դե, ինքը 100 հատը թաքուն քաղում էր, տանում վաճառում: 70 տոկոսի դեպքում պետք է նվազագույնը 510 հատ լիներ: Դա կարողացել էր հաշվել, որովհետև դպրոցում լավ էր սովորում և մասնակցում էր օլիմպիադաներին: Գնացել ասել էր գյուղապետին: Սա էլ թե՝ սուս, կոնֆետ կտամ: Երբ հինգ տարին լրացավ, և հիմնադրամը չքվեց, գյուղացիները տխրեցին, որ բերքն այլևս առատ չէ: ԱշխարհաբեկյանՑը գտավ հարցի լուծումը, և սկսեց ներկրել պարարտանյութ, որն արդեն ուղղակի վաճառում էր: Գյուղապետը տեղյակ էր: Դա, մի տեսակ, ընդհանուր բիզնես էր դարձել: Ամեն երկուշաբթի գյուղապետը 24-ով գնում էր քաղաք: Կարոն նստում էր այդ պատվարժան մեքենան (որի շնորհիվ վայելում էր բոլորի հարգանքը), հետո ճանապարհի կեսից ամայի տեղերում իջնում էր, անմշակ հողերից լցնում պարկերն ու սպասում գյուղապետի հետդարձին: Պատահում էր նաև՝ ոտքով էր վերադառնում: Շատ հոգնած, որ բոլորը խոսեն, թե Վլադիմիրը չարչարվում է հանուն բնակիչների: Գյուղացիները հերթ էին կանգնում, գնում էին այդ հողը, լցնում իրենց այգիներում: Տարօրինակ էր, բայց բերքը կրկնակի էր լինում: Իսկապես: Առանց «օքեյ»-ի: Վլադիմիրի կյանքը, որպես բիզնես-գուրուի, արդեն դասավորված էր արժանապատվորեն: Տասնյոթամյա պատանին հասցրել էր նվաճել շրջակա միջավայրի բով ակնածանքը: Բայց բանակի ժամանակն էր: Վլադիմիր ԱշխարհաբեկյանՑին թուղթ եկավ, թե արի, ծառայիր հայրենիքիդ: Սա էլ թե՝ ես մեր հողին արդեն ծառայում եմ: Նրանք էլ թե՝ մենք ձեր մութ գործերն անգիր գիտենք. փշտա՛: ԱշխարհաբեկյանՑը, Կիկոս դարձած, մտել էր գյուղապետի առանձնարանը. մի համեստ օթյակ՝ աշխատասենյակին կից, որը լցված էր կաղնե կահույքի՝ դեռ մոմլաթը չհանած բույրով: Մտածում էին մեծ ու փոքր սերնդի ներկայացուցիչներով, թե ինչպես փրկեն բիզնեսը բանակից: Ջլատ, կալցիումազուրկ ատամներով Կարոն փրկություն էր աղերսում: Գյուղապետը կալցիումի խնդիր չուներ: Նրա ոսկորը կարծր էր: Մայրն էլ էր միշտ ամեն տեղ շեշտել, որ տղան խոշոր ոսկոր ունի: Կինը լուռ էր այդ մասին, բայց ամուսնուն հաճախ էր շոյում: Երևի սիրում էր: Կամ էլ՝ ոսկորն էր պինդ. ստուգում էր: Դե, ընտանեկան էր հարցը, բայց գյուղապետը ամեն շոյանքից հետո ուժով լցված էր գնում աշխատանքի: Նաև 24 էր քշում: Վարորդ չուներ: Ընդունված չէր այդ կողմերում:

Իսկ ի՞նչն էր իրականում Կարո-Վլադիմիրի հոգևոր ճանապարհի նախախնամությունը, գիտեր միան Տերը:

***

Բայց և այնպես, եղավ այդպես, այսպես, ինչպես բառախաղը, որ Կարոյի պարկի վրա անձրև եկավ: Հողը թրջվեց ու ցեխ դարձավ: Հարբած հարևանը մութ գիշերով պառկեց վրան ու, ցեխ դարձած, խոր քուն մտավ: Վաղորդայնի խումարի տակ, խելագարված ելավ-գնաց: Արեգակը շողը փռեց ու չորացրեց պարկի ցեխը՝ մարդով դաջված: Լուրը թնդաց մի շատ անմեղ հարսի կանչով, թե Կարոյի պարկի վրա  «իջել է Սուրբ»: Մեղա՜, Աստված: Հազար մեղա՜: Վկաներ կային, թե գիշերվա խորունկ ժամին լույս է ճեղքել հորիզոնը: Դրանից էր դղրդոցը. ասողներ կային: Շարժվել էին ամանները, շխկշխկացել:

Պարկը դարձավ աղոթատեղի, սրբատեղի, բուժատեղի: Տե՜ր, մեղա՜: ԱշխարհաբեկյանՑենց բակը լցվեց աշխարհի մարդկանցով: Արտասահմանից էին գալիս, նախօրոք հերթ պահում, որպեսզի դիպչեն պարկին: Բայցևայնպես, Վլադիմիրին բանակ տանելու վտանգն ահագնացել էր: Զինկոմիսարիատը համաձայն չէր սերտաճել պարկաբուժության աղանդին: Մի կողմից էլ համ պարարտանյութի, համ էլ մոմ թափող Հը՜ռիփսիկի գործերն էին վատացել, քանի որ Վլադիմիրը բեկում էր աշխարհը գեթ մի պարկով: Հիմա արդեն բոլորը պարկի կողքին դնում էին մի բուռ հող՝ փոքր ամաններով, իսկ առավոտյան տանում, շաղ էին տալիս իրենց այգիներում: Մագնատը դարձավ մոնոպոլիստ: Նրա ձեռքում էին երկրի սնոտիապաշտական ռեսուրսների կառավարումը և հողը հարստացնելու նորագույն տեխնոլոգիան: Սակայն գյուղապետի ոսկորն ավելի կարծր էր, քան բոլոր չորացած ցեխերը միասին: Այդպես ստացվեց, որ ՙսուրբ պարկն՚ անհետացավ: Ինչպես հաստատեցին աղանդի վկաները, կրկին լույս էր ճայթել գիշերվա երկնակամարում, և այդ պահից ոչ ոք չի տեսել ՙինդուլգենցիան՚: Պարկի մասին միֆերը գահավիժեցին իրենց բարձունքներից և լքեցին տարածաշրջանը: Հը՜ռիփսիկի գործերը կրկին մտան բնականոն հաջող ընթացք: Ավելին, նա սկսեց «մոմ թափել» մի բուռ հողի վրա, և հիմա էլ ոչ ոք չէր գնում պարարտանյութ:

Այժմ գյուղապետը գիտեր, որ իր հիմնական մրցակիցը Հը՜ռիփսիկն է: Մերօրյա տերմինները չիմանալով՝ նա հասցրել էր անել մոնիթորինգ, շուկայի ուսումնասիրություն, կշռել ՓիԱռ տեխնոլոգիաների հնարավորությունները: Հասկացել էր, որ իր բրենդը Վլադիմիրն է, փողագոյացման ճանապարհը՝ սնահավատությունը և լեգենդը: Նաև գիտեր, որ կան կրթական հաստատություններ, որտեղից բանակ չեն տանում: Օրինակ՝ Հոգևոր Ճեմարանից: Բայց գյուղում եկեղեցի չկար: Սարի գլխին մի մատուռ ունեին, էն էլ կայծակը ճեղքել էր մատուռի դիմացի քարը, գյուղացիները վախեցել էին ու էլ չէին գնում մատուռ: Մոմ թափող Հը՜ռիփսիկի տան բակում մեկ-մեկ մոմ էին վառում: Եթե Աշխարհաբեկյանցին որպես հոգևորականի կրթի, նոր առասպելով հետ բերի գյուղ, հա՛մ եկեղեցի կկառուցեն, և դա կլինի իր պատիվ ու շնորհքը պանծացնող իրադարձություն, հա՛մ քահանան «տնից» կլինի: Մոմ թափող Հը՜ռիփսիկի օրական շահույթը մեծ գրգիռ էր գյուղապետի հաշվիչի չխկչխկոցներում: Իսկ եկեղեցու շինարարության համար ընդամենը երկու հաշվիչ էր պետք՝ սպիտակ ու սև գույների:

***

Վլադիմիր ԱշխարհաբեկյանՑն ընդունվեց Հոգևոր Ճեմարան, երբ գյուղապետն արդեն վերջին հաղթական քայլերն էր կատարում, որպեսզի ստանա եկեղեցու կառուցման ֆինանսավորումը: Սակայն, ինչպես հաճախ է պատահում տարբեր իրականություններում, եղավ իշխանափոխություն: Գյուղապետը գահընկեց արվեց, եկեղեցու կառուցման բյուջեն ՙգնաց՚ անմշակ հողերի շահագործման և անտառահատման գործին: Գյուղի շուրջբոլորը, նախկին ծառ ու ծլվլոցի փոխարեն, ընկղմվել էր սղոցների ղըռ ու բըռի մեջ: Կենդանիները փախչում էին անտառներից, լցվում մոտակա բնակավայրեր, և խեղճ գյուղացիները չգիտեին՝ պայքարեն, թե խնամակալեն: Մի գիշեր էլ պաշտոնաթող գյուղապետը, ում անունն իրականում Սեդրիկ էր, իր կարծր ոսկորները մկանային ուժի շնորհիվ հավաքեց, նստեցրեց անկողնում և բարձր աղաղակեց՝ «Տե՜ր Աստված», ու սկսեց հեկեկալով լաց լինել: Կինը լուռ և սիրով շոյեց նրան, որ հանգստանա: Սեդրիկը դա դեռ սիրում էր: Դրանից հետո քնեց: Եվ այդ օրից հետո փոխվեց, դարձավ լռակյաց, ինքնամփոփ: Հաճախ էր առանձնանում, ծնկի իջնում աղոթքի, ինքնուրույն մշակում էր հողը, ամբողջ ազատ ժամանակ ընթերցում էր Սուրբ Գիրքը և հոգևոր գրականություն: Սեդրիկի կնոջ՝ Նանարի համար մեծ տանջանք էր պատվանդանից իջնելը: Նրա առջև այլևս հարևան կանայք չէին դիրքավորվում արևածագը դիմավորող ծտերի պես, որ բարևեն: Պատահում էր նաև խիստ զբաղված պահին անց էին կենում կողքովն, ու արևը, աչքի միջին, խանգարում էր տեսնել Նանարին:

***

Անտառահատումով նոր աշխարհի սափրված ոտքը կոխել էր այս տարածքներ, գյուղի երեսը պնդացնում էր, որ դարձներ ապագայում «օքեյ» ասողների մի ոստան՝ երկրի սրտի քաղաք, որտեղ մեծ-հսկա՝ գենետիկորեն մոդիֆիկացված շենքեր պետք է ցանվեն ու աճեցվեն՝ իրար խոհանոց խցկված պատշգամբներով, ծանր օդով ու թանկահնար արժեքներով: Գյուղացիները դրա հոտն էլ դեռ չէին զգում, և ամեն մեկն իր նախիրին էր, չրին էր, բախչին էր, օձերի ու կարիճների կռվին էր: Միայն Սեդրիկն էր, որ տակնուվրա եղավ, փոխվեց և հավատավոր մի հողագործ դարձավ:

***

Գյուղական փառքի գահավորակը ստիպված էր լքել նաև Կարո-Վլադիմիր Կիկոսյան-Աշխարհաբեկյանցը: Բայց դե, երիտասարդ և վտվտան ջիլը, որ դեռ ոսկոր էլ չէր դարձել, ձգտում էր նոր հորիզոնների. այն է՝ փառք և հարստություն՝ վեղարի շնորհիվ: Նրան բիզնես-ռազմավարությունը հասցրեց մինչև երկրի հարուստ քաղաքներից մեկի մի եկեղեցի, ուր սկսեց ծառայել որպես քահանա: Նրա նշանակման օրից այդ եկեղեցում մարդկանց հոսքն անասելիորեն ակտիվացավ, սակայն եկեղեցական մոմերի վաճառքը նվազեց 70 տոկոսով: Քյանդրբազությունը հալածվեց արբունքի գագաթին: Կիկոսյանին, որպես մեծ ներում, Եկեղեցին հետ ուղարկեց իր գյուղ: Ավելին, առանց քահանայի կոչումից զրկելու՝ այնպիսի արատավոր հուսադրմամբ, թե երբ կառուցվի գյուղի եկեղեցին, ինքը կդառնա այդ եկեղեցու քահանան: Վլադիմիրը հասկանում էր, որ իրեն կարող էին ձաղկել և արտաքսել: Ինչ խոսք, մտքում երջանիկ էր, որ ներվեց: Շնորհներն Աստծուց են տրվում: Բայց Կարոն դա դեռ չէր հասկանում: Գյուղում ՙլեվի՚ քահանայական գործեր էր կատարում. ծառերի տակ զույգերի էր պսակադրում, տան բակերում կնունքներ անում, հոգեհանգստի արարողություն և այլ ծեսեր: Դա եկամտաբեր էր: Նա, ինչպես միշտ, իր տարերքի մեջ էր: Հիմա արդեն անհամբեր էր սպասում իր բիզնես-պլանների իրականացմանը՝ եկեղեցու կառուցմանը:

Նա չգիտեր, որ Մայր Հողին մատուցվող հոգևոր ծառայությունը նույնքան լուրջ և պատասխանատու է, որքան՝ բանակինը: Բայց դա պետք էր հասկանալ: Ժամանակ էր պետք և նոր գիտակցություն: Իսկական հոգևոր գիտակցություն:

Մաս երկրորդ

Սեդրիկը նախկին գյուղապետ էր: Նախկինում նրա անունը հենց «Գյուղապետ» էր: Ուրիշ անուն չէր էլ սազի մի պաշտոնյա մարդու, որը գյուղ էր ղեկավարում: Խմբագրորեն դիտելով՝ հասկանում ենք, որ «պաշտոնյա մարդ» արտահայտությունը սխալ է, քանի որ պաշտոնյա-ն արդեն այն մարդն է, որը կրում է պաշտոնը: Նաև սխալ է իրար հաջորդող նախադասություններում կրկնել նույն բառերը: Արդարացնում ենք, թե բառախաղի պես մի բան է: Բայց Մհերը մեզ կհասկանա: Նա գիտի բառերի ու խաղերի հոգեբանությունը: Հատկապես՝ բառերի: Ու հատկապես՝ խաղերի: Մհերի հետ խաղացել եք, չէ՞:

Հա: Սեդրիկի վրա գյուղապետի հետք արդեն չէր մնացել: Նա վաղուց գյուղի բիձա էր: Ուղղակի, մուննաթ չէր գալիս, չէր փնթփնթում և կնոջից ավելորդ խնամք, կատարողականություն չէր պահանջում: Կշոյեր՝ կշոյեր. Լավ է: Ոսկորն էլ, հո, Սեդրիկի անձնական, գենետիկ ժառանգությունն էր: Գյուղապետի շնորհքը չէր:

Այդ ճակատագրական օրը Սեդրիկը շտապ տուն մտավ: Տարիքն առած մարդու համար ինչ-որ կարևոր իր պետք է վերցներ. Դա կարող էր լինել արևապաշտպան գլխարկը: Ուղղակի Սեդրիկը ներս մտավ չհաշվարկած դեֆիլեով. այն է՝ ցեխոտ կալոշներով: Շատ ցեխոտ: Հասնելով սենյակի կենտրոն՝ նա հիշեց, որ Նանարը՝ իր կինը, իրեն շոյող կինը, տան միջի ցեխը չի սիրում: Էհ, նա էլ այդպիսի կին է: Նույնիսկ մի անգամ լաց է եղել, թե աշխարհի ցեխն իրենց տուն է լցվում: Սեդրիկն, իհարկե, չէր էլ ցանկանում այդ տեսարանը պատկերացնել: Շատ, անտանելի նողկալի ու սարսափելի կլինի, երբ աշխարհի ցեխը լցվի տուն: Նա կանգ առավ: Նայեց իր ոտքերին: Կալոշներին: Հասկացավ, որ բակի ցեխը տուն է բերել: Թե՞ վախեցավ Նանարից, թե՞, ինչպես ինքն է պարզաբանում, խղճաց. հանեց կալոշները, սենյակի մյուս կեսն անցավ բոբիկ: Վերցրեց գլխարկը և այդպես էլ բոբիկ դուրս եկավ՝ կալոշներն օդում պահած: Հետո իրեն չներեց, որ անմիջապես չի մաքրել հատակի ցեխը: Հիշեց դրա մասին դրսում, երբ հողը պարարտացնում էր:

«Ցեխը մեր կյանքի պատկերն է: Այսինքն՝ հենց մեր կյանքն է:- Իր փիլիսոփայական հողագործությունն սկսեց Սեդրիկը:- Առանց ցեխի ոչինչ չես կառուցի: Նույնիսկ եկեղեցի: Առանց եկեղեցու էլ մարդիկ կխելագարվեն, էդ նույն ցեխը կսրբացնեն, կպաշտեն: Ոնց որ էն ժամանակ եղավ: Ո՞նց եկեղեցու փողերով էս անտառները կտրեցին: Ա՜յ մաաարդ: Ո՞նց: Չնայած ես էլ ցեխի մի գրամ չարժեի էն ժամանակ: Այ հիմա՜: Ի՞նչ հիմա: Էլի սկսեցի էշ-էշ դուրս տալ: Հիմա էլ ինձ պետությունը մի գրամ ցեխ չի տա, որ եկեղեցի կառուցեմ: Մի տեսակ չհամընկնող է ամեն ինչ: Հա, խելոք բան էի մտածում: Ցեխը հողի հետ հարաբերություն կառուցած ջուրն է: Աստված էլ երևի, երբ մարդուն հողից սարքում էր, հետը ջուր էր խառնում: Այսինքն՝ ցեխից էր, էլի, պատրաստում: Դրա համար էլ մարդու օրգանիզմի մեծ մասը ջրից է կազմված: Լավ հողը ճիշտ քանակի ջրես՝ ծիլ ու ծառ կտա, բերք կտա, հոգի կլցվի մեջը: Շատ ջրես ու արև չտաս՝ կփտի, ցեռի պես զզվանք մի բան կդառնա, կկպչի ոտքերիդ… Վաա՜յ, ախր պիտի էն զիբիլը մաքրեի: Նանարը չգա տեսնի: Էէհ: Հա, ինչ լավ, խելացի բան էի մտածում. ցեխը: Իսկ, օրինակ, վատ հողը, շատ ջրես-քիչ ջրես, էությամբ է ցեխ: Դու կչարչարվես, կտանջվես, կյանքդ կդնես՝ հոգով չի լցվի: Վերջում, կարող ա, երկու հատիկ որդնած կարտոլ շպրտի դեմքիդ՝ թե ինչ ես տվել, որ ինչ ես պահանջում: Տո՜ անշնորհակալ հայվան, ապերախտ, ինքնահավան կենդանի: Բայց ախր ես կյա՜աանք եմ տվել, ՋԱ՜ՀԵ՜ԼՈՒԹՅՈՒ՜Ն, դեմքիս խրամատներում հողն ու արևը խառնած՝ կռիվ եմ արել քեզ համար, թանկ ու հրաշք իմ ժամանակն եմ տվել՝ սրտիցս գնացող, տաք սուրճիս բաժակից խլող, կնգաս ծոցից հանող: Վա՜յ քոո կնգաաա՜. մնաց էլի էդ անտերը. Չմաքրեցի»:- Սեդրիկը գրեթե վազեց: Ոսկորը դեռ ծանր էր. հեշտ չէր:

Տուն հասավ այն պահին, երբ Սվետլանա Անուշավանովնան՝ գյուղի ռուսական համայքնի ղեկավարը, մաներաների ինտիմ կոռեկտությամբ դուրս էր գալիս իրենց տնից: Այսինքն, եթե կիրթ կին չլիներ՝ կստացվեր, որ քայլում է հետույքը պտտացնելով, քյավառցիների ասած՝ ժխշելով: Բայց դա հերիք չէր, ուսերն ու կրծքավանդակն արմունկներով մի տեսակ վեր ցցած, ձեռքերն էլ այնպես պարզած, ասես թե դյուրաբեկ նրբագույն իր է բռնել: Բերանն էլ միշտ կիսաբաց, «ու» տառը կիսատ թողած շուրթերի արտահայտությամբ: Նա այսօր կրկին հագել էր թրթռան, դիվանագիտորեն երկար մի զգեստ, որի լանջաբացվածքը պատահաբար լայն կտրվածքով էին կարել: Սեդրիկի ոսկրային համակարգը, իր ամբողջ ծանրությամբ, փնչացրեց քսան տարին բոլորած հուշերի անդաստանից, գյուղապետարանի իր սենյակից, ռուսական համայնքի ստեղծման կենարար գործընթացից: Սակայն նոր սերնդի Սեդրիկն իր փնչոցից ավելի համառ էր. գլուխը կախեց ու չնայեց, թե մարմնի ինչ մասեր էր իրենց օջախից հեռացնում Սվեծիկը:

Երբ Սեդրիկը տան դուռը բացեց, որ մաքրի «մեր կյանքը», հատակին ծնկաչոք և գլխիկոր իջած կանանց բազմությունը նրան շփոթեցրեց: Ամաչեց, նույնիսկ, հաշվել այդ ոչ մահմեդական, ոչ էլ յոգայի՝ «մարմնի հանգիստ» և «կատու» դիրքերի միջակայքում հանգրվան գտած կանանց: Ավելի ճիշտ՝ կնանիքին, ինչպես թաքուն մտածեց: Էլի բան կուզեր մտածել, բայց Սեդրիկը վերջին քսան տարում շատ պարկեշտ և բարոյականության կողմը պահպանող մարդ էր դարձել: Եվ այժմ նա կանգնել էր մի խումբ ծալապատիկ ու ծնկի իջած՝ գյուղի կանանց հետևում և, մարմնի լեզվից բան չհասկացող մեկի պես, ձեռքերի տխմար շարժումներ էր անում: Նա չգիտեր՝ ինչպես հանի ձայն այն մասին, որ ինքը ներս է մտել: Կանանցից մեկը, որի գլուխը նույնպես չէր երևում, սկսեց մզզոց հանել: Դա կարելի էր հեռվից լսվող էլեկտրական սղոցի ձայնի նմանեցնել, եթե երանգները նկատելի արագությամբ չսկսեին թեժանել: Ապա նրան միացան բոլոր дрель-ները: Անտանելի էր: Սեդրիկը քաջություն հավաքեց:

-Մի րոպեե՜,- բղավեց նա:

Կանանցից մեկի ձեռքը նրան սաստող շարժում ցուցադրեց: Ապա սկսեց կանչել:

-Ի՞նչ է այստեղ կատարվո՞ւմ,- մի կերպ մկկաց նախկին գյուղապետը:

Կնազորը կազմակերպված կրկնեց ձեռքի սաստող շարժումը: Նրանցից մեկը դուրս սողոսկեց: Եվ անհարմար պահ ստեղծվեց Սեդրիկի համար: Դեսանտը ձեռքը սկսեց երկարացնել դեպի Սեդրիկը՝ վեր: Տղամարդը հետ թռավ. անսպասելի էր և կասկածելի: Լսվեց ձայնը.

-Ա՜յ մարդ, ես եմ, մոտ եկ:

-Նանա՞ր:

-Մի՜ խոսիր: Ծնկի իջի՜ր:

-Հենց էստե՞ղ:

-Հա՜, բա էլ որտե՞ղ:

-Գոնե ննջարան գնանք:

Ճիշտն ասած, որպես շոկից դուրս գալու հոգեբանական ճիգ, երբեմնի գյուղապետի ներազդրային չակրան Լուսաբերի հետ կոնտակտի իշմարներ էր տվել՝ ստեղծված անհարիր տեսարանի ընթացքում, և տղամարդը պատրաստ էր անհեռանկար և անպատասխանատու գործողությունների:

-Սու՜ս, գոնե վախեցիր, ա՜յ մարդ:

-Ինչի՞ց:

-Սուրբ ցեխը կպատժի:

-Ի՞նչը:

-Ի՜նչը չէ. ո՜վ:

-Եվ ո՞վ:

-Սուրբ ցե՜խը:

Սեդրիկը չէր հիշում, թե երբ կամ որ պահին դա տեղի ունեցավ: Ինչպես ինքը հասկացավ, թե սուրբ ցեխն «ով է»: Ինչպես էր ուզում բացատրել, որ հետքերն իր ցեխոտ կալոշներից են: Ինչպես որոշեց գոտին հանել ու հարձակվել քրմուհիների վրա: Այժմ նա կապկպված էր: Երբ կանայք հավաքվում են ընդդեմ զոհի, ավելի դաժան ու անպարտելի երևույթ չկա: Սեդրիկն սկսեց մտածել, որ իրեն զոհաբերելու են, մատուցելու են նոր կուռքին, և ազատվելու ճիգեր գործադրեց: Նախկին գյուղապետը կանանց այլ տեսանկյունից գիտեր և հարձակմանը լուրջ չէր վերաբերվել, զլացել էր պաշտպանվել, հին ոսկորը գործի դնել, կարգին հակագրոհ հասցնել: Դե, նա չգիտեր, որ կանայք լինում են նաև բարբարոս, ինչու չէ՝ անհաղթելի վայրագ և տեղ-տեղ հակասանիտարական խժդժությունների ենթակա: Ներս մտնող Նանարի ձեռքին ոսկեգույն սկուտեղ էր: Վերջապես օժիտից հանել էր: Վրան ինչ-որ փոշի էր լցրած: Ավելի ճիշտ՝ չորացրած ցեխ: Կնոջ լուրջ և տրամադրված դեմքը ստիպեց Սեդրիկին մտածել, որ եկել է իրեն համոզի՝ զոհաբերվելու: Բայց Նանարն ուղղակի քարոզ էր կարդալու, որ Սեդրիկի չարքին քշի, մոլորվածին դարձի բերի՝ ցեխը պաշտելուն:

Նանարը տուն էր մտել չորս կանանց հետ: Սուրճի սեղանի համար քաղցր բաներ էին գնել և Նանարի առիթմիային համակցող դեմքով եկել էին դա քննարկելու: Երբ ներս էին մտել, Նանարը մի պահ նեղվել էր, որ կեղտոտ է հատակը: Դա վայրկյան էր տևել. չորս կանանց ութ աչքերի թարթոցն սկսել էր տրամաբանել, թե ինչպես են ցեխոտ ոտնահետքերը քայլում մինչև սենյակի կեսը և անհետանում: Չքվում: Լուծվում օդի մեջ: Տարրալուծվում: Երբեք որևէ մեկը այդքան ուշադիր որևէ ցեխի չէր նայել: Իսկ այստեղ՝ չորսը: Մի պահ հետո արդեն ցեխը նրանց էր նայում:

«Սուրբ է մտել», միաձայն որոշել էին կանայք:

Սվետլանա Անուշավանովնան կապույտ աչքերով մի ռուսախոս կին էր, ով նաև Գինոսյան էր: Միշտ նվաստացնող հայացքով էր համագյուղացիներին նայում: Բոլորն արդեն գիտեին, որ նա յոթերորդ սերնդի ռուս ինտելիգենտ է: Այդ Սվետլանա Գինոսյանը: Ճիշտն ասած՝ ուղղագրության և վերջավորությունների հարցում կասկածելի սխալներ էր թույլ տալիս: Դրա մասին մի անգամ պատահաբար խոսեց գյուղի ռուսերենի ուսուցչուհին, ում ձայնը շատ կիրթ էր և ցածրահունչ: Այդ պատճառով գյուղում ոչ ոք ռուսերեն չէր սովորում: Օրերից մի օր Սվետլանան հյուր էր եկել դպրոց՝ Պուշկինի ծննդյան միջոցառմանը: Հետո ելույթ էր ունեցել և որպես կուլմինացիոն ակկորդ արտասանել էր «я помню чыдное мгновение…»-ն, այսինքն՝ «К…ерн»-ը, հետո, խիստ լացակումած, նստել էր: Դահլիճում շշնջացել էին, թե հավանաբար կորցրած սիրուն է հիշել: Դա այն ինքնահնարվող դրամատիկ պատմություններից էր: Միայն ռուսերենի ուսուցչուհին էր հասկացել, որ չգիտի: Բայց դե, ստուգողն ո՞վ էր: Սվետլանային Սեդրիկը ժամանակին մի լավ ճանաչում էր: Դե, գյուղապետ էր:

Նանարը, հոգևոր իմաստունին հարիր հանդարտությամբ, սկսեց խոսել.

