Անհասկանալի

Կային շատ ժամանակներ: Կեղծ ու իրական, ցանկալի ու նախանձելի, ինչու չէ՝ նաև երազկոտ: Կային շատ ժամանակներ՝ ապրելու, ապրելու ձև ընտրելու, ապրելու փորձ անելու և մեկ ուրիշ, ուրիշ՝ ունայնությունից ու այս բոլորից անդին՝ ապրելու վախի մասին կամ վախի մեջ:

Ծառերը մի օր շատ կանաչ էին, քամին ներարկվում քաղաքի նեղ փողոցների մեջ, գտնում էր ինձ ինչ-որ դալանում, որի պատին գրաֆիտով դեռ գրված չէր՝

ես հոգնել եմ

ես հոգնել եմ

ես հոգնել եմ

գտնում էր ինձ ու խաղում մազերիս հետ, սահում դեմքիս վրայով, շփվում ու սողոսկում սև ժակետիս կարերի փոքրիկ փոսիկների մեջ: Էդ օրերին քամին քամի էր, ինչպես ծառերն էին կանաչ տերևներով, ինչպես սրճարանները՝ շատ տաք ու կոֆեն՝ անուշաբույր, ինչպես կոշիկներն էին շատ ամուր երեսով՝ փողոցով քայլելու ու մարդկանց աչքերից կախված պատմություններ պոկելու համար: Մի օր շատ դեղին էր, ինչպես գետնանցումում իրար վրա դրված սովետական գրքերի էջերը՝ դեղին ու հոտով: Կային օրեր եղանակային հագնվելու ու հարդարվելու, նոր ձևի լվացվելու, հոնքեր սանրելու, ու էդ օրերին փողոցից երաժշտության ձայն էր լսվում: Ցուրտը հավես էր, շոգը՝ հաճելի: Էդ օրերին աղջիկները սիրուն էին, շորորվում էին հագած փեշի փեշերը՝ խաղում ծնկների հետ, շրթներկը արտահայտվող էր, իսկ մազերը առկայծում էին արևի դեղին շողերի պես, էդ օրերին խորթ չէր առկայծել բառը, արևի շողը, ինչ-որ դեղնագույն մազերը կամ ընդհանրապես նկատելի սենտիմենտալ զգացողությունը:

Ծառերը մի օր շատ սև էին, ինչպես մեր քաղաքի նեղ փողոցները գիշերվա հազարին: Առավոտները ստամոքսում ահավոր դատարկություն զգալու, ջուր խմելու կարիքի ժամանակներ էին, շշերը դատարկելու, Քամյու կարդալու ու գրադարակները դատարկելով՝ չապրելը արդարացնելու ժամանակներ: Ժամանակն էր աբսուրդի: Քամին ինձ էլ չէր գտնում էն դալանի տակ, որի պատին արդեն գրված էր

ես հոգնել եմ

ես հոգնել եմ

ես հոգնել եմ

ես այնտեղ էի, բայց քամին չկար ու չկար: Ես այնտեղ էի, էդ օրերին ես հենց էդ տողերն էի, վերևինը, մեջտեղինը կամ տակինը:

Հետո եկան օրեր, որ թվում է՝ էլ երբեք չեն լքի: Վախ երբեքի մասին կամ երբեքի համար, ինչպես ձեռ կտա: Ծառեր էլ չկային կամ կային, բայց դրանք արդեն այլ տեսք ունեին իմ աչքերի ներսում: Զարմանալի չէ, որովհետև հիմա իմ աչքերը հեռու ու անհայտ անապատներ են, որտեղ քարավաններ երբեք չեն գտնվի, աչքերս նեղուցներ են, որ ոչ նավ կմտնի, ոչ էլ դուրս կգա: Ծառեր, իսկ ի՞նչ են ծառերը: Ծառեր, ծառեր, իմ հիշողության մեջ արդեն չկա նման հասկացողություն: Ես մոռանում եմ ամեն ինչ ու հիշում ու նկատում ցանկացած մանրուք: Էսօր նկատեցի կաշվե բաճկոնիս վրա ինչ-որ կոճակ, որը եղել է ամենայն հավանականությամբ գնածս օրից ի վեր, իսկ ես չէի նկատել: Հիմա, երբ կանգնում եմ գետնին, թվում է, թե էդ պահին արագ սոսնձում են կոշիկներս գետնին, ու ես էլ երբեք չեմ կարողանա քայլել: Ես դժվարությամբ եմ բարձրանում ճանապարհից մայթ կապող քարերը, և դժվարությամբ իջնում, դրանք ինձ համար սար ու անդունդ են, ես մոռնաում եմ ամեն բան, անգամ, թե ինչ գրեցի վերևում, և զգացողություն ունեմ, որ ոչ թե ես էի ինչ-որ բան պատմում, այլ դու՝ ինձ, և ուզում եմ հարցնել… ի՞նչ էիր ասում… Մարդկանց հիմա նայելիս կամ իրենց կանգնած տեղից են հեռանում, կամ չափից դուրս մոտենում են, ուրիշ ոչինչ: Ես շատ զգայուն եմ, անընդհատ փրկվում եմ անցումներից օգտվելուց, մեքենաների սիգնալները, հիմա փորձեմ հիշել՝ ոնց էր այդ բառի հայերեն տարբերակը, փորձում եմ դեռ հիշել, լավ, արի սենց թողնենք, ընթացքում, երբ հիշեմ՝ կասեմ, ինձ անընդհատ վախեցնում են ու ամեն տեսակ աղմուկ ինձ ստիպում է վեր թռչել: Ես մոռացել եմ շատ իրերի անուններ կամ մեկին տալիս եմ մյուսի անունը, իմ մտքերը վազում են չինական սրընթաց գնացքների պես, մի վարկյանում պատուհանից բացվող այս տեսարանում եմ, մյուսին՝ արդեն շատ հեռու: Գիշերները չեմ քնում, չէ, քնում եմ, բայց թվում է՝ ամբողջ գիշեր բարձրաձայն մտածում եմ ու ամբողջ գիշեր այդ ձայներն ու իրենցից ծնված տեսիլքները՝ աչքերս փակ, խորը քնի մեջ, ինձ արթուն են թողում:

Մեքենաների ձայնային ազդանշաններ, երևի թե սենց էին անվանում սիգնալին:

Նախշազարդ պատերը կամ հատակը երբեմն ինձ համար հեռուստացույց են դառնում, որովհետև երբեմն այդտեղ արտասովոր բաներ եմ տեսնում: Հիանալի դրվագ ինչ-որ ֆիլմից, բայց միշտ չեմ կարողանում հիշել, թե դա ինչ ֆիլմ էր: Ես սրճարաններում կոֆե եմ խմում մենակ, սրճարաններում հաց եմ ուտում մենակ՝ սենյակի կենտրոնում, ու բոլորը ինձ են նայում, հաջորդ պահին կանգառում եմ, բայց չեմ հիշում ոնց հասա այստեղ, իսկ վաղը նույն տեղից կանգառ քայլելուց ես էնքան կձանձրանամ, որ ճանապարհի կեսից երթուղային կնստեմ, կգնամ դեպի կանգառ, մի րոպեից կիջնեմ, կնստեմ կանգառի նստարանին ու կհանգստանամ, մինչև կգա ավտոբուսը, կնստեմ ավտոբուս ու կհասկանամ, որ սխալ համար եմ նստել, կնստեմ ճիշտ համարի ավտոբուսը, կգնամ տուն, բայց իջնելուց կգիտակցեմ, որ չէի ուզում տուն գալ, բայց եկա, հետո նորից կվերադառնամ:

Սենյակումս առանց ականջակալի երգ եմ լսում, միանգամից երգը անջատում եմ, ու լռությունը ընենց է հարվածում ականջներիս՝ բըմփ, այ սենց ձայն է գալիս, ականջներիս մեջ լռություն, էնքան բարձր, որ թվում է՝ սենյակում կուտակված լռության ձայնը սոսկալիորեն ավելի բարձր էր, քան հենց բուն երաժշտության ձայնը: Սիրտս արագ բաբախում է, հայացքս ու լսողությունս աջից-ձախից որսում է ձայներ ու թարթող լույսեր: Մարդկանց հասարակ հարցերն ու պատասխանները ինձ խորը մտորելու տեղիք են տալիս, օրինակ՝ երբ խանութում աշխատող վաճառողուհուն ասում եմ, որ հաց տա, իսկ ինքը հարցնում է՝ որից, մեծից, թե փոքրից, ես սկսում եմ խորանալ ու հետին միտք փնտրել: Ես հետին միտք եմ փնտրում ամենուր: Ես մտածում եմ հեռավորության մասին ու հեռավոր բառից առաջացած բոլոր բառերի ու դրա հետ կապված բոլոր զգացողությունների մասին, ու ես սենց եմ վարվում գրեթե բոլոր բառերի հետ: Ես Sigur Rցs եմ լսում, գրում ու մտածում եմ քնելու մասին, ես պառկած եմ հիմա, բայց մոռացել եմ քնելու մասին: Ես պառկում եմ ու մտածում, որ հիմա ինչ-որ բան է կատարվում ինձ հետ, ասում եմ՝ հիշեմ, վաղը ասեմ սրա մասին Աննային, հետո մտածում եմ, որ երբ վաղը իրեն ասեմ սրա մասին, կհիշեմ էն պահը, երբ մտածում էի, որ կարելի է իրեն ասել դրա մասին, ես մտածում եմ, որ էսքան բանը մտածում եմ, ու մտածում եմ, որ ասելիս վաղը անպայման հիշեմ, որ էսքանը բանը էս պահին մտածում եմ, հետո մտածում եմ, թե էս ինչքան երկար ու իրար մեջ մտած բաների մասին եմ մտածում, ու էդ վիճակը կտրում է ինձ անդորրից:

Ես անբանուկ փողոցներում շատ բարձր լսում եմ մարդկանց կոշիկների ձայները, իսկ ճանապարհները, որտեղից քիչ մեքենաներ են անցնում, ես շատ զգույշ եմ անցնում, որովհետև հեռվում թվացող երկու սպիտակ լույսերը ինձ շատ մոտ են թվում: Մարդկանց նայում եմ, ու ոչինչ չի կատարվում: Ես անընդհատ աչքերս փակում եմ, մի քանի երկար վայրկյան պահում ու նորից բացում, ես անընդհատ Ա կետից Բ կետ եմ քայլում: Մի քիչ առաջ 23:59 էր, իսկ նոր նայեցի կոմպի ժամին՝ արդեն 1:29 էր, իսկ էս ընթացքը էնքան կարճ տևեց: Ինձ հրում են կամ էլ ուսերիս ծանր բեռ են դրել: Ես նստած տեղս անգիտակցաբար ձգում եմ մկաններս, մի քանի րոպե անցնելուց հետո ցավից զգում եմ, որ մի բան էն չի, հանգիստ թողնում եմ ու տենց ընենց հանգստություն է հաղորդվում մարմնիս:

Էսօր 200 դրամ թեյավճար թողեցի, մինչև հիմա մտածում եմ՝ կարող է քի՞չ էր: Կանաչ լույս է, պետք է քայլեմ, բոլորը քայլում են, փոխում է կարմիր, հետո եմ հասկանում, որ ես էլ պիտի իրենց հետ քայլեի: Ընկերս բան է պատմում, ես էլ երեկ եմ նայել Interstellar-ը ու իր պատմության ժամանակ իրեն պատկերացնում եմ ֆիլմի դրվագներից մեկում, երբ ինքը հերոսի նման կանգնած է հիշողության ու իրականության խաչմերուկում ու աջից-ձախից պատկերներ են անցնում, իր պատմածները տեսնում եմ այդ մեծ պատկերների մեջ, իսկ իրեն՝ հերոսի պես տարածության մեջ տեղաշարժվելիս: Տասը րոպե սենյակումս կանգնած եմ, ընթացքում նստում եմ աթոռին, հեռախոսս վերցնում եմ, բլոկը բացում-փակում ու տենց մի քանի անգամ, հետո փորձում եմ հիշել՝ ինչի համար եմ եկել սենյակ, չեմ հիշում, մի քանի րոպեից հայտնվում է, հիշում եմ, որ եկել էի սենյակ՝ քնելու: Գիշերվա 4-ն ա, ձեն տվեց տանեցիներից մեկը, ու հետո դուռը ծեծեցին, գնացի ստուգեցի, փաստորեն ոչինչ էլ իրական չէր:

Ես անընդհատ գալարվում եմ, նայում եմ քեզ, բայց չեմ տեսնում, լսում եմ քեզ, բայց որ հարցնես, չեմ կարող պատասխանել, թե ինչ ես ասել: Ես սենյակից գնում եմ բաղնիք՝ ատամներս լվանալու, մտնում եմ բաղնիք ու ապշում, սկսում եմ հիշել ճանապարհը, որ հենց նոր անցա, մի պահ թվում է, թե դա չկա, որովհետև նոր ես այդտեղով չանցա: Վերադառնում եմ սենյակ, հանում վերնաշապիկս, բայց հասկանում եմ, որ գիշերանոցս է, որ նոր էի հագել նախքան բաղնիք գնալը:

Բարձին գլուխս դրած՝ մեկը հարցնում է՝ ինչի համար է էս ամեն ինչը, գիտե՞ս ինչ է ինձ պատասխանում.

-Մի օր ձանձրույթից խեղդվում էինք, կյանքը ուզեց մեզ զբաղմունք տալ:

Անդին 02.2018

Կարծիքներ

կարծիք