Իրականում՝ Ռեքվիեմ երկու ձայնի համար

KYRIE

 

Հոգնած, հոգնած, հոգնած ինչպես՝ երբեք,

ինչպես վաղուց՝ մենակ,

օտարացումների անհեթեթ վրայով

ինձնից մահ է հայցում իմ նմանակը.

ես գրկելու նրան չունեցա ժամանակ

և ընդունո՛ւմ եմ իմը լինելու իր եղանակը:

Ու իջնում է ներսում անկարելի հստակ՝

ինչպես դաշույնի շեղբ մեխված կոպերիս տակ,

մեռած օրերի

հառնող սերերի

մեռնող աստվածների ժամանակը:

 

 

REQUIEM AETERNAM

 

Հոգու հանգիստ հոգե հանգստություն,

ալիքների ծփանք, և կանչ երակնահոս,

երկնքահայր մի հող՝ իբրեւ կղզի ու տուն,

և Տունդարձի մի ծով՝ կապտակապույտ քաոս:

 

Եվ հավերժահարսեր՝ ծովաշղարշ ոչինչ,

և ձեռնասուն դևեր՝ ծնկած տեսլաջրին,

ու խաղա՜ղ մխացող եղեգների միջից

սառցակալած մի լեռ՝ մինչև սիրտը հղի:

 

Այստեղ, միայն այստեղ

ներանհատիկ լույսի

խնդությունը պիտի դառնար ինքնավըտանգ,

ու քո կամքը հըստակ՝ մերկ ու անառասպել

սաղմնավորվեր պիտի թանձր ջրերի տակ,

 

Այստեղ, այս կողմերում

ցնորաշարք որպես

պիտի սահեր անհայտ կյանքը ինձնից մեկի,

բայց քո ձայնին հլու՝ չփոթորկվող երբեք ալիքները

նրան շպրտեցին երկինք:

 

Դու, որ տվիր նրան խաղաղության մարմաջ,

տուր և խաղաղություն նրա անտուն հոգուն,

և՝ երկնքի պատին աստղիկներով գամված

հանդուրժիր մարմինը վերադարձած որդու:

 

 

DIES IRAE

 

Հոգու հանգիստ հոգե հանգստություն,

ծիրանի ծուխ՝ այնքան երբեք հանգած,

իսկ միածին մանկանց

հանկարծ բազմախըցում

հավատաքաղց

կարծըր

անվերադարձ կարծած:

 

Անկորցնելի՛դ իմ գորշ, ի՞նչ էր ուզածը քո,

թո՜ղ ինձ խաղաղությունն անսիրտ երջանկության,

ու՝ ինձնից մահ հայցող նմանակիս ճիգով,

ու՝ ինձ ձայն ներարկող համրերի դաշնությամբ,

ու՝ խելագարության մեջ այս կընճաժըպիտ

ես քեզ չե՛մ մատուցի քո արյունը տըտիպ:

 

Ահա ասում եմ քեզ. այս կողմերում հրկեզ

չկա՛ արձագանքը քո անբարբառ կանչի,

ու ես չեմ փնտրելու: Եվ ես սիրում եմ քեզ,

և ես որդին եմ քո մղձավանջի:

 

Եվ անլույս երեկվա հուսարձակի միջից

բոլոր դևերն այսօր իմ ներսում պապանձված

քեզ բերում են – ահա – չդադարող մի սիրտ

հուշկահարսիկների ժանիքներից կախված:

 

 

LIBERA ME

 

Ձեռքը սրտի մեջ, ու սիրտը՝ բաց,

Ու բաց սրտի մեջ ձեռք ու թախիծ.

-Ո՞ւմ ուրվականն է՝ կողից խոցված

Մեղմորեն ճոճվում առաստաղից-

Վերապատմածի վերապատմում,

Նախացնորում ետցնորման,

Ու ձայն են տեսնում անապատում

Այս մարդիկ՝ այսքան իրար նման:

 

Ու լույս են լսում անապատի,

Ու լույսը արդեն ետ է ձայնից.

-Եբրայեցի է ամեն պատիճ,

Եվ ուրվական է ամենայն ինչ-

Սիրտը ձեռքի մեջ, ու ձեռքը բաց.

Ու ինչ էլ անես, պիտի մնան

Ունկերը՝ ձայնի, աչքերը՝ թաց

Այս մարդիկ՝ այսքան իրար նման:

 

Սրանից ավել ի՞նչ կար վերջին,

Ի՞նչ կար՝ առաջին, սրանից զատ.