-Սեդրի՜կ, լսի՜ր: Էսօր ես, Լուսինեն, Մարիամն ու Սվետլանան մտանք տուն, որ մի բաժակ սուրճ խմենք: Մտնելու պահին արդեն սիրտս մի տեսակ անհանգիստ էր: Սկզբում մտածեցի՝ առիթմիաս է: Հետո, երբ հասկացանք որ տունը սուրբ է մտել, պարզ էր, որ առիթմիաս չի՝ կանխազգացումս էր: Մտել էր: Ու գիտես, Սեդրիկ…

-Նանար,- Սեդրիկը փորձեց մեղմորեն ընդհատել կնոջը,- Նանար ջան,- ի՞նչ սուրբ: Էդ իմ ոտքերի հետքերն են: Ես եմ հասել սենյակի մեջտեղը ցեխոտ ոտքերով: Հետո տեսել եմ, որ կեղտոտում եմ հատակը, հանել եմ կալոշները, մնացածը բոբիկ քայլել:

-Է՜հհ, Սեդրիկ, դու հավատացյալ մարդ ես: Աստվածավախ: Բա չե՞ս ամաչում: էդ ցեխից մի փոքր քսեցի էն նվվացող ոտքիս, անցավ ցավը: Հրաշք: Սուրբ է մտել, յա՜:

-Ես հավատացյալ եմ, Նանա՜ր, բայց ոչ սնոտիապաշտ: Ես Աստվածավախ եմ: Ես Աստվածասեր եմ, բայց իմ սերը բանծիկ չեմ դարձնում, չեմ վաճառում, գլխիս չեմ քսում: Ի՞նչ ցեխ: Ի՞նչ սուրբ: Սուրբը գիտե՞ս ինչ է: Որտե՞ղ է: Ո՞վ է: Էն ցեխոտ գանդ… կալոշները բակում են: Տար, համեմատիր:- Սեդրիկն զգում էր, որ բարեպաշտության իր դաշտը կրկին խաթարվում է: Չհայհոյելու խոստումը քիչ էր մնում խախտեր: Լավ էր՝ դիմացավ:

-Սեդրիկ ջան, չէ՜: Սվետլանան էլ է ասում, որ հաստատ սուրբ է: Գրագետ կին է. չի կարող սխալվել: Մոմ թափող Ռիփսիմեն էլ եկավ էս ընթացքում: Հավատացրեց, որ սուրբ է: Տեսիլք է ունեցել, թե մեր տան գլխին ձիեր են վազվզում և անհետանում:

Սեդրիկը, կապված ձեռքերն ու ոտքերը թափահարելով, գազազած բղավեց.

-Տո՜ ես էդ Սվետլանայի սրբաճանաչ հոգին խորքից գիտեմ, էէէէէ: Ես հիմա գնամ դրան էլ, Ռիփսիմե դարձած Հը՜ռիփսիկիդ էլ ցեխը մտցնեմ: Վա՜յ իմ փնթի ինչն եմ ասել: Ա՜խր ես ոնց նույն պահին չմաքրեցի: Բայց դե ինչ իմանայի, որ կնիկս նոր աղանդի հիմնադիր կդառնա: Վա՜յ ինձ: Վա՜յ ինձ:

Առավոտյան Սեդրիկն արթնացավ լեզվի չորությունից և մեծաքանակ ձայների խլրտոցից: Ինքն անկողնու մեջ էր: Հիշեց, որ խոստացել էր խելոք մնալ, չխանգարել: Հետո բացել էր քսան տարվա՝ գյուղապետի կոնյակների արկղը: Քանի օր էր անցել՝ չգիտեր: Հուշիկ քայլերով ուզեց ննջարանից դուրս գալ, որ գնա ջուր խմի: Դուռը բացեց թե չէ, ամբոխաքուլան խփեց դեմքին: «Մեղավորների» բազմությունը, խռիվ դիրքերով՝ պառկած, ծնկի իջած, կիսաթեք ընկած, տնքոցներով, լացերով ու վայերով, մզզոցներով ու մուղամներով լցոնել էին իր տունը: Խելագարություն աճեցնող մի որդ հարմար տեղավորվեց Սեդրիկի գլխում և սկսեց ձվադրումը: Նախկին գյուղապետը կիսաբաց արեց դուռը և մի աչքով սկսեց նայել, թե ինչ է կատարվում: Իրականում դա այդքան էլ անկանոն բազմություն չէր: Նրանք շատ կազմակերպված հերթ էին կառուցել այդ բոլոր ճիմուռ դիրքերի մեջ: Նանարը նստել էր սենյակի կենտրոնում, սպիտակ շորերով, ձեռքին՝ մի սափոր: Դրա մեջ ցեխն էր: Ձևը գտել էին. գետնից հավաքած ցեխին խառնել էին նոր ու շատ ցեխ, որը տեղում ձեռք էր բերել «բնօրինակի» հատկանիշները: Այդպիսով, կարելի էր մշտապես ունենալ շատ«սուրբ» ցեխ: Նանարի կողքին Հը՜ռիփսիկն էր: Նա աչքերը փակում էր, «զգում», թե հիվանդի որ տեղին է պետք ցեխը քսել: Այդ ամբողջ գործընթացը համակարգում էր Սվետլանան: Նա հերթագրվելու համար գումար էր գանձում: Վճարն էլ գյուղում «Բուժիչ Ցեխի Տարածում» հիմնադրամին էր ծառայելու: Հերթն առաջ գցելը Սվետլանայի անհատական մասնաբաժնով էր լինում: Գյուղացիները, բացի վճարումներից, Նանարի համար բերում էին նաև բարիքներ, ինչպես նախկինում էր: Բերում դնում էին ոտքերի տակ, որ ցեխն ավելի բարի գտնվի իրենց հանդեպ: Արդեն պարզ չէր՝ ցե՞խն են պաշտում, սրբի՞ն, թե՞ Նանարին: Սեդրիկը չդիմացավ: Դուրս եկավ ննջարանից և իր չորացած բերանով սկսեց բղավել. «Ժողովո՛ւրդ, դա իմ ոտքի տակի ցեխն է: Ես եմ տուն մտել ցեխոտ ոտքերով»: Նա վարտիքով էր: Դա ավելի սրեց տեսարանը: «Խելքը թռցրել է»,- լսվեց տարբեր կողմերից: «Պղծի՜չ է»,- մեկը գոռաց: «Ցեխը վրան քսեք»,- հոգատարությամբ բացականչեց գյուղի բուժքույրը: Հը՜ռիփսիկը բռով ցեխը վերցրեց և արագ սկսեց քայլել դեպի Սեդրիկը: Նախկին գյուղապետը, որ քսան տարի առաջ անսպասելի դարձի էր եկել կաշառակեր չինովնիկի կյանքից և օրն անց էր կացնում հողագործության ու աղոթքի մեջ, հիմա դարձավ ագրեսիվ հակացեխական: Հասկանալով, որ մոմ թափողի տոլեռանդ ձեռքը դեպի իրեն է սուրում, Սեդրիկը հետ փախավ ննջարան: Հը՜ռիփսիկն ադաթավոր կին էր, սակայն ուրիշի ամուսնական օթյակը նրան հետ չպահեց: Սեդրիկի միակ հույսը բաց պատուհանն էր: Տունը միհարկանի էր:

Բակի զուգարանի հետևում տրուսիկով ծվարած Սեդրիկը հետհարբեցողական դողի մեջ էր: Ջուր էր ուզում, ինչպես նաև՝ մոլագարներից և խումարից ազատվել: Մի ինչ-որ կետում դա վերածվել էր խումագարության:

-«Սուրբը» ցեխ է սիրում,- լսվեց պատի հետևից:

Տարբեր տարիքի պառավակույտն անցել էր քննարկման:

-Հիշո՞ւմ եք, սրանից մի 20 տարի առաջ, երբ էս Սեդրիկը գյուղապետ էր, «սուրբը» եկել՝ պառկել էր ցեխի պարկի վրա. Տեր-Ներսիկի: Դրանից հետո էլ տարան «օծեցին»: Սրբի տված էր,- պատմում էր մի ինքնավստահ, ձիգ քթով կին:- Ես էն ժամանակ փոքր էրէխա էի: Մամաս կասկածել էր, թե գրիժա ունեմ: Հերս գրկած տարել է ու պառկացրել հենց պարկի վրա: Ասում են, հինգ րոպե հետո ուրախ վազվզում էի:

Սեդրիկը կանգնեց մի մեծ քարի վրա և պատի այն կողմից գլուխը բարձրացրեց.

