Հաջորդվող ժամանակի ներսում…

…Եվ երբ նկարչի տքնանքի պտուղ կտավը դառնա, որ առանձին, երբ նկարչից հետո՝ ժամանակը…

Այդժամ՝ պատահի, թե կտավը, որ ժամանակ ի վեր մնար անկյուն տեղ, դեմքով դեպի պատը, իր մենության՝ մեկ էլ բացվի: Նախ որ մերձավորի աչքին, այսօրինակ  մի հայտնացում, բայցև էլի անուշ կտավը, որպես, թե երգը՝ հնուց…

Նկարիչը՝ Գեղամ Ասատրյան

Քսան թվականի Երևանը, երբ սկսվի նկարչի՝ մի կյանքի պատմություն…

Օրերի՝ քաղաքն այսկերպ հիշվի. «Հարաբերականորեն բարեկառույց կենտրոնական մասն իր պուրակով, Անգլիական զբոսայգով, մնացյալը՝ կավե շինություն, ծուռումուռ փողոցներ, նրբանցքներ ու փակուղիներ, որ հաճախ նույնիսկ անվանում չունեին, մի խոսքով՝ քաոս: Տապը օրվա, փոշի՝ ամենուր: Ջրաղբյուրների մոտ հերթեր, և տղաներ, որ կավե կժերով ջուր վաճառեին: Ձիաքարշ: Հին շուկան, հսկա կշեռքով, կողքին՝ աղբի բլուրներ: Մինարեթի բակում հարմարավետ սեղանիկներ, ուր սուրճի բաժակի շուրջ, հով ժամի՝ հավաքվեին տեղի մտավորականները: Մրգատու այգիներ, ծիրանի անկրկնելի բուրմունք ու քթոցներով բեռնված համբերատար գրաստներ…»:

…Եվ երբ ապրելու ճարը՝ հազիվ ու նեղ, ի՞նչ էր, որ օրերի՝ մի պատանի, իրեն նկարչի շնորհի մեջ տեսներ և որ պահվեր իր շնորհի հավատի մեջ, մինչև կտաներ իրեն, դառնալու ուսումնառու…

Ճանաչումներ, ոնց հայտնվեն անհայտ պահի, հիմնավորվեն կարոտ հոգում… Իրերն այդժամ՝ նշանակ մի հաղորդումի միմյանց հետ, տեսակ՝ շաղկապումներ, իրականի՝ այլ ռեալություն, և ոնց որ նկարչի ձեռամբ՝ պատկեր, դառնա, որ կտավին՝ առանձնաշնորհ իրողության վկայություն: Տրվեն սրանք ուսումի հետ, ինչը որ ամենայն ճանաչումի նախաբանը…

Եվ ինչ բարեբախտություն, ժամանակի իր ուսուցիչները՝ Ստեփան Աղաջանյան, Վահրամ Գայֆեջյան, Գաբրիել Գյուրջյան, Սեդրակ Առաքելյան, և որ նրանք Գեղամ Ասատրյան՝ ջանք թափողին, նկարչի ապագա գուշակեին… Մեկը, ով՝ դեռակիրթ, գեղարվեստի ուսումնարանի պատերի մեջ… Պատկերելու՝ ոնց առարկան իր ներսն առներ, և ձեռքը, վաղ փորձառության, ինչ հմտությամբ վարվեր գծի հետ: Տեսակ՝  ունակություններ, ինչը ուսուցչի փորձառու աչքին նույն, որ տրվածության նշան համարվեր…

…Քանի կտավ՝ Հին Երևան,   1938-39 թվականների աշխատանքներ…

…Նախ, որ կտավների տոնայնությունը… Կավն ամենուր, թե որ մնա, իշխի ներսից և  անգամ, որ երկինք՝ թվա հողեղեն, բանը՝ կեսօր տապին… Ուրիշ կտավ՝ հին Երևան, ուր երկինքը՝ կապույտ, բայց տեսակ մի ծանրանք՝ ներսում: Մնա, որ պատկերը հավաքվի առու- գետի շուրջ, ուր բարդի ծառ, Գետառի փայտե կամուրջն ու ջրի ափին ծվարած՝ կավաշեն տների շարը… Պատահի, որ կարմիրով՝ դետալ, իբրև մի շոր, հողեղենը կոտրող էլի քանի գույն, կենցաղի տեսակ իրեր, գործողության մի հապավում, թե որ գոյության բնույթը պատկերի ու տեղը վկայի՝ մարդու… Դառնա, որ կավը, իբրև՝ փողոց, անտաշ քարից ձեռնաշեն պատ, քանի ծառ՝ թթենի և թե մի կյանք, հենց ներսում՝ կավեղենի… Փայտե դռներ, և որ սրանք արձանագիր ջանքը վկայեն,  հանդեպ մի ինքնության և տեսության համար իրը, ինչը պահվեր՝ անցյալից… Օրը՝ հանց որ նախապատկեր և էլի որ՝ բաց տապի մեջ…

Դեռ որ հայտնի առարկաներն ու պատկերը ճշգրիտ կտավին հանձնելու խնդիրը: Օրերի, երբ Գեղամը գրեր Լենինգրադում բնակվող քրոջը. «Սիրելի Ռոզա՝ թե  որոշման գաս նամակիս պատասխանել, ճիշտ է, որ Էրմիտաժից մի բացիկ առնես, պատասխանդ վրան գրես: Խոսքդ հասնի ինձ ու տես, որ հետը՝ էլի մի բան սովորեմ: Գիտես, որ իմ տեսածը նկարիչ դառնալու համար  բավարար չէ…»:

Մնար, որ աչքի աշխարհն իրեն՝ բնորդ ու մի եռանդ, իր ջանքի մութ տարերքից: Յուրաքանչյուր նոր կտավին, թե ինչ տեսակ խնդիր լուծեր, որ էլի պատկերումի օրենքներից: Ոնց աչքին բացվեր աշխարհ և ոնց, որ մի ուսանող՝ ինքը բացվեր աշխարհին: Եվ երբ ուսումնառու՝ հոգար իր հանապազորդ յուղաներկի խնդիրը…  Բանը, հանց որ անցած դարերում, երբ կայացած մի փորձառություն՝ վարպետից   աշակերտողին փոխանցվեր… Տեսակ յուղը, ինչ եղանակով պիգմենտի հետ հարվեր, սա՝ ինչ թանձրության, ինչ գործածումի, և էլի քանի հնար՝ ներկատեսակի և որ բանը՝ սկսնակի ձեռամբ, երբ կատարվեր…

Քանի օրերի՝ ապրուստ, թե յուղաներկ՝ սուղ էր…

…Եվ երբ ավարտին բերված կտավը դիտելուց ետ, կտավը դեպի պատը շրջեր…

Վաղ էր՝ երկիրը… Գաղափարի երկաթ՝ կապանքներ… Ո՞ւր մի ուսուցանում, թե որ իր նպատակը առարկայի ածանցյալ պատկերը դարձներ, կամ որ մեկի ու բազումի նույնության՝ համոզումին հանգեր կյանք մտնող հոգին, և թե գար տարաբնույթ մարմինների համադրության անհրաժեշտությանը, ինչը որ պատկերված, դուրս տեղ, առանձին նկարիչների կտավներին: Այդժամ, որ Գեղամը ծանր դառնար ու վարանոտ, երբ բանը գար դրսի մի ազդեցություն՝ ներսն առնելուն: Նաև զգուշավոր, հանց որ ցած տեղ նստած, կուրծքը փակ՝ ագռավը…

Հոգու խորքում մնար դեմ, թե մեկը՝ ընկեր, թե՝ ով, կտավները դիտելուց ետ,  կարծիք ասեր: Չէ թե մարդուն չվստահեր, ապա՝ խոսքին: Ո՞նց, որ նկարչի մի տքնանք՝ հայտնի ու դառնար, որ բառերի: Բաց ու պատմելի, չմնար, որ մի գաղտնածես՝ հոգու անհայտներից…

Եվ պահվեր՝ մտքի, թե իր նկարչության համար կողքի աչքը վաղաժամ էր…

Մնար, որ կտավի ազնվության չափը՝ առանձնության ու ջանքի մեջ, ինչը որ երբեք օրվան չզիջեց…

…Երկու ամիս մնար, որ բանակի՝ իր ծառայությունն ավարտվեր, երբ սկսվեց Մեծ պատերազմը…

…Գերություն ու համակենտրոնացման ճամբար՝ վաղ կյանքի, ինչը բաժին ընկավ Գեղամ Ասատրյանին: Գոյություն՝ մահվան շեմին… Մեկեն, որ ավեր՝ տարերքի մեջ, մարդը դուրս՝ իրենից, ոնց ստվերը դուրս՝ առարկայից… Դիմաց՝ գերմանացին, ով տիրական, ուրիշ աշխարհից, որտեղ էլի արվեստ ու նկարիչ: Ո՞նց, որ մեկը փակ՝ վերջաբանի և մյուսը, ով՝ ինքնության, բայցև էլի զինվոր և նույն էլի՝ պատերազմի…

Պատահեր, որ հարմար պահի, ձեռքի տակ ընկած փայտի երեսին ձեռաց հունարի՝ մի պատկեր ձևեր, թե որ պահվեր իրեն տրված շնորհի մեջ, քանի այդժամ, հանց որ մի հուշ՝ նկարչությունը…

Երեք տարի անհայտի մեջ՝ հեծելազորի զինվորը, ոչ մի լուր նրանից, ոչ մի նամակ… Թե օրվա մեջ քանի անգամ մեռներ հարազատի մտքում, քանի անգամ, որ գար աչքի ու հառներ, զինվոր՝ որդին ու անհայտը: Այդժամ, որ Գեղամի ընկեր Ռաֆիկ Արամյանն իր խաղը մոգոնեց… Մեկ էլ, որ հանկարծ տեղ, հևքոտած, ներս ընկավ Գեղամենց տուն, ֆրոնտից հասած եռանկյուն նամակը ո¯նց ճոճեր օդում: Մարդիկ եկան ու հավաքվեին և որ բակի լուռ տեղ՝ նստած, նրա կարդալուն ականջ դնեին: Ահա, բացեց եռանկյունին և ինչ բառեր կարդար Ռաֆոն, քանի կարոտ ու ընկերոջ քանի տեսակ մաղթանք, և անշուշտ խոսքեր՝ հերոսական, թշնամու ամոթալի փախուստը ոնց պատկերվեր Գեղամի նամակի մեջ ու ֆրոնտի առանձին հատվածի՝ թշնամու ջախջախումը: Եվ որ մոտալուտ ու վերջնական հաղթանակն ավետեր՝ Ռաֆոն, ով հայրենիքի թշնամու ընտանիքից, մերժված՝ ֆրոնտ գնալու իրավունքից… Եվ որ Ռաֆոն հանկարծ տեղ, զարմանար, թե ո՞նց, որ Գեղամի նամակն իրեն եկավ ու հորական տուն դեռ չէր հասել… Քանի անգամ, որ Ռաֆոն իր նամակ կարդալն ի կատար բերեց, մինչև խաղը հայտնի դարձավ ամենքին, ծնող, թե հարևան՝ իր մտքի մեջ: Ռաֆիկի լուր բերելուն, որ գային, լուռ տեղ՝ հավաք նստեին, էլի որ մի անգամ Ռաֆոյի բերած լուրը լսեին…

…Մինչև հանկարծ օր՝ Գեղամի նամակը հասավ տեղ…

…Ձերբակալության մի սարսուռ՝ հայրենի հողին արդեն… Աքսոր, ինչը գերություն տարածի հետագա ճակատագիրը: Օրավուր մի սպասում՝ իբրև վիճակ, թե դիտվեր բնականոն գոյության ձև և որ բանը՝ խաղաղ օրվա մեջ… Չեղավ, թե կատարվեր… Քանի օրերի՝ Գեղամ Ասատրյանը ներքին գործածության օրենքը չէր գիտենալու, ըստ որի, թե գերության մեջ հայտնվածը ոչ թե առանձին քանի զինվոր էր, հապա՝ ամբողջ մի միավորում, գերությունը չդիտվեր, որ զինվորի փոքրոգի համաձայնությունը՝ թշնամական ուժերի հետ…

…Եվ ինչը համակենտրոնացման ճամբարից իր հետ դուրս բերեց նկարիչը, ափսեն թևնած ուտելու՝ գերու սովորույթը…

…Հայրը մի ուխտ էր արել՝ որդին թե վերադառնար ֆրոնտից, պիտի Տիրամոր մի պատկեր նկարեր՝ ձեռամբ ու նկարը եկեղեցուն տաներ… Գեղարդավանք, ուր իրենց ազգական, իրենք նրան՝ քեռի-պապ ասեին, Եզնիկ վարդապետը ծառայեր: Ղարսի՝ Ազնավուրյանների հայտնի տոհմից… Հասավ, որ հայրն իր տեսությամբ զններ առաջ դրված կտավը, մնաց իրեն, ասաց՝ չէ, էս չէղավ, որ՝ տիրամայրը… Քանի էսքիզ ու ջանք, էլի որ մի կտավի՝ Գեղամը, և որ էլի փորձեր ու որ հայրն ասեր՝ չէ, տղա, չեղավ… Մեկ էլ, որ Մագնոս՝ վանեցի այրը, ով իր կյանքի մնացյալ հալածանքներից զատ, նաև անօրինակ՝ իր անվան պատճառով էր հալածվել, ինչը որ կնքված՝ ի հարգանս, գյուղի վաղամեռիկ, ազգությամբ հույն՝ ուսուցչի, ահա, որ Մագնոսի աչքը գա պատին փակցված բացիկին, որ ժամանակին՝ Գեղամի քույրն էր ուղարկել Լենինգրադից: Պատկերված՝ ՙՍիկստինյան մադոննան…՚  Այդժամ, որ Մագնոս՝ այրը դառնա հանդիսավոր և որ ասի որդուն՝  տղա, ուրիշ մեկը չկա, պատի պատկերը, որ Տիրամայր:  Դու որ հենց  նույնը պատկերես…

…Քանի տարի, որ Գեղամի նմանակ կտավը մնար Գեղարդավանքի խորանին, որպես թե վանեցի Մագնոսի՝ եկեղեցուն խոստացված շնորհակալ մասնակցություն…

…Հարազատներ, ընկերներ ու իհարկե, դրսի կյանքը, բայց որ իր ներսում մնար մենավորը… Քանի չեղավ, որ նկարչի մի չարչարանք, նրա համար ազատ ժամի խոսքակցումների նյութ դառնար… Թույլ տար իրեն, թե մի դուրս տեղ՝ հայտնի դառնար իր չարչարանքը: Եվ որ տքնանքի պտուղ՝ կտավը հայտնի դառնար ուրիշներին: Կար, որ տղամարդու բաժին օրենքի մեջ՝ հայրական տուն, երեխաներ, ու տնկված ծառը՝ բակում…

Հիսունականների Երևանում…

Երբ գործեր մունջ, նման, որ ամոթխածի վարքի մեջ…

Կտավը կոչվի «Սևանը» ուվագրված՝ 1949 թվականով… Հավատամ, թե Մեծ ավերից հետո, Ջրի ժամանակը անհրաժեշտություն էր՝ ինչ հոգով, որ մահն անցած մեկը գար   եզերքի Ջուր՝ տարերքին… Չէ թե ջրին հոգու կամեցումներ հուշելու, հապա որ տարերքի ինքնությունը, իբրև զորության առանձնություն… Երևի թե հենց այստեղից, որ կտավի վրա Ջուրը՝ արդար արծաթե, համառոտումը լեռան, և երկինք, որ էլի արծաթ տոների մեջ, երեսին՝ շղարշ վարդագույն: Նկարիչը մնա Ջուր՝ տարերքի արծաթ շողակնումին, հանց որ կարծր մարմին՝ ջուրը և մի երկինք, նյութեղենի նույն շողի մեջ, և որ ցածում քարեր ու ափնահողը… Բայց, որ պատկերը հասնի իբրև՝ Հավերժական Հաշտություն…

Եվ ոնց, որ մի Ջուր՝ տարերք, հոգին հաշտեցի կյանքի հետ… Քանի աշխարհին իջած ավերը մեծ էր՝ քանց ծով, քանց հող, քանց որ մարդն էր մեծ, ինչը՝ ավեր…

Հավատամ, թե ջրի արդարությանն ապավինած՝ տարավ իրեն, թե նկարչի՝ իր ձեռքը փորձեր: Դառնար, որ աչքը նյութն անցներ, հանց որ անցյալի մի երևելի կտավ, թանկ գույն՝ արծաթի մեջ:

…Ոնց տեսանվի նկարչի ժամանակը… Նրանք կային կողքին, ում ջանքը դասականի հիմքի վրա կառուցվեր: Եվ կային, ովքեր նկարչության նորոգումի շնչի մեջ…

…Ժամանակի հանրագումարին, թե որ մի նկարիչ անհատական ցուցահանդես բացեր… Երևույթը Գեղամ Ասատրյանը մատնության նման բան համարեր, ո՞նց, որ մի նկարիչ՝ իրենով, հայտնի դարձներ առանձնավոր ապրումի տեղը: Հավատար ասես, թե հենց այդժամ, որ կտավը երես թեքեր նկարչից…

Եվ որ էլի պահվեր մտքի, թե իր նկարների համար դրսի աչքը վաղաժամ էր…

…Քանի չինացու կողմից ասված կար վաղ անցյալի՝ ով բանաստեղծ, հարկ է, որ գրելուց առաջ ութը տարի մնա լուռ նստած՝ դեմքով դեպի պատը, իր մտքերի հետ…

…Երբ իր ուսուցիչներն անցան, մնաց, որ նկարիչը՝ առանձնավոր ամփոփումի…

Դուրս ելներ տնից, հասնելու՝ ուր մի բլուր, մեկուսի ծառ, ուր հողե մի շինություն, պարանին՝ գույնի շորեր, հողե ճամփա ու տնավուր կենդանի, հիմնականում, որ սրանք՝ այծեր… Եվ ինչ մի չգրված օրենք՝ տղա երեխա տեղի, որ նրա ետևից խոսք չասեր, ոչ էլ որ քար գցեր: Պատահեր, որ մեկը կողքի հեռվից, մնար ու համբերատար նայեր, թե նկարչի մի ձեռք՝ ճերմակը ոնց կառուցեր: Այդժամ, որ նկարիչն իր ներսում թանկ գնահատեր, ինչը որ նման պահի՝ խաղար երեխու մեջ: Թվար, թե գոյի՝ իր ասկետիզմը, Գեղամ Ասատրյանը բնության վրա տարածեր, ինչի որ գար, ինչ մի աչքով, որ պատկերը կտավին բերեր: Քանի նկարչության միջով  տեսանված աշխարհն ինքը գիտեր նաև այլոց կտավներից, ճշմարտացին գիտեր ու նաև հմայքը գիտեր պատկերումների և որ կտավի ճերմակի առաջ պահվեր համբերության, սրբազնագույն ազնվության ջանքի մեջ:

…Քանի հնուց իվեր Հայաստան աշխարհն իրական Արէվով էր իմացվել… Վկայված՝ նախաժամի, ինչը հասած կա մեզ գույնով՝ մի Ծաղկողի, և նրանց ջանքի միջով, քանիսը, որ հետո եղան և օրերի՝ մի նկարիչ անհայտ, երբ գար տեղին ու գործեր…

Մի նկարիչ՝ Հայաստանում, հանց որ՝ Արէվպտոց թագավորի որդին…

…Որտե՞ղ ուրիշ, թե մի Հող՝ չափի տքնանք պահանջեր պատկերողից… Հայ նկարիչ, սա նաև Հող՝ կորուսյալը գիտե և պատկերումին, մնա, որ նաև կորուսյալի հետ: Մի նկարիչ, ով արմատներով՝ վանեցի… Տրված կա հային, որ ծնունդի հետ, նախ որ Բիբլիականը գիտակցի իր Սուրբ Սարի պատկերին: Երևի թե հենց այստեղից, որ հավերժի չափը վաղ ճանաչի: Մնամ մտքի, թե հայ նկարչության ժամանակը նախ որ Հողի պատկերով է, որ հայտնի դառնա գալիքի դիտողին: Մարդն իրեն բերի հավատալու, թե Հողի պատկերն ուրիշ դառնա ու նոր, որ ժամանակն՝ ինքը փոխվի: Հետո, նկարչության մնացյալ կարևորությունները, ինչը որ գա գործի արհեստից… Հողի պատկերումը դեռ երկար նկարչին պահի կապանքների մեջ, քանի կա, որ Հողը՝ առանձին մի գծանկարի, ոնց որ փորձության տանի նկարչին ու կողքից նրան նայի: Մինչև հաջողվի, որ մի նկարիչ՝ Հողը հասցնի գույնի սահմանին ու միայն այդժամ, որ պատկերը դուրս դառնա անցիկ պահից: Այդժամ, որ Հողը դառնա Հայրենիք, ինչը որ մեզ նկարչի կտավը վկայի…

Եվ երբ Գեղամ Ասատրյան՝ նկարիչը, տևեր այդօրինակ հմայքի մեջ, ինչը որ կտավից անդին՝ տարածություններ…

…Հողե ճամփա, քանի գերան փայտը՝ իբրև կամուրջ, տակը՝ ենթադրելի, մնա, որ ջուր՝ առուն: Կանաչ մի ծառ՝ կտավի աջ կողմում: Հողը՝ ճերմակ լուսեղենի և ուր   շուրջաշխարհին իջած տապ օդ՝ արև: Ճամփան տանի վեր, կամ որ իջնի վերից՝ ճամփեն: Եվ հենց էստեղ, որ գլխի ընկնես, մի ճամփա, կար, որ նույն՝ ժամանակը… Այդժամ, որ ասես քեզ՝ ի¯նչ մի համառոտում՝ ամենայնի: Ինչը որ՝ 1957 թվականին…

…Կտավը, որ կոչվի «Իրիկնամուտը Ապարանի ձորում» :  Ո¯նց, որ հայրենի եզերքի մթնշաղը… Քանի¯ երանգ գույն՝ մթնումի, հողը կրի վրան, երբ գույնը՝ երկրավորվի… Մի բազմածալ լանդշաֆտ կապտավունի և մի տարերք՝ Հողի, թվա, թե ջուրը հապաղի ցածում և որ վերում՝ շարժուն երկինք, արթուն: Լեռների՝ մի գծապատկեր և դիտելու կողմը՝ հողի երեսից մինչ երկինք, և որ ամպը վերում տարածվի՝ մոգական մի գծանկարի ընդհանրացումի… Ժամանակը՝ 1982 թվական, գուաշով կատարված, զգայական ներգործումի հասցված պատկեր…

…Եվ էլի՝ Հողը, կոչվի՝ ՙՓողոց Բյուրականում՚: Հողաշեն պատեր հեռվում,  հող- ճամփա՝ ստվերոտ, կանաչը՝ ծառերի և մի երկինք: Բայց որ թվա, թե Հողը՝ շարժուն ջրի տարերքի, իր ծավալումին, թե դուրս դառնա կտավի զույգ ափերից… ինչի՞ պահվեր մի նկարիչ, երբ ստվերը շարժման բերեց, և որ մի այծ՝ կտավի ցածի ձախ անկյունում՝ իբրև պահի ականատես…

Եվ որ հիմա գամ նախապես ձախորդված մի մտածումի, թե միջնադարի շրջանի նկարիչ՝ դիմանկարի թիկունքին հենց որ նույն հողը պատկերեց, ինչը որ պատկերի ետին պլանը: Եվ ավելի ուշ շրջանի դիմանկարի թիկունքին՝ հեռվի սարը պատկերվեր թիկունքի պատուհանների զույգ կամարի մեջ, ծառեր, թե որ մի շենք, ինչն ի վերջո՝ էլի, որ հողեղեն…

Կտավը կոչվի «Ձմեռը գյուղում»: Քանի մերկ քոլ՝ առաջին պլանին, տանու՝ երեք կենդանի, մեկը, որ այծ՝ պատկերը, ձյան տակից բացված հողե ճամփեն, կտավի ճիշտ կենտրոնը՝ հանց որ մի գիծ, թե որ եզրից եզր՝ դառնա գյուղի մի գծապատկեր: Էլի գուաշով կատարված, բայց որ թել-թել՝ ձմռան ծառը, հստակ կարդացվող պատշգամբ, ցածր տանիքներ: Գյուղի թիկունքին՝ սարեր… Այստեղ՝ ամբողջացումի կատարյալ ինչ անցումներ, ամենը, որ հողեղեն՝ շաղոտ ճերմակի, կապտավունի մեջ: Եվ որ հազիվ զատվող մի փակ երկինք՝ կապտավունի… Սքանչելի մի գծանկար՝ ամենուր, կտավի կառուցումին, մի հմայքի հիմնավորում իբրև… Թվա շնորհիվ Հողի է, որ  ամբողջանան՝ տեղանք, մարդ ու պատկեր…

…Միայն որ քանի կտավի՝ մեր անդրադարձը, ի միջի՝ հազարին մոտ կտավների: Սրանք՝ մի ժառանգություն, որ իրապաշտ հոգին վկայեն… Այն չէ, որ ապրելու, ապա՝ ինչը աննյութեղեն, հեռուների… Չդառնա, որ էսթետիկականի՝ մի զգացում: Մնա  ասկետիկ, ոչինչ, որ միջամտի արարին…

Քիչ է ասել, որ բոհեմի մարդը չէր, թեև հայտնի կա՝ որտեղ մի նկարիչ, այնտեղ՝ բոհեմ… Հանց որ իրեն նեցուկ՝ կտավը, տաներ նրան ճանաչումի՝ լանդշավթ, թե ծառ, թե մի այծ էր, ինչն ի մի բերված՝ մարդու հաշտությունը բնության հետ…

Իր ջրաներկ աշխատանքները… Տերյանական շարքը, ջրաներկ աշխատանքներ:  Հեռուստահաղորդումի համար սրանք: Մի նստարան, ծառ էր՝ թիկունքին և ոնց, որ պատկերն իր ներսից ՙտեսանելի՚ օդը շարժեր… Մի դիտող՝ դառնա, որ շաժուն օդի հետ, ինչը ռեալիստական պատկերին վերացարկումի շունչ հաղորդի… Պատրանքի մեջ և պոռթկումի, ոնց անթեղված կիրքը հասած՝ համառոտումի: Իր ձևի մեջ, իչպես որ ամենայն դասականն իր մեջ ձգտի ձևին ու համառոտին: Քանի անհնար է, որ   կառուցումը ճշմարտության գա, թե զատ մնաց ձևից…

Եվ մեծարենցյան շարքը՝ գծանկար աշխատանքներ…

Ժամանակը, երբ Գեղամ Ասատրյանը թատրոնի ներսում գործեր…

Մեկը, ով իր տեղից հիմա ձայնի՝ բայց թատրո¯նը՝ հարգարժան պարոնայք, չէ որ մի նկարչի համար միայն, որ միջնորդված շնչավորումների տեղ… Ուր որ մի Լոպե դե Վեգա, Չեխով, Գորկի, Նար-Դոս, Դեմիրճյան, Վրթանես Փափազյան, Օ Հենրի, դե Ֆիլիպո, Մկրտիչ Արմեն և ուրիշներ… Ուր՝ ռեժիսոր, դերասաններ, հնչյունային շար և էլի բաներ, ինչը որ ամենայն՝ թատերականի մեջ…

Ինչին, որ ես ասեմ՝ բայցև մի օրենք՝ բեմը, իր նախապատկեր սուբստանցին, ինչը որ ամենայն պատկերումի էությունը: Ինչը Elementa- կոչվի հին հայտնի լեզվով: Եվ որ թատրոնը խորք հաղորդի ժամանակին: Դառնա, որ անցյալի մի պատում՝ ներկայի մեջ, ոնց որ ներկան՝ առկախ և ոնց, որ անցյալն իր տեղից լսելի դարձավ հետո եկած մարդուն ու հասավ նրա ժամանակին: Այդժամ, որ ձևավորումի մի պատկեր, մի շոր, մի թաշկինակ, դեկոր, որ կյանք առնեն ներկա-անցյալի մեջ…

Մեծ ռեժիսորների հետ աշխատեց՝ չորս տասնամյակից ավելի մի ժամանակ: Եվ եղավ, որ ձևավորումներ՝ արժանանային միջազգային ցուցահանդեսների…

…Հիմա տեղը, որ նկարչի որդու՝ բժիշկ Լևոն Ասատրյանի խոսքը դառնա հայտնի… Ոնց որ հայրը՝ մի երեխա, տրված թատրոնին, երբ հոգիներ՝ խաղը կարևորեին, իրար եկած, մի խմբակում… Եվ ո՞վ հորիներ խաղացվելիք նյութը՝ էլի, որ երեխա՝ հայ գրի ապագա մեծ վարպետ՝ Ռաֆայել Արամյանը: Տեսեք, որ Շիրվանզադեի շնչի մեջ, ոնց, որ Ռաֆոն Հայաստանում նավթի մի հանք հայտնաբերեր, նա¯վթ, նա¯վթ՝ ճչար թախտի տակից և նույն պահին, որ Հայկ Գրիգորյան՝ հոգին, հոգնայի ռետինե ձագարի միջից, իբրև հայտնաբերված նավթի վկայություն, թանաքի քանի շիթ արձակեր բեմ համարվող՝ կարճ տեղի մեջ, թե որ դիտողի աչքը համոզվեր…

Եվ որ հետո Լևոնն անպայման հոր խոսքը հիշեր՝ Հայկ Գրիգորյանը, թե չէր զոհվել պատերազմում, մեծ նկարիչ էր դառնալու, իրական չափի նկարիչ…

Թատրոնն էր, որ Գեղամ Ասատրյանին ընտելացրեց գուաշով՝ աշխատանքին…  Սրանք առանձին ու մի ստվար շարք կազմեն: Մեղավորություն չհամարվի, թե սկզբնական մի ընթացքի, նկարիչ, ով՝ նեղ օրվա, թատրոնում աշխատանքն ընկալեր, որպես, թե հանուն հանապազորդ հացի: Մինչև չարչարանքը, երբ ջանքը դառնար  կոչվածություն:

Ոնց պատկերվի շորի մի ծալք, երբ խաղը՝ Լոպե դե Վեգայի ժամանակներից, գլխարկին բերված մի փետուր՝ զարդ: Մի դիմանկար, ասես հուշելու, թե ինչ տեսք ունենա դերասանը, երբ դեռ կյանք առնի գալիքի ներկայացումը: Կերպարներ՝ իրենց ռուսականությամբ, սրանք առանձին շնչի մեջ: Եվ երբ թատրոնը գար հայ գեղջուկին… Կերպարներ, հագուկապի էսքիզներ, շատերը, որ հենց Գեղամ Ասատրյանի ձեռամբ իրենց սկիզբն առնեին: Մի ներկայացման՝ սրանք շուրջ երեք հարյուրի հասնեին և որ ամենը կատարված՝ ջանքով ազնվագույն…

Սքանչելի մատիտանկար էսքիզները… Առանձին շարք՝ դիմակներ և որ խաղացվելիք պիեսի տոնայնական լուծումը բեմի թիկունքին, ամբողջական պատկերի մեջ և բանը՝ ոչ որ առանց գործողության կռահումի…

Թե հայտնվես նույն տեղում, ուր կանգնած կար նկարչը, երբ պատկերեր: Նույն, որ նրա ժամանակի մեջ… Հեռու լինի տեղը, թե մոտ հարթության և որ գաս լռությանը, ինչից սկսվի կտավի մի նախապատմություն: Խստամբեր իմացության՝ իրականի ու անհայտի…

Եվ ի՞նչ ապրի մի նկարիչ, երբ օդը հագեցած «իզմերով» այլազան հուզումներով, ուրիշների փառքով, ուրիշների նկարչության իմացությամբ: Եվ նրանք կողքին, ովքեր օրերի՝ քայլ առաջ անեին և ովքեր մնային գաղափարի պարտադրանք՝ շնչի մեջ:  Գեղամ Ասատրյանին գիտեցողները վկայեն, թե լսած չկային, որ վրձնին նվիրված մեկի գործի հանդեպ նրա պատկառանքը հապաղեր: Արժանավորի իր տեսակը հայտնի կար, ինչից էլ նրա կտավների անշտապ ժամանակը…

Բանկարը՝ իր տարերքը: Թատրոն և բնանկար… Յոթանասուն և հինգ տարվա կյանք ապրեց, հիացումի խոսքեր լսեց, առանձին գործեր ցուցադրվեցին Միության տարբեր քաղաքներում, բայց տեսնենք, որ չունեցավ մի անհատական ցուցահանդեսը:

Դեռ որ մտքի, թե իր նկարչության համար կողքի աչքը վաղաժամ էր…

Նրա որդու՝ Լևոն Ասատրյանի ջանքերով, օրերի, որ նկարչի կտավները հանրությանը բացվեին: Հսկայական ժառանգություն, որ սրբությամբ մնա որդու  հոգածության ներքո: Թվա, թե Գեղամ Ասատրյանը նկարչի չարքաշ աշխատանքը սիրեց, քանց որ պտուղը… Փորձեցի կռահել մարդը, որ դուրս է որդու պատմածներից ու քեզ նայի կտավների՝ իր անցյալից: Ով պահվեց զերծ՝ փոխառիկ հուզումներից…

Հանկարծ, ինչ մի սքանչելի վարկած, թե հասցնի մեզ նոր Հռոմի ժամանակներին.

…Կխիզախեմ ավելի հեռուն գնալ՝ տեսեք, որ Բորխեսն ասի, կարծում եմ, որ Դանթեն ստեղծեց համաշխարհային գրականության լավագույն գիրքը, որպեսզի նրա մեջ ներմուծի մի քանի ժամադրություն, անդարձ Բեատրիչեի հետ…

Թույլատրելի է երևի, որ ասվի՝ մի կտավ, իբրև նկարչի հետ հուզառատ հանդիպումի թալիսման, երբ գան ժամանակներ…

Նկարիչը՝ Գեղամ Ասատրյան: Եվ հաջորդվող ժամանակը, ներսում կտավներ՝ հանդիպումի…

Կարծիքներ

կարծիք