Ծառերը ծաղկում են իրիկնամուտին

Ամեն իրիկուն ոտքերս ջուրն եմ դնում,

Որ ծառս պտուղ տա.

Արմատներս մամռակալել են,

հող են ուզում,

Ցասումս բացված թևերիցս լայն է,

Ո՞նց գրկեմ մենակով:

Երկու թև է պակասում,

Երկու թև, որ երբ իմ երկուսով թռչեմ,

Քո երկուսով բռնվեմ… ընկնելուց:

 

Ամեն իրիկուն հաշվում եմ մենակությունս,

Թե որքան կար ու որքան մնաց:

Մենակություն, որ լիքն է,

Բոլորի մեջ, բոլորիս շուրջ:

Պակասում է, զգում եմ թեթևացած:

Մնում է միայն դատարկությունը:

Մենակությունը մարդկանց պես է.

Երբ պակասում է,

Դատարկվում է ներսում:

 

Ամեն իրիկուն դադարում եմ ձևացնել,

Որ օրերը երկար են, իսկ գիշերները՝  կարճ,

Որ դեռ կհասցնեմ չորս երեխա ունենալ,

Որ դեռ քսան եմ… քսան,

Ու ես հասկանում եմ՝

Որքան արագ են թռչում իրիկունները բոլոր,

Իսկ թվում է՝  կյանքը կանգնած է,

Ժամանակ դեռ կա…

Ժամանակ ապրելու համար:

 

Ամեն իրիկուն ոտքերս ջուրն եմ դնում,

Որ ծառս կանաչ մնա:

Տերևներս դեռ թարմ են:

 

 

Անձրևանոցած

 

Քեզ չունենալու և ունենալու

Կարողությունը

Իմ վերարկուի թևերից պոկված

Երկարությունն է..

Այն պաղ ձմռանն է քչություն անում,

Իսկ ամռան շոգին ավելանում է:

 

Քեզ կարոտելու, չկարոտելու

Անհագ ցասումը

Իմ զուգագուլպայի

Երկու ծայրերն են.

Մեկը մյուսից անկախ ու կախյալ

Հեռավորությունն է:

 

Քեզ հարատև թևավորելու

Իմ անսպառ կնիքը,

Որպես տան կտուր

Դրոշմվել է գրխավերևում

Անձրևանոցած.

Հավատ, որ այս բաժանությունն էլ

Մի օր կունենա ավարտ:

 

Քեզ հորինելու ու վերծանելու

Իմ անխոս կարիքը

Դարձել է անդուռ,

Որպես մեղանչում,

Կոկորդիս սեղմած,

Ինչպես որ ցավն է կծկում

Որովայնը, որ ծնում է կյանք:

 

 

Կարծիքներ

կարծիք