Երկնամերձ լեռների տիրուհիները

Հեղինակ:

«Երկնամերձ

լեռների տիրուհիները» հոդվածաշարս նվիրում եմ ազնվազարմ հայուհուն, նրան, ով կոչվեց ազատուհի, իշխանուհի, տիկին, դշխո, տիրուհի և թագուհի: Նրան, ով ստանձնեց այս բարձրագոչ տիտղոսները, բայց մնաց առավել հայ՝ իր աշխարհիկ և հոգևոր գործերում, առավել մայր՝ իր ամրոցի պատերից ներս, բարեգործ՝ իր հայրենյաց սահմաններում և անդին, քաջարի ու աննկուն՝ պատերազմող ժողովրդի գրկում:

 

Նախամուտք. Բնակարանը

Հայոց ազգի իշխանական երակը տրոփեց հայրենանվեր, փառահեղ ու գովերգելի զարկերով: Շնորհիվ իր առավելագույն զարգացման, պատվի և հարստության՝ դարեր շարունակ հենց այս դասն էր հայ ազգի իրական սիրտը, դեմքն ու դիմագիծը:

Եվ այս դասի մեջ իր հստակ տեղը, դերն ու պատիվն ուներ ազնվազարմ հայուհին:

Բարեբախտաբար, մեր պատմագրությունը պահպանել է հիշատակություններ թագուհիների և իշխանուհիների մասին, ովքեր, հեզաբարո կանայք լինելով հանդերձ, եղել են իրենց երկրի արժանավոր տիրուհիներ, արքա-ամուսինների նվիրյալ կանայք, նաև տաղանդավոր զորավարներ, իմաստուն մեկենասներ, բարձրաճաշակ կառուցողներ:

Իսկ ինչպիսի՞ կյանքով են ապրել հայ իշխանուհիներն ու թագուհիները, ինչպե՞ս են հագնվել, սնվել, կրթել և կրթվել, ինչպիսի՞ն է եղել արքայական հարսանյայց հանդեսը, ինչպիսի՞ տանտիկին էր հայոց իշխանուհին, ինչպե՞ս են կահավորվել նրանց հարկաբաժինները, ննջարանները, որտե՞ղ են կառուցվել նրանց հրաշակերտ ապարանքները, ինչպե՞ս են առհասարակ կենցաղավարել նրանք: Այս հարցերը երկար ժամանակ ուսումնասիրման և բարձրաձայնման կարոտ են մնացել:

Սկսենք սկզբից: Հետ քաշենք պատմության թանձր, փոշոտ վարագույրները, թողնենք անշուք գյուղերը և մտնենք մեր հին, պարսպապատ քաղաքները, որտեղ և կառուցված են եղել ազնվականների պալատները:

Ազնվազարմ վերնախավի բնակարանները տարբեր անուններով են կոչվել՝ ապարանք, պալատ, տաճար, արքունիք, դղյակ, դարապաս, ամրոց: Իշխանական ապարանքների կառուցման գործում էական նախադրյալ էր դրանց տերերի քաղաքական կշիռն ու ունեցվածքի չափը, մասնակցությունը երկրի պաշտպանական գործին և մշակութային-շինարարական կյանքին: Հատկանշական է, որ մեկ կամ մի քանի ապարանքներ ունեին իշխանական ազդեցիկ տոհմերի այն ներկայացուցիչները, որոնք մեծ համբավ էին ձեռք բերել իրենց հայրենապաշտությամբ, քաջագործություններով ու հարստությամբ, մշակութային և եկեղեցաշինական ձեռնարկումներով, շրջահայաց քաղաքականությամբ և ժողովրդասիրությամբ:

Այդ պալատներից զատ նրանք ունեին իրենց դղյակ-ամրոցները՝ կառուցված դժվարամատույց ժայռերի վրա: Ամռան տոթ օրերին այստեղ էին զովանում դյուրազգաց հայոց տիկինները, իսկ օտարների հարձակումների ժամանակ այս ամրոցները նրանց որպես ապաստան էին ծառայում: Պատմագիր աղբյուրները վկայում են, որ այս պալատ-ապարանքները յուրահատուկ ներքին կառուցվածք են ունեցել. մարմարակերտ սենյակներ, զբոսնելու համար նախատեսված սյունազարդ կամարասրահ, ոսկեզարդ գավիթներ՝ պատված խճանկար հորինվածքներով, հովասուն պատշգամբներ, որոնք ծառայել են իշխանական տան անդամների ամառային բնակության և հանգստի համար, իշխան-արքայի ընդունարան գահասրահ: Այս բոլոր սենյակները հանգստավետ և շքեղ են եղել, սակայն առանձնահատուկ ուշադրության է արժանացել պալատական ընդունելությունների և հանդիսությունների համար նախատեսված առանձին դահլիճը, որը կոչվել է տաճար:

Հենց այստեղ է, որ պիտի փայլեր ամրոց-ապարանքի տիրուհին՝ հայոց իշխանուհին՝ անձամբ կազմակերպելով և անցկացնելով բարձրաշխարհիկ ընդունելություններ, հյուրերին իր ձեռքով մատուցելով համեղ և բազմազան խորտիկներ:

Իշխանական ամրոցի տերը և տիկինը ազատ ելումուտ ունեին ամենուր, սակայն նույն տանը պատկանող օրիորդներն ու մանկամարդ հարսները ապրում էին առանձին հարկաբաժիններում, ուր օտարի ոչ ոտքը, ոչ աչքը թափանցել չէր կարող:

Եվ եթե մենք խնդրենք նրանց մեր հայացքի առջև մի պահ բանալ իրենց խստափակ դռները, կտեսնենք աներևակայելին:

Պատմագիրները վկայում են՝ իշխանական ապարանքների ճարտարապետական շքեղության հետ մրցում էր նաև նրանց ներքին կահավորանքի ճոխությունը: Սենյակի կենտրոնում՝ հատակից բավական բարձր, տիրուհու բազմոց-գահավորակն էր՝ ոսկեբանվածք բարձերով ծածկված: Սենյակը զարդարված էր նկարազարդ կարասներով, թանկարժեք կահույքով, ուներ երկու տեսակի վարագույրներ՝ սրահակ, որը կախվում էր դռան ետևում, և սրսկապան, որը խորանաձև ծածկում էր իշխանուհու մահիճը: Վերջինս իրենից ներկայացնում է իշխանական անկողինը, որը, կախված տիրոջ աստիճանից, կարող էր և շատ շքեղ լինել՝ ակնազարդ և ամբողջությամբ ոսկեպաճույճ: Գործածական էին նուրբ ատլասից և կերպասից սավանները, բարձերը, փետրալի վերմակները:

Առանձին սենյակներ են հատկացվել հանդերձներին և զգեստավորվելու արարողությանը՝ հանդերձաց տաճարը, գրքերի ու մագաղաթների պահոցին, գանձերի՝ ոսկու սենյակին, կանանց հարկաբաժիններին, հանդիսությունների և ընդունելությունների սրահին: Վերջինս առանձնանում էր իր դիրքով և շքեղությամբ, որին սակավ ինչ զիջում էր խոհանոցը կամ ճաշի տաճարը: Բնականաբար, ինչքան հզոր և հարուստ էր իշխանը կամ արքան, այնքան շքեղ էին այս սրահները, հատկապես խոհանոցը: Բուզանդը վկայում է 900 հոգի հյուրասիրելու տարածք ունեցող ճաշասրահի մասին:

Իշխանական պալատներից առավել ընդարձակ ու պերճ էր արքայական բնակատեղին՝ արքունիքը: Այստեղ իրարից առանձին էին թագուհու և թագավորի հարկաբաժինները, նրանցից յուրաքանչյուրն ապրում էր իր ուրույն կյանքով:

Հատկանշական է հետևյալը. հայ տիկինը լայն իշխանություն ուներ ամրոցի իր հարկաբաժնում և նաև նրա սահմաններից դուրս: Մինչ այրերը թաղված էին արտաքին և ներքին քաղաքական գործերի, երկրի պաշտպանության, որսորդության և վայելքների մեջ, հայոց ազնվական տիկնայք իրենց հսկողության ներքո էին պահում առտնին կենցաղի հետ կապված բոլոր հարցերը: Թեև մեր տիկնայք ունեին ձեռնահաս սպասավորներ և նաժիշտներ, որոնց մատաղ հասակից դաստիարակել և պատրաստել էին սպասավորության, սակայն սնունդ պատրաստելը, գինի ստանալը, սենյակները ծաղկազարդելը, ընդունելություններ կազմակերպելը վերահսկվում էր ամրոցի տիրուհու կողմից: Այս ամենով հանդերձ՝ նրանք մեղմ էին և սիրալիր իրենց սպասավորների հանդեպ. Եղիշեն վկայում է՝ ՙԱնոնց մեջ չէր երևար, թե ով է տիկինը և ով է նաժիշտը՚:

Հայոց թագուհին՝ դշխոն, այնքան ինքնիշխան էր իր տերության և ամրոցի սահմաններում, որ կարող էր առանց թագավորի գիտության բանտարկելու և ազատ արձակելու հրամաններ տալ: Հսկայական ապարանքի կենցաղային հոգսերը վերահսկելուց զատ հայ ազնվական տիկինն ուներ առավել կարևոր և ազնիվ առաքելություն՝ զավակների դաստիարակությունը՝ ազգի և տոհմի դիրքին համապատասխան:

Ակներև է արդեն, որ հայ տիկինը իր տան, ամրոցի բացարձակ և միահեծան տիրուհին էր՝ հարգված և սիրված ամուսնու, ընտանիքի այլ անդամների կողմից, պարուրված շքեղությամբ և հարմարավետությամբ: Պետք է նշել սական, որ, ի տարբերություն այլ ազգերի բարձրաշխարհիկ տիկնանց, շքեղությունն ու փափուկ կենցաղը բնավ չեն հղփացնում հայուհուն: Պատմությունը մեզ ավանդում է անուններ և իրադարձություններ, երբ հայրենիքի համար դժվար պահերին հայոց իշխանուհի-թագուհիները վաճառում են իրենց արդուզարդը, թանկարժեք սպասքը, ձեռքի ասեղնագործ աշխատանքները և այս գումարները նվիրաբերում զորքին:

Պատմական ճակատագրի բերումով նրանք օտարի կողմից նաև ենթարկվել են ասպատակությունների, պաշարումների, կեղեքումների, նույնիսկ գերեվարման, բայց ամենուր բարձր են պահել իրենց պատիվն ու անունը՝ չընկճվելով ոչ մի բանից:

…Հայ ազնվականության արմատը կտրվեց թշնամիների ձեռամբ, հայ իշխանուհիների փառքը մարեց ժամանակի մեջ: Եվ կարծես հայուհու կերպարը ևս գահավիժեց իր պանծալի բարձունքից՝ աստիճանաբար ընդունելով այլակրոն և այլաբարո ժողովուրդների դրոշմը: Բայց փակենք այդ տխուր պատկերը, վեր հանենք ու մեծարանք ընծայենք այն հայ կնոջը, որ դարերի ընթացքում իր ազգի պարծանքը հանդիսացավ, բայց և թաքնվեց պատմության փոշոտ էջերում՝ սպասելով բացահայտման և վերստին թագադրման:

/շարունակելի/

Անդին 02.2018

Կարծիքներ

կարծիք