Եվ ուրվականն ու եբրայեցին

Ժպտում են իրար անհարազատ,

Այս աղմուկի մեջ ի՞նչ էր պիտո,

Եվ ի՞նչ էր պիտո, որ իմանան

Իրենց ու իրար սիրահետող

Այս մարդիկ՝ այսքան իրար նման:

 

Դու իզուր նրանց հըմայեցիր:

Նրանք՝ ոհմակով, դու՝ միշտ մենակ,

Քեզ համարեցին մեկն իրենցից՝

Կցելով քեզ կյանքն անժամանակ,

Ու մինչ դու՝ հեռու քո բանտերում,

Նրանք ապրում են դեմ-հանդիման,

Քո մարմինն անտեր ու անտերունչ

Այս մարդիկ՝ այսքան իրար նման:

 

 

TUBA MIRUM

 

-Ել, ելիր, առասպել իմ,

-Ել, ելիր, նմանակ իմ.

Մեզ շեփորն է կանչում նախահավերժության,

Եղերաձայն՝ էլ ի՞նչ.

Հրաժեշտ տուր իրար՝

Ժամանակն է:

Եվ ելիր նաև դու՝ երկնահըմա ու թաց,

– Ժամանակն է –

Երկնքի հատակին ծնկներդ արյունոտած.

– Ժամանակն է –

ու նաև դու՝ այդքան ներինքնասրդողած՝

– Ժամանակն է –

որ հեռացար՝ բոցըդ ալիքներին թողած.

– Ժամանակն է –

Դու, որ սեր թաղեցիր հուշկահավերժաքաղց՝

– Ժամանակն է –

ու հիմա կաս կապույտ, սև ու կապույտ հագած.

– Ժամանակն է –

և դու, որ լույս բերիր ու աստվածներ տարար՝

– Ժամանակն է –

և դու՝ աստղատարած մի՞թե իմ մեջ մարած.

– Ժամանակն է –

Հայրենիք իմ, սեր իմ, ԱրյունԱչոք մեղա,

– Ժամանակն է –

Որ սոսկ ավետաբեր ու շնչահեղձ եղար.

– Ժամանակն է –

Եղբայր իմ, թող ձեռքս, ու թող մնա այն բաց՝

– Ժամանակն է –

Ես էլ մեկն եմ քեզնից, և ուզում էի… բայց

Ժամանակն է:

 

 

CONFUTATIS

(բալլադ)

 

Ես գիտեի՝ ոչ ոքի համա՛ր եկա ես այստեղ,

Սակայն այստեղ երբվանից ոչ ոք չկար էլ արդեն,

Միայն մի կանչ էր ծանոթ, և իմ պատկերն էր դեռ թաց տիեզերքի իմ բաժին

սա կողմերում ավետյաց:

Ու տրվելով այդ կանչին, ու ձայնելով նրա հետ,

Երակներով իմ կապույտ ես լողացի դեպի ետ՝

Թափառելու նրանց մեջ, որ փնտրելով ինձ սըրինգ՝

Միանվագ իմ հոգուն կավե մարմին հագցըրին.

 

-Մենք ենք՝ ուղին անըսկիզբ՝ անվախճանվող մինչ հիմա,

Մենք ենք ընկերքն այս գետի՝ քո թիկունքում, քո դիմաց –

Ես քայլեցի նրանց մեջ… ու չըտեսա ես նրանց,

Շիրմատներ էին, հեհ, ինձնից առաջ, իմ առաջ.

 

Շիրմատներ էին, հեհ, ուր ստվերները ներհուն

Երազն էին խնկարկում պակա՛ս մենակ լինելու,

Ու կանչեցի ես նրանց՝ չարյունոտված այս հողով ստվերներիդ այդ մոլոր

իմ ծարավի մեջ գոյող.

Անարձագանք եռաձայն խելագարվող իմ նրանք,

Որ ապրեցին հազար մահ ու մահացան մեն մի կյանք,

Խարխափելով ցողի մեջ քայլում էին գլխաբաց

Որպես երեք առասպել՝ իրա՛ր, իրա՛ր նվիրած.

 

-Մենք ենք՝ այլոց մեղքի դեմ հավերժ մեխված սա տեղին,

Եվ սա սրտերն են մեր տաք՝ ցրիվ եկած մայթերին-

Ես բախվեցի նրանց հետ… ու չըտեսա ես նրանց,

Վերմարդիկներ էին, հեհ, ի խույզ երկինք սևեռված,

Եվ երակից բարձրացող կարմիր մշուշ էր աղոտ,

Որ իմ անզոր ռունգերին մատուցանվեց որպես օդ:

Արևելքի եդեմում սոսկ գիշերն էր հուսակիր,

Ու կանչեցի ես նրան՝ իբրև միա՜կ կողակից,

Բայց խավարի մեջ նյութեղ, զնդաններում եռանիստ ոչ մի, ոչ մի հեռացորղ

ինձ չըբերեց սպեղանի,

Մանկավրեպ ուշացած լուսնաժըպիտ միայն նա՛ հոգեկանչվեց իմ ծեսին

ու չըզորեց կայանալ.

