Վերնիսաժի գիժ Վարոն

Հեղինակ:

Վերնիսաժում աշնան խաշամի նման գույները ծիկրակելով ճչում ու խանգարում են իրար: Այստեղ լավ կամ վատ նկարներ չկան. դրանք բոլորն էլ դիմակահանդեսի խայտաբղետ կոկետուհիների նման գեղեցիկ են՝ ըստ ճաշակի: Այդ գույների, ավելի ճիշտ՝ ներկերի սնափառ ու ծույլ հեղինակները ծառերի տակ պարապությունից շախմատ են խաղում կամ հարբելով վերլուծում երկրի քաղաքական անհայտությունը: Իսկ նկարների հանդեպ անտարբեր մարդիկ, ինչպես թաղման թափորում, ծուլորեն ու դանդաղ անցնում են լույսով ողողված գույների միջով՝ մուգ ակնոցների տակ թաքցնեով իրենց հայացքի ուղղությունը: Նրանք այստեղ են գալիս ոչ թե հոգևոր սննդի պակասությունից, այլ որպեսզի իրենց ներկայությունը խառնեն բազմաբովանդակ առարկաների խառնիճաղանջ գույների հետ: Նկարների, գորգերի, խաչափայտերի, փոքրածավալ քանդակների, հայկական գունավոր զարդաքարերի և արվեստի մյուս նմուշների կողքին ցուցադրված են նաև ներքնաշորեր, ինքնաշեն տնային առարկաներ, վերանորոգված էլեկտրասարքեր ու այլ խառախուռա, և այդ ամենը՝ օդը սղոցող ռաբիս երաժշտության տակ:

Ամառային մի կիրակի վերնիսաժում շոգն այնպես էր վրա տվել, որ դրանից փրկում չկար նույնիսկ ստվերում:

Գեղանկարիչ Սերոյի համար ժամանակը կանգ էր առել: Նա գիտակցաբար հանձնվել էր ձանձրույթի հորձանուտին, որպեսզի չտխրի, որովհետև դեռ ոչ մի նկար չէր վաճառել: Ձանձրանում էր, ինչպես Ադամն էր ձաձրանում դրախտում առանց Եվայի: Դրանում նրան օգնում էր կողքի նկարիչ Կարոն, որը շարունակ նկարչությունից էր խոսում, թեմա, որից բացարձակապես պատկերացում չուներ: Կարոն միայն Մասիս էր նկարում: «Մասսանկարիչ Կարոն», ինչպես հեգնանքով նրա մասին ասում էին նկարիչները: Որպեսզի հաստատի իր նկարիչ լինելը, նա չէր մոռանում լեռան լանջին պատկերել Նոյյան տապանը: Հանկարծ Կարոն խոսքը կիսատ թողեց ու ցածրաձայն շշնջաց.

-Զգուշացե՛ք, վարպե՛տ, կախ ականջ փնտրող գիժ Վարոն է գալիս:

Սերոն վերջերս վերնիսաժ չէր գալիս, նա գիժ Վարոյի մասին տեղյակ չէր և քանի որ շատ էր տանջվում շոգից ու Կարոյի բարբաջանքներից, որոշեց լսել գժին: Նրա համար կարևոր չէր՝ ինչով կլցնի ներսի խոնջացած ամայությունը: Եթե այս ծերունին խենթ է, մտածեց նա, ուրեմն նրա ասածները անկեղծ կլինեն, հետևաբար արժե լսել նրան: Սերոն հետաքրքրված ընդառաջ գնաց գիժ Վարոյին, որպեսզի մոտիկից լսի, թե ինչ է ասում նա, համ էլ ականջը որոշ ժամանակով կհանգստացնի Կարոյի «հանճարեղ» մտքերից:

Գիժ Վարոն խոսելով մոտենում էր: Սերոն նկատեց, որ ծերունին ոչ թե խոսում է ինքն իր հետ, այլ դիմում է շրջապատի մարդկանց՝ հույս ունենալով զրուցակից գտնել: Սակայն մարդիկ խուսափում էին գժից և անտարբեր հայացքները փախցնում նրանից. հիմա ո՞վ է լսում արհամարհված շատախոսին:

Հսկայական գլխով, միջահասակ, ալեխառն երկար մորուքով ծերունին բարձրաձայն խոսելով քայլում էր շոգից խոնջացած մարդկանց միջով: Խոսելիս նրա թափառող հայացքը ուշադիր զննում էր բոլորին: Ծերունին խոհուն ու տխուր աչքեր ուներ և ինքնամփոփ, վերացած տեսք: Նրա մաշված տաբատը այնքան լայն ու երկար էր, որ կրունկների մասում քրքրված ու մաշված թելերը ավլում էին ասֆալտը, իսկ մեջքին պինդ ձգված գոտին կարծես հազիվ էր պահում հսկայական տաբատի ծանրությունը: Չնայած անտանելի շոգին՝ վերնաշապիկի բոլոր կոճակները կոճկված էին: Նա, դանդաղ քստքստացնելով սանդալները, քայլում էր կիզիչ արևի տակ՝ իր հետ քարշ տալով սեփական թանձր ստվերը, կարծես շոգը նրա ցանկալի բարեկամն էր:

-Ինչո՞ւ եք զսպում ձեր խենթությունը և զբաղվում գոռոզաշինությամբ,- ձեռքերը թափահարելով պաթետիկ ճառասացի նման ասում էր ծերունին:- Չե՞ք տեսնում, որ ձեր մեջ բույն դրած արհեստական խուճապը ստրկացրել է ձեզ՝ կնոջ կերպարանքով: Ապագայի անորոշ գուշակություններից արագացրել եք ձեր ներսի ագռավաթռիչքը: Բնության հանդեպ ձեր ապերախտությունը խառնել եք ջրերին, որպեսզի հետո վերադարձնեք պղտորված հիշողության տեսքով: Հիտլերի նման, ձեր գաղափարներին հասնելու համար ամեն րոպե նետվում եք կործանարար սատանայի գիրկը: Ձեր մարմինը հանգստացնում եք պարապ ուղեղի արհեստական երազախաբությամբ: Ամեն մեկդ անընդհատ նայում եք սեփական ամայացած հոգու մերկությանը և ձեր ներսի դատարկությունը սարսափահար թաքցնում բոլորից, նույնիսկ ինքներդ ձեզանից, որպեսզի ոչ մեկին հասու չդառնաք: Մահից այնքան եք վախենում, որ օձ տեսնելիս թունավորվում եք: Թափառող մահին թաքցնում եք մտապատկերի վարագուրած մութ ետնաբեմում և դարամշուշը փակել եք նախնիների ոսկորներից կառուցած բարիկադներով: Այն պահից, ինչ խեղճ բնությունը արարեց մարդուն, նա վտանգի տակ դրեց իր գոյությունը: Հիմարաբար ու անփույթ անտեսեցինք բնության կողմից արարված երկսեռության կատարելությունը, որը հանդիսանում է սիրո հիմքը. չէ՞ որ ամեն արարած սերունդ տալու համար նախ և առաջ պետք է սիրի հակառակ սեռի իր նմանակին, իսկ մենք այդ աստվածային շնորհը հասցրեցինք այլասերման: Քարանձավից սկսած մինչև անհավանական ճարտարապետություն և համակարգիչ՝ շարունակական դավադրություններից մոլորվեցինք կյանքի սարդոստայնում: Պառավ կույսի և ժլատ միլիոնատիրոջ նման անտեսեցինք մահվան փաստը. կարծես այն գոյություն չունի: Թվում է, քանի դեռ ապրում ենք, մահը մոռացել է մեզ, իսկ նա, ով համոզված է մահվան գոյությանը, կենդանության օրոք այնպես չի ապրում, որ հետո որպես մարդ հանձնվի հողին, և հողը պարտակի նրան: Հողին արժանի դառնալու համար հարկավոր է կենդանության օրոք մարդ մնալ և միշտ ձգտել դրան. ոչ մի գայլ չի պարտակվել հողին: Հիվանդ կամ սատկած գայլը միշտ էլ ամփոփվել է սեփական ոհմակի որկորում…

Վարոն երկու-երեք քայլ արեց և շարունակեց.

-Երբ կինը դարձավ պահի տերն ու հարճը, իսկ տղամարդը՝ կրքի ստրուկն ու բռնակալը, շարունակ ծնում ենք մեզ դատողներին կամ բարի կամքի դրսևորմամբ՝ մեզ ներողներին… Այս անհեթեթ ՙզարգացման՚ ճանապարհին ինչ հայտնաբերեցինք, անվերադարձ և հիմնովին կախված մնացինք դրանցից, և առանց նոր հայտնաբերվածի անհնար եղավ ապրելը: Մեր հանդուրժողականությունը դարձել է թողտվության և հանցագործությունների հիմքը: Ագահները տիրել են տիեզերքը և չարանում են նեղությունից: Մի օր ստիպված վճարելու ենք բնության գործերին մեր միջամտության համար…

Հանկարծ ծերունին որսաց Սերոյի հետաքրքրասեր հայացքը: Կնճռոտված աչքերը ուրախությունից փայլեցին. զգաց, որ կա մեկը, ով հետաքրքրված է իրենով, կանխավ վայելեց զրույցի շարունակության հաճույքը: Անմիջապես ընդահատեց ՙբարոյախոսական ճառը՚ և մոտենալով Սերոյին՝ դիմեց նրան.

-Բարև, եղբա՛յր, պարզ է, գեղանկարիչ ես և ինձ նման խենթ: Չվիրավորվե՛ս, ես մեծարեցի քեզ. ստեղծագործող մարդը անպայման շեղումներ կունենա, հակառակ դեպքում, սովորական մարդկանց նման, չի կարողանա ստեղծագործել: Խենթը խենթին անմիջապես ճանաչում է, ինչպես մենք՝ իրար… Որտե՞ղ են Ձեր նկարները, ուզում եմ տեսնել:

Ծերունուն ընդառաջ գնալիս Սերոն դրանից մի քանի քայլ հեռացել էր: Նա շուռ եկավ ու հայացքով ցույց տվեց իր կտավները: Վարոն, փոխանակ հետևելու նկարչին, հանկարծ կանգ առավ և հայացքը գամեց ջրաներկով նկարված բնորդուհու նկարին: Սերոն ստիպված նորից ետ եկավ՝ ինքնամոռաց նկարին նայող ծերունու մոտ, որը դիմեց նրան.

-Տես, թե ի՜նչ գեղեցիկ է ու թափանցիկ՝ ջրով ներկված հիշողության պես: Երևի բնորդուհին սկզբից էլ հավատացել է նկարչին և մերկացել, որ հետո արդարանա, թե իբր նկարիչը խաբեց իրեն: Բնորդելու ժամանակ արվեստանոցում տաք ու հաճելի է եղել, դրա համար էլ տևական նիրվանային է տվել վարդագույն պտուկների կանչը: Իսկ այդ ընթացքում ստրկացած նկարիչը վրձնի միջոցով համբերատար ազատվել է գերությունից և ձգտել անհասանելիին…

Երբ Սերոն Վարոյի հետ մոտեցավ իր նկարներին՝ հարևան նկարիչները զարմացած վեր քաշեցին ուսերը՝ իբր, ա՛յ վարպետ, խելքդ ո՞ւմ ես տվել… Ծերունու աչքից չվրիպեց նրանց լուռ, խուսափողական հեգնանքը: Նա վիրավորված, բայց զուսպ դիմեց նրանց.

-Աստծո կողմից պարգևած ձեր շնորհքի հունդը բովել եք և ուզում եք դրանով հրաշքնե՞ր ծնել: Եթե վրձին բռնել գիտեք, գիտեք արդեն նկարիչնե՞ր եք: Չե՞ք հասկանում, որ ինչքան երևակայեք, այնքան կրկնապատկվում է ձեր սնափառությունը: Ձեր ներկերի կնգուղի տակ երանգները հիվանդ են: Կառչելով գիտակցությունից՝ բանտարկել եք հոգին և ստեղծագործում եք առանց նրա հետ մերձենալու: Երբ մի արվեստագետի մոտ բացակայում է անկեղծությունը, նրան ի սրտե խղճալ է պետք, որովհետև նրա մեջ մեռած է մարդկային ամենակարևոր հատկանիշը: Ցավալին այն է, որ այդպիսի մարդը դեռ նաև ստեղծագործում է. նրա գիտակցությունը չի թողնում, որ իր ներսի երազը անարգել սավառնի գունաերազների միջով: Մի՞թե կարելի է թաքցնել հոգու հրաշալի և անկեղծ մերկությունը: Դուք պետք է ամեն օր հերձեք ձեր հոգին՝ ի տես բոլորի. գույները չեն հանդուրժում հուսալքված վրձիններին: Իսկական արվեստը արարվում է տառապանքից, որի ցավը խորն է ու անկեղծ: Լիությունն ու անհոգությունը հոտում են անշարժ ու նեխած ճահճի նման, բոհեմական կյանքը սերմեր չի տալիս: Մի՞թե հույս ունեք, որ ձեր հիվանդ գործերը, որոնք մատուցել եք հիվանդանոցային պատգարակով, կդիմանան ժամանակի փորձությանը…

Նկարիչներից ոմանք, ակնհայտ արհամարհելով ծերունու ՙբարբաջանքները՚, մի քանի քայլ հեռացան, իսկ մյուսները շշմած քարացան տեղում: Նրանք գիտեին, որ գիժ Վարոն խոսելով թափառում է վերնիսաժում, բայց երբեք ուշադրություն չէին դարձրել նրա մտքերին: Այս անգամ, անակնկալի եկած, նրանք զարմացած լսում էին ծերունուն:

-Գո՛րծ չունեք, վարպե՛տ, խելք մի դրեք գժին. կրակն եք ընկնելու, ժամերով կխոսի,- Սերոյի ականջին փսփսաց Կարոն:

Սերոն ձեռքի ափով ճանճ քշելու նման հեռացրեց նրա մռութը իր ականջից և ուշադրութւյունը լարեց ծերունու վրա, որը, զննելով նրա նկարները, ասաց.

-Նույնիսկ քո երևակայական նկարներում ակնհայտ է հեռանկարչությունը, որը բնորոշ է ճարտարապետին (ծերունին ճիշտ էր. Սերոն մասնագիտությամբ ճարտարապետ էր): Իսկ քո գյուղական պատկերներից թրիքի հոտ է գալիս: Ի՜նչ անկեղծություն. դա մանկության հիշողությունների ծալքերից եկած կարոտախտն է, որ վրձնել ես, որպեսզի խաղաղվես…

«Տե՜ր Աստված,- զարմացած մտածեց Սերոն,- ո՞վ է այս մարդը, որ այսքան ճշտորեն, պարզ ու հակիրճ վերլուծեց իմ նկարները»: Եվ որպեսզի հասկացնի, որ ուրախ է նրա հետ զրուցելու, ծերունուն հրավիրեց նստել ծառի տակ դրված ծալովի փոքրիկ աթոռին: Գիժ Վարոն սիրով ընդունեց հրավերը: Նա նստեց, մեջքը հենեց ծառին և ժպտալով սրամտեց.

-Ստվերում զրուցելը ստվերոտ է լինում:

Կարոն, որը Սերոյին խորհուրդ էր տալիս խուսափել գիժ Վարոյից, որոշեց առաջինը ինքը հեգնել ծերունուն և իբր մտերմիկ տոնով հարցրեց նրան:

-Հետաքրքիր է, ի՞նչն է քեզ իրավունք վերապահում առանց հարցնելու վերլուծել նկարիչների գործերը… Ի՞նչ է, քեզ արվեստաբանի տե՞ղ ես դրել… կամ ինչո՞ւ ես Աստծու փոխարեն դատում մարդկանց…

-Սիրելի՛ս, ես ավելի շատ ինքս ինձ եմ դատում,- վերնաշապիկի թևքով ճակատի քրտինքը սրբելով պատասխանեց ծերունին:- Մարդիկ ինձ գժի տեղ են դնում, դու՝ նույնպես, իսկ ես իրավունք չունե՞մ նրանց խեղաթյուրված հոգու աշխարհը ջրի երես հանելու: Իսկ մարդկանց դատում եմ, որովհետև պարզ է՝ չեմ հասկանում նրանց: Հետո էլ որպես գաղտնիք ասեմ. օգտվում եմ առիթից, որ գիժ լինելը ոչ մի օրենքով արգելված չի, խելոքին գժանոցում փակելը՝ նույնպես:

-Ո՞ր մեղքիդ համար ես գժանոցի պատվին արժանացել,- այս անգամ հարցրեց Սերոն:

-Է՛հ, եղբայր, ծեր մարմինս ուղեղիս հետ համահունչ չի: Ի՞նչ անի ուղեղը բորբոսնած մարմնի հետ: Պայծառացման պահերին գիտակցությանս մեջ առկայծում են հակասական մտքեր, որոնք ծանրանում են շրջապատի և հատկապես հոգեբույժի վրա: Դրանք մտքեր են, որոնք մարսելուց հետո երկար որոճացել եմ ու կուլ տվել, և երբ դրանք պայթել են, դարձել են մեղքերիս միակ պատճառը: Եթե մարդը ներքին ազատության համար չի տանջվել համամարդկային երևույթներն ու հոգին ուսումնասիրելու վրա, նրա համար չարժե անհանգստանալ. նա շատերի նման նորմալ, սովորական մարդ է և նրան չի սպառնում խելագարությունը: Երբ որևէ մտքի կամ երևույթի մեջ խորանալու մոլուցք եմ ունենում, կորցնում եմ իսկական խենթությունս և ափսոսում դրա համար: Այդ պահին աշխատում եմ անտեսել իմ կապվածությունը այս աշխարհի հետ: Երբ հոգեբույժը առաջին անգամ արտաբերեց իմ հիվանդության անունը, որով տառապում են բոլոր ազատ մտածողները, նա այն նվիրեց ինձ՝ ամբողջ կյանքիս համար: Մի՞թե կարելի է հոգեբույժի այդպիսի ՙնվերի՚ համար տարիներ շարունակ մարդուն փակել հոգեբուժարանում և արգելել լիարժեք քաղաքացի լինելուց: Այնուամենայնիվ, ապրելու ցանկությունը չի լքում ինձ: Ու քանի դեռ ձգտում եմ ապրել, Աստծու ամեն առավոտ արևի շողերը բալանու անցքից ներս են սողոսկում շշերով լեցուն իմ փոքրիկ սենյակ՝ բերկրանք պատճառելով ինձ:

-Ի՞նչ շշերի մասին է խսոքը,- հետաքրքրվեց Սերոն

-Իմ վեց քառակուսի մետր սենյակի հատակը ծածկված է տարբեր տարիներին հավաքված օղու, գինու և կոնյակի շշվերով: Փույթ չէ, որ իմ սենյակի հատակին ոտք դնելու տեղ չկա: Դրանք ինձ համար հոգի ունեցող արարածներ են և իմ անցյալի հիշողության վկաները: Մի՞թե ծիծաղելի է, որ ես սիրում և հաճախ էլ զրուցում եմ նրանց հետ. շշերը իմ կյանքում հանդիպած ամենահամբերատար լսողներն են, որոնք երբեք ինձ չեն ընդհատել: Պարզվում է՝ իմ այդ հարազատ և սիրելի շշերը խանգարում են հարևաններիս, որոնք մեջ են ընկնում իրենց ձրի խորհուրդներով. «Վարո՛, ինչո՞ւ ես պահում այդ շշերը. վաճառի՛ր դրանք, գոնե մի քանի օրվա հացի փող կունենաս»: Նրանք չեն հասկանում իմ կապվածությունը այդ շշերի հետ. կարծես մեղավոր եմ, որ հիշողություն ունեմ: Անհանգստությունն ու տագնապը դառնացրել են իմ օրվա քիմքը: Հազվադեպ է պատահում, որ քեզ նման լսող եմ ունենում, դրա համար էլ շշերի հետ խոսելով՝ ձգտում եմ ճանաչել ինքս ինձ, սակայն համոզվել եմ, որ դա անհնար է, և գիտե՞ս ինչու… Մարդիկ դժվար են ճանաչում իրենք իրենց՝ բացառությամբ որոշ հանճարների, այն էլ՝ երբ անհատը կարողանա ինքն իրեն դատել անկողմնակալ: Դա անհնար է: Սովորական մարդը ի վերուստ եսակենտրոն է: Սովորաբար ասում են՝ ինչքան մարդ, այնքան բնավորություն, դա ճիշտ է. մարդիկ տարբեր են, սակայն այնուամենայնիվ նրանք ունեն մեկ ընդհանուր հատկանիշ՝ բոլորը եսասերներ են, ոմանք շատ, ոմանք՝ ավելի քիչ, այսինքն՝ մարդասեր… Բոլորս գիտենք, որ Վան Գոգը խելագարության տենդի պահին իր ականջը կտրեց, բայց նրա կենսագիրներից ոչ մեկը մի կարգին պատճառաբանությամբ չհիմնավորեց դա: Ինչո՞ւ այդ հանճարեղ նկարիչը պետք է ինքն իր ականջը կտրեր… Ինչ-որ աղջիկ, ինչ-որ խանդ… անհեթեթություն… Նա իր ականջը կտրեց ինքնադիմանկարների վրա աշխատելիս. երբ հայելու մեջ ինքնամոռաց և երկար ուսումնասիրում էր ինքն իրեն, որի ժամանակ էլ խելագարվեց… Սակայն կանայք նույնպես երկար են նայում հայելու մեջ, ինչո՞ւ նրանք չեն խելագարվում: Ասեմ: Որովհետև նրանք հայելու մեջ հետևում են սոսկ իրենց դեմքի շպարին, աչքի, բերանի, մազի տեսքին: Իսկ նկարիչը ինքնանկարի վրա աշխատելիս ձգտում է ուսումնասիրել և կտավի վրա վերարտադրել հայելու մեջ երևացող կերպարի ներքին հոգեկան աշխարհը՝ մոռանալով, որ այն իր սեփական դեմքն է: Սակայն երբ հանկարծ հասկանում է դա, իր մեջ գլուխ է բարձրացնում խելագարությունը: Եթե այդ վճռական պահին Վինսենտ Վան Գոգը ուժեղ լիներ և անմիջապես վար դներ վրձինն ու դուրս գար արվեստանոցից, հնարավոր է՝ փրկվեր խելագարությունից: Ուսումնասիրե՛ք այդ նկարչի ինքնադիմանկարները և կհամոզվեք դրանում. Դուք կտեսնեք կարմիր, արյունախեղդ աչքերի անսահման ինքնամոռաց լարվածությունը… Իմիջիայլոց, այդ լարվածությունը երևում է նաև բոլոր գեղանկարիչների ինքնադիմանկարներում…

-Վարո՛, այդ բոլորը դու որտեղի՞ց գիտես՝ չլինելով գեղանկարիչ…

-Սեփական փորձից, երբ փորձել եմ հայելու մեջ ուսումնասիրել և խոսել ինքս ինձ հետ: Այնուամենայնիվ չեմ կարողացել հասկանալ ինքս ինձ, որովհետև դրա համար հարկավոր է «նրան» ինձանից զատել և ուսումնասիրել ինչպես օտարի: Ա՛յ, հենց սա է ամենադժվարը (օտարել սեփական ես-ը), որ մարդիկ չեն կարողանում ճանաչել իրենք իրենց: Սակայն ամեն ոք, եթե ուզենա, կարող է տարիների իմաստնության արձագանքները խտացնել իր մեջ:

-Զարմանալի է, քո մտքերի հախուռն տարափի տակ ինչպե՞ս ես կարողանում դիմակայել ներսիդ լարվածությանը:

-Գիտե՞ս, հետաքրքիր զգացողություն է, երբ թիկունքում զգում ես սեփական խելագարության շնչառությունը:- Ծերունու մորուքը հուզմունքից ցնցվեց. հավանաբար նրա համար դժվար էր խոսել իր համար տհաճ հիշողությունների մասին: Նա, խեղճացած և անորոշ նայելով անցորդների կողմը, շարունակեց:

-Հաճախ այդ խելագարի դիմակ հագած ուրվականը հետապնդել ու գայթակղել է ինձ: Կանչել է, որ հետևեմ իրեն և ներս մտնեմ իր նեղ ու սև դռան միջով: Ես համառորեն երկմտել եմ ու մնացել ամուր հողի վրա՝ հասկանալով, որ մութ դռնից այն կողմ համատարած թանձր գիշեր է ու իմ վերջնական կործանումը: Այս տարիքում և այսպիսի տառապանքներից հետո վիրավորվում եմ, երբ ինձ արհամարհում կամ դատում է ինձանից քիչ տառապած և անփորձ մարդը, և մեղավորության զգացում եմ ունենում, երբ ինձ դատում է ինձանից շատ տառապած և փորձված մարդը: Բազմիցս բախտ եմ ունեցել կանգնել խելագարության շեմին, բայց ներս չմտնել… Իմ համառության և ինքնասիրության պատճառով վաղուց եմ դատապարտվել մենակության…

-Հավանաբար դա այն վիճակն է, երբ մարդն ուզում է ինքնասպան լինել,- մեջ ընկավ Կարոն, որպեսզի ցույց տա, որ ինքն էլ ինչ-որ բան հասկացավ:

-Ինքնասպանություն գործողը նույնպես մարդ է սպանում, հետևաբար, արարքը հանցագործություն է, իսկ ես հանցագործ լինել չեմ կարող: Սակայն դա միակ ծանր հանցագործությունն է, երբ օրենքով չի դատվում, ավելի ճիշտ՝ դատվում է օրենսդիրների հնարած «հետմահու» իմաստի տեսքով: Ըստ իս՝ ծիծաղելի է և հիմարություն «հետմահու դատելը»: Չկա դատապարտյալը, ո՞ւմ են դատում՝ անհասկանալի է… Ոչ ոք այնքան իշխանություն չունի ինքն իր վրա, որքան ինքնասպանություն գործողը…

Սերոն նկատեց, որ գիժ Վարոյից խուսափող նկարիչները աննկատ վերադարձել և կանգնել են իրենց կողքին՝ ծառի ստվերում: Նրանք լուռ ականջ էին կախել Վարոյի զրույցին:

-Վարո՛, այս կյանքում լավը խաբուսիկ է, իսկ վատը վատթարագույնը չի,- ասաց Սերոն,- նույնիսկ վատթարագույնը դեռ վերջը չէ: Ըստ իս՝ ոչ մի դեպքում չարժե ձեռք բարձրացնել սեփական կյանքի վրա: Նկատել եմ, որ տարեցներն ավելի են կառչած կյանքին, քան ջահելները՝ փոխանակ հակառակը լիներ: Դա երևում է նրանից, որ տարեցների մեջ ինքնասպանություն գործողները շատ քիչ են…

-Որովհետև նրանց կյանքի իմաստն ամայացած է,- Սերոյի միտքը շարունակեց Վարոն,- իսկ ամայությունը սպանել հնարավոր չի….

Հանկարծ դիմացի շարքի նկարիչներից մեկը ձայնեց.

-Տղե՜րք, Սերո՜, Սաքոն նկար է վաճառել, մաղարիչ է անում, եկեք…

-Մաղարիչի հետ դո՛ւք եկեք մեզ մոտ,- հակադարձեց Սերոն,- մեր ծառի ստվերը ավելի մեծ է…

Հավաքվեցին: Գիժ Վարոյին տեսնելով՝ զարմացան:

-Վարոն է, իմ նոր ընկերը,- ծերունուն ներկայացրեց Սերոն,- միշտ ասում է այն, ինչը ձեր մտքով չի անցել: Նկարիչ չի, բայց նկարչությունը հասկանում է ձեզնից լավ:

-Չափազանցում ես,- քթի տակ ասաց Վարոն:

Օղին և ուտելիքը դասավորելով՝ սեղան բացեցին: Առաջին բաժակով շնորհավորեցին Սաքոյին՝ նկար վաճառելու առթիվ: Հաջորդ բաժակով խմեցին բոլոր նկարիչների հաջողության համար: Տղերքից մեկը նկատեց, որ Վարոն չի խմում:

-Ինչո՞ւ չես խմում,- Վարոյին հարցրեց նա:

-Տղե՛րք, ինձ չի կարելի…

-Եթե ընկերս չի խմում, մի ստիպեք,- միջամտեց Սերոն:

Տղերքից մեկը, որը դեմքով նստած էր դեպի ցուցադրված նկարները, աչքունքով հասկացրեց, որ նկարներով հետաքրքրվող կա:

Սերոյի նկարների մոտ կանգնած էր ամբողջովին սպիտակ հագած, ֆետրե գլխարկով բարձրահասակ մի տարեց, նիհար մարդ՝ օպտիկական ակնոցն աչքերին: Սերոն նկատեց, որ մարդը հետաքրքրված է մի գյուղական նկարով, որը կոչվում էր ՙՍպասում՚:

-Վարո՛,- ծերունուն դիմեց Սերոն,- կարծում եմ՝ դու այդ նկարն ավելի լավ կվաճառես, քան ես: Նկարը գյուղական թեմայով է, իսկ գյուղը դու լավ գիտես: Մոտեցի՛ր և ձևացրու, թե նկարիչը դու ես, և վարվիր այնպես, ինչպես կկամենաս:

Ծերունին, անակնկալի եկած, շփոթվեց, հարցական նայեց Սերոյին, փորձեց տեղից վեր կենալ, բայց հապաղեց:

-Չէ՛, չե՛մ կարող…

-Խնդրում եմ,- պնդեց Սերոն:

Վարոն անվստահ մոտեցավ նկարների մոտ կանգնած մարդուն: Նկարիչները ծառի ստվերից սկսեցին հետաքրքրությամբ հետևել իրադարձություններին:

-Էս մարդը նկար առնող չի. տեսքից երևում է, որ անցյալից եկած աղքատ մտավորական է,- իր կարծիքը նախօրոք հայտնեց Կարոն:

Վարոն ու մարդը զրուցում էին (նրանց զրույցը չեր լսվում): Մարդը տխուր ժպիտով պատասխանեց ծերունուն: Նրանք իրար կողքի հիշեցնում էին ծաղրանկարի դրվագ. մի կողմում կոկիկ ու մաքուր բարձրահասակ մտավորականն էր, մյուս կողմում՝ իբր նկարի հեղինակ, գզգզված, երկար մորուքով, անճաշակ հագնված կարճահասակ գիժ Վարոն:

Հանկարծ մարդը հարգալից խոնարհվեց ծերունուն. հավանաբար զարմացել էր ծերունու խոսքի և մտքի, հետո էլ արտաքին տեսքի անհամապատասխանությունից: Մարդը խանդաղատանքով գրկեց ցանցառ ՙգեղանկարչին՚, որը համարյա իր գոտկատեղից էր: Վարոն համեստորեն ազատվեց ՙմտավորականի՚ գրկից, լուրջ ու ինքնավստահ վերադարձավ տղաների մոտ և դիմեց Սերոյին.

-Աղքատ, բայց նկարչությունը գնահատող մարդ է: Նկարը շատ է հավանել. նույնիսկ զարմացավ, որ գինը շատ էժան ասացի, բայց արժեքին համապատասխան փող չունի: Կարծում եմ՝ պետք է նվիրել:

-Ուրեմն նվիրի՛ր, չէ՞ որ նկարի հեղինակը դու ես…

-Բայց…- կմկմաց ծերունին:

-Գնա՛, մարդը սպասում է,- բարյացակամ ժպտալով ոգևորեց Սերոն:

Վարոն վերադարձավ նկարների մոտ, անվարժ շարժումով եռոտանու վրայից (քիչ էր մնում շուռ տար) վերցրեց նկարը և մեկնեց մարդուն: «Մտավորականը» ձեռքերն առաջ պարզեց. կարծես ջրի շիթ էին ուղղել վրան, և կտրուկ մի քայլ ետ գնաց: Վարոն նկարը ստիպողաբար խցկեց նրա թևի տակ: Մարդը մի քանի անգամ շփոթված խոնարհվեց ծերունուն և մի պահ մնաց տեղում: Վարոն էլի ինչ-որ բան ասաց: Դրանից հետո մարդը հեռացավ՝ նկարը թևի տակ պինդ սեղմած:

Մարդու հեռանալուց հետո Վարոն վերադարձավ ծառի տակ և ընկճված նստեց իր տեղում: Նա տխուր ու խեղճացած տեսք ուներ, կարծես մոռացել էր իր սիրելի զբաղմունքը՝ խոսելը: Ծերունու լռությունը իշխեց պահի վրա. ոչ ոք չէր համարձակվում խախտել այն: Սերոն աչքի պոչով գաղտնի հետևում էր Վարոյի տրամադրությանը: Լռությունը խզելու համար Սաքոն նստած տեղից թեթևակի շարժվեց՝ պատրաստվելով ինչ-որ բան ասել: Սերոն նրան հայացքով սաստեց, որ լռի: Իրոք, քիչ անց Վարոն առաջինը խզեց իր պատճառով ծանրացած լռությունը.

-Այսօր մի կին հավանաբար ինձ խղճալու համար ասաց (տանել չեմ կարողանում, երբ ինձ խղճում են). «Ես կաղոթեմ քեզ համար»: Վիրավորվեցի, սակայն զսպեցի ինձ՝ հիշելով բուդդայական կանոններից մեկը, որն ասում է. «Ցասումը համարվում է մտքի աղտոտություն»:  Առանց այդ էլ հոգեբուժարանից ազատվել եմ, որովհետև կարողացել եմ հոգիս մաքրել աղտոտությունից: Ի՞նչ է նշանակում, երբ մեկն աղոթում է ինձ համար: Արդյոք դա չի՞ նշանակում, որ նա գողացել է իմ հոգին և առանց ինձ հարցնելու վաճառում է Աստծուն: Ո՞վ է նրան իրավունք տվել իմ փոխարեն դիմելու Աստծուն և մանավանդ թողություն խնդրելու… Ոչ ոք իրավունք չունի՛ միջնորդ դառնալու իմ ու իմ Աստծու միջև…

Տղերքը լուռ պանրով բրդուճ էին ուտում և խորհում գիժ Վարոյի ասածների մասին:

-Եթե այսօր Վարոն իր ներկայությամբ հաճույք չպատճառեր մեզ, հավանաբար, ինչպես միշտ, քաղաքականությունից էինք խոսելու,- ասաց Սաքոն:

-Քաղաքականությունը մեզանում թեմա է, որ անծանոթները ծանոթանան,- նրան անմիջապես պատասխանեց Վարոն և շարունակեց,- քաղաքականությունից չարժե խոսել. դա հավասարազոր է ջուր ծեծելուն: Ես չեմ ուզում շատերի նման դառնալ քաղաքական մարգարե և արագացնել տագնապիս թռիչքը, որ հետո ստիպված պատճառաբանեմ՝ ինչո՞ւ իմ գուշակությունները չիրականացան: Քաղաքականությունը զզվելի է նաև նրան համար, որ ամեն ոք իրեն իրավունք է վերապահում խոսել դրանից և նույնիսկ վերլուծել: Ինչքան պասիվ ու անտարբեր է երկրի հասարակությունը, այնքան նենգ է նրա կուլիսային ակտիվությունը: Միևնույն է, քաղցր մաճառի բոլոր երգերը թթված քացախի մասին են: Խավարից դուրս գալու մեր միտումը սկսվում է խավարում ապրելու համբերությունից: Ամեն պղինձ դեռ հողից չզատված՝ իրեն շեփոր է կարծում և սկսում է շեփորել: Խոսափողների մեջ բարբաջող խելոքները թող գնան գյուղ և զրուցեն կյանքի փորձից իմաստնացած հասարակ մարդկանց հետ, որոնք փիլիսոփաների և իմաստունների կարիքը չեն զգում: Նրանք գիտեն հողից բարիք ստանալու համար հեղված քրտինքի քանակությունը: Չարքաշ շինականը այնքա՜ն է տառապել, որ չի հավատում տառապանքի գոյությանը, որն այս կյանքի թոշնած ու շեղված վիճակն է: Նա կապված է իր ապուպապերին և լռել է նրանց նման: Աշխարհում ինչքան բարիք կա, բոլորն անխտիր հողն է տալիս: Սակայն նա, ով հողից քամում է այդ բարիքն ու հարստությունը, գնահատված չէ: Հողի հետ կռվողները հետո խառնվում են հողին և մոռացվում: Նրանք հաջողակ են սոսկ մի բանով. նրանց բոլորին հաջողվում է մեռնել: Նրանք հասկանում են, որ գոյություն չունենալը գոյություն ունենալու նման անորոշ է…

Զգացվում էր, որ նկարիչներն արդեն ակնածանքով էին լցվել ծերունու հանդեպ: Սաքոն ինչ-որ բան ասելու համար ասաց.

-Այդպես է, Վարո՛, քո մտորումները հոգու աշխարհից են, որն ամենակարևորն է մարդու համար, առավել ևս՝ արվեստագետի: Հոգու աշխարհը միշտ էլ ժամանակից առաջ է ընկել, դրա համար էլ իսկական արվեստը անհասանելի է ոմանց:

-Դրանից էլ մեր հնագույն մշակույթը,- պատասխանեց Վարոն,- որը ստեղծվել է հոգու և ոգու հզոր միջամտությամբ և աշխարհի կողմից ընդունվեց դուրյան պտղի նման, որը չափազանց համեղ է, սակայն անտանելի բույր ունի օտարների համար: Ինչո՞ւ ի սկզբանե մեր բախտը չբերեց հարևանների հարցում, որ չհասկացանք՝ հոգեբանությո՞ւնը ծնեց մոլեռանդին, թե՞ հակառակը՝ մոլեռանդը ծնեց հոգեբանությունը…

-Տղաները բաժակները լցրել էին, բայց չէին խմում. ամեն մեկը մտորում էր Վարոյի ասածների մասին: Հանկարծ Կարոն ձեռքը դրեց Սարոյի ուսին.

-Վարպե՛տ, այսօր ձեր բախտը բերել է, դարձյալ Ձեր նկարներով հետաքրքրվողներ կան:

Բոլորի հայացքները սևեռվեցին նկարների կողմը: Այս անգամ Սերոյի նկարների դիմաց կանգնած էին երիտասարդ մարդ ու կին՝ իրենց փոքրիկ աղջնակի հետ:

Սերոն նայեց գիժ Վարոյին:

-Չէ՛, չե՛՛մ կարող,- մերժեց ծերունին,- առանց այդ էլ իմ երեսից այսօր տուժեցիր:

-Սիրելի՛ Վարո, մեր միջի սթափը դու ես, հետևաբար՝ մոտեցիր և ինչպես կարող ես, այնպես էլ վարվիր: Ես վստահում եմ քեզ: Այսօր իմ կտավների հեղինակը դու ես: Մինչ այդ մենք կխմենք քո հաջող գործարքի համար…

Ծերունին դժկամությամբ վեր կացավ և մոտեցավ նկարների մոտ սպասող ընտանիքին:

Երկար սակարկում էին: Այդ ընթացքում տղաները մեկական բաժակ ևս խմեցին: Վերջապես Վարոն վերադարձավ և երեք հարյուր դոլար մեկնեց Սերոյին.

-Այսքանով կարողացա. ավելին չէր տալիս…

Սերոն հարյուր դոլարը առանձնացրեց և վերադարձրեց ծերունուն.

-Սա քոնն է…

-Չէ, չե՛մ կարող, նեղացնում ես,- հրաժարվեց Վարոն:

-Վարո՛, այս փողը ազնվորեն քիչ առաջ դու աշխատեցիր, հետևաբար այն քոնն է: -Եվ հարյուրանոցը խցկեց ծերունու վերնաշապիկի գրպանը:

Այդ պահին բոլորի համար տեղի ունեցավ անսպասելի մի բան: Ծերունին միանգամից զգաստացավ: Նրա աչքերը զայրույթից փայլեցին: Նա տեղից վեր կացավ (համարյա ցատկեց) և ասաց.

-Այսօր, երբ հանդիպեցի ձեզ,- հայացքն ուղղեց Սերոյին,- շատ ուրախացա՝ հաճելի միջավայր գտնելու համար: Մինչ այս պահը երջանիկ էի, ինձ թվաց՝ արդեն սկսում եմ ապրել, սակայն պարզվեց, որ պետք է շարունակեմ ապրել առաջվա նման: Թվաց, թե գոնե դուք կհասկանաք գիժ Վարոյին, բայց նույնիսկ դուք՝ խենթ նկարիչներդ, չհասկացաք ինձ: Կներեք, որ այսքան խոսեցի՝ ձեր զսպված լռության հաշվին,- և վերնաշապիկի գրպանից անսպասելի հանեց հարյուր դոլարանոցը, դրեց սեղանին և առանց մի խոսք ասելու հեռացավ:

Նկարիչները շփոթված նայում էին հեռացող Վարոյի հետևից, որը լուռ քայլում էր վերնիսաժով՝ առանց ուշադրություն դարձնելու մարդկանց վրա և ոչ իսկ արձագանքելով նրանց կանչերին: Նա գնում էր շշերով լեցուն իր սենյակը՝ մենակության մեջ նրանց հետ խոսելու:

Այդ օրվանից ոչ ոք Վարոյին չտեսավ վերնիսաժում:

 

Կարծիքներ

կարծիք