Հնաբանությունները Չարենցի «Գիրք ճանապարհի» ժողովածուում

«Օգնեցե՜ք ինձ»

(հատված Մարիետա Շահինյանին Չարենցի հղած նամակից)

Թանկագին Մարիետա Սերգեևնա.

Դժբախտություն ունեցա գրելու բանաստեղծությունների և պոեմների նոր գիրք՝ 300 էջ, «Գիրք ճանապարհի»  ընդհանուր վերնագրով,- մեր ժողովրդի անցյալի, ներկայի և ապագայի մասին: …Եվ ահա հենց այս գիրքը մարդիկ իրենց նաիրյան կուրությամբ և ատելությամբ հայտարարեցին նացիոնալիստական, դաշնակցական և… ընկ. Խանջյանի բացակայության ժամանակ, երբ գիրքը, վաղուց արդեն տպագրված, արդեն պիտի լույս տեսներ, բռնեցին և Կենտկոմի քարտուղարության անունից արգելեցին որպես հակահեղափոխական, իսկ ինձ էլ, առանց պատճառների որևէ բացատրության, դուրս վռնդեցին պետհրատից:

Մեր ամբողջ մտավորականությունը այդ օրերին ցնորվածի նման էր,վախեցած իր գլխի համար, բացահայտորեն վայրի, անիմաստ տեռորի հոտ էր գալիս, որի նմանը չեք գտնի Խորհրդային Միության ոչ մի վայրում… պատկերացնում եք արդյո՞ք, թե ինչ պիտի վերապրեի ես այդ օրերին՝ չէ որ ես այդ օրերին կարող էի սպանել թե՛ ինձ, թե՛ իմ ընտանիքը, խելագարվել. զարմանում եմ, որ դա չպատահեց ինձ հետ:

…Օգնեցեք Ձեր կրտսեր գրչեղբորը… Այս փոքր նաիրյան աշխարհում ես շատ թշնամիներ ունեմ…

 

Չարենցի վաստակը համակողմանի է, բազմաշերտ ու բազմաշառավիղ, արվեստը՝ անկրկնելի, խոհերը, հետաքրքրությունները, աղերսները՝ բազմազան: Թերևս սրանցով և իր բազմաժանր ու բազմաբովանդակ գրականությամբ է պայմանավորված նաև այն, որ նա միշտ կարողանում է դեպի իրեն, իր առեղծվածային ներաշխարհը խորասուզել տալ յուրաքանչյուրիս: Չարենցը ուղեկցում է մեզ և մեր առջև բացում իր անսպառ գանձերը: Այդ գանձերի շարքում իր առանձնահատուկ տեղն ունի «Գիրք ճանապարհի» ժողովածուն, որտեղ հեղինակը վերաքննում է հայ ժողովրդի մաքառումներով անցած ուղին, անհատականությունների տեղն ու դերը ազգի պատմության մեջ, ներկայացնում արվեստի մասին իր խորհրդածություններն ու մտորումները: «Գիրք ճանապարհի» վերնագիրը, անշուշտ, պատահական ընտրություն չէր: Կարդալով դաոսական իմաստության խոշոր դեմքերից մեկի՝ Լաո-Ցզիի «Դաո-Դի-Ցզին» գիրքը, որի մեջ «ճանապարհի» / «Ուղու» /՝ Դաո-ի ուսմունքը գտել է իր կատարյալ և ամբողջական արտահայտությունը, Չարենցն այնտեղ նշմարել է մտքեր, բանաձևեր, պատվիրաններ, մարգարեություններ և այլն, որոնք հարազատ են եղել այդ տարիների իր մտածումներին:

Ժողովածուն բաղկացած է 10 պոեմից, «Տաղեր և խորհուրդներ», «Զանազան բանաստեղծություններ և թարգմանություններ» շարքերից: Գրքից հանված «Աքիլլե՞ս, թե՞ Պյերո» երկի փոխարեն զետեղված են «Արվեստ քերթության» և «Գիրք իմացության» շարքերը:

Չարենցի «Գիրք ճանապարհի» ժողովածուում վկայված են բազմաթիվ հնաբանություններ: Պրոֆեսոր Աշոտ Սուքիասյանի վկայմամբ՝ հնաբանությունները խոսքի ոճավորման համար գործածվում են.