 

-Ես եմ հակված սընարիդ եղերամայր խառնածամ,

Որ արտասվում եմ անձայն, ու արտասվող՝ միայն կամ-

Ես ծաղկեցի նրա դեմ… ու չըտեսա ես նրան,

Միայն տեսիլք էր ու տենդ, միայն պատրանք էր ու ձայն,

Ապա՝ խարույկ էր ու բոց,

Եվ երկինքներն՝ արդեն բաց,

Եվ իմ պատկերը՝ արդեն հրացոլքի մեջ բեկված:

 

Հետո՝ ուրախ: Կամ՝ տխուր: Հետո՝ արդեն իսկ միակ կյանքն իմ ապրեց ինձ որպես

Հավերժության նախօրյակ,

Ամեն ինչ նույնը մնաց, սոսկ միևնույնը դարձավ,

Շամանդաղվեց ու դաղեց, ճերմակեցի,

Վերջացավ.

 

-Մենք ենք ուղին անըսկիզբ՝ հավերժ մեխված սա տեղին,

Որ արտասվում ենք անձայն՝ ցրիվ եկած մայթերին-

Ես ապրեցի սրանց մեջ ու չըտեսա ես նըրանց՝

Շիրմատներ էին, հեհ, իմ պատկերին սևեռված:

 

 

LACRIMOSA

 

Կապտակապույտ ծովում անինքնաբավ լույսի

իմ օրերն են լողում և օրերը այլոց.

ալիքներից ներքև՝ նիրհը տասներկուսի,

ալիքներից վերև՝ ես՝ վերջինը քայլող:

 

Բայց հող չճանաչած իմ ոտքերի առաջ

քամիները՝ պոկված ապագայի եզրից

փռում են ջրերին տեսիլախառն ավազ

ու զարկում աչքերիս ավազախառն տեսիլ,

 

Իսկ ինձ արդեն թարթել չի կարելի, ավաղ,

և աչքերս ծածկել չի կարելի ափով,

և ամեն մի աստծո ամեն մի լուսաբաց

դաջում է բիբերիս.

թափոր

թափոր

թափոր,

 

Եվ ամեն մի երազ՝ նիրհել ջրերից ներս,

Ալյաց քամահրանքով շպրտվում է երկինք.

– Ինձ մի՛ տարեք այնտեղ, որտեղ մեռնում եմ ես,

– Ինձ մի՛ տարեք այնտեղ, որտեղ գտնում եմ ինձ,

 

Տարածությունն արդեն սահմաններ է գտել,

և օրով է չափվում տոնը ժամանակի,

ե՞րբ են չըպայթելու քարաձնավներն ըստերջ

և չըծառանալու ջրերը սաղմնակիր՝

 

Մինչ թափորն իջնում է սանդուղքով աստղերի

որպես բանակ՝ պարտված մերձավորի դավով,

երկնահըմա, սակայն՝ արդեն վարժվա՛ծ դերին.

անպարունակ

անկման

հավերժական նավորդ:

 

Եվ սեփական արյուն տեսածի պես նվաստ,

և մարմնի՛ միայն ջերմությանը հաղորդ,

եթե մտնի պիտի ապագայի դրախտ,

ապա՝ որպես դիակ և կամ հուղարկավոր:

 

Այսպես:

Իջման մոլուցք,

Իսկ ներքևում՝ փակ դուռ:

Եվ դեռ չներվելու ժամանակ ինքնակեզ,

Եվ ամենայն լուսեղ ինձնից ելնում է դուրս,

Ճերմակ թղթի

եզրով

կաթկթում է

ներքև:

 

AGNUS DEUM

 

Տա՜ր ամենայն լուսեղ, վերադարձրու նըրան

ու հաղորդիր՝ Ոչինչ, ես կմնամ այստեղ,

հող ու ջրի միջև, պարզ ձյուների վըրա

մոլորվեց իմ հոգին, ես կմնամ այստեղ,

մակաղակված ներսում՝ եռանշան Լուսին,

չդանդաղող մի լույս,

ու սրնթաց մի ձայն,

ու ակամա մի կյանք, որտեղ ձայնը լույսից

ետ է մնում կրկին, ես կմնամ այստեղ:

 

Դև ու չարքերի մեջ մենք փնտրեցինք միայն

դրախտային Այգին – և՛ս մի առասպել,

բայց այսօրիկ փոշում խառնըվեցին իրար

տիեզերք ու երկինք: Ես կմնամ այստեղ:

 

Այսօրիկյա փոշում մի ընդմիշտ քմծիծաղ

բաժանում է արդեն քեզ այս վերջնաշխարհից,

ու անելիք այստեղ արդեն չունես, ավաղ,

գնա՜ անվերադարձ, անղեկ ու անխարիսխ…

 

