Գիշերային ճեպընթաց

Նոյեմբերյան ուշ երեկո էր: Գյուղի կայարանում N17 ճեպընթացին սպասողների հոծ բազմություն էր խմբվել:

Կառամատույցում անվերջ շրջաններ գործելով՝  փոստատար Ստեփանը ծխում ու մտածում էր, թե այս կորած-մոլորած գյուղաքաղաքում որտեղի՞ց գտնվեց հարուստների այսպիսի բազմություն, որը կարող էր իրեն թույլ տալ այդ ճեպընթացի թանկ տոմսերը: Երկու օր առաջ տոմսի համար գալով կայարան (միշտ նախընտրում էր ժամ առաջ տոմսն ունենալ գրպանում)՝  Ստեփանը, գանձապահից լսելով, թե՝  «Այս ամիս դեպի մայրաքաղաք գնացքներ չկան, բացի… N17 Ճեպընթացից… տոմսերն հիսուն դոլար արժեն: Եթե վերցնելու ես, հիմա վերցրու՝  երկու տեղ է մնացել»:

-Չէ մի…- ծիծաղեց Ստեփանը,- ձեզ մոտ բոլորը մեծահարո՞ւստ են, հա՞…

Գանձապահն անգամ հոնքը չշարժեց՝  պատասխանի ոչ մի նշան: Ծխախոտի թույլ ամպիկի մեջ երևացող տղամարդու յուղոտ ու սառը դեմքի արտահայտությունն Ստեփանին ստիպեց վերացնել դեմքից քմծիծաղն ու գրպանից հանելով դրամապանակը՝  հիսուն դոլարանոցը մեկնել բեղավոր գանձապահին:

-Հլը ու մի,- քրթմնջաց ճարպակալած բեղավորը ու ապակու անցքից Ստեփանին մեկնեց տոմսը:

Իսկ հիմա, կառամատույցում կանգնած ու վերարկուի օձիքը բարձրացրած փոստատարը մտածում էր, որ այդ ի՞նչ էլիտար ուղևորություն է, եթե ուղևորներին ստիպում են տասնհինգ րոպե սպասել գնացքին, այն էլ այսպիսի ցրտին:

Կառամատույցում սև կոստյումով, մազերը կողքի սանրած երիտասարդի հայտնվելը միայն էլ ավելի փչացրեց Ստեփանի տրամադրությունը:

-Մեկ րոպե ուշադրություն, պարոնայք,- այսպես սկսեց նա իր ելույթը,- դիմում եմ նրանց, ովքեր պիտի ուղևորվեին հինգերորդ վագոնով: Այս նույն գնացքով այսօր մեկնում է մեր սիրելի տիկին մարզպետուհին, և նրան հատկացվել է հենց համար հինգ վագոնը: Մի անհանգստացեք, հարգարժան տիկնայք և պարոնայք: Մեր բարեհամբույր մարզպետը սիրալիր կերպով ձեզ է հատկացրել վեցերորդ վագոնը: Եվ չնայած դա վերջին վագոնն է, հավատացեք, այն ոչնչով չի զիջում հինգերորդին: Շնորհակալություն ուշադրության համար։

Գրպանից հանելով իր տոմսը՝  Ստեփանը գրեթե չզարմացավ՝  տեսնելով, որ իրենն հենց հինգերորդն էր… Թարսությունը թարսության ետևից…

Շուտով կայարանի լույսերն հանգեցին, և գերեզմանային մթության մեջ լսվեց լոկոմոտիվի անիվների թխթխթոցը:

Քանզի այս երեկո մի քանի իրադարձություն արդեն իսկ անդառնալիորեն կատաղեցրել էին Ստեփանին, նա նույնիսկ չնկատեց խավարը: Կամ երևի նրա անուշադրությունը պայմանավորված էր հարբուխով, որն ամենայն հավանականությամբ հասցրել էր ձեռք բերել կառամատույցում:

Ինչևիցե, գնացքն արգելակեց անասելի զզվելի ճռռոց արձակելով, և ուղևորներն սկսեցին տեղավորվել ներսում: Ստեփանն ակամա հաշվեց վագոնները՝  «լոկոմոտիվ, մեկ, երկու, երեք, չորս, հինգ… Մի րոպե: Ո՞ւր է վեցերորդը»: Սառցակալած կայարանի կիսախավարում կարելի էր և չնկատել վեցերորդ՝  գիշերային ճեպընթացի վերջին վագոնը, որը ձուլվում էր խավարին:

-Տիկնայք և պարոնայք,- նորից հայտնվեց այդ լպստած, կոստյումավոր երիտասարդը և դիմելով հինգերորդ (արդեն՝  վեցերորդ) վագոնի ուղևորներին՝  խնդրեց հետևել իրեն:

Բազմության հոսանքի մեջ ընկնելով՝  Ստեփանը վերցրեց իր պայուսակը և հետևեց մյուսներին: Վեցերորդ վագոնն այնքան մռայլ էր, որ նույնիսկ մոտիկից էր դժվար այն նկատել: Երիտասարդը բոլորին ուղեկցեց խավարի արգանդի մեջ:

-Սա ի՞նչ է, չեմ հասկանում,- դիմեց վրդովված Ստեփանը երիտասարդին,- հիմա ողջ ճանապարհը պիտի այս մութ բնի մե՞ջ գնանք։

-Անհանգստության պատճառ չեմ տեսնում,- հանգիստ պատասխանեց արդեն անտեսանելի տղան,- վստահեցնում եմ ձեզ, որ բացի լույսից. հարմարավետության մյուս բոլոր պարագաները անթերի վիճակում են: Գումարած դրան՝  ճանապարհը կզբաղեցնի ողջ գիշերը, իսկ առավոտյան գնացքը կժամանի մայրաքաղաք: Այնպես որ, համոզված եմ, ուղևորների մեծ մասը կնախընտրի քնել ողջ ճանապարհին, և նույնը խորհուրդ եմ տալիս ձեզ: Հաճելի ճանապարհ,- խավարի մեջ փայլեցին նրա ատամները, որ ավելի հիշեցնում էին գիշատիչի ժանիքներ, և նա անէացավ:

Ներսում ընդհանրապես ոչինչ հնարավոր չէր տեսնել՝  միայն ինչ-որ ուրվականներ շիլաշփոթի մեջ պայուսակներն էին տեղավորում Աստված գիտե որտեղ, և նստում էին Աստված գիտե ինչի վրա: Մյուս կողմից էլ այդ կտրող նոյեմբերյան ցուրտը, որ անգամ վագոնի ներսում հանգիստ չէր տալիս…

Ուրեմն, մտածեց Ստեփանը, միայն լույսի հետ չեն խնդիրները:

Այնժամ, երբ բոլոր ուղևորներն արդեն զբաղացրել էին տեղերը, միայն երիտասարդ փոստատարն էր կանգնած մնացել շարքերի միջև՝  չիմանալով որտեղ նստել: Գրպանից հանելով կրակայրիչը՝  նա փորձեց մի քիչ լույս սփռել՝  գտնելու համար իր տեղը: Բայց հազիվ էր կրակը փայլատակել, մի ուրվական փչեց դրա վրա ու հանգցրեց:

-Այստեղ չի՛ կարելի ծխել:

-Ես չէի էլ պատրաստվում…

-Խնդրում եմ հետևեք ինձ,- շարունակեց նույն խիստ ձայնը,- ես Ձեզ ցույց կտամ ձեր տեղը:

Նստելով՝  Ստեփանն անհարմարություն զգաց: Թեպետ նստատեղը փափուկ էր, բայց հաստատ թագավորական գահ չէիր անվանի: Ավելի թեփով լցոնած պարկ էր հիշեցնում, քան բազկաթոռ:

Գնացքը շարժվեց…

Ստեփանը պարզ լսում էր իր շուրջը նստած մարդկանց չոր հազն ու սրթսրթոցը: Բնական էր… Արագության տակ թվում էր, թե վագոնի պատուհաններին ահռելի անցքեր էին փոխարինում:

Ստեփանը, փորձելով հարմար դիրք ընդունել ու քնել, անդադար շուռումուռ էր գալիս: Ապարդյուն: Սարսափելի սառը քամին հետզհետե ավելի ուժգին էր փչում դեմքին: Ու թեպետ երիտասարդ փոստատարն զգում էր, թե ինչպես է իր կողքի ուղևորը դողում ողջ մարմնով ու հազում, սակայն ոչ ոք անգամ ծպտուն չէր հանում:

Նորից կրակայրիչն հանեց ու մի քանի վայրկյան լուսավորեց… Հասցրեց նկատել միայն, որ իր հարևանն սփրթնել է մեռելի պես, բայց, այնուամենայնիվ, խոր քնած էր:

«Գրողը ձեզ տանի»,- մտածեց Ստեփանն ու բղավեց.

-Հեյ: Ո՞վ կա էստեղ: Մենք ձեր սառնարանում կսատկենք:

Մեկն արագ մոտեցավ նրան ու խլեց կրակայրիչը:

-Առաջին հերթին այստեղ չի՛ կարելի ծխել, պարոն փոստատար,- ասաց տղամարդու ուրվականը:- Եվ երկրորդ՝  մի խանգարեք մարդկանց քնել: Դուք ձեզ չափազանց անտակտ եք պահում…

Այլևս ուշ էր՝  չէր կարող հանդարտվել: Գրպանից մի տուփ լուցկի հանեց ու, անկյուն մտնելով, մեկը վառեց: Այս անգամ պատերը տեսավ, որ հարթ ներկված կամ պաստառապատ լինելու փոխարեն իրենցից անտաշ գերաններ էին ներկայացնում: Եվ դրանց միացման հատվածները առանձնապես հուսադրող չէին… Ողջ պատը ճեղքերով էր ծածկված, որոնցից էլ ներս էր թափանցում սառը քամին:

Եվ այդ պահին նորից մեկը հանգցրեց լուցկին և տուփը խլեց Ստեփանի ձեռքից:

-Ինչե՞ր եք ձեզ թույլ տալիս,- այս անգամ ձայնը կանացի էր, բայց ոչ պակաս խիստ:- Քանի՞ անգամ են ձեզ զգուշացրել ծխելու վերաբերյալ:

-Ավելի լավ է դուք ասեք,- գոռաց Ստեփանը,- ինչի՞ համար եմ հիսուն դոլար վճարել: Որ ինձ ծակ սառնարանի մե՞ջ փակեք, որտեղ հազիվ թե մինչև քաղաք կենդանի մնամ:

-Դա միայն ձեր երևակայությունն է, պարոն փոստատար: Համարձակվեմ նկատել, որ ճանապարհի ընթացքում դեռ ոչ ոք չի բողոքել հարմարավետությունից, և միայն դուք եք անընդհատ ինչ-որ բաներ հորինում:

-Լավ… Լավ…- քրթմնջաց Ստեփանը և, տեղից պոկվելով, վազեց դեպի հինգերորդ վագոն:

Դռան մոտ նրան փորձեց կանգնեցնել մի ցմփոր, հաղթանդամ տղամարդ, բայց Ստեփանը բավական հաջող խույս տվեց և գրեթե ընկնելով վագոններն իրար միացնող կամրջակի վրա՝  նայեց հինգերորդի դռան փոքրիկ պատուհանի մեջ:

Չինովնիկների փոքրիկ մի խումբ, վերնաշապիկներն արձակած, կոնյակ խմելով ու սիգար ծխելով, իրար անեկդոտներ էր պատմում ու քրքջում: Երևի նրանց համար շատ հարմար էր փափուկ բազմոցներին, դեռ մի բան էլ՝  ջեռուցմամբ: Իսկ տիկին մարզպետուհին այդտեղ չէր:

Մի քանի ամուր մատներ խրվեցին նրա ձեռքերի մեջ և ետ քաշեցին: Երբ հուսակորույս, սպանդանոց տարվող անասունի պես փորձում էր դռան շրջանակից կառչել, մի բռնակ շոշափեց և, քաշելով դրանից, տեսավ, թե ինչպես վեցերորդ վագոնը ողողվեց լույսով:

Ինչպես և ակնկալում էր՝  դա բեռնատար, անդուր ու տգեղ վագոն էր, որով անգամ շանդ չէիր թողնի տեղափոխել: Նստատեղեր ընդհանրապես չկային: Մարդիկ ընկած էին պարկերի վրա, մեկը ոչխար, մյուսը՝  կովի պճեղ գրկած:

Երբ լույսն իր քողազերծիչ ալիքը տարածեց վագոնով մեկ, ուղևորներից մի քանիսը դժգոհ հայացքով գլուխները բարձրացրին ու զննեցին շուրջբոլորը: Լույսն անջատեցին, սակայն արդեն ուշ էր… Ոմանք տեսան, թե որտեղ են, և լուրը տարածվեց վագոնով մեկ: Բոլորը մեկի պես ցանկացան տեսնել այն ապստամբի դեմքը, որն իրենց աչքերը բացեց, բայց…

Ճեպընթացը դանդաղեցրեց ընթացքը, և ինքնամոռաց «ձեզ խաբում են… համրերի պես մի նստեք… դուք խաբված եք… խաբված…» բղավող Ստեփանին դուրս շպրտեցին վագոնից:

Այլևս ոչ ոք անգամ ծպտուն չհանեց՝  ներսում ցուրտ էր, բայց դրսում՝  ավելի:

Անդին 03.2018

Կարծիքներ

կարծիք