Ինչպես գինու վերջին կաթիլ

 

Winter tune…

Երբ ցրտաշունչ ձմռան վերջին տերևը վայր ընկնի

ոտնահետքերից մաշված ճերմակ սավանին,

ես՝ նվաստս, ցրտից դողացող սրտիս տակ

կկրեմ շունչդ՝

տաք կամ սառը, ի՞նչ կարևոր է:

Եվ երբ ջղերս հեռանան դեպի աստվածները,

այդ մասին կլսես պատահական անցորդներից,

ովքեր կպատմեն մի տղայի մասին,

թե ինչպես սառեց փողոցում,

երբ քամին սուրաց նրա լերդացած մարմնի միջով,

և թե ինչպես համբարձման պահին չորացած տերևը

քամու շնչով պտտվեց և գրկեց մարմինը տղայի£

Այս ամենը նախաբան էր լինելիքի:

Իսկ մինչ այդ

ետ նայիր, հոգիս, ես եմ՝ միակդ,

մի անցիր կողքովս աննկատ,

գոնե տերևին խղճա, որ կողքիս է՝ քո փոխարեն:

***

Ես լսում եմ քեզ, երբ լռում ես՝ ինձ:

Լռությունդ դեղին է գուժում՝ անընդհատ:

Ես ինձ ազատագրում եմ ինձնից,

քեզնից՝ երբեք:

Հեռանալիս սիրտս կթողնեմ,

անտեր չթողնես:

Չի ապրվում ավելորդի զգացումով:

 

Փախստականի օրագրից

Ես հավաքեցի աշխարհով մեկ

ցրված հիշողություններս

և տուն վերադարձա:

Տանը տեղ չկար:

 

***

ես՝

մենակ,

ինչպես գինու վերջին կաթիլը

նախավերջին կումից առաջ,

ինչպես թագավորները բոլոր

կամ ասպետները՝

խաղաղություն պարտադրած,

ինչպես գլխատված պոետները

կամ էլ Մոցարտը հավերժությունից առաջ,

պատմության ու կյանքի արանքում

ընտրում եմ հիշողությունը,

որտեղ խզվում է լռությունը£

 

ԵնթաԿՏԱԿԱՐԱՆ

Աստվածամայրը մեկն է,

Չաստվածները՝ բազում:

 

***

Ես մահն եմ գրում՝

Քո հեռացող ոտնահետքերի

փոշու գույներով:

 

***

Ես սիրտս նրա փչակում պահեցի,

որ առաջինը լինեմ՝ ծաղկունքին:

 

Խոստում

Ես քո բացական եմ. աներևույթ ներկան:

 

***

Հաջորդ կյանքում բարուրիդ աչքի հուլունքն եմ լինելու:

 

***

Ամեն կնոջ գրկում

Մի պոետ կա՝

Մեռած:

 

Աղերս

Ջնջիր ինձ, ու սիրտդ մաքրիր ախտից,

վերցրու ջնջոցը ու մաքրիր ամենը,

որտեղ ես կամ-

ձեռքս կպել է,

ինչին հպվել եմ:

Ուղեղդ ազատիր ինձանից,

ու գտիր ազատությունդ՝

Հոգուդ,

Մարմնիդ,

Մտքիդ,

Ծննդկանի ազատությունը,

թեկուզ՝ անմարմին:

Ատի՛ր ինձ,

դասիր քո ատելիների շարքին.

դու դրա իրավունքն ունես-

ես դրան արժանի եմ,

ինչպես արժանի եմ այն ջնջոցին,

որ հիմա ձեռքիդ է ու դողում է:

Ջնջիր ինձ, խնդրում եմ,

պարտավոր ես՝ ջնջիր:

Թող այդ ջնջոցը մտրակի

Մարմինս,

Հոգիս,

Սիրտս՝

որտեղ դու ես:

Ջնջի՛ր,

անխնա ջնջիր

ու մի տրտնջա,

որ անտեր եմ,

Տեր իմ:

 

***

Ամեն րոպեն մի պատմություն է,

Բոլորում դու կաս:

***

Երկնաքար էր, անցավ կողքովս,

վրան քո անունն էր գրված:

 

***

Անաստվածների աստծուն եմ փնտրում,

որ իր խորանում բուրվառս վառեմ,

Աստվածները դեռ թող սպասեն,

էլ չեմ հավատում, ես մեռել եմ, ՏԵՐ:

Առաջինն էի, վերջինը դարձա,

ու ժամանակը հոսում է դեռ,

Քեզ էի փնտրում, ուրիշին գտա,

իսկ ճանապարհը ձգվում է դեռ:

Անժպիտ աստղեր ու նամռոտ ամպեր,

խզված մեղեդի լքված մարմնում,

որ ցավից ցողված մռմուռ է կապել

Ու վերջնաժամի երգն է մրմնջում:

Գարնան մայիսին կամ ամռան տապին

աննկատ կապրեմ, գուցե հիշվեմ դեռ,

Անաստվածների աստծո խորանում

Քեզ կփնտրեմ ու չեմ գտնի, ՏԵՐ:

 

***

Ես երգեցի նրան սերենադ մի հին,

և աշխարհը ետ պտտվեց խելագարված,

ու նա դարձավ այն աղջնակն արևից ջերմ,

իսկ ես անփորձ նույն պատանին՝ սիրահարված:

 

***

Եվ գարունը սառեց համառող ձմռան երակներում,

սինոպտիկները գուժեցին՝ ցրտահարություն,

իսկ աղջիկներն արդեն ծաղկել

և խաղում էին տղաների աչքերի մեջ:

Կանչող գարուն էր,

տաք ձյունը խաղալով իջնում և հալչում էր

թերևս վերջին անգամ:

Այդպես հալվում են տղաները գարնանամուտին:

 

***

Վերջին կանգառում մնում են

միայն սիրահարները

և անտունները:

Անդին 03.2018

Կարծիքներ

կարծիք