Անկորցնելիդ իմ գորշ, միակ իմ միասին,

տար ամենայն լուսեղ և հաղորդիր նըրան,

որ երբ ձայնը դանդաղ հավասարվի լույսին,

իմ սեփական այգո՛վ ես կմտնեմ դըրախտ:

 

 

VOCA ME

 

Ինձ կիսող պատի երկու կողմերում

ոչ ոք չմնաց արդեն կենդանի,

և օրացույցի ներհակ զնդանից

չկամությամբ են օրերը ելնում:

Եվ օրացույցի ներփակ շրջանից

դև ու ջրահարս, չարք ու բարեկամ

ելնում են դանդաղ նույն չկամությամբ

ու ինձ հեզանազ հրաժեշտ տալիս:

Հողեղեն գոյի ցուցափեղկերից

մանեկեններ են լալիս ժպտադեմ,

մի ձեռքում՝ սառույց, մյուսում՝ կավիճ,

ու կատարյալ է անցյալը արդեն:

Իսկ հարակատար ներկայում ահա,

ուրկից Երկիրը լավ չի երևում,

քեզ եմ սպասում ես շունչս պահած:

Տաք կհագնվես. ցուրտ է վերևում:

 

COMMUNIO

(Կրակի լեզուներ)

 

Երազ տեսա: Սիրով տրտում: Ողջույն, ցավի իմ փորձանոթ:

Ի՞նչ ես շինում էս ցեխերում: Որտեղի՞ց է ձայնդ ծանոթ:

 

Ո՞վ ես արդյոք: Իրոք է ցուրտ: Մի զառանցիր դողի միջից:

Երկու մահիկ ցուրտը տարավ երեկ Հարդագողի միջից:

 

Զույգ բջիջներ բղով եկան հըղիացող կողի միջից:

Զույգ աչքեր են խեթում անթարթ Ծիր Կաթինի ցողի միջից:

 

Չե՞մ խանգարում: Տողի միջից: Կարգախոս եմ արտաբերում.

Վաղուց է, ինչ ոչ մի աստված չի վախճանվել ձեր կողմերում:

 

Հողի միջից: Իզուր ես դու թվաձայներն իրար կապում:

Դո՞ւ ինչ գիտես: Անթարթ աչքից ոչինչ երբեք չի վրիպում:

 

Բաց կեղևդ: Կոպերդ բաց: Ինչո՞վ պիտի ինձ հմայես:

Որ չիմացածդ վերհիշես ու մահվանից այնկողմ նայես:

 

Ի՜նչ հավասար, ի՜նչ հավասար: Էն ո՞վ կտրից անցավ թեթև:

Ի՞նչ պատասխան պիտի ես տամ: Ինչո՞ւ հենց՝ ես: Որովհետև:

 

Գերխընդիրը՝ թող ոչ մի զոհ: Աշնան տեսիլ՝ մահվան թախիծ:

Ի՜նչ ես կառչել դու երկնքի եռախնձոր առաստաղից,

 

Շուրջդ նայիր: Կույր եմ, ահա, ու տեսիլքներ արդեն չկան:

Ի՞նչ օղակ է շնչափողիս: Այն ձեռքերն են, որ համընկան:

 

Մի ուրու է միայն հեռվում տարուբերվում որպես եղեգ,

Ու ծղրտում սրտկեղեք աստղերի մեջ: Ի՞նչ է եղել:

 

Փեշից թափված քարի նման գլորվեցի ու ընկա ցած

ու մնացի ճամփի եզրին՝ փոշիներում անշարժացած:

 

(Ջրի ճամփին մոլորվել էր, սև սրտիկը տենդի մեջ էր.

դատարկ փարչով տուն մտնելիս փեշը պիտի թա՞փ տար, թե՝ չէ):

 

Ու ճամփեզրի կյանքը դանդաղ հանապազօր փոխվեց հացի,

ինձ կաթոգին առավ իր մեջ ու օրորեց, ու մնացի:

 

Ու մնացի շուքով բազմած փոշու մեջ ու մացառների՝

ճամփի եզրին, որով, ավաղ, դու երբեք չես անցնի էլի:

 

Սրտից պոկված քարի նման գլորվեցի ու ընկա ցած

ու կամ՝ թեթև, ցողաթաթախ՝ քո կարոտից անշնչացած:

 

Ինչ գրել եմ՝ սա է եղել. քոչվոր մի ցեղ թոքախտավոր:

Գիտեմ: Լռիր ու խաղաղվիր, բախտավոր իմ, իմ բախտավոր:

 

Լուսնանում է: Այստե՞ղ ես դեռ: Միշտ եմ այստեղ: Փորձիր քնել:

Որտեղի՞ց է ձայնդ ծանոթ: Ինչ գրել ես՝ ես եմ գրել:

 

Անդին 03.2018

Կարծիքներ

կարծիք