-Ինչի՞ց է կասկածել մամադ, որ գրիժա ունես:

-Փորս ցավացել է:

-Բայց դա գրիժայի հետ ի՞նչ կապ ունի,- իր չորացած բերանը ձկան պես բացուխուփ արեց Սեդրիկը:

-Անընդհատ ցավացել է:

-Փո՞րդ:

-Հա՜:

-Կարող է՝ գազե՞ր ունեիր:

-Սեդրի՜կ ձյաձյա, գազերը գրիժայի հետ ի՞նչ կապ ունեն,- բժշկությունից անգետին հատուկ ինքնավստահությամբ բացատրեց նախկին փոքր աղջիկը:

«Իրոք որ կապ չունեն»,- մտածեց պորտը տեղը դրված Սեդրիկը և վերստին իջավ զուգարանի հետևը:

Ինչ-որ մեկի ժիր ձեռքը տանջասեղմեց նրա թիկունքը: Հը՜ռիփսիկը վրա էր հասել թաքուն, և ձեռքը զուգարանի մյուս կողմից կատվային ճարպկությամբ հասցրել էր մի մարդու մեջքին, ով վարտիքով էր և խումար: Տեղից վեր թռած Սեդրիկը սկսեց վազել՝ ցամաքած բերանով «հո» անելով: Հը՜ռիփսիկը՝ հետևից: Դեմը դուրս եկած Նանարի կուռքե հայացքը՝ սպիտակ հագուստի մեջ, մի պահ կանգնեցրեց խելագար Սեդրիկին.

-Նանար: Նանար ջան: Խելքի եկեք: Դա իմ ոտքերի հետքերն են: Սուրբը ցեխ չի սիրում: Սուրբը քո մաքուր հոգին է սիրում, քո բարի մտքերը, քո արդար ձեռքերը, քո էն ներող լուսավոր ժպիտը, երբ ջահել վախտին կյանքդ ուտում էի, քեզ հայհոյում էի: Սուրբը մեր տղային պահպանում էր ամեն անգամ, երբ սահմանին կրակի տակ ծառայում էր: Քո աղոթքները տեղ հասան, երբ քույրդ անհետ կորել էր, ու մեկ էլ գտան: Աստված է Սուրբը: Վերևի՝ երկնքից քեզ նայող Աստվածը: Դրա մասին գիտի ներսիցդ երկնքին նայող քո հոգին: Ցեխի վրա սուրբ չի իջնում, բայց Սուրբը թող մաքրի մոլորված միտքդ, Նանար:

Նրա հետևում պապանձված Հը՜ռիփսիկը մյուս կողմից մոտեցավ Նանարին.

-Աղա քույրիկ, Նանար ջան, դու, երբ գյուղի Առաջին Տիկինն էիր, սուրբը եկավ, ցեխի վրա իջավ: Դա նշան էր, որ Աստված ուզում է, որ դու գլխավորը լինես էս գյուղի: Դու չհասկացար: Հիմա արդեն նույն բանը կրկնվում է: Սա քո ուղին է: Ժամանակն է, որ գործես:

-Սո՜ւս, ախչի, այ Հը՜ռիփսիկ: Ա՜յ անտրամաբանական Հըը՜ռիփսիկ,- գոռաց Սեդրիկը,- գոնե դու սրբից և ճանապարհից մի խոսիր: Հեռու գնա, էս խեղճ կնկան մի գայթակղիր փառքով:

-Էդ դու սուս, այ մարդ: Ժամանակին ամբողջ գյուղը մեզ պատիվ էր տալիս, մարդու տեղ էին դնում: Քո պատճառով դարձանք, Սվետայի ասած, «բեդնիյ ռոդստվեննիկ»: Ի՞նչ ես կատաղած ցուլի պես աջ ու ձախ վազում: Խելքի արի: Հիմա Աստված մեզ հաջողություն է տվել:- Դեմքի արտահայտությունը փոխեց ու անիրավ դատավորի պես պոռթկաց կինը, որը տարիներ շարունակ, փառքից գահընկեց, ապրել էր չիր պատրաստելով:- Աստված է մեզ տվել սա:

-ՔՈՈ ՏԵԵՐ ԱՍՏԾՈՒՈՒ ԱՆՈՒՆԸ ԶՈՒՐ ՏԵՂԸ ՉՕԳՏԱԳՈՐԾԵՍ,- բղավեց Սեդրիկը և փախավ: Բակից փախավ դուրս և սկսեց գյուղի միջով վազել դեպի սարերը: Նա հիմա գիտեր, թե ինչ են զգում ցամաքում հայտնված ձկները: Սեդրիկը վազում էր այնպես, կարծես ամբողջ գյուղն իր հետևից էր վազում: Ու հետ չէր նայում: Հետո մտածեց, որ միայն Նանարն է իր հետևից վազում: Ու ավելի ուժգին սկսեց վազել: Ապա կանգ առավ: Այլևս ուժ չուներ: Ոսկորը ծանր էր, իսկ ինքը՝ պապակ: Պատրաստ էր հանձնվել Նանարին: Հետ նայեց: Չկար: Թուլացած նստեց: Ծարավից շատ վերջին միտքն էր նրան խեղդում: Թե ո՜նց էր փախչում Նանարից: Իր Նանարից: Բայց իրե՞նն է որ: Բա որ իրենն է, ինչո՞ւ էր այդպես փախչում: Ինչո՞ւ չէր շրջվում և գիրկը նետվում: Այսքան տարի, իր ներսում ծվարած, Աստծուն պատրվակ արած, թաքնված էր իր Նանարից: Նրա աչքերից: Մեղադրանքից: Լավ կյանքից զրկվելն ու թերությունները հայացքով դեմ տալուց: Զոհի վեհ կերպարանք առած Նանարից: Ասես միշտ պետք է արդարանար, թե ինչու ինքն էլ գյուղապետ չի: Թե ինչու էլ կաշառակեր չի, միշտ կարմրած թշերով, գառ կերած չինովնիկ չի: Թե ինչու ի պաշտոնե վերադասների հետևը լպստող չի այլևս: Հազար ու մի անառակի ծոցը մտնող չի: Սվեծիկը, չէ՝ Սվետլանա ԱՆուշավանովնան վկա: Պետք է տարիներ շարունակ, ամեն օր ու ամեն գիշեր հաշվի նստեր Նանարի այդ հայացքի հետ: Փառքը կորցրած իր տիկնոջ խոնարհ հպարտության հետ: Ու հիմա ինքը՝ այդ ծանր ոսկորով հին գյուղապետը, ներկայիս Սեդրիկը և բարեպաշտ հողագործը, իր ամբողջ բնույթով լցված էր դիմացի սարի կիսալանջի վրա: Ջուր էր ուզում: Գոնե մի կաթիլ ջուր: Հիմա մի բան հասկացավ: Տարիներ շարունակ մեղադրել էր. հիմա հասկացավ: Երբ հայրը մահամերձ էր, վերակենդանացման բաժանմունքում պառկած անընդհատ ջուր էր ուզել: Բժիշկներն արգելել էին, թե ջուր չի կարելի: Հերն էլ առատ ջուր խմող, ջուր սիրող մարդ էր: Կինն էլ երկրորդ կին էր, ում Սեդրիկը չէր սիրում, չէր ընդունում: Երևի որովհետև կարգն էր այդպիսին: Այս կինը դռան հետևից լսել էր, որ ամուսինն անընդհատ ջուր է ուզում, բայց տվող չկա, կռվով ներս էր մտել, ջուր խմցրել: Մի քանի ժամ անց հայրը հեռացել էր աշխարհից՝ Սեդրիկի հոգում թողնելով բութ մեղադրանք, թե այդ կինը սպանեց իր հորը՝ մի բաժակ ջրով: Գյուղում դրա մասին այլանդակ զրույցներ էին պտտվել, ու նաև՝ որ այդ կինը գոնե մի արցունք ձևի համար չի թափել մարդու համար: Սեդրիկն էլ հասկացել էր, որ հոր ունեցվածքն է «կեղտոտին» հարկավոր եղել: Այսինքն՝ մի խեղճ ու կրակ, հալից ընկած կով: Հալածել էր այդ կնոջը, ընդհուպ մինչև գյուղից վռնդելը: Այդ կինը գնացել էր քաղաք, ու էլ ոչինչ չէր իմացել նրա մասին. ոչ մի բառ:

«Ի՛նչ աստվածասեր: Ի՛նչ բարեպաշտ: Ես մեղավոր, քինախնդիր, հպարտ ու ողորմելի արարած եմ»,- նվվաց Սեդրիկը: Նա անհույս տնքում էր, թևերը պառկած տեղում թափահարում, օդում տարածում՝ ասես սարդոստայն էր բացում: Նրա աչքին իրոք սարդոստայն էր երևում: Նա նստեց և սկսեց պատմել: Ինչ-որ մեկին պատմել. «Ես ուզում եմ լաց լինել,ու չեմ կարողանում: Ես լացել չգիտեմ: Ես գիտեմ մեծամասշտաբ գոռոցներ անել, որոնք ուղեկցվում են հարվածներով, կռիվներով, չկառավարվող խոսքերով: Բայց ես անհայտ կարողությամբ սովորել եմ եմ այդ ամենը հավաքել զուսպ և ողջամիտ դեմքի արտահայտության տակ՝ ոնց որ փոքրացած կոշիկից սեղմվող թաթի մեջ: Նույնիսկ կարողանում եմ դրան ձև ու բովանդակություն հաղորդել, ինչպես տձև կուրծքը ցանկալի էին դարձնում հնադարյան կորսետներով: Ավելին, վարժեցրած գիշատչի պես թաթս վեր եմ պարզում: Եվ այս բոլորի կաղապարն իմ մարմինն է: Ես լացերի լացերը կույտերով ամբարած՝ քայլում եմ հոգնած, ծանր հեղուկները պահածոների պես ամբարած՝ շարժվում եմ դժվար, քնում եմ անհանգիստ, շնչահեղձվում են անմիտ գիշերներում: Սեղմում եմ ճակատս, որպեսզի երկու կաթիլ արցունք գա ու ինձ ազատի անվերջ խեղդոցից, ու չեմ կարողանում: Ու դա հպարտության մեղքի բարձրագույն բաժինն է, երբ ինքդ քեզ արժանի չես համարում, որ քեզ մոտ լաց լինես»:

Կիզիչ արևը հողերն էր մաշում: Սեդրիկը դեմքը բարձրացրեց վերև ու նշագեղձերի արանքից մղկտաց. «Ողորմիր: Ցեխը ես եմ: Ես ցեխ եմ: Ցեխ»:

Երբ անձրևը շրխկում էր Սեդրիկի դեմքին, նա չգիտեր՝ օրվա որ ժամն է, ինչ է եղել: Որտեղից էր այն քամին, ամպերը: Ո՞ւր գնաց կայծակը, որը գալիս էր իր մոտ: Նա վերևից լցվող ջուրը հավաքում էր ափերի մեջ ու խմում: Հավաքում էր ու խմում: Համեղ էր: Սեդրիկը չէր հասկանում՝ իր վրայով անձրև՞ն է այդքան առատ հոսում, թե՞ ինքն է հորդառատ լալիս: Ջրերը խառնվել էին իրար: Հոսում էին, հողերը ցեխ դարձնում: Սեդրիկին լողացնում, հագեցնում, լացացնում:

Արթնացավ տանը: Դրսից շըխկ ու թըխկ էր լսվում: Իր մահճակալի կողքի աթոռին, կիսաթեք փռված, քնած էր Տեր Ներսեսը: Մտքում ինքն իրեն գովեց, որ ժամանակին բազկակալներով, թիկնակով աթոռներ է գնել. հիմա մարդիկ հանգիստ քնում են դրանց վրա: Քաջություն հավաքեց և շարժվեց դեպի դուռը: Վախվորած, կրկին, ինչպես դեժավյու-ի մեջ, գլուխը ննջարանից դուրս հանեց: Տեսարանը նույնն էր. Նանարը՝ սպիտակ շորերով, Հը՜ռիփսիկը՝ մեծ շամամի դեմքով, ցեխը՝ սափորի մեջ և Սվետլանա Անուշավանովնան՝ վերջերս կես չին բարձրացած հարկահավաքի սպառնալից հայացքով: Այս անգամ Սեդրիկը լուռ հետ քաշվեց: Նանարին հայտնել էին, որ հակացեխականն արթնացել է, և Մեծն Տիկինը, մի խումբ կանանց հետ, հայտնվեց ննջարանում: Լուռ փաթաթվեց ամուսնուն: Շշունջները պարուրեցին Սեդրիկին. ՙՑեխը բուժեց՚: «Ասում էի, չէ՞»: «Զորավոր է ցեխը»:

Սեդրիկը հետ հրեց կնոջը.

-Նանա՞ր:

-Սեդրիկ ջան, քեզ գտել ենք ծանր վիճակում՝ բարձր ջերմությամբ, անձրևից թրջված, կեղտակոլոլ: Բերել ենք տուն: Երկու օր ջերմության մեջ զառանցում էիր: Լավ չէիր: Բուժքույր Օսանը հույս չէր տալիս: Կողքիցդ չենք գնացել, շատ ցեխ ենք քսել: Տեր Ներսեսն էլ անընդհատ աղոթում էր:

Սեդրիկը լուռ, ավելի ճիշտ՝ բերանը ջուր առած, մոտեցավ լուսամուտին: Ապակու միջով տեսավ իր թիկունքում Տեր Ներսեսի արթնացած կերպարանքը: Նախկին հանցակիցները պատուհանի արտացոլանքում իրար էին նայում կյանքից առը՜ս շախ և մատ եղած հանձնվյալների դեմքով:

-Գառդ մեծացե՞լ է,- առանց շրջվելու հարցրեց Սեդրիկը քահանային:

-Արդեն հասուն ոչխար է,- SiO2-ի միջից նրան պատասխանեց գյուղի հովիվը:

Շատերն էին հիշում այդ օրը, երբ Տեր Ներսեսը հրաժարվեց գառին ՙօրհնել՚ որպես մատաղացու, քանի որ դրա մայր ոչխարը գյուղով մեկ եկել էր գառի հետևից ու մայում էր, թե ձագիս մի մորթեք: Քահանան էլ չէր թողնում. ոչխարի կողմից էր: Մատաղի տերերը կռիվ ու հրմշտոց ստեղծեցին, բա՝ «հո՜պ, մի փեշ փող ենք տվել»: Տեր Ներսեսի արթնացած խիղճն էլ բացեց սեփական քղանցքների պահոցը, հանեց ևս երկու փեշ փող ու փրկագնեց գառին էլ, մորն էլ: Տարավ իր տուն: Մատաղի տերերը մոռացան գառի ու զոհաբերության մասին, չհասկացան, թե ինչ կատարվեց ու գնացին մոմ թափող Հը՜ռիփսիկի մոտ: Սա էլ կայծակնային իմաստնություն էր ստացել, արագ հայտնել էր, թե Տեր Ներսեսի միջոցով Աստված վերցրել է նրանց բաժին մեղքն ու փորձանքը. էլ մատաղ պետք չէ: Կարող են գնալ, հանգիստ ապրել:

-Աչքերիդ մեջ խոնարհություն եմ տեսնում, Տեր Ներսես,- ասաց Սեդրիկը՝ պտտվելով դեպի քահանան, և ինքն իր վրա զարմացավ, որ Կարո, Կիկոս կամ այլ կերպ չդիմեց:- Գառը կյանքդ փոխե՞ց:

Քահանան մոտեցավ նախկին գյուղապետին, ձեռքերը դրեց իրենից կարճահասակ, բայց ջլապինդ ուսերին, հազիվ խեղդեց արցունքներն ու գրկեց մարդուն.

-Ո՜նց չէի ուզում, որ գնաս մեզանից:

-Տեր Հաա՜յր, հոգևորականին վայել քեզ պահիր. Բա հավիտենական կյանքը,- կատակի տոնով խոսեց նախկին գյուղապետը:

-Ես շատ տկար եմ հավատիս մեջ, որ դա ինձ ուժ տա:

-Ա՜յ, որ գնայի, ստիպված կհավատայիր, որ ուժ ստանայիր: Դա էլ կլիներ քո նոր փորձությունը: Եթե հաղթահարեիր, հոգևոր մակարդակդ կաճեր, լույսդ կբացվեր, վեղարդ գլխիդ կնստեր:

Քահանան գրեթե հեկեկաց…

-Եղբաա՜յր, իմ բաժինն ինձ թող, բայց ոչ քո հաշվին:

-Էդքան վա՞տ եմ եղել,- անկեղծ զարմացավ Սեդրիկը,- իրո՞ք:

-Էհ, պարոն Սեդրիկ, նույնիսկ համաձայն էի, որ վրադ ցեխ քսեն,- նյարդային հռհռոցով խոսեց քահանան:

Մեծն Տիկինը Պենելոպեի հայացքով դուրս հրավիրեց կանանց, որոնք կանգնել էին սգո տուն մխիթարության այն եկածների պես, որոնք չգիտեն՝ ինչ ասել, ու չռված աչքերով են:

-Սեդրի՜կ,- միջամտեց Նանարը,- Տեր Ներսեսը երկու օր ոչինչ չի կերել և, կողքիդ ծնկի իջած, անընդհատ աղոթել է:

-Այսինքն՝ Նանար, խոստովանո՞ւմ ես, որ ցեխը չի բուժել ինձ:

-Սեդրի՜կ, կարևորը, որ լավ ես,- համառեց կինը:

-Կարևորը, որ գիտակցես, թե ինչ է կատարվում, այ ինձ գիժ ու հանգուցյալ սարքած կնիկ:

Սեդրիկը դուրս նայեց պատուհանից: Երևի մի երեք շաբաթ է, ինչ կիսագիտակից, կիսախելագար ապրում է: Կարո՞ղ է՝ երեք տարի է: Կամ՝ անքանակ ժամանա՞կ է: Դրսից եկող ձայները շինարարության մասին էին: Գյուղում ինչքան տղամարդ կար՝ բանում էր:- Բա սա ի՞նչ է, Նանար,- հարցրեց ժամանակի միջանցքներից վերադարձածը՝ նայելով դրսի շըխկ ու թըխկին:

-Սեդրիկ ջան, հենց Տեր Ներսեսն իմացավ, որ «սուրբը» նորից եկել է, որոշեց դրա պատվին ձեռնարկել գյուղի եկեղեցու կառուցումը:

-Բա՜… էդքան փող որտեղի՞ց,- ձեռքերն օդում տարածեց նախկին գյուղապետի հաշվարկը:

-Քարի հանքի տերը՝ Հերմեսը, եկել էր ցեխ տանելու: Երբ իմացավ, թե ինչ վիճակում ես, ներս մտավ: Տեր Ներսեսը, ես ու Հերմեսը երկար խոսեցինք քո անկողնու շուրջ նստած: Ճիշտն ասած՝ հույս չունեինք, թե կվերակենդանանաս, ուզեցինք քո հիշատակին նվիրված՝ անպայման կիսատ գործդ վերջացնել: Այսինքն՝ Տեր Ներսեսը համոզեց Հերմեսին: Որոշեցինք, որ շինանյութն ու ճարտարապետը Հերմեսը կտա, աշխատուժն էլ գյուղացիները կլինեն: Վերջապես մեր գյուղն էլ եկեղեցի կունենա:

Նանարը մի պահ պաթոսին դադար տվեց, գլխի ծածկոցը հանեց, սպիտակ շորի փեշերը թեթև քշտեց, նստեց:

-Մարդիկ ցեխերի միջից քթները կհանեն, համ էլ… Համ էլ, սրբերն իջնելու տեղ կունենան:

-Նանա՜ր: Դրանք իմ ոտքերի հետքե՜րն են: Նանա՜ր:

Կինը նայեց Սեդրիկին, վեր կացավ, մոտեցավ դռանը, որ դուրս գա: Հետո կանգնեց: Շրջվեց ու թեք ժպիտով պատասխանեց.

-Գիտեմ:

Նախկին գյուղապետը չհասկացավ՝ ի՞նքն էլ է խելագարվել, թե՞ կնոջ թեք ժպիտն իր մոտ հին կայծեր արթնացրեց, կամ էլ մտածեց, որ քսան տարի հետո նոր Սեդրիկը պիտի ավարտի հին գյուղապետի սկսածը: Ու թող որ ցեխը լինի այդ ամենի սկիզբն ու ավարտը: Սեդրիկը դուրս եկավ, վերցրեց բահն ու վազեց դեպի շինարարությունը:

Նա կրկին վարտիքով էր:

Էկրանին.

-Isk Hayastanum cex ka?

-Aysinqn?

-De, Hayoc cexy inch cagum uni?

-Chem haskanum.

-Inch I nkati unes «cex» aselov? Tarasxal chka?

-Ed qo asac «tarasxalovic» gitem vor ka, yes patmakan harcer em uzum qnnarkel. Hayoc tseghn em harcnum.

-Tarasy xal uner?

-Inch Taras?

-Bulban.

-Che, chub uner.

-Bayc inqn inch kap uni hayoc cexi het?

-Voch mi.

-Kpoxes hayeren tareri.

-Այո:

 

 

Ստեղծագործության  մտահղացումը

Վահան Գրիգորյանինն է, ով

այս պատմվածքի  հիման վրա իր գրած

սցենարով պատրաստվում է 

համանուն ֆիլմ նկարահանել:

 

Անդին 03.2018

Կարծիքներ

կարծիք