Բնակարանը

Հեղինակ:

Իմ պատուհաններից երևում է Մասիսը: Դա ինձ արժևորում է… բարձրացնում է իմ գինը: Համենայն դեպս այդպես են ասում բրոքերները: Բրոքերները հիմնականում երիտասարդ, աշխույժ, ճտպտան տղաներ են, որոնք գովում են ինձ, նշում իմ առավելությունները և նրբորեն թաքցնում իմ թերությունները: Ես դրանց բավականին տեսել եմ իմ կյանքի ընթացքում: Ասեմ, որ ես թերություններ շատ չունեմ, ինչ էլ որ կա, տարիքի հետ է կապված. դե, ես արդեն երիտասարդ չեմ: Այս ճտպտան տղաներն ինձ գովում են, նշում, որ ես քարից եմ և որ ես լավ դիրք ունեմ, կենտրոնական: Ամենաատելի պահն այն է, երբ իմ անունը կապում են այդ դահիճի, այդ մարդասպանի անվան հետ: Կարծես Ստալինի անունը պետք է բարձրացնի իմ գինը:

Դե, ինչպես նշեցի, հիմնական շեշտը դնում են այն բանի վրա, որ իմ պատուհաններից երևում է Մասիս սարը: Լինում են պահեր, երբ ես ինքս ժամերով զմայլվում եմ այդ տեսարանով: Գիտեմ Մասիսի բոլոր տրամադրությունները: Թե երբ է նա ուրախությունից շողշողում և երբ է մտածկոտ ու տխուր: Երբ է ամոթխած և չի ուզում, որ իրեն տեսնեն, և երբ է հպարտ կանգնում Երևանի վրա և կարծես ասում՝ ահա և ես, հիացեք:

Սակայն այդ ամենի հետ մեկտեղ ես գիտեմ, որ դա չէ իմ գլխավոր արժեքը, այլ այն, որ ես ճանաչում եմ մարդկանց: Այո, ես նրանց ճանաչում եմ, որովհետև շատ եմ տեսել իմ կյանքում: Տեսել եմ և ուսումնասիրել: Մարդիկ, ովքեր ապրել են այստեղ, մարդիկ, ովքեր եկել և գնացել են: Մարդիկ, որոնց տեսել եմ իմ պատուհաններից և այն՝ հեռուստացույց կոչվող արկղի մեջ: Տեսել և լսել եմ բաներ, որ ուրիշ ոչ ոք չի տեսել և չի լսել: Դուք չեք պատկերացնի, թե մարդիկ ինչպես կարող են իրենց պահել, երբ մտածում են, թե իրենց ոչ ոք չի տեսնում: Ի՞նչ մտքեր կարող են բարձրաձայն արտահայտել, երբ կարծում են, որ իրենց ոչ ոք չի լսում: Այո, այս պատերը շատ բան գիտեն, շատ բան կա թաքնված այս տան մութ անկյուններում: Սակայն, այդքանով հանդերձ, ես ամեն անգամ չեմ դադարում զարմանալ: Մարդ արարածը հետաքրքրի կենդանի է:

Սկսեմ այն ժամանակներից, երբ երիտասարդ էի: Այն ժամանակ ամեն ինչ ուրիշ էր, թե բակը, թե մարդիկ:

Առաջին ընտանիքը, որ եկավ, Տիգրան Բագրատիչի ընտանիքն էր: Տիգրան Բագրատիչը և իր կինը՝ տիկին Արուսյակը: Շատ կիրթ մարդիկ էին, ուղղակի արիստոկրատ: Չնայած նրան, որ Տիգրան Բագրատիչը կոմունիստ էր և բավականին բարձրաստիճան պաշտոնյա (հիմա տեղին չէ նշել, թե ինչ), շատ համեստ մարդիկ էին, համեստ և կիրթ. դե, դա արդեն ասացի: Ասում եմ «չնայած», որովհետև մի ժամանակ շատ էի լսում, մանավանդ հեռուստացույցով, թե կոմունիստները վատն են և ինչ վատ բաներ են արել: Գուցե, բայց իմ հարազատները ուրիշ էին: Ես նրանց սիրում էի, նրանք էլ՝ ինձ: Սիրով կահավորել էին ինձ, ջերմացրել: Համեստ, առանց ավելորդությունների:

Գրեթե ամեն երեկո հյուրեր էինք ընդունում: Տիկին Արուսյակը շատ համեղ պատրաստում էր և շատ լավ երգում: Ուշ երեկոյան, երբ հյուրերը, արբած գինուց և համեղ ուտելիքներից, խնդրում էին տանտիրուհուն մի բան երգել, տիկին Արուսյակը նստում էր դաշնամուրի մոտ և երգում ռոմանսներ: Հայկական, ռուսական: Նրա չքնաղ ձայնը, պարուրվելով դաշնամուրի հնչյուններով, դուրս էր գալիս պատուհաններիցս և տարածվում քաղաքի վրա: Ես մինչև հիմա էլ չեմ կարողանում առանց հուզվելու հիշել մեր այդ երեկոները: Ինչքա¯ն անհոգ էինք այն ժամանակ: Իհարկե, լինում էին և ընտանեկան թեթև վեճեր, դե, որտեղ չի լինում: Մեկ-մեկ էլ Տիգրան Բագրատիչը մի տեսակ նյարդայնացած էր գալիս աշխատանքից: Սակայն այդ ամենը հարթվում էր, երբ նա գրկում էր Արուսյակի գոտկատեղից, սեղմում իրեն և ասում՝ Ах моя душечка, գիտե՞ս, թե քեզ ինչքան եմ սիրում, և համբուրում էր նրան: Այո, նրանք սիրում էին իրար, և դա ինձ երջանկացնում էր:

Հիմնական վեճերը լինում էին Սամվելի հետ կապված: Մոռացա ասել, որ նրանք ունեին մի տղա՝ Սամվելը: Այսինքն՝ ոչ թե մոռացա, այլ չէի էլ ուզում հիշել: Որովհետև հետագայում հենց Սամվելի պատճառով մենք բաժանվեցինք: Տիգրան Բագրատիչը համարում էր, որ տիկին Արուսյակը շատ է երես տալիս Սամվելին, իսկ տիկին Արուսյակը հիացած էր իր միակ զավակով, իր հրեշտակով և ոչինչ չէր ուզում լսել: Հրեշտակին տանում էին ջութակի, հրեշտակին տանում էին երգեցողության: Աշիկը՝ Տիգրան Բագրատիչի վարորդը, ասող-խոսող, ուրախ տղա էր, ամեն անգամ սպասում էր պատուհաններիս տակ, որպեսզի Սամվելին տանի հերթական պարապմունքի:

Տարիները անցնում էին: Հյուրերը գալիս էին, խնջույքները շարունակվում էին: Խինդ, ծիծաղ: Իմ դռները կարծես չէին փակվում այդ ժամանակ: Հիմա արդեն, երբ տիկին Արուսյակին խնդրում էին մի բան երգել, նա առաջինը կանչում էր Սամվելին՝ ասելով. «Թող Սամվելիկս մի բան կատարի»: Սամվելիկը երգում էր, հետո ջութակի վրա ճզվզացնում: Իսկ հետո երգում էր տիկին Արուսյակը: Ես կարծես ուզում էի ավելի լայն բացել պատուհաններս, մի պահ վերացնել պատերս, որպեսզի բոլորը լսեին այդ չքնաղ ձայնը, իմ սիրած ռոմանսները, որոնք մինչև հիմա ականջիս մեջ են… Расцвели уж давно хризантемы в саду… Այդպիսի բաներ:

ՙԲագրատիչը՚, այդպես հայրանունով մեկ-մեկ նրան կատակով անվանում էր տիկին Արուսյակը, անեկդոտներ էր պատմում: Սիրում էր պատմել և ինքն էլ ամենաբարձրը ծիծաղել: Շատ էր սիրում պատմել Աշիկի՝ իրեն պատմած անեկդոտներից, իր լեզվով ասած՝ ժողովրդական անեկդոտները: Կարծես անեկդոտները ուրիշ տեսակի էլ են լինում : Էհհ, ինչ մարդ ասես չտեսա այդ տարիների ընթացքում: Ինչ մարդ ասես չեկավ ու չգնաց: Ինչ մարդ ասես չնստեց այդ երկար սեղանի շուրջ: Ինչ կենացներ որ չասվեցին, ինչ գովեստներ որ չհնչեցին Տիգրան Բագրատիչի, տիկին Արուսյակի և « փոքրիկ հրեշտակ» Սամվելիկի հասցեին:

Ո՞ւր են այդ մարդիկ հիմա: Ո՞ւր էին այդ մարդիկ այն ժամանակ, երբ իրենց կարիքը կար: Երբ Սամվել դարձած Սամվելիկը մորը ստիպում էր զանգահարել և արցունքն աչքերին օգնություն խնդրել այդ սեղանի շուրջ գրեթե ամեն շաբաթ նստող և վերամբարձ խոսքեր ասողներից…

Հա, մեկ էլ ասեմ, որ ես հոյակապ թամադա եմ: Եթե կարողանայի որևէ խնջույքի թամադայություն անեի, ինձ հավասարը չէր լինի: Այնքան կենաց եմ լսել իմ կյանքի ընթացքում, հանճարեղ և անտաղանդ կենացներ: Այնքան եմ ծաղկաքաղ արել և ինքս իմ մեջ մշակել, որ եթե առիթ լիներ, իրոք «իսպալնյատ»կանեի… այդ բառը «պռարաբ» Ստյոպից եմ սովորել. «Կաֆելշչիկը իսպալնյատ ա արել»: Դուրս շատ է եկել:

Պռարաբներից, կաֆելշչիկներից և մալյարներից չեմ էլ սկսի խոսել: Դրանք հատուկ տեսակի ժողովուրդ են, և նրանց մասին առանձին մի վեպ կգրվի:

Մի օր Տիգրան Բագրատիչը ընդմիջմանը մտախոհ եկավ տուն: Պատուհանիս տակ հրաժեշտ տվեց Աշիկին, ինչն արդեն տարօրինակ թվաց ինձ: Ընդմիջմանը միշտ Աշիկին հետն էր բերում վերև: Միասին էին ճաշում: Գալով ներս՝ գլխիկոր նստեց սեղանի մոտ, և երբ տիկին Արուսյակը անհանգստացած մոտեցավ, ասաց, որ տեղափոխել են ուրիշ պաշտոնի, ձևական մի բան, որ իր սրտով չէր: Դրանից հետո հաճախ էր անտրամադիր գալիս: Նստում էր հեռուստացույցի դիմաց և լուռ նայում: Հյուրերը հետզհետե պակասեցին, խնջույքները վերացան: Միայն հին ընկերներից մեկ-մեկ գալիս էին, զրուցում: Քննարկում երկրում կատարվող իրադարձությունները, զարգացումները:

Իսկ որ երկրում վիճակը խառն էր, դա ինձ էլ էր պարզ:

Օրերով պատուհաններիս տակ անցնում էին ամբոխներ, բացականչություններ էին լսվում: Հեռվից լսվում էին բոցավառ ճառեր: Մեր երեկոներն անցնում էին հեռուստացույցի դիմաց: Բագրատիչը լուռ նստում էր քառակուսի այդ արկղի առջև՝ առանց որևէ բառ ասելու: Սակայն ես զգում էի, որ ներսից ալեկոծվում է, հուզվում: Մի օր էլ հագավ վերարկուն, «Գնամ մի քիչ զբոսնեմ»՝ ասաց: Մի երկու ժամից վերադարձավ: «Օպերայի բակում էի»,- ասաց Արուսյակին: Ուրախ էր, որ ժողովուրդը ոգևորված է և միասնական, բայց վիրավորվել էր, որ կոմունիստների հասցեին միայն վատն էին ասել, միայն սևը: «Ախր այդպես չէ, Արուսյակ, դու էլ գիտես որ այդպես չէ»,- կրկնում էր նա:

Անցնում էին օրերը: Սամվելն էլ էր ոգևորված գնում-գալիս, նոր ընկերներ էր ձեռք բերել: Մի օր էլ այդ ընկերներին բերեց տուն: Իմ դուրը հեչ չեկան, կասկածելի տիպեր էին: Դե, տիկին Արուսյակը, սովորության համաձայն, ինչպես հարկն է հյուրասիրեց, ճանապարհեց: Հետո սկսվեցին դժվար ժամանակները: Տիկին Արուսյակը փորձում էր կենցաղը պահել, բայց ես զգում էի, որ առաջվանը չէ:

Հաճախ մթնում էր: Ամեն անգամ, երբ լույսերը կտրում էին, ես ինձ մի տեսակ մեղավոր էի զգում, չնայած դա ինձնից կախված չէր: Ճիշտ է, էլեկտրականության լարերը մարդու երակների նման անցնում են իմ պատերի միջով, բայց լույսը անջատել-միացնելը ինձնից անկախ է արվում: Հյուրեր գրեթե էլ չկային: Մեկ-մեկ Սամվելի կասկածելի ընկերներն էին գալիս-գնում, որոնց տիկին Արուսյակը էլի սիրով ընդունում էր: Դրսում մռայլ էր: Ես ինքս հաճախ պատուհաններիցս դուրս նայելիս դեպրեսիայի մեջ էի ընկնում: Մանավանդ երբ փողոցում տեսնում էի կապված սև ժապավենները այդ երիտասարդների անուններով՝ … 19, … 22, … 25… Ծանր ժամանակներ էին:

Մի օր պատահեց սարսափելին: Տիգրան Բագրատիչը մահացավ: Այդպես, հանկարծակի: Երեկոյան հեռուստացույցի առջև նստած: Հետո բժիշկները ասացին, որ սիրտն է կանգնել: Ուղղակի էլ չի դիմացել: Եվ սկսվեցին ծանր օրերը: Տիկին Արուսյակը վշտից լրիվ ներփակվել էր ինքն իր մեջ: Սամվելն էլ, օգտվելով առիթից, որ էլ հսկող չկա, արդեն նույնիսկ գիշերներն էլ մեկ-մեկ տուն չէր գալիս: Չեք հավատա, ինչքան եմ ուզել մի թարս ապտակ տալ այդ տղային, հոր փոխարեն… որ խելքը գլուխը գա: Բայց դե չեմ կարող: Մի օր էլ պարզվեց, որ Սամվելը պարտքեր ունի, մեծ պարտքեր: Իր այդ լավ ընկերների հետ ինչ-որ պատմության մեջ էր ընկել և մեծ գումար պարտք մնացել: Ընկերները, իհարկե, ջրից չոր էին դուրս եկել, և գումարը մնացել էր իր վզին: Այն կողմ, այս կողմ ընկան: Նույնիսկ մորը ստիպեց, որ ինքնասիրությունը մի կողմ դրած Բագրատիչի հին ընկերներին զանգ տա և պարտքով գումար խնդրի: Ոչ ոք չարձագանքեց: Ստիպված որոշեցին ինձ վաճառել…

Շատ տխուր էր բաժանումը: Տիկին Արուսյակի ինձ նետած վերջին հայացքը մինչև հիմա աչքիս առաջ է: Գնացին: Այլևս իրենց չեմ տեսել: Այսինքն՝ այդ Սամվելին չեմ էլ ուզում տեսնել, բայց հույսս չեմ կորցնում, որ մի օր տիկին Արուսյակին կտեսնեմ: Մեկ-մեկ պատուհանիս տակ անցնող կանանցից որևէ մեկին նմանեցնում եմ իրեն, բայց, ավաղ, նա չի լինում:

Նոր բնակիչները լրիվ ուրիշ տիպի մարդիկ էին: Մի տեսակ տարօրինակ ընտանիք էր: Սրանց բոլոր խոսակցությունները միայն փողից էին: Արմենը, նրա կինը՝ Ստելլան և երկու անչափահաս տղաները: Երեք տարի ապրեցին: Ես սրտիս մոտ չէի ընդունում սրանց տափակ խոսակցությունները: Այստեղից վերցրինք, այստեղ տվինք, սա այսքանով վաճառվեց, սա այնքանով բերեցինք… ու այսպես անվերջ: Նոր տիպի մարդիկ էին, որոնց տեսակն ինձ անծանոթ էր: Ակտիվ տղա էր Արմենը, կինն էլ ինչ-որ պետական պաշտոն ուներ այս նոր հասարակարգում: Ինչ-որ մութ գործեր էր անում: Մութ ասացի, հիշեցի, մութ տարիներ էին: Ճիշտ է, իրենք ինչ-որ տեղից լույս էին քաշել, իրենց ասելով՝ լևի գիծ, բայց դա ներսս չէր լուսավորում. ես կարոտում էի իմ ընտանիքին, Տիգրամ Բագրատիչին, տիկին Արուսյակին… մի պահ նույնիսկ այդ հիմար Սամվելին էի կարոտել: Նայում էի պատուհանիս տակ անցնող մարդկանց մռայլ, դալուկ դեմքերին, հուսահատ աչքերին… հիմա, իհարկե, շատ բան է փոխվել:

Սրանց մոտ էլ էին մարդիկ գալիս-գնում: Իրենց տիպի մարդիկ: Իհարկե, այն սեղանները չէին, այն կենացները չէին: Իսկ երգելուց կամ արտասանելուց խոսք էլ չկար: Մի կարգին անեկդոտ էլ չէին պատմում: Չգիտեմ, գուցե ես էի վատ տրամադրված իրենց նկատմամբ, որ զրկվել էի իմ ընտանիքից, իմ սիրելի մարդկանցից: Բայց դե, հո իրենց մեղքով չէր եղել դա: Սրանք միշտ գործերից էին խոսում, փող աշխատելուց: ՙՀիմա իսկական փող կպցնելու ժամանակ է՚,- ասում էր Արմենը կնոջը: Ստելլան լուռ ժպտում էր, տղաներն էլ գլուխներն էին տմբտմբացնում: Ես նայում էի պատուհանիցս դուրս քայլող մռայլ դեմքերին, փողոցում կապված սև ժապավեններին և տարակուսում: Մի օր էլ հյուրեր ունեին: Իրենց ընկերները, որոնք նույնպես տղա ունեին: Արամը՝ Արմենի մեծ տղան, որ այդ ժամանակ 15 տարեկան էր, այս տղայի հետ իր սենյակում զրուցում էր: Հյուր եկած տղան, անունը չեմ հիշում, ոգևորված խոսում էր պատերազմից, Ղարաբաղից: Ափսոսում էր, որ մի քանի տարի մեծ չի և չի կարող մեկնել ռազմաճակատ: Արամիկը լսեց, լսեց… «Հա, ճիշտ ես ասում,- ասաց նա:- էտ հայրենասիրություն, հայրենիք լավ բաներ են… բայց դե կարևորը փողն ա»… Դիմացի երեխան լռեց մի տեսակ զարմացած: Չգիտեմ ինչու, բայց այս խոսակցությունը տպավորվել էր իմ մեջ: Այդպես անցավ մի քանի տարի: Ես շատ չէի կենտրոնանում բնակիչներիս վրա: Միայն հասկանում էի, որ իրենց գործերը աստիճանաբար լավանում են, հաշվարկները՝ շատանում: Մի գեղեցիկ օր որոշեցին վաճառել ինձ: Չէ, պարտք-բան չունեին: Գործերն էլ շատ լավ էին: Առանձնատուն էին գնել, և բնակարանը իրենց համար արդեն նեղ էր:

Ու սկսեցին գալ-գնալ ճարպիկ բրոքերները: Եկան-գնացին և վաճառեցին:

Այս նոր բնակիչները երկար չմնացին: Ոսկանն ու Ռուզանը Ապարանից էին: Ամուսիններ և երկու երեխա: Ես սկզբից էլ գիտեի, որ երկար չեն մնալու: Իրենց գործերն էին դրստում Հոլանդիա մեկնելու համար: Երևան էին տեղափոխվել, որ գործերը դասավորեն և գնան: Դե, այդ ժամանակ գինս շատ էր ընկած: Ջրի գնով էի վաճառվում, ինչպես ասում են: Ոսկանի եղբայրը Հոլանդիայում էր և ամեն կերպ ուզում էր իրենց տանել: Համարյա երկու տարի տևեց, մինչև ստացվեց իրենց գործը: Ավելի ճիշտ՝ մեկ տարի, ինը ամիս:

Լավ ընտանիք էին, նպատակասլաց: Ամբողջ ընտանիքով հոլանդերեն էին սովորում: Երեխաները դպրոցում գերազանց սովորում էին: Նայում էի և ափսոսում: Մի լավ ընտանիք ևս Հայաստանից գնալու էր ընդմիշտ: Ինչևէ, ես ոչինչ չէի կարեղ փոխել: Մի օր էլ բնակիչներս եկան, հավաքեցին իրենց եղած-չեղածը և հայդե՝ Փարիզ: Ավելի ճիշտ՝ Ուտրեխտ, որտեղ Արմենի եղբայրն էր ապրում: Հավաքվեցին և գնացին: Փակեցին դուռս, և այն փակ մնաց 12 տարի: Պատկերացնո՞ւմ եք, 12 տարի ես՝ մենակ: Անընդհատ սպասում էի, որ կգան նոր բնակիչներ, մարդիկ, որոնք ինձ գնել էին: Բայց, ավա¯ղ: Երեկոները, երբ արևը մայր էր մտնում, ես մնում էի մթության մեջ: Ինքս իմ մտքերի և հիշողությունների հետ: Ամեն անգամ, երբ շքամուտքում ոտնաձայներ էի լսում, մեջս հույս էր ծագում, որ գուցե հիմա կգան, դուռս կբացեն, ու նորից կյանք կլցվի իմ պատերից ներս: Բայց, ավա¯ղ, ոտնաձայները անցնում էին դռանս կողքով և չքանում:

Այն պարզ օրերին, երբ պատուհանիցս երևում էր Մասիսը, խոսում էի նրա հետ:

-Էխ, Մասիս ջան,- ասում էի:- Դու էլ իմ նման լքված ես, միայնակ և տխուր կանգնած:

Լուռ նայում էինք իրար: Ես և Մասիս սարը: Եվ կարծես հասկանում էինք միմյանց: Կիսում էինք մեր ճակատագիրը, ազգի ճակատագիրը: Այդ օրերին մի տեսակ փիլիսոփա էի դարձել: Դե, եթե տարիներով մենակ լինես, փիլիսոփա էլ կդառնաս, միայն չգժվես: Իրավ եմ ասում, կգժվեի, եթե քարից չլինեի: Արդեն գրեթե հույսս կտրել էի, երբ մի օր դուռս բացվեց, և մտան երեք երիտասարդ: Զարմանքիս չափ չկար: Մտան, գործնական արագ քայլերով անցան սենյակից սենյակ: Զննեցին ինձ ոտից գլուխ և գնացին: Երկու շաբաթ անց նորից եկան, բայց արդեն խմբով, և սկսեցին ինձ վերանորոգել, թարմացնել, գեղեցկացնել: Մինչ ես ուշքի կգայի, արդեն ամեն տեղ աշխատանքներ էին գնում: Ուրախությանս չափ չկար: Վերջապես լսում էի մարդկային ձայն, վերջապես կյանք կար իմ պատերից ներս: Ինձ վրա նույնիսկ չէր ազդում, երբ ցեխոտ ոտքերով մարդիկ սենյակից սենյակ էին գնում-գալիս: Երբ պատերս քանդում էին, դխկացնում, չխկացնում, դռռացնում, ուրախությանս չափ չկար: Նույնիսկ պռարաբ Ստյոպով և նրա անձնակազմով էի ուրախանում, երբ գալիս էին: Մինչև անգամ պատրաստ էի ընդմիջման ժամին նրանց տափակ խոսակցությունները լսել, Ռուսաստանի իրենց արկածների մասին… Դրան էլ էի համաձայն, միայն թե զգայի, որ ինձ նորից հիշեցին, այսքան տարվա լռությունից և մթությունից հետո: Մի քանի օր անց հասկացա, թե ինչ է կատարվում: Ուրեմն այն երեք տղաները, որ եկել շրջում էին, անկյուններս նայում… դրանցից մեկը՝ Վադիմ անունով տղան, ինձ գնել է: Մյուսը իր ընկերն էր: Իսկ երրորդը՝ Արտյոմը, բրոքեր էր: Վադիմը գնել է, որ թանկ վաճառի: Դե, Արտյոմն էլ իր գործը պետք է անի: Մի քանի ամիս տևած այդ իրարանցումից հետո հիմա ես կանգնած եմ գեղեցիկ, երիտասարդացած, վերանորոգված: Այսպես ասած՝ եվրոռեմոնտ եղած: Կարծես արվեստի գործ լինեմ: Մարդիկ գալիս են ինձ դիտելու, գնահատելու: Դե, իհարկե, Արտյոմն է հիմնականում ինչ-որ մարդկանց բերում: Մի շաբաթ առաջ եկած հերթական պոտենցիալ բնակիչս կարծես հավանեց ամեն ինչ, և համաձայնության եկան: Ես այլևս առաջվա պես բծախնդիր չեմ մոտենում իմ բնակիչներին: Միայն մարդ լինի, միայն շունչ լինի: 12 տարվա մենությունը բավական բան փոխեց իմ մեջ: Սակայն հիմա էլ կարծես տարվա մի մասը դատարկ եմ լինելու: Այս նոր երիտասարդը Հայաստանից չէ: Լոս Անջելես կոչվող քաղաքից է: Իր խոսքերից հասկացա, որ տարին մի 3-4 ամիս է մտադիր այստեղ մնալ: էլի չեղածից լավ է: Իհարկե, կուզենայի, որ մի լավ ընտանիք ապրեր իմ պատերից ներս: Ամեն երեկո գային տուն: Երեխաներ վազվզեին, պատերիս վրա նկարեին: Ծիծաղ և խինդ լիներ: Սեր լիներ իմ ներսում: Փոխադարձ սեր: Գուցե այս տղան մի լավ աղջկա հանդիպի Հայաստանում ու ոչ թե տանի իր այդ հեռավոր Լոս Անջելեսը, այլ այստեղ ստեղծի իմ երազած ընտանիքը, և կապրենք մենք միասին երկար ու երջանիկ: Հուսով եմ, շատ բան չեմ ուզում:

Կապրենք, կտեսնենք:

 

Անդին 03.2017

 

Կարծիքներ

կարծիք