«Մելգոնեանը» ահազանգ է հնչեցնում

Մայրենի լեզվի կաճառի դռները շարունակում են մնալ փակ

«Մելգոնեան» կրթական հաստատությունը չի գործում արդեն մեկ տասնամյակ և ավելի…

ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված Մայրենի լեզվի օրվան նվիրված միջոցառումները համայն հայության կողմից շարունակվում են ողջ աշխարհում՝ կարևորելով մեր ազգային ժառանգության մեծագույն գանձի՝ հայոց լեզվի, հայի ինքնության ու ազգային միաբանության առաջնային գրավականի և հայապահպանության հիմնասյան, ուծացման վտանգի դեմ զորեղ վահանի դերը սփյուռքում: Մինչդեռ մայրենի լեզվի պահպանման գործում անգնահատելի ավանդ ունեցած պատմական «Մելգոնեան» կրթական հաստատության դռները արդեն մեկ տասնամյակ և ավելի շարունակում են մնալ փակ:

Հայազգի բարերարներ Կարապետ և Գրիգոր Մելգոնեան եղբայրների նվիրատվությամբ 1926 թվականին Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում հիմնված ՙՄելգոնյան՚ կրթական հաստատությունը շուրջ ութ տասնամյակ կրթություն և խնամք է տվել ինչպես Հայոց ցեղասպանության ընթացքում որբացած հայ մանուկներին, այնպես էլ աշխարհի տարբեր ծայրերից ժամանած հայ պատանիներին ու աղջիկներին՝ պատրաստելով նրանց միջազգային հեղինակավոր բուհերի ընդունելության քննություններին, ապա և հայապահպան առաքելության:

Սակայն 2004 թ. ՀԲԸՄ կենտրոնական վարչության Մելգոնեան եղբայրների կտակակատար մարմնի որոշմամբ ծախսատարության և կրթության ժամանակակից պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ կրթահամալիրը դադարեցրեց իր առաքելությունը՝ ընդվզումի մեծ ալիք բարձրացնելով հայության շրջանում:

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, փակելով վարժարանը, Կիպրոսի, ինչպես նաև աշխարհասփյուռ հայությանը զրկեց մայրենի լեզվով կրթություն ստանալու հնարավորությունից: Միջազգային համաժողովների ընթացքում, որոնց հրավիրվում են գիտնականներ, հայ ձեռնարկատերեր ու մտավորականներ աշխարհի տարբեր ծայրերից, Կիպրոսի կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ ծավալվում են քննարկումներ ՄԿՀ-ի փակման խնդրի վերաբերյալ, նախկին սաներն ու ուսուցիչները մեղադրանքներ են հնչեցնում ՀԲԸՄ-ի հասցեին, մինչդեռ կրթահամալիրի զբաղեցրած 125 հազ. քմ տարածքում դեռևս ամուր ցանցապատված ամայի ու լքված շենքեր են. եռահարկ ուսումնական մասնաշենքեր, հանրակացարան, մարզահամալիր, մարզադաշտեր, բնակելի շենք, և հայ մեծերի գետնադիր քանդակները, Մելգոնյան եղբայրների դամբանը (Մեծ բարերարների աճյունները հողին են հանձնվել կրթահամալիրի բակում՝ նույն դամբանում):

Հայապահպանության, հայ ինքնության ու ազգային միաբանության, հայոց լեզվի պահպանման գործում անգնահատելի ավանդ ունեցած «Մելգոնեան» կրթահամալիրի երախտապարտ սաները, ովքեր ապրում են «Մելգոնեան»-ի տված ազգային դաստիարակության շնչով, կրթօջախի հիմնադրման 90-ամյակի առթիվ նախաձեռնել էին ֆիլմի նկարահանման աշխատանքներ՝ նպատակ ունենալով ներկայացնել կրթօջախի պատմությունը՝ այսպիսով գուցեև նպաստելով համալիրի փակված դռները վերաբացելուն:

Լիբանանահայ կինոռեժիսոր Նիկոլ Բեզջյանի «Լույսի տաճար» ֆիլմը 2016 թ., իննսունամյակի տոնակատարությունների շրջանակներում, ցուցադրվեց Բեյրութում և Նիկոսիայում, Վենետիկում, Մոնրեալում, Տորոնտոյում, Բոստոնում: 2017 թ. այն ցուցադրվեց նաև «Նարեկացի» արվեստի միության Երևանի և Շուշիի կենտրոններում:

Ֆիլմը նկարահանված է «Մելգոնեան» կրթական հաստատության տարածքում՝ փորձելով կրթօջախի տխուր ներկայի համապատկերում ոգեկոչել փառավոր անցյալը, ներկայացնել անհերքելի փաստերն այն մասին, որ այս լույսի տաճարը լույս է սփռել 78 տարի շարունակ, հազարավոր սաներ մկրտվել են «Մելգոնեան»-ի սուրբ ավազանում և ՙՄելգոնեան՚-ից առած լույսը սփռել ողջ սփյուռքում, փոխանցել սերնդեսերունդ: Նախկին ուսանողների տվյալների, արխիվային նյութերի և բանաստեղծական պատկերների միջոցով այս վավերագրական ֆիլմը ներկայացնում է կրթօջախի պատմությունը:

«Մելգոնեան» կրթական հաստատության հիմնադիրներ Գրիգոր և Կարապետ Մելգոնեան եղբայրները, իրենց ծննդավայր Կեսարիայի Գյումուշյան վարժարանում նախնական կրթություն ստանալով, սկսել են զբաղվել առևտրով: 1878 թ. ռուս-թուրքական պատերազմից հետո անցել են Ռումինիա և Ֆոքշանում վաճառականություն արել: Կարճ ժամանակ անց տեղափոխվել են Եգիպտոս, որտեղ հիմնել են ծխախոտի «Գ. և Կ. Մելգոնեան» ֆիրման և առաջին գործարանը: 1914 թ. այստեղ ամսական արտադրվում էր 10 միլիոն գլանակ:

Ավագ եղբոր մահից հետո Կարապետն ամբողջ ունեցվածքը նվիրաբերում է Հայաստանի Առաջին Հանրապետությանը, ինչի համար արժանանում է «Ազատ Հայաստանի արտասահմանյան առաջին հայ քաղաքացի» կոչմանը: 1921թ. Կարապետ Մելգոնեանն իր հարստությունն ավելացնում է եղբոր կտակին ու դրա իրագործումը հանձնում Պոլսի պատրիարքությանը: 1925թ. Ալեքսանդրիայում Կարապետ աղան կազմում է մի նոր ակտ և ամբողջ նվիրատվությունը՝ մոտ հինգ միլիոն դոլար, փոխանցում հայ ժողովրդի բացարձակ հեղինակությունը վայելող Պողոս Նուբար փաշայի ղեկավարած ՀԲԸՄ-ին: Այդ կտակով պետք է հիմնվեին դպրոցներ, կատարվեին հրատարակություններ և օժանդակություն տրամադրվեր եկեղեցուն ու տարբեր կառույցներին:

Բարերար հիմնադիր Կարապետ Մելգոնեանի փափագն էր, որ իր հիմնած կրթական հաստատությունները հարատևեն դարեդար, լինեն լուսավորության վառարաններ և հայ ազգին տան օգտակար և պարկեշտ նկարագրով անդամներ:

Առաջին իրավարար Պոլսո պատրիարքարանը 1923 թ. Նիկոսիայի մերձակայքում գնում է 187 հազ. քմ հողատարածք, և ճարտարապետ Կարո Պալյանի նախագծով սկսվում է կրթահամալիրի շինարարությունը: Կառուցվում են 15 շենքեր, խաղադաշտեր. վարժարանը բաղկացած էր մի քանի մասնաշենքերից՝ դպրոցական շենքեր, աշակերտների և ուսուցիչների համար նախատեսված կացարաններ, ճաշարան, արհեստանոցներ, տպարան, գրադարան և այլն:

«Մելգոնեան» կրթական հաստատությունը պաշտոնապես բացվում է 1926 թ.: Կրթահամալիրի առաջին «բնակիչների»՝ Եղեռնից մազապուրծ հայ որբերի ձեռքերով տնկված նոճիների պուրակը՝ իբրև Խաչ Ցեղասպանության զոհերի, մինչ այժմ պահպանվում է կրթահամալիրի տարածքում: Այստեղ Ցեղասպանությունից հետո հնչեցին հայ երգն ու մայրենի լեզուն: Բարերար Մելգոնեանը գրել է. «Իմ դպրոցը պետք է մեր վրեժը լուծի: Այս որբերը պետք է իրենց հայրական տունը նորեն շենացնեն, նրանցից պետք է պատրաստենք մեր ազգի նոր մեծերին»: Հատկանշական է դպրոցի բազմաբնույթ գործունեությունը՝ պարախումբ, երգչախումբ, թատերախումբ, սկաուտական ակումբ, փողերախումբ և այլն:

1987-89 թթ. կրթահամալիրը ենթարկվում է հիմնանորոգման, ընդլայնվում է Եվրոպայից ժամանող սաների թիվը: Ուսումնական ծրագրերն էին հումանիտար, գիտական ու տնտեսական, հայերենից ու անգլերենից բացի դասավանդվել են հունարեն, ֆրանսերեն, արաբերեն, ռուսերեն, բուլղարերեն:

ՙՄելգոնեան՚ կրթական հաստատության հազարավոր շրջանավարտներ առաջատարներ են մշակույթի, կրթության, գիտության, լեզվի ու ազգային ինքնության պահպանման ոլորտներում: Հիշատակենք նկարիչ Հակոբ Հակոբյանին, արձակագիր և թարգմանիչ Կարպիս Սուրենյանին, երաժիշտ Նիկողոս Թահմիզյանին, գրողներ Մուշեղ Իշխանին, Վահէ Վահեանին, Զարեհ Մելքոնեանին և այլոց: Այն միակ գիշերօթիկ, ամենօրյա դպրոցն էր Մերձավոր Արևելքում և Եվրոպայում: Նաև միակ միջազգային դպրոցն էր, որտեղ տարեկան ուսանում էին երկու տասնյակից ավելի երկրներից ժամանած շուրջ 300 հայ երեխաներ:

«Նարեկացի» արվեստի միության հիմնադիր նախագահ Նարեկ Հարությունյանը ևս «Մելգոնեան» հաստատության սաներից է: Նարեկը 13 տարեկան էր, երբ Բեյրույթում սկսվում է պատերազմը, Հարությունյանների ընտանիքը տեղափոխվում է Կիպրոս, և Նարեկը հաճախում է պատմական «Մելգոնեան» կրթական հաստատություն:

Վարժարանում ապրած օրերը ուսանելի հուշ դարձրած Նարեկ Հարությունյանի համար ողջ կյանքում մնացել են թանկ ու անմոռաց:

-Վարժարանում ուսանում և ապրում էին աշխարհի բոլոր ծայրերից ժամանած հայ երեխաներ: Մեծ բարերարներ Կարապետ և Գրիգոր Մելգոնեան եղբայրները, հիմնադրելով այս վարժարանը, նպատակ ունեին Հայոց ցեղասպանությունից մազապուրծ որբ, կարիքավոր հայ երեխաներին ապաստան տրամադրելու, օգնելու հաղթահարելու դժվարությունները և մտնելու կյանքի նոր փուլ:

«Մելգոնեան»-ը Կիպրոսի կղզում փոքրիկ Հայաստան էր: Հային հայ պահելու գործում անգնահատելի է վարժարանի հսկայական ավանդը:

«Մելգոնյան»-ը ոչ միայն կրթական, այլև կյանքի դպրոց է եղել շատ հայորդիների համար:

Մինչդեռ, ցավալիորեն, ՀԲԸ միության կենտրոնական վարչության որոշմամբ փակվել է այն՝ առանց վերաբացվելու հեռանկարի:

Ուծացումն ահագնացող երևույթ է հայ ազգի համար, ուստի մայրենի լեզվի կիրառումը, ուսուցումն ու փոխանցումը պետք է դառնա առաջնային նպատակ, քանզի համընդհանուր ձուլման վտանգը սպառնում է մեր ինքնությանը, պատմությանն ու արժեքներին:

ՀԲԸՄ-ն դարեր շարունակ լավագույն համազգային կառույցն է եղել, ունեցել է պատվավոր նախագահներ ի դեմս Պողոս Նուբարի և Ալեք Մանուկյանի, ովքեր վիթխարի պատասխանատվությամբ ջանացել են պահպանել հայի տեսակը սփյուռքում: Մինչդեռ «Մելգոնեան»  կրթահամալիրը փակելով և չընդառաջելով վերաբացման հորդորներին՝ ավելի քան 300 հայորդի ամեն տարի զրկվում է մայրենի լեզվով կրթություն ստանալու հնարավորությունից: Հատկանշական է, որ 1974թ. ներխուժելով Կիպրոս՝ թուրքական ռազմուժը ռմբակոծել է նաև Մելգոնեան կրթական հաստատությունը, որը տասնամյակներ շարունակ հայ է կրթել:

Ի դեպ, Կիպրոսի խորհրդարանը միաձայն որոշում է կայացրել ընդդեմ ՄԿՀ-ի փակման, Ներքին գործերի նախարարության քաղաքաշինության բաժինը կրթահամալիրի երկու պատմական շենքերը հայտարարել է «Պատմաճարտարապետական, ազգային ժառանգություն», հարակից պուրակը՝ «Կանաչ գոտի», իսկ 2007 թ. ընդունված հրամանով արգելվում է Մելգոնեան կալվածքի որևէ ձևափոխում:

Ողջունելի է, որ օտար պետությունն իր տարածքում գտնվող հայկական կրթօջախը պահելու հարցում նմանօրինակ նախանձախնդրություն է ցուցաբերում: Կիպրոսը, իբրև Եվրոմիության անդամ երկիր, ունի ազգային փոքրամասնությունների լեզվապահպանությանն աջակցելու պարտավորություն:

Ողջունելի կլիներ նաև գրեթե մեկդարյա պատմություն ունեցող «Մելգոնեան» կրթահամալիրի հայազգի երախտավորների կողմից վերափոխումը արդի չափանիշներին համապատասխանող ժամանակակից կրթօջախի՝ պահպանելով «Մեգոնյան» անվանումը և կիրառելով հայի տեսակն ուծացումից փրկելու միակ բուժարար խեժը՝ արևմտահայերենի, հայագիտական առարկաների դասավանդումը, սփյուռքում հայեցի կրթության ապահովումը:

Անդին 02.2018

Կարծիքներ

կարծիք