Նոբելյան ճառը

20-րդ դարի ճապոնական գրականության և մշակույթի ամենավառ և ինքնատիպ ներկայացուցիչներից մեկը (արժանացել է 1955 թ. Ճապոնիայի կառավարության հռչակած «Մարդ-գանձ» տիտղոսին)՝ Նոբելյան մրցանակի արժանացած առաջին ճապոն գրող Յասունարի Կավաբատան, ծնվել է Օսակայում, բարեկեցիկ բժշկի ընտանիքում, սակայն չորս տարեկանում զրկվել է ծնողներից և մանկությունն անցկացրել պապի ու տատի տանը: 7 և 15 տարեկանում զրկվել է նաև նրանցից, բնակվել մայրական ազգականների տանը, իսկ 1917 թ. տեղափոխվել է գիշերօթիկ դպրոց: Դպրոցն ավարտելով՝ ընդունվել է Տոկիոյի համալսարան՝ անգլերենի մասնագիտությամբ, թեև հետագայում տեղափոխվել է ճապոնական գրականության բաժին, ավարտական թեզը գրել «ճապոնական վեպի համառոտ պատմություն» թեմայով, ինչն էլ խոսում է նրա գեղագիտական կողմնորոշման մասին. երիտասարդության և ստեղծագործական կյանքի սկզբում ընկնելով եվրոպական գրականության ազդեցության տակ՝ նա հետագայում վերադառնում է իր ճապոնական արմատներին, թեև իր ստեղծագործություններում միշտ էլ ազատորեն կիրառել է ժամանակակից արևմտյան գրականության հնարքները, մեծ կարևորություն է տվել ենթատեքստին: Նրա ստեղծագործական հավատամքի վրա մեծ ազդեցություն են գործել ոչ միայն ճապոնական և համաշխարհային մշակույթը, այլև մանկության տարիների միայնության տպավորությունները:

Կավաբատան զբաղվել է նաև լրագրությամբ: Թեև հեռու է եղել Երկրորդ համաշխարհայինի տարիներին ճապոնիան համակած ռազմատենչ հռետորաբանությունից, սակայն իբրև զինվորական թղթակից եղել է Մանջուրիայում, գրել պատերազմի մասին:

Նրա արվեստը ուշադրության է արժանացել դեռևս ուսանողական շրջանում:

Կավաբատային առաջին լայն ճանաչումը բերել է 1926 թ. հրատարակված «Պարուհին Իձուից» վիպակը, որը, ի դեպ, բազմիցս էկրանավորվել է: Այնուհետև հրատարակվել են գրողի առավել հայտնի ստեղծագործությունները՝ «Ձյունե երկիրը», «Հազարաթև կռունկ», «Լեռան հառաչանքը», «Քնած գեղեցկուհին», «Գեղեցկություն և թախիծ», «Հին մայրաքաղաքը» և այլն, որոնք թարգմանվել են բազմաթիվ լեզուներով և համաշխարհային ճանաչում ու հռչակ բերել նրան: Ինքը՝ Կավբատան, իր լավագույն ստեղծագործությունը համարել է «Գո խաղի վարպետը» («Մեյձին») վիպակը, որը նաև ոճով խիստ տարբերվում է նրա մյուս գործերից: Սա գրեթե փաստագրական վիպակ է, որտեղ ռեպորտաժի ոճով տրվում է գո խաղի հռչակավոր վարպետի վերջին մրցամարտի և պարտության պատմությունը: Տեսաբաններից շատերը հակված են ենթադրելու, որ այդ պարտությունը այլաբանորեն ներկայացնում է Երկրորդ համաշխարհայինում Ճապոնիայի պարտությունը:

Կավաբատայի ոճի առանձնահատկություններից մեկն այն է, որ նա գրեթե միշտ անավարտ է թողնում իր ստեղծագործությունների հանգուցալուծումը, ինչը, ի դեպ, հաճախ ջղագարության է մատնում և՛ ընթերցողներին, և՛ քննադատներին: Սակայն դա եղել է գիտակցական քայլ, քանզի գրողը առավել կարևոր էր համարում նրբերանգները, քան հետևությունները: Նա իր ոճը համեմատում էր ճապոնական հայքու դասական բանաստեղծության ոճի հետ:

Կյանքի վերջին տարիներին Կավաբատան լարված աշխատել է նոր (անավարտ) վեպի վրա, ընկել խոր ընկճախտի մեջ, ծանր հիվանդացել, կախվածության մեջ ընկել թմրամիջոցներից: Այդ ամենին գումարվել են ծանր ապրումները սիրելի ընկերոջ և աշակերտ Յուկիո Միսիմայի մահից հետո: Կավաբատան մահացել է շմոլ գազից խեղդվելով: Ոմանց կարծիքով՝ դա ինքնասպանություն էր:

Կավաբատան արժանացել է բազմաթիվ մրցանակների: 1974 թ. Ճապոնիայում հիմնվել է նրա անվան գրական մրցանակ:

Նրան Նոբելյան մրցանակ է շնորհվել իբրև «ամենաճապոնացի գրողի»՝  «Պատումի վարպետության համար, որն արտասովոր զգայնությամբ արտացոլում է ճապոնական հոգու էությունը» ձևակերպումով:

 

Նոբելյան բանախոսություն

 

Ճապոնիայի գեղեցկությամբ ծնված

 

Ծաղիկներ՝ գարնանը,

Կկուն՝ ամռանը:

Աշնանը՝ լուսին:

Անաղարտ ու սառը ձյուն՝

Ձմռանը :

 

Այս բանաստեղծությունը գրել է ձեն վանական Դոգենը  (1200-1253) և կոչել «Նախասկզբի պատկեր»:

 

Ձմռան լուսին:

Դուրս եկար ամպերի տակից,

Ուղեկցում ես ինձ:

Չե՞ս մրսում ձյան վրա:

Չե՞ս սարսռում քամուց:

 

Իսկ սա Մյոե Սրբակյացիի  (1173-1232) բանաստեղծությունն է:

Երբ ինձ խնդրում են որևէ խոսք ընծայագրել ի հիշատակ, ես գրում եմ այս բանաստեղծությունները: Մյոեի բանաստեղծությանը նախորդում է երկար, մանրամասն առաջաբան, կարելի է ասել՝ ուտա-մոնոգատարի , որն էլ հենց պարզաբանում է նրա իմաստը:

«Գիշեր: 1224 թվականի դեկտեմբերի 12: Երկինքն ամպամած է: Լուսինը չի երևում: Ես մտա Կակյուի  սրահ և խորասուզվեցի ձենի  մեջ: Երբ ի վերջո հասավ կեսգիշերը՝ ժամը գիշերային հսկումի, ես վերին սրահից իջա ներքին. լուսինը ելավ ամպերի տակից և փայլեց պսպղուն ձյուների վրա: Այդպիսի ուղեկցի հետ ինձ համար սարսափելի չէ հովտում ոռնացող գայլն անգամ: Ներքին սրահում որոշ ժամանակ մնալով՝ ես դուրս եկա: Լուսինը դարձյալ չկար: Մինչ նա թաքնվել էր, ղողանջեց հետկեսգիշերի զանգը, և ես կրկին բարձրացա վերև: Այդպահ լուսինը կրկին հայտնվեց և կրկին ուղեկցեց ինձ: Վերև բարձրանալով՝ ես ուղևորվեցի դեպի սրահ: Իսկ լուսինը, ամպերին հետահաս, իր ողջ տեսքով ցույց էր տալիս, որ պատրաստվում է թաքնվել մերձակա լեռան գագաթի հետևում: Նա հավանաբար ուզում էր թաքուն պահել մեր զբոսանքը»:

Ապա հետևում է վերոհիշյալ բանաստեղծությունը: Եվ այնուհետև.

 

«Տեսնելով, թե ինչպես է լուսինը հենվում լեռան բարձունքին, ես մտա սրահ:

Եվ ես կհայտնվեմ լեռան հետևից:

Լուսին, և դու արի:

Այս գիշեր և գիշեր գիշերի հետևից

Անցկացնենք միասին»:

 

Մեդիտացիայի սրահում ամբողջ գիշերն անցկացնելուց կամ առավոտյան կողմ այնտեղ վերադառնալուց հետո Մյոեն գրել է. «Ավարտելով մեդիտացիան՝ բացեցի աչքերս և պատուհանից այն կողմ տեսա այգալուսինը: Ողջ ընթացքում ես նստած էի մթան մեջ և չկարողացա միանգամից կռահել, թե որտեղից է այդ փայլը. իմ պայծառացյալ հոգո՞ւց, թե՞ լուսնից»:

 

Իմ հոգին

Պայծառ լույս է ցոլում:

Իսկ լուսնին հավանաբար

Թվում է, թե

Դա իր արտացոլանքն է:

 

Եթե Սայգյոյին  կոչում են սակուրայի  բանաստեղծ, ապա Մյոեն լուսնի երգիչ է:

 

Օ, ինչ լուսավոր է, լուսավոր

Օ, ինչ լուսավոր, լուսավոր,

Օ, ինչ լուսավոր է, լուսավոր:

Օ, ինչ լուսավոր է, լուսավոր, լուսավոր, լուսավոր է

Լուսինը:

 

Բանաստեղծությունը հիմնված է սոսկ ձայնի հուզականության վրա:

Կեսգիշերից մինչև լուսաբաց Մյոեն գրել է ձմռան լուսնին նվիրված երեք բանաստեղծություն: Ինչպես ասել է Սայգյոն, «Երբ բանաստեղծություն ես հորինում, մի մտածիր, որ հորինում ես»: Երեսունմեկ վանկանի  բանաստեղծությամբ Մյոեն վստահանքով ոչ միայն իբրև ընկերոջ, այլև իբրև մտերիմ մարդու, անկեղծորեն զրուցում է լուսնի հետ:

 

Լուսնին նայելիս ես վերածվում եմ լուսնի…

Լուսինը, որին ես նայում եմ, վերածվում է ինձ:

Ես սուզվում եմ բնության մեջ, նույնանում նրա հետ:

 

Լույսը, որ ելնում է մութ սրահում ամբողջ գիշեր նստած վանականի «լուսավորյալ սրտից», վաղորդայնի լուսնին թվում է իր սեփական լույսը:

Ինչպես երևում է «Ինձ ուղեկցող ձմռան լուսինը» բանաստեղծության մանրամասն նախաբանից, փիլիսոփայական և կրոնական խոկումների մեջ խորասուզված Մյոեն, լեռը բարձրանալով և մեդիտացիայի սրահ մտնելով, բանաստեղծությամբ արտահայտել է լուսնի հետ հանդիպման, անտեսանելի հաղորդակցման զգացողությունը:

Երբ ինձ խնդրում են որևէ բան ընծայագրել, ես այդ բանաստեղծությունն եմ ընտրում իր եթերային սրտահուզության համար:

«Օ, ձմռան լուսին, մերթ թաքնվելով ամպերի տակ, մերթ հայտնվելով կրկին,

դու լուսավորում ես իմ ոտնահետքերը, երբ ես գնում եմ ձենի սրահ

կամ վերադառնում եմ այնտեղից:

Քեզ հետ սարսափելի չէ նույնիսկ հովտում ոռնացող գայլը:

Դու չե՞ս մրսում ձյան վրա: Քամուց չե՞ս սարսռում»:

Ես այդ բանաստեղծությունն եմ ընծայագրում, որովհետև այն առլեցուն է մարդու և բնության հանդեպ սրտահույզ բարությամբ և ջերմությամբ, մարմնացումն է ճապոնի հոգու խորունկ քնքշության:

Արևմուտքի և Արևելքի, անցյալի ու ներկայի արվեստի մեծ գիտակ, Բոտիչչելլիի աշխարհահռչակ ուսումնասիրող պրոֆեսոր Յասիրո Յուկիոն մի անգամ ասել է. «Ճապոնական արվեստի յուրահատկությունը կարելի է արտահայտել բանաստեղծական մի արտահայտությամբ. «Բարեկամիդ մասին երբեք այնպես չես մտածում, ինչպես ձյանը, ծաղիկներին կամ լուսնին նայելիս»: Երբ զմայլվում ես ձյան կամ լուսնի գեղեցկությամբ, երբ հմայված ես տարվա չորս եղանակների գեղեցկությամբ, երբ արթնանում է գիտակցությունը և երանություն ես ապրում գեղեցիկին հանդիպելիս, այդժամ առավել ես կարոտում բարեկամիդ. ուզում ես նրա հետ կիսել խինդդ: Միով բանիվ՝ գեղեցիկի ներապրումը արթնացնում է գթասրտության և սիրո խորին զգացողություն, և այդժամ «մարդ» բառը հնչում է իբրև «բարեկամ»:

Միմյանց հաջորդող տարեեղանակների գեղեցկությունները արտացոլող բառերը՝ «Ձյուն, լուսին, ծաղիկներ», ճապոնական ավանդույթով մարմնավորում են գեղեցկությունն առհասարակ՝ գեղեցկությունը լեռների, գետերի, խոտի, ծառի, բնության հավերժական երևույթների և գեղեցկությունը մարդկային զգացմունքների:

«Բարեկամիդ մասին երբեք այնպես չես մտածում, ինչպես ձյանը, լուսնին կամ ծաղիկներին նայելիս»,- այդ զգացողությունն էլ ընկած է թեյի արարողության  հիմքում: Թեյի շուրջ հանդիպումը նույնն է, ինչ այդ զգացմունքների հանդիպումը: Մտերիմ բարեկամների սրբազան հանդիպում տարվա պատեհ եղանակին: Ի դեպ, եթե դուք կարծում եք, թե «Հազարաթև կռունկում» ես ցանկացել եմ պատկերել թեյախմության արարողության ոգու և կերպի գեղեցկությունը, ապա այդպես չէ: Թերևս հակառակը, ես թերահավատ եմ, նախազգուշացնում եմ այն գռեհահակությունից, որի մեջ ընկնում են թեյախմության մերօրյա արարողությունները:

 

Ծաղիկներ՝ գարնանը.

Կկուն՝ ամռանը,

Աշնանը՝ լուսին:

Անաղարտ և սառը ձյուն՝

Ձմռանը:

 

Եվ եթե ձեզ թվա, թե տարվա չորս եղանակների՝ գարնան, ամռան, աշնան գեղեցկությանը նվիրված Դոգենի բանաստեղծության մեջ սոսկ իրար կողքի շարված են ճապոնին վաղուց հայտնի հանրահայտ, ծեծված, մաշված բնության պատկերներ, թող թվա: Եվ եթե դուք ասեք, որ սա բնավ էլ բանաստեղծություն չէ, փույթ չէ: Բայց այն ինչքան նման է վանական Ռյոկանի  (1758-1831) մահվան շեմին գրած բանաստեղծությանը.

 

Ի՞նչ կմնա

Ինձնից հետո:

Ծաղիկներ՝ գարնանը:

Կկուն՝ լեռներում

Թխկու տերևներ՝ աշնանը:

 

Այս բանաստեղծության մեջ, ինչպես և Դոգենի բանաստեղծությունում, պարզագույն պատկերներ են, սովորական բառեր, անպաճույճ, նույնիսկ ընդգծված պարզությամբ դրված իրար կողքի, բայց միմյանց հաջորդելով՝ նրանք հաղորդում են Ճապոնիայի սրբազան էությունը: Եվ սա՝ բանաստեղծի վերջին ստեղծագործությունը.

 

Գարնան ողջ

Երկար,

Մառախլապատ օրը

Երեխաների հետ

Գնդակ եմ խաղում:

Քամին զով է,

Լուսինը՝ պայծառ:

Էխ, թափ տանք մեզ օր ծերության:

Պարենք այս գիշեր

Մինչ ի լույս:

Էլ ի՞նչ կա ասելու,

Եվ ես մարդկանցից չեմ խուսափում,

Բայց առավել հաճելի է մենակ լինելը:

 

Ռյոկանի հոգին նման է այս բանաստեղծությանը: Նա բավարարվում էր ծղոտե հյուղակով, շրջում էր քրձերով, դեգերում էր պարապուտներում, խաղում երեխաների հետ, շաղակրատում գյուղացիների հետ, իմաստակ զրույցներ չէր վարում հավատի և գրականության մասին: Նա հետևում էր անաղարտ ուղուն «Դեմքին՝ ժպիտ, սեր՝ խոսքերում»: Սակայն հենց Ռյոկանը ուշ Էդոյի  շրջանում (18-րդ դարի վերջ — 19-ի սկիզբ), իր բանաստեղծություններով և իր գեղագրական արվեստով պահպանելով հավատարմությունը նախնյաց նրբագեղ ոճի հանդեպ, դիմագրավեց ժամանակակիցների գռեհիկ արվեստին: Ռյոկանը, որի բանաստեղծություններն ու գեղագրական արվեստը մինչև օրս բարձր է գնահատվում Ճապոնիայում, մահից առաջ գրված իր բանաստեղծություններում ասում է, որ իրենից հետո ոչինչ չի թողնում: Կարծում եմ՝ դրանով նա ուզում էր ասել, որ իր մահից հետո էլ բնությունը կլինի նույնքան չքնաղ, և դա միակ բանն է, որ ինքը կարող է թողնել այս աշխարհին: Այստեղ ի հայտ են գալիս նախնյաց ապրումները և հենց իր՝ Ռյոկանի հավատավոր հոգին: Ռյոկանը ունի նաև սիրային բանաստեղծություններ: Ահա իմ սիրածներից մեկը.

 

Օ, ինչ երկար

Տոչորվեցի ես

Սպասումներից:

Մենք միասին ենք…

Այլ ի՞նչ կա երազելու:

 

Ծեր Ռյոկանը, որն այդ ժամանակ վաթսունութ տարեկան էր, հանդիպել է երիտասարդ, քսանիննամյա վանականուհի Թայսինին և անհունորեն սիրահարվել նրան: Այս բանաստեղծությունը հավերժական կանացիության հետ հանդիպման խինդի, կնոջ հետ՝ ինչպես երկար սպասված սիրո հետ հանդիպման մասին է.

 

Մենք միասին ենք…

Այլ ի՞նչ կա երազելու:

Շարունակությունը կարդացեք Անդինի 3-րդ համարում

Կարծիքներ

կարծիք