  • Դարաշրջանի պատմական բներանգը վերականգնելու համար (պատմական բնույթի գեղարվեստական ստեղծագործություններում),
  • Գեղարվեստական խոսքին հանդիսավորություն, հուզաարտահայտչական երանգ տալու համար (չափածո և հրապարակախոսական գործերում, ճարտասանության մեջ, հռետորական ելույթներում),
  • Զավեշտական, հեգնական, երգիծական տպավորություն ստեղծելու համար (ֆելիետոնային, պամֆլետային, երգիծական ստեղծագործություններում),
  • Գեղարվեստական ստեղծագործության կերպարների խոսքային բնութագրման համար և այլն,
  • Պատմական տվյալ դարաշրջանի հասկացությունների անվանման համար (պատմափիլիսոփայական, գիտական գրականության մեջ և այլն):

Չարենցի «Գիրք ճանապարհի» ժողովածուում առկա են հնաբանությունների մի քանի ձևաիմաստային խումբ (գրաբարաբանությունները, միջինհայերենյան և վաղաշխարհաբարյան ձևեր):

Բառապաշարային գրաբարաբանություններ՝

  • Օ՜, վաղընջական արշալույսներ, /Մանուկ մարդկության օրեր լուսե (էջ 176),
  • Եվ ես, ահավասիկ, հին գրերով այս մեր (204),
  • Եվ, իբրև դևի տրիտուր, նախճիրներ նյութեց ու ջարդեր… (238),
  • Կամ դեպի բլուրն էր գնում՝ անսալով շեփորի ձայնին: (241),
  • Եվ դեմքը նրա սպիտակ և սկիհը նրա այդ – անդարձ (243),
  • Առաջինը՝ անտառում վառած խարույկի պահապանն էր այն հեք, /Որ ձեռքին, դրոշի փոխարեն, կրում էր վիթխարի մի փուքս. (246),
  • Մեր դեմից անցնում էին արդ մանուկներ մեռյալ և ծերեր (260),
  • Եվ գայլեր՝ մարդուց գազազած, և մկնե՛ր զառամ, շնե՛ր… (261),
  • Թռչկոտում էին ու պարում մեր տեսած այրերն այն ճիվաղ,- (263),
  • Եվ հին դարերի գինին այն զեխ, (298),
  • Այդ բարդու հմայքը բուրյան. – (308),
  • Մեր հանճարեղ, մեր մեծ հեղինակի /Մահամնա երկի /Երրորդ արարը դուք արդեն տեսաք- (319),
  • Աշխատում են, ճգնում են շարունակ՝ /Ամենասև լուտանքը դարձնելով գործիք՝ /Ցե՛խ շպրտել մեր մեծ հեղինակի գործին… (337),
  • Խնդրենք, որ մեր արգո գործող անձերը գան /Եվ իրենց խոսքն ասեն այս ամեհի մասին: (340),
  • Եվ վայելելով պտուղը ռոշնական քո առաջին սիրո՝ /Կարո՞ղ ես չզգալ դու, որ հետզհետե / Հանձնվում է քեզ կյանքը — և դու / Պարտավոր ես քո հաղթ ուսերից այն գետին չնետել: (367),
  • Հառնում է խավարից և նայում լուսաբացին՝ /Ընծայելով կաթիլ առ կաթիլ իր դառնագույն հաճույքը: — (368),
  • Քո ռունգերում անմահ բույրե՜ր դու կբերես, /Որ թերևս և ո՛չ մի մահկանացու /Դեռ չի շնչել կյանքում, որ թերևս /Կենսատու են, կամ, գուցե, մահացու: (372),
  • Երրո՛րդ խորհուրդը ձեզ, ո՜վ գալիքի /Երգասաններ.- դարե՛րն են ձեզ հետևում.-/Թեկուզ դարն է ծնում և երկիրն է տալիս երգին շունչ ու ոգի- /Բայց երգը երկրից ու դարից մի՛շտ երկար է տևում (397),
  • Նա մեծ էր հողո՛վ, արյունո՛վ:- Արմատնե՜ր ուներ նա հողում: /Իր երգերը — գեղջուկ նայիրցու քրտինքո՛վ էր նա ողողում (434):

 

Քերականական գրաբարաբանություններ՝

  • Եվ սիրո տխուր նվագներ — անցնում էր խումբը նոցա,- (244),
  • Գնացին նոքա, այդ արի զինվորները, Երկիրն Ավետյաց (236),
  • Ճաշակել Ոգո՛ւ խնդություն՝ սնվելով խոհով ու բանիվ,- (258),
  • Այդ լապտերը, ո՜վ Առաջնորդ, կփրկե աշխա՛րհը արար… (269),
  • Այդ հին դարերից, որպես Գողթան (301),
  • Ա՜խ, գանգրահեր է միշտ հերոսների մորուսը… (338),
  • Նա հնձեց օրերում այն սև/Բարձրաբերձ այգեստանը մեր (311),

