Ջերմազգայուն իրանական պոեզիան Երևանում է

 

Սեպտեմբերի 8-ին «Հոդված 3» ակումբում գինով օծվեց Էդիկ Պողոսյանի թարգմանությամբ «Աստիճան ըստ ցելսիուսի»՝ Իրանի ժամանակակից հեղինակների բանաստեղծությունների գրքի առաջին օրինակը:

«Աստիճան ըստ ցելսիուսի» գիրքը հայ ընթերցողի առաջին հանդիպումը չէ իրանցի ժամանակակից բանաստեղծների ստեղծագործություններին: Գրքին նախորդել էր «Սպասող մարդու օրագիրը (2015թ., թարգմանիչ Էդիկ Պողոսյան, խմբագիր՝ Տաթև Չախեան), որը թարգմանական գրականության մեջ աննախադեպ հաջողություն էր գրանցեց Հայաստանում:

Նոր գրքում տեղ են գտել շուրջ երեք տասնյակ հեղինակի ստեղծագործություններ: Ի սկզբանե գիրքը նախատեսվում էր կոչվել «36,6»՝ նկատի ունենալով մարդու մարմնի ջերմաստիճանը: Այդ նույն կոնցեպտը պահպանվեց գրքի 36 թեմատիկ բաժինների և 6 առանձին բանաստեղծությունների ընտրության մեջ: Հետագայում որոշվեց փոխել գրքի վերնագիրը՝ այն դարձնելով «Աստիճան ըստ ցելսիուսի», սակայն մարդու մարմնի ջերմության գաղափարը արտահայտվեց  արդեն գրքի շապիկին, որի կազմը ստեղծված է հատուկ ջերմազգայուն նյութից և գունափոխվելով անդրադարձնում է մարդու մարմնի հպման ջերմությունը:

-Գիրքը կյանքի ու ջերմության թողած հետքի մասին է, և այն հետքի, որ թողնում է բանաստեղծությունը,- բացատրում է թարգմանիչ Էդիկ Պողոսյանը:

Գրքի խմբագիր բանաստեղծ Տիգրան Պասկևիչյանը նոր լույսընածյված գրքի, ինչպես նաև նրա նախորդի՝ «Սպասող մարդու օրագրի» ամենամեծ առաքելությունը համարում է այն, որ պոեզիայի միջոցով վերջապես մի այլ դիտանկյունից ճանաչեցինք մեր անմիջական ու դարավոր հարևաններին:

-Դեռևս դպրոցական տարիներից սերմանված օտարի, նրա լեզվի ու կրոնի հանդեպ վախերից հիմա ազատագրված եմ զգում, երբ ծանոթ եմ այդ շատ մոտ գտնվող օտարի պոեզիային,- նշում է գրքի խմբագիր Տիգրան Պասկևիչյանը՝ հավելելով,  որ այս գիրքը թույլ է տալիս բառի բուն իմաստով հաղորդակցվել պոեզիային:

 

Հայաստանում լույս տեսած առաջին ջերմազգայուն գիրքը՝ «Աստիճան ըստ ցելսիուսին» շուտով կլինի մայրաքաղաքի և մարզերի գրախանութներում:

 

Անդին

 

Կարծիքներ

կարծիք