Հրաշքը…

1961 թվականն էր: Սունդուկյանցիները նշում էին իրենց թատրոնի հիմնադրման քառասնամյակը:

Հրաշալի ժամանակներ էին: Դեռևս մեզ հետ էին Փափազյանն ու Հրաչյա Ներսիսյանը, արդեն թատրոն էին եկել Խորեն Աբրահամյանը, Ֆրունզիկ Մկրտչյանը, Սոսը, Մետաքսյան՝ մեր թատրոնի ապագա փառքը կերտողներն ու նախորդների գործը շարունակողները: Մեկը մյուսի ետևից բեմ էին բարձրանում աճեմյանական արվեստի իսկական գլուխգործոց բեմադրությունները՝ դերասանական խաղի կատարելության հասնող փայլատակումներով…

Շքեղ երեկո էր: Հրավիրված էին Խորհրդային Միության տարբեր հանրապետությունների անվանի դերասաններ, թատերական գործիչներ: Ներկա էին մեր հանրապետության ղեկավարությունը, մտավորականներ: Հնչում էին ողջույնի խոսքեր, հանդես էին գալիս դերասաններ, երգիչ-երգչուհիներ:

Համընդհանուր ջերմ, տոնական տրամադրություն:

Հիմա արդեն չեմ հիշում, թե դահլիճում ընթացող այդ հետաքրքիր, ընտիր հանդիսության ընթացքում ես և իմ երկու ընկերուհիները ինչպես ճեմասրահում հայտնվեցինք, ոչ ավել և ոչ պակաս, Հրաչյա Ներսիսյանի կողքին: Շրջապատել էինք նրան ու առել անկանոն ու հանպատրաստից հարցերի տարափի տակ: Ուրիշ էլ ե՞րբ պիտի նրա հետ զրուցելու հնարավորություն ունենայինք: Շուրջը մեզնից բացի ոչ ոք չկար: Ժամանակ առ ժամանակ լսվում էր դահլիճում հնչող ծափերի ձայնը: Զրուցում էինք՝ բացարձակ անտարբեր բեմի իրադարձություններին: Այդ պահին մեզ համար ավելի հետաքրքիր ու ավելի մեծ նվեր անհնար էր պատկերացնել: Զարմանալի էր, բայց մեծ արտիստն էլ իրեն կարծես լավ էր զգում: Տրամադրությունը շատ բարձր էր:

Երեքս ներկայացել էինք միասին՝ թատերական ինստիտուտի ուսանողներ. մեր անունները առանձին-առանձին հնչեցնելու կարիքը չկար: Ժամանակավորապես հասանելի դարձած մեր կուռքը, միևնույն է, հետո դրանք չէր հիշելու: Եվ արդեն ինքը որոշեց այդ պահին իր ստացած տպավորությամբ անվանակոչել մեզ: Ընկերուհիներիս ի՞նչ անուն տվեց՝ չեմ հիշում, իսկ ինձ «Ты черное море мое» անվանեց: Մի քանի րոպեի ընթացքում զարմանալի արագ ու դիպուկ, ու թող ներվի անհամեստությունս, իմ այն տարիների համար բավական ճիշտ ընկալում:

Գլուխներս գովելու և նաև նրան հաճելի լինելու համար ասացինք, որ դուստրը՝ Դինան, ինստիտուտում մեզ անգլերեն է դասավանդում, որ հոր հետ արտաքին նմանությամբ, բարեկիրթ, պարզ ու շիտակ պահվածքով գերել է մեր սրտերը:

Հիացական խոսքեր ասացինք նաև որդու՝ Լևոնի մասին: Մեկ կիսամյակ, Լուիզա Սամվելյանի բացակայության պատճառով, մեր կուրսում եվրոպական գրականության պատմության դասաժամերը Լևոն Ներսիսյանն էր անցկացնում: Ասացինք, որ բոլորս հմայված, սիրահարված ենք նրան:

Իսկապես այդպես էր: Տեղը եկել է, մի դեպք պատմեմ:

Դասախոսություններից մեկի ժամանակ, երբ հազիվ հասցնում էի գրի առնել լսածներս, գրչիս թանաքը պարպվեց, ու ՙգործս՚ կիսատ մնաց: Լևոնը նկատեց վիճակս, գրպանից հանեց իր ինքնահոսն ու մեկնեց ինձ: Հրա՜շք. գրում էի Լևոն Ներսիսյանի գրչով: Իհարկե, դասամիջոցին կուրսի աղջիկները «խանդի տեսարան» սարքեցին գլխիս:

Մեր՝ ուսանողներիս խնդրանքով մի անգամ ամբողջ մի դասաժամ նա նվիրեց հոր արվեստին:

Նրա դիտարկումներն ու դատողությունները երկար տարիների տպավորության, ուսումնասիրման արդյունք էին: Պատմում էր, որ դեռ մանկուց բաց չի թողել հոր և ոչ մի ներկայացում: Անգիր իմացել է ոչ միայն նրա կերպավորած դերերի խոսքերը, այլև ամբողջ ներկայացումներ: Հիշում էր, թե Օթելլոյի, Լիր արքայի կամ մեկ այլ դերում վարպետության ինչպիսի՜ փայլատակումներ, կերպարի բացահայտման ինչպիսի՜ նրբերանգներ է նա ցուցադրել, երբ, որ դերում, որտեղ է բեմական ճշմարտության կատարելության հասել: Ինչպիսի՜ անսպասելի գյուտեր է արել: Եվ այլն, և այլն…

Այսօր էլ շատերը հիշում են, թե համալսարանական ուսանողությունը, և ոչ միայն նրանք, ի՜նչ ոգևորությամբ էր գնում Լևոն Ներսիսյանի դասախոսությունները լսելու: Լեփ-լեցուն լսարանին գրավում էր ոչ միայն նրա ասելիքը, այլև մատուցելու եղանակը՝ արտիստիկ պահվածք, խոսքի բացառիկ մշակույթ, հնչեղ ձայն, ոսկեղենիկ հայերեն:

Մեր հիացական խոսքերը մեծ արտիստի հայրական զգացմունքների վրա արտաքուստ ոչ մի տպավորություն չէին թողնում: Լուռ լսում էր՝ կարծես ասելու համար, թե զարմանալու ոչինչ էլ չկա, որ այդպես էլ պետք է լիներ: Հետո ասաց. «Նրանք արդեն մեծ են, ամեն մեկն իր կյանքով է ապրում: Ինձ հետ հիմա միայն Դավիթն է և իմ պաշտպանության կարիքը նա՛ ունի միայն»:

Կրտսեր որդու մասին խոսում էր առանձնակի սիրով և այդ կապակցությամբ ահա թե ինչ պատմեց:

Դեպքը տեղի էր ունեցել 1956 թվականին: Ղրիմում նկարահանվում էր «Սիրտն է երգում» ֆիլմը: Հերոսի՝ երգիչ Արթուր Այդինյանի հոր դերակատարը ինքն էր: Հերթական նկարահանումը հայտարարվում է հաջորդ օրը՝ վաղ առավոտյան: Չուշանալու համար վարպետը որոշում է շուտ պառկել քնելու: Դեռ մի կարգին չքնած՝ իր երազից սարսափահար վեր է թռչում:  «Դավիթին վատ բան է պատահել»… Էլ ինչ քնել, էլ ինչ բան, մինչև որդուն չտեսնի, չի հանգստանա: Առանց որևէ մեկին ասելու գնում է օդանավակայան և առաջին իսկ ինքնաթիռով թռչում Երևան: Այնուհետև արդեն խնդիր չի լինում դատարկ փողոցներով քաղաքի մի ծայրամասից մյուսը հասնելը: Բարձրանում է տուն, ներսում լռություն է: Մտնում է որդու ննջասենյակը, մոտենում մահճակալին: Թեքվում է սնարին, շունչը պահած լսում… «Շնչո՜ւմ է»:  Համբուրում է ճակատն ու նույնքան զգույշ դուրս գալիս տնից: Հիմա արդեն կարող է վերադառնալ:

Նշանակված ժամին նա արդեն նկարահանման հրապարակում էր:

Շատերին կարող է անհավանական թվալ այս պատմությունը: Բայց չմոռանանք, որ ինչ անհնար էր սովորական մահկանացուի համար, մանավանդ այն տարիներին, ոչինչ էր մեր լսած պատմության հերոսի ու հեղինակի՝ Հրաչյա Ներսիսյանի համար: Նրա հանդեպ ժողովրդի սերը սահման չէր ճանաչում, բացվում էին բոլոր «փակ դռները» ու անհնարինը դարձնում հնարավոր: Մարդիկ կարող էին նույնիսկ ձեռքերի վրա տանել նրան, ինչպես որ տարան նույն 61-ին, վերջին անգամ, վերջին ճանապարհով… Դեպ անմահություն:

…Դահլիճի թունդ արձագանքից դատելով՝ երեկոն դեռ շարունակվում էր: Շարունակվում էր նաև սիրելի դերասանի հետ մեր մտերմիկ զրույցը: Մի պահ միայն, երբ ճեմասրահով անցնող Ֆրունզիկը, նկատելով մեզ, որոշեց մոտենալ, վարպետը երեքիս, իր ձեռքերի լայն բացվածքի մեջ առած, որոտաց. «Չմոտենա՛ս, ի՛մն են, չե՜մ տա»: Ֆրունզիկը, դեռ չմոտեցած, ժպտաց ու ՙմեծահոգաբար՚ հեռացավ:

Մենք այդպես դեռ երկար կվայելեինք մեծ արտիստի հետ մեր զրույցը, եթե…

Ինչպես հետո պարզվեց, երեկոյի կազմակերպիչները տագնապի մեջ էին: Մի քանի րոպեից «Պաղտասար աղբար»-ից հատված պիտի ներկայացվեր, ուր որ է վարագույրը պետք է բացվեր, իսկ գլխավոր դերակատարը չկար, չէին գտնում:

Եվ ահա շնչակտուր դեպի մեզ է «սլանում» թատրոնի դերասանական խմբի վարիչ Աշոտ Մկրտչյանը: Նա խնդրում է վարպետին «շտապ գրիմանոց գնալ, զգեստափոխվել»: Ներսիսյանը թե՝ «Չեմ ուզում, չեմ գալիս, այստեղ ինձ համար լավ է»: Աշոտը՝ ահաբեկված է. «Աղջիկնե՛ր, խայտառակվում ենք, համոզեք»: Արդեն մենք ենք անհանգստացած խնդրում: Նույն պատասխանը՝ «Ո՛չ»: Համոզում ենք. «Ներկայացումից հետո էլի կհանդիպենք»: «Ո՛չ». մեր խոստումը արտիստին հավատ չի ներշնչում: Վայրկյանները ժամեր էին թվում: Հիմա արդեն ինքն է պայման դնում. «Աղջիկները պետք է ուղեկցեն ինձ կուլիսներ, պետք է թույլ տան, որ իրենց համբուրեմ, այդ դեպքում միայն»:

 

Հանուն արվեստի ինչե՜ր չես անի: Համաձայնում ենք:

Ցանկությունն ի կատար է ածվում:

Աշոտը նրան գիրկն առած տանում է ետնաբեմ, իսկ մենք էլ մեզ գցում ենք դահլիճ:

Բացվում է վարագույրը:

Դահլիճը պայթում է շռնդալից ծափերից՝ բեմի կենտրոնում հայ թատրոնի հսկաներից մեկն է՝ Հրաչյա Ներսիսյանը:

Հիմա կսկսվի հրաշքը…

Անդին 02.2018

Կարծիքներ

կարծիք