 

Ակնհայտ է, որ գրաբարաբանություններում մեծ չափերի են հասնում գրաբարյան սահմանական ներկայի կազմությունները, ինչպես, օրինակ, իշխե (179), թագավորե (179), տիրե (186), ավիրե (186), գերե (186), բերե (186), քշե (193) և այլն:

«Գիրք ճանապարհի» ժողովածուի թեման խթան է բազմաթիվ պատմաբառերի գործածությանը: Ինքը՝ Չարենցը, օգտագործելով բազմաթիվ պատմաբառեր, վերստին ժխտում է այն թյուր կարծիքը, թե պատմաբառերի կիրառումը միայն պատմաբանին ու վիպասանին է հատուկ: Նկատելի է, որ «Գիրք ճանապարհի» ժողովածուում գերակշռում են հնավանդ տեղանունները և անձնանունները, ինչպես, օրինակ, Դրո (271), Ուլիս (309), Աքիլլես (318), Պյերո (318), Դանթ (421) և այլն:

  • Փա՜ռք փառաբանենք ապա մենք մեր /Առյուծ-Մհերին, դյուցազնին քա՛ջ, /Դավիթին՝ նրա որդուն դյուցազն, /Մհերին՝ նրա որդուն անմահ,- (174),
  • Չուներ իշխաններ նա դեռ հմուտ (175),
  • Ձենով-Օհանի՛ն բերին հանդես (179),
  • Թաքցրեց նրա զենքերն հրցայտ, /Առյուծ-Մհերի սուրը կայծակ /Եվ զորությունը նրա անծայր (179),
  • Գերության հանձնեց Սասունը ողջ:- /«Լա՛վ» — համաձայնեց Մելիքն ահեղ,- (181),
  • Օրագրեր, գրքեր, ձեռագրեր, /Գրություններ՝ մնացած դեռ Դորպատից (214),
  • Այն ոսկեծամ աղջիկը-Շարլոտտա Շույլցը (217),
  • Ո՜վ դյուցազնական և բարբարոս Վիրգի՛լ, (223),
  • Սևասև վեղարը գլխին և դեղին ճակատի վրա- /Մի հսկա, շողշողուն ադամանդ, որ թե՛ խաչ է, թե՛ գունդ է, թե՛ նետ:
  • Այն միֆական, այն մութ Ավարայրի օրից /Մինչև օրն այս, գիշերն այս խավար-

Ժողովածուում առկա են նաև ուղղագրական հնաբառեր, ինչպես՝ հուրհուրա (178), ամբավ (179), ոդ (185), երկրներից-երկիր (204), սերունդե-սերունդ (202), բացագանչություն (352), ոլիմպացի (443) և այլն, միջինհայերենյան և վաղաշխարհաբարյան բառեր, ինչպես՝ իրա (177), կելնե (178), ծուռ (183), դիվոտ (187), բաղ (214), ձեռներ (266), զոռբա (282), զառբաբ (426) և այլն:

Այսպիսով, Չարենցի «Գիրք ճանապարհի» ժողովածուում գրաբարյան բառերի, բառային ձևերի, քերականական ձևերի, բառակապակցությունների ու դարձվածների բազմաթիվ գործածություններ են առկա: Ժողովածուի հնաբանությունների քննությունից պարզվում է, որ դրանց թիվն անցնում է չորս հարյուրը, որոնց մեջ առյուծի բաժինը գրաբարաբանություններն են: Վերջիններիս առատությունն ապացուցում է, որ Չարենցը նվիրյալ գրաբարագիտակ էր մեր ոսկեղենիկ մայրենիի ողջ բառագանձին, քերականական իրողություններին: Գրաբարի նման քաջիմացությունն արդյունք էր հայ մատենագրության խորքային ըմբռնման և վերաիմաստավորման: Հասուն շրջանի Չարենցը հասկանում էր, որ առանց արմատների, ազգի պատմության իմացության անհնար է արդյունավետ ներկա և առավել ևս հզոր ապագա կառուցել: Առանց պատմության, հին արժեքների մեր կառուցած տունը նման էր լինելու ավազների վրա բարձրացած շինության, որ փլվելու էր քամու առաջին իսկ հարվածից:

(մեջբերումները կատարված են Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու 4, 1968 թ. հրատարակությունից)

Անդին 02.2018

 

Կարծիքներ

կարծիք