Թե արցունքի անձրև տեղար

Հեղինակ:

…Ես դեռ նոր էի ծաղկում, նոր-նոր բարգավաճում,

Երբ թռչնակը գունատ, խեղճ ու ղունղունացող,

Ձիթենու ճյուղն առած կտուցի մեջ իր կոր

Դեպի այնտեղ, դեպի Հայաստան էր թռչում:

 

Բորիս Վիան

 

Այսպես Մեծն պատաֆիզիկը ամենայն միանշանակությամբ մատնացույց է անում իր արվեստի նախա-նախամեկնակետն ազդարարող առասպելական ժամանակների բուն իսկ նախատեղին՝  բիբլիական Հայաստանը: Իսկ պատաֆիզիկ դոկտոր Ֆաուստրոլի սխրագործություններն ու հայացքները ոչ նվազահռչակ վեպի հեղինակ, պատաֆիզիկայի հայր Ալֆրեդ Ժարրին (1873-1907 թթ.) իր դավանած գիտակերպ ռացիոնալ ուսմունքի ակունքներում տեսնում է մարդու աստվածացման ու աստծո մարդեղացման շուրջ գոյաբանական զրույցների նստած Իբիկրատես Երկրաչափին և նրա աստվածային ուսուցիչ Սոֆրոտատես Հային: Չարագուշակ, թե բարեպատեհ մի համընկնումով, այդ Սոֆրոտատես Հայի ծնունդը թվագրված է պատաֆիզիկական օրացույցի սեպտեմբերի 21-ին: Ասել է թե՝  Հայաստանի զույգ ծնունդները՝  աստվածաշնչյան և նորագույն-անկախական, դաջված են պատաֆիզիկայի դպրոցի բնազանցական կառույցի ոգեղեն հիմնապատին:

20-րդ դարի գրական-մշակութային կյանքի բացառիկ երևույթներից է ֆրանսիացի նշանավոր արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ ու թատերգակ, կինոսցենարիստ ու դերասան, ջազարվեստի մեծ երկրպագու ու քարոզիչ, երգահան, երաժիշտ-կատարող ու երաժշտության տեսաբան, ժամանակագիր, հրապարակախոս, բալետի ու օպերային արվեստի գործիչ, դասախոս-մանկավարժ, ժամանակակիցներին աշխարհի մարդ անունով հայտնի, Փարիզի Սեն-Ժերմեն-դե-Պրեի արքա Բորիս Վիանը:

Վիանի արտասովոր բեղուն ու զարմանալիորեն ինքնատիպ ստեղծագործական կյանքը ապշեցնում է նրանում մշտառկա երիտասարդական ավյունի, վարակիչ կենսասիրության ու հասարակական արատների անխնա դատափետման, երգիծական անսպառ կարողություններ բանեցնելու առումով:

Երբեք չհրաժարվելով իր վաղ ստեղծագործական տարիներին գրած հանգթուխ ոտանավորներից՝  1940-44 թվականներին Վիանը լույս է ընծայում 112 միավորներից բաղկացած մի ծավալուն նկարազարդ ժողովածու՝  միավորված  Հարյուր սոնետ ընդհանուր խորագրի ներքո: 1946-48 թթ. նա լույս է ընծայում բանաստեղծական երկու ժողովածու, որոնցից հատկապես նշանավոր է Սառցադոնդողե տաղերը՝  նույնպես պատկերազարդ: Եվ, վերջապես, իր կյանքի մայրամուտին գրում է բանաստեղծությունների մի ամբողջ շարք, որն հետագայում հրատարակվեց առանձին գրքով, արդեն հետմահու՝  Ես չեմ ուզում սատակել վերնագրով: Վիանի այս վերջին ժողովածուից քաղված 16 բանաստեղծություն հայերեն լույս է տեսել 1971 թվականին, վաղամեռիկ բանաստեղծ Սլավիկ Չիլոյանի թարգմանությամբ:

Վիանի պոետական ստեղծագործությունների մի զգալի մասը, իսկապես ասած, բանաստեղծություններ չեն, այլ ավելի շուտ՝  հարասացություններ, բառաքննչական ու բառավերլուծական, իմաստուն ու զվարճալի ստուգաբանական գիտելիքների մի շտեմարան, ուր վերարժեքավորվում ու վերիմաստավորվում են բառարմատների խոսքի մեջ իմաստափոխված նախագաղափարները, ուր բառախաղի ինքնանպատակ ու ինքնաբավ թվացող ձեռնածուական հնարանքների միջոցով պատաֆիզիկ-բանաստեղծը, աշխարհածնության ակունքների մոտ կանգնած, ասես պեղում ու իմաստահեղց տեղազննություններ է կատարում բառաստեղծության սահմանակոխ նախահայրենիքում:

Աշոտ Ալեքսանյան

 

 

Նա ով պահում է աշխարհն իր ձեռքերում

 

Սաղմոս

 

Նա ով ինքնիշխան թագավորում է երկինքներում

Նա պահում է ողջ աշխարհն իր ձեռքերում

Ծովն ու հողը, մոլախոտն ու հասկերը ոսկեհուռ

Եղեգներ են դրանք նրա ձեռքերում

 

Նա պահում է նորածին մանկանը իր ձեռքերում

Նա պահում է նորաբաց արշալույսն իր ձեռքերում

Նա պահում է չարն ու բարին, պահում է իր ձեռքերում

Թռչուններ են դրանք նրա ձեռքերում

 

Նա պահում է և հորը քո, քո եղբորն իր ձեռքերում

Նա պահում է ձարխոտերն ու վարդերն իր ձեռքերում

Նա պահում է հավամրգին, մեղուներն իր ձեռքերում

Իլիկներ են դրանք նրա ձեռքերում

 

Նա պահում է փոթորիկներն ու քամին իր ձեռքերում

Նա պահում է մոլեգնությունն ու կտղանքն իր ձեռքերում

Նա պահում է իմաստունին, անգետին իր ձեռքերում

Գառնուկներ են դրանք նրա ձեռքերում

 

Նա ով ինքնիշխան թագավորում է երկինքներում

Նա պահում է ողջ տիեզերքն իր ձեռքերում

Մենք որ ապրում ենք այստեղ՝  մենք էլ ենք իր ձեռքերում

Փոշեհատիկ ենք մենք նրա ձեռքերում

 

 

Թե արցունքի անձրև տեղար…

 

Թե արցունքի անձրև տեղար

Երբ որ սերն է մահանում

Թե արցունքի անձրև տեղար

Երբ սրտերն են ծանրանում

 

Երկրի վրա համատարած

Քառասուն օր ու գիշեր

Արտասուքը դառնահառաչ

Կխորտակեր բուրգ ու շեն

 

Թե արցունքի անձրև տեղա

Երբ մանկիկն է մահանում

Թե արցունքի անձրև տեղա

Երբ չարքերն են ծիծաղում

 

Երկրի վրա համատարած

Արտասվաթոր դառնաղի

Ալիքներում գորշ ու սառած

Անցյալը վեր կհառնի

 

Թե արցունքի անձրև տեղա

Երբ պարզ սրտերն են զարկվում

Թե արցունքի անձրև տեղա

Երբ պատի տակ են սատկում

 

Երկրի վրա համատարած

Ջրհեղեղը կարշավի

Արտասուքից դառնահառաչ

Մեղավոր ու արդարի

 

Թե արցունքի անձրև տեղա

Երբ որ մահվան գերանդին

Լայն թևերն իր խաչաձևած

Տեսարանը խորտակի

 

Երկրի վրա համատարած

Էլ չի՛ լինի ոչ մի շունչ

Սոսկ արտասուք դառնահառաչ

Ճակատագրի անմռունչ:

 

 

Ապրելու ժամանակը

 

Նա բլրակից ներքև ցատկեց

Ցած գլորեց քարեր ու ճյուղ

Վերևներում՝  չորս պատի մեջ

Ծովահարսն էր երգում տխուր

 

Ծառ ու ծաղկի բույրն էր ըմպում

Մարմնով շնչում որպես հնոց

Լույսն էր նրան ուղի հարթում

Ցնցում նրա ստվերն ամպոտ

 

Ինձ ժամանակ երանի տան

Ասաց ցատկեց խոտերի մեջ

Պոկեց երկու տերև դեղնած

Հյութով առլի ու արևկեզ

 

Կապույտ արճիճն էր ճայթճայթում

Բոցերով չոր ու կարճահերթ

Ինձ ժամանակ երանի տան

Ու գետափին իջևանեց

 

Դեմքն իր սուզեց ջրում ծանծաղ

Ուրախ խնդաց խմեց-խմեց

Ինձ ժամանակ երանի տան

Ասելուն պես ծլկել ուզեց

 

Ինձ ժամանակ երանի տան

Մի տաք մեղու պղնձաձույլ

Ափամերձին շանթեց նրան

Խառնվեցին ջուր ու արյուն

 

Նա ժամանակ ուներ տեսնելու

Ժամանակ՝  այն լուրթ առվակից խմելու

Ժամանակ՝  իր շուրթերին մոտ բերելու

Արևակեզ տերևները այն երկու

 

Կար ժամանակ մարդասպանին ժպտալու

Եվ ժամանակ՝  դիմացի ափ հասնելու

Եվ ժամանակ՝  դեպի կինն իր վազելու

Ուներ ուներ նա ժամանակ ապրելու

 

 

Կյանքն ատամի է նման

 

Կյանքն ատամի է նման

…նրա մասին

հոգ չեն տանում

նախապես,

գոհանում են

պատահածը ծամելով,

այնուհետև փչանում է

նա հանկարծ,

ցավ է տալիս ու առնում,

դառնում հոգս ու հոգածության առարկա,

և որպեսզի այն բժշկվի հիմնովին,

հարկ է լինում պոկել

կյանքը… նրանից

 

 

Ֆրանսերենից թարգմանեց Աշոտ Ալեքսանյանը

Անդին

Կարծիքներ

կարծիք