Հայկական կոնյակը

Դուք գիտեք՝ հայկական կոնյակը պարզապես խմի՞չք է. կարմիր կոնյակը լցրեցիր սպիտակ բաժակի մեջ կամ սպիտակ կոնյակը կարմիր բաժակի մեջ և… կոկորդիցդ ներս է ծորում անմահական խաղողի անուշահոտ բուրմունքը:

Ասում են՝ հայկական կոնյակին շունչ է հաղորդել Վասիլի Շուստովը[1]. ունենալով բարձր ջերմություն՝ օղին լցրել է կաղնե գավաթի մեջ ու քաշել փորը. թելը որտեղ բարակ է, թող այնտեղ էլ կտրվի: Սակայն չկտրվեց: Բայց այստեղ չկտրվելը չէ կարևորը, ոչ էլ օղին, ոչ էլ Շուստովը: Կարևորը հայկակա՛նն է ու կոնյա՛կը:

Ո՞վ է հիշում, թե ամեն տարի Հայաստանն ինչքան կոնյակ է արտադրել: Այստեղ էլ կոնյակի հա՛մն է կարևոր:

Հայաստանի ժողտնտեսության հաշվետվություններում կոնյակն ու ջուրը նույն լիտրերով էին գրանցվում. արտադրվել է երեքհարյուր հազար լիտր կոնյակ, խմվել է մեկ միլիոն լիտր ջուր: Կարևորը լիտրը չէ. կարևորը կոնյակի արած գործն է, որը ոչ միայն խորանարդ մետր փողերով էր հաշվվում: Քանի՜մարդ է իր դարդերը կոնյակի միջոցով թեթևացրել, քանի՜մարդ է սրտի ջրերին կոնյակի ուժով ճանապարհ տվել: Հայաստանի բոլոր գործերը Մոսկվայում կոնյակով էին լուծվում, գիտնականների ատենախոսությունները կոնյակի բուրմունքով էին մեզ փառք ու պատիվ բերում, բայց ոչ միայն մեզ ու ոչ միայն Մոսկվայում:

Ուինսթոն Չերչիլը[2] որոշել էր Երկրորդ համաշխարհայինը հաղթել՝ հանուն մեր «Դվին» կոնյակի: Համն առել էր, պոկ չէր գալիս: Ու գլխավոր շարժիչ ուժը վախն էր. հանկարծ Հայաստանը Հիտլերի իշխանության տակ չանցնի. կոնյակն էլ կկործանվի, Հիտլերն էլ, բա հետո ո՞ւմ դեմ կռիվ անի: Մինչև ՙԴվին՚ խմելը նա Հայաստանի տեղն էլ չէր իմացել, իսկ հիմա հաստատ գիտեր, որ Հայաստանը «Դվինից» է առաջացել, իսկ Խորհրդային Միությունը՝ Հայաստանից: 1949 թվականին ԱՄՆ-ի՝ գերեզմանի արժանի նախագահ Տրումենը[3] կամեցել էր ԽՍՀՄ-ի դեմ կռիվ սկսել, այն էլ՝ Թուրքիայից, Հայաստանի վրայով… Չերչիլն իմացել ու կարմիր կոճակը սեղմել էր. Հայաստանի կոնյակին մազ չդիպչի… Չսեղմեր՝ Երրորդ համաշխարհային պատերազմ էր… Երրորդ համաշխարհային պատերազմը երկու անգամ են սանձել. մի անգամ հայկական կոնյակն է կանգնեցրել, մի անգամ էլ՝ 1961 թվականին, Անաստաս Միկոյանը[4]: Ոչ առաջինին մի կարգին արձան կա, ոչ երկրորդին. շատ աշխատողին՝ շալե շապիկ…

Կոնյակի զորությունը լավ է ըմբռնել Գրիգոր Հարությունյանը[5]: Ինչ կար-չկար՝ խորհրդային ղեկավարների ձեռքերում էր, սրանք էլ մինչև կոնյակի բաժակը չդատարկեին, աչքերի դեմ լույս չէին տեսնում, այսինքն՝ Հայաստանի վրա ոչ աչք ունեին, ոչ լույս, սակայն կոնյակը մութ տեղը լույս էր տալիս…

Գրիգոր Հարությունյանի համար կոնյակը գիտելիք չէր, կոնյակը զորավոր միջոց էր: Տասնվեց տարի կառավարեց, տասնվեց տարի Մոսկվա զեկուցեց, թե կոնյակի գործարան է կառուցում: Կառուցեց ու կառուցեց… «Արարատից» անցանք է՛լ «Հայէլեկտրո» , է՛լ «Լենտեքստիլ», է՛լ Երևանի օպերայից դեպի Հրազդան ընկած ամբողջ տարածքը («Բաղրամյան», «Կիևյան», «Կոմիտաս»…), է՛լ Ջերմուկ, է՛լ Կիրովական…

Հարությունյանից հետո Հայաստանի կենտկոմում մի քանի ղեկավար փոխվեց, բայց թե՛ իրենց բախտը չբերեց, թե՛ մենք բախտ չունեինք, սրանք արագ եկան ու գնացին: Եկավ Հակոբ Զարոբյանը[6], ով հասկացավ, որ Հայաստանը պետք է Հարությունյանի ոճով՝ աչքի լույսի պես պահել. զարգացման շարժիչն էլ, իհարկե, բոցաշունչ կոնյակն էր:

Այս ամենը բախտորոշ էր, բայց ոչ պատմական: Պատմական դարձավ կոնյակի դերը Սևանի փրկության գործում…

Երբ մեր խելացի գիտնականները ցամաքեցնելու էին կապուտաչյա Սևանը, 1961 թվականին ԽՍՀՄ փառապանծ ղեկավար Նիկիտա Սերգեևիչ Խրուշչովը որոշել էր ոտքը դնել իր մտերիմ ընկերոջ՝ Անաստաս Միկոյանի հայրենի հողի վրա: Թե ինչքան գորգ էին գործել մեր գորգագործները այդ այցի առթիվ, թե ինչքան ցախավել էին մաշել հավաքարարները ու ինչքան թմբուկ էին պատրաստել թմբուկագործները՝ միայն Աստված իմացավ: Մեր հանրապետության համար մեծ պատիվ էր Խրուշչովի այցը, քանի որ այլ պաշտոնական անձինք գերադասում էին մեկնել արտասահման: Ժողովուրդը ցնծության մեջ էր՝ բացի… Հայաստանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Հակոբ Զարոբյանից, որը գիշերներն էլ չէր քնում բարձր հյուրին կարգին դիմավորելու համար: Հիմա թվում է, թե նա գիշերուզօր Արփա-Սևան թունելի հատակագիծն էր գծել տալիս… Բայց ոչ: Զարոբյանը հատակագիծը նախապես էր պատրաստել, կարմիր թելով էլ թղթապանակը կապել: Նրան Զարոբյա՜ն կասեն: Հիմա նա զբաղված էր Խրուշչովի համար կոնյակի դոզան ճիշտ որոշելով:

Նիկիտա Սերգեևիչը աղա մարդ էր, ուտող-խմող, իսկ ուտող-խմող մարդը երբեք վատը լինել չի կարող: Համենայն դեպս, այդպես ասում են կերած-խմած մարդիկ:

Կենդանի վկաները պատմում են, որ երբ Զարոբյանը    «թագավորի» այցից մեկ ժամ առաջ «Արարատի» մառանում վերջին անգամ փորձնական ըմպեց «Ախթամարի» կես բաժակ ոսկե ջուրը, աչքերը բարձրացրեց վերև ու մռլտաց՝ դոզան ինքն էր:

Հենց օդանավակայնում աշխարհի ամենահզոր մարդուն մի բաժակ կոնյակ էին պատիվ տվել՝ հայ հողին բարձր հարգանք ցույց տալու համար: Հասել էին Երևան ու մտել «Արարատ» ռեստորան: Մի չորս բաժակ էլ երկրի տերն այստեղ էր համտես արել: Ընդամենը համտես. քեֆը դեռ առջևում էր…

Խորհրդային ղեկավարները հանրապետությունների մայրաքաղաքներն այցելելիս միշտ իրենց հետքն էին թողնում: Օրինակ՝ ԽՍՀՄ կենտկոմի քաղբյուրոյի անդամ Կիրիլենկոն[7] նույն ժամանակահատվածում Բաքու այցելելիս կարգադրել էր գազանանոց կառուցել, չնայած քաղաքում մի գազանանոց արդեն կար: Խրուշչովն այդ առումով ավելի ձեռնբաց էր կամ էլ, ի՞նչ իմանաս, գուցե նրանք Մոսկվայից դուրս գալուց առաջ ինչ-որ բան էին պայմանավորվել…

-Երևանում կրկես կա՞,- հարցրել է նա «Արարատից» դուրս գալուց առաջ:

-Շինարարությունն ավարտել են,- պատասխանել է Զարոբյանը:

-Օպերային թատրոն կա՞:

-Կա:

-Գեղարվեստական թատրոն կա՞:

-Կա:

Խրուշչովը լեզուն կծել է՝ բա ի՞նչ չկա: Պահանջել է մի բաժակ էլ «Ախթամար» լցնել: Խմել է ու ձեռքը խփել սեղանին՝ Անաստասն է մեղավոր: Ի՞նչ էլ իմացավ, որ Անաստաս Միկոյանը Գրիգոր Հարությունյանի հետ թև թևի է աշխատել:

Մանրոտքը խառնվել է իրար, իսկ Զարոբյանի աչքերի մեջ հույսը լույս է տվել. կոնյակի դոզան ինքն է:

Սևանի ճանապարհին Զարոբյանը հարցրել է.

-Նիկիտա Սերգեևիչ, ի՞նչ կլինի Ռուսաստանին, եթե Վոլգան ցամաքի:

-Այդ ի՞նչ ես ասում,- զարմացել, զայրացել ու սփրթնել է Խրուշչովը:- Կարո՞ղ էր ավելի սարսափելի բան մտքովդ անցնել:

-Ի՞նչ ասեմ,- խոստովանել էր Զարոբյանը:- Մեր Սևանը ցամաքում է:

-Ամերիկացիներն են մեղավոր,- կողքից հուշել է Սուսլովը[8] , որն ուղեկցում էր Նիկիտա Սերգեևիչին:- Ամերիկացիներն են…

-Ձուկն են ուզում տանել: Իշխանը,- հուշել էր Զարոբյանը:

-Ա՞յս ձուկը,- զարմացել էր Նիկիտա Սերգրևիչը, երբ մի կտոր կծել էր տապակած իշխանից:- Աշխարհի կարմիր ապագայի երկրի հերն անիծե՞լ են ուզում:

Կողքից խաշած իշխանն են մատուցել: Խաշածի համն ուրիշ է… Խրուշչովը մի կտոր իշխանի հետ երկու բաժակ ՙԱխթամար՚ ըմպելուց հետո ձեռքը նորից խփել է սեղանին.

-Դաշնակցականներին վերացնել, իսկ կոմունիստներին ամեն ինչ տալ Սևանը փրկելու համար:

Խմել են Հայաստանի, Խրուշչովի և Լենին պապիի կենացը: Ձեռքի հետ Խրուշչովը հարցրել է՝ Հայաստանից վերացվե՞լ են Ստալինի բոլոր արձանները: Համոզվելուց հետո Նիկիտա Սերգեևիչն առաջարկել է խմել աշխատավոր ժողովրդի, կարմիր արևի ու Սևանի իշխանի կենացը: Խմել են մեծ հաճույքով: Զարոբյանի տրամադրությունն էլ ավելի է բարձրացել. նա հասկացել է, որ ջուրն իր առվով գնաց:

Հերթական կենացից հետո Խրուշչովն այնքան է հուզվել, որ չի իմացել՝ սկզբից կոնյակը խմի, թե իշխանի պատառը կուլ տա:

-Ջուրը հեչ,- ասել է նա,- կարևորը ձուկն է: Այս ձուկը չլինի՞: Գժվե՞լ եք: Բա կոնյակի հետ ի՞նչ ենք ուտելու:

Կողքից Զարոբյանը հիշեցրել է, որ այս ջրով են Արարատյան դաշտավայրի խաղողի այգիները ջրվում, կոնյակն էլ այդ խաղողից են ստանում:

Խրուշչովի բերանում թուքը ցամաքել է. համ ձուկն են վերացնելու, համ կոնյա՞կը: Անմիջապես կարգադրել է փրկության նախագիծ գծել: Ի՞նչ իմանար, թե նախագիծը գծած է, շապիկը քաշած, իր ստորագրությանն է սպասում:

Հենց Խրուշչովը բերանը բացել, նախագիծ է ուզել, նախագիծ-հատակագիծը դրել են դեմը: Նա հերթական բաժակը կուլ է տվել ու նախագիծ-հատակագծի ճակատին մեծ տառերով ստորագրել: Թո՜ղ մեր կապուտաչյա Սևանն ապրի. ժողովրդի հարուստությո՜ւնն է: Փա՜ռք քեզ, Նիկիտա Սերգեևիչ: Ուր ոտքդ դնես, ոտքիդ տակ փարթամ խոտ բուսնի, դեմդ էլ «Ախթամարով» և իշխանով հյուրասեղան բացվի…

Խրուշչովը գնաց, ու չնայած նրան, որ այս խմորը շատ ջուր խմեց ու կերավ, Արփա-Սևանը կառուցվեց, հետն էլ՝ Սևան քաղաքը, հետն էլ՝ Չարենցավանը, հետն էլ…

Խորհրդային ղեկավարներն այս դեպքից հետո այնքան էին վախեցած, որ մինչև ԽՍՀՄ փլուզումը ոտք չդրեցին Հայաստան: Հայերի հետ գործ ունենալը զոռ է: Հայ են: Տեսար՝ Դեբեդը դեպի Մեղրի շուռ տվեցին: Կոնյակի դոզան տեղն եղավ՝ թունելը փորել կտան:

Բա ինչպե՞ս մեր կոնյակին արձան չկանգնեցնել կամ Նիկիտա Սերգեևիչին ու Հակոբ Զարոբյանին: Թուրքերն իրենց լոլիկին էլ են արձան դրել, իսկ հարցրու թե, բացի օրվա հացից, ձեզ լոլիկն ի՞նչ օգուտ է տվել…

 

 

 

 

Ծանոթագրություններ

  1. Վասիլի Նիկոլայևիչ Շուստով (Шустов Василий Николайевич) — 1899 թ. Ներսես Թաիրյանից գնել է Երևանի կոնյակի գործարանը և աշխարհով մեկ գովազդել այդ խմիչքը, որից հետո հայկական կոնյակը ձեռք բերեց անգերազանցելի համբավ:
  2. Ուինսթոն Չերչիլ (Sir Winston Leonard Spencer Churchil, 1874-1965) — Մեծ Բրիտանիայի քաղաքական ամենահայտնի գործիչներից մեկը, 1939-1945 և 1951-1955 թթ. Մեծ Բրիտանիայի վարչապետ:
  3. Հարրի Տրումեն (Hanri S. Truman, 1884-1972) — ԱՄՆ նախագահ (1945-1953), որի կարգադրությամբ 1945 թ. օգոստոսի սկզբին ատոմային ռումբեր են նետվել ճապոնական Հիրոսիմա և Նագասակի քաղաքների վրա՝ կոտորելով մոտ կես միլիոն խաղաղ բնակչություն:
  4. Անաստաս (Արտաշես) Հովհաննեսի Միկոյան (1895-1978) — ԽՍՀՄ ականավոր պետական գործիչ, 1955-1964 թթ. ԽՍՀՄ Մինիստրների սովետի առաջին փոխնախագահ, 1964-1965 թթ. ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահ:
  5. Գրիգոր Արտեմի Հարությունյան (1900-1957) — Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար (1937-1953):
  6. Յակով Նիկիտայի Զարոբյան (Հակոբ Մկրտչի, 1908-1980) — Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար (1960-1966):
  7. Անդրեյ Պավլովիչ Կիրիլենկո (1906-1990) — ԽՍՀՄ պետական և քաղաքական գործիչ, ԽՍՀՄ Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար /1966-1982/:
  8. Միխայիլ Անդրեյևիչ Սուսլով (1902-1982) — ԽՍՀՄ Կոմկուսի կենտկոմի քարտուղար (1947-1982), ԽՍՀՄ գաղափարախոսության կառավարիչն ու հսկիչը:

 

 

Անդին 03.2018

 

 

Կարծիքներ

